Փաշինյանն առաջարկել է «անկեղծ վերլուծել վերջին 30 տարվա պատմությունը» - Mediamax.am

4601 դիտում

Փաշինյանն առաջարկել է «անկեղծ վերլուծել վերջին 30 տարվա պատմությունը»


Լուսանկարը` ՀՀ կառավարություն մամուլի ծառայություն


Երեւան։ Մեդիամաքս։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր «Ժողովրդավարության հայկական ֆորում»-ի ժամանակ ասել է, որ ժողովրդավարությունն առանց խաղաղության դժվարությամբ կարող է գոյություն ունենալ:

«Կարծում եմ, որ այս առաքելության շուրջ պետք է համախմբվեն Հայաստանի Հանրապետության բոլոր ժողովրդավարական ուժերը, որովհետեւ մեկը մյուսի շարունակությունն է: Իհարկե, սա չի նշանակում, որ մենք պիտի բոլոր հարցերի շուրջ ունենանք միեւնույն տեսակետն ու տեսլականը: Բայց այս փուլում չափազանց կարեւոր է, որ իրապես անկեղծ, իրար աչքերի մեջ նայելով, վերլուծենք մեր երկրի վերջին 30 տարվա պատմությունը:

 

Հետեւաբար, ժողովրդավարության մեր առաքելության շարունակությունը խաղաղության մեր առաքելությունն է, որը շատ ավելի ծանր, շատ ավելի դժվար եւ շատ ավելի մեծ ուժ ու կամք պահանջող առաքելություն է: Ես հավատում եմ եւ համոզմունք ունեմ, որ մենք իրականացնելու ենք այդ առաքելությունը»,- նշել է նա:

 

Նիկոլ Փաշինյանն ասել է, որ մարտահրավերը հաղթահարելու լավագույն ձեւը ժողովրդավարական ինստիտուտների կայացումն է եւ պետական ինստիտուտների ժողովրդավարացումը:

 

«Այսօր մեր մեծագույն մարտահրավերներից մեկը, իհարկե, դատական համակարգն է, որի բարեփոխումների հարցում առաջընթաց չունենալու համար այս դահլիճում ներկա բազմաթիվ մարդիկ մեզ քննադատում են: Մենք համարում ենք, որ այդ քննադատությունն օբյեկտիվ է, արդարացված է», - նշել է կառավարության ղեկավարը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին