Փաշինյան. «Ինձ պետք է մեղադրել ոչ թե հողեր հանձնելու, այլ չհանձնելու մեջ» - Mediamax.am

8011 դիտում

Փաշինյան. «Ինձ պետք է մեղադրել ոչ թե հողեր հանձնելու, այլ չհանձնելու մեջ»


Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն (արխիվային լուսանկար)


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Ազգային ժողովում ներկայացրել է ՀՀ կառավարության ծրագրի 2021 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների տարեկան զեկույցը:

Մեդիամաքսը ներկայացնում է Փաշինյանի զեկույցի այն հատվածները, որոնք վերաբերում են Արցախյան խնդրին:

 

Մեղքն ու պատասխանատվությունը

 

44-օրյա պատերազմի զոհերի թիվն այսօրվա դրությամբ 3825 է, նրանց մեծ մասի մարմինները հայտնաբերվել կամ ԴՆԹ նույնականացվել են եւ հուղարկավորվել 2021թ.-ին: Ես ի սկզբանե ընդունել եմ իմ մեղքն ու պատասխանատվությունը թե պատերազմի, թե պարտության համար: Բայց չեմ ընդունել ու չեմ ընդունում այն մեղադրանքները, որ ինձ հասցեագրում են ընդդիմադիրները 2020թ.-ի նոյեմբերի 9-ից հետո՝ հողեր հանձնելու եւ դավաճանության մեջ:

 

Ինձ պետք է մեղադրել ոչ թե հողեր հանձնելու, այլ հողեր չհանձնելու մեջ: Մեղավոր եմ, քանի որ 2018-2019 թվականներին հանրության առաջ չեմ կանգնել ու չեմ բարձրաձայնել, որ մեր բոլոր հեռու եւ մոտիկ բարեկամները մեզնից ակնկալում են, որ մենք այս կամ այն կոնֆիգուրացիայով Ադրբեջանին հանձնենք 7 շրջանները եւ իջեցնենք Արցախի կարգավիճակի համար մեր սահմանած նշաձողը:

 

Մեղավոր եմ, որ ժողովրդին չեմ ասել

 

Մեղավոր եմ, որ ժողովրդին չեմ ասել, որ միջազգային հանրությունը միանշանակորեն ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ակնկալում է, որ մենք էլ ճանաչենք: Մեղավոր եմ, որ հստակ ու աներկբա չեմ ասել, որ առաջարկվող մեզ համար անընդունելի սցենարները ընդունելի չեն եղել

Ադրբեջանի համար ու միջազգային հանրության ներկայացուցիչները մեզ երբեմն հստակ, երբեմն դիվանագիտական եղանակով ասում էին, որ այդ ամենը հայկական կողմից ընդունվելու դեպքում դեռ պետք է համոզել Ադրբեջանին, որ նա ընդունի:

 

Այս ամենը պարտավոր էի մանրամասն ներկայացնել մեր ժողովրդին, սա չանելն է իմ իրական մեղքը, հանձնելով գուցե կփրկեի հազարավոր կյանքեր, իսկ չհանձնելով, փաստորեն, հազարավոր զոհերի հանգեցրած որոշումների հեղինակ դարձա:

 

Չկարողացա ինքս ինձ համոզել

 

Որպեսզի ժամանակին այս մասին ժողովրդի հետ խոսեի, նախ ինքս ինձ պիտի համոզեի, որ դա ճիշտ ճանապարհ է, եւ խոստովանեմ, չկարողացա ինքս ինձ համոզել: Ինչո՞ւ չկարողացա: Այն պատճառով, ինչ պատճառով մինչեւ հիմա ընդդիմադիր գործընկերները չեն կարողանում համակերպվել իրականության հետ եւ այդ պատճառը կարելի է ձեւակերպել հետեւյալ կերպ՝ Սանասա՞ր, թե՞ Կուբաթլի, Զանգելա՞ն, թե՞ Կովսական:

 

Բովանդակային առումով նույն իրավիճակն է եւ ես չեմ ուզում նույն սխալները կրկնել հիմա:

 

Այսօր միջազգային հանրությունը մեզ հստակ ասում է՝ լինել աշխարհի միակ երկիրը, որը երկկողմ մակարդակով չի ճանաչում Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, մեծ վտանգ է ոչ միայն Արցախի, այլեւ Հայաստանի համար:

 

Նրանք մեզ ասում են՝ մի փոքր իջեցրեք ԼՂ կարգավիճակի հարցում ձեր նշաձողը եւ միջազգային մեծ կոնսոլիդացիա կապահովեք ՀՀ եւ Արցախի շուրջ՝ հակառակ դեպքում ասում են՝ խնդրում ենք մեզ վրա հույս չդնել, քանի որ մենք չենք կարող ձեզ օգնել:

 

Սրանք են այն սոցիալ-հոգեբանական մոտիվները, որոնք մեզ եւ անձամբ ինձ ստիպում են ի հեճուկս բոլոր դժվարությունների ավելի ու ավելի համոզված ու հետեւողական պնդել, որ խաղաղության օրակարգն այլընտրանք չունի մեզ համար:

 

Խաղաղության պայմանագրի նախապատրաստական աշխատանքները

 

Ես համաձայնություն եմ տվել, որ Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարները սկսեն խաղաղության պայմանագրի նախապատրաստական աշխատանքները։ Ժամանակացույցն ու ձեւաչափը դեռ պետք է քննարկվի ու որոշվի, բայց Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրումը, որքան հնարավոր է արագ, այո, մտնում է մեր պլանների մեջ։

 

Այստեղ էլ իլյուզիաներ չունենք, որովհետեւ չենք բացառում, որ Ադրբեջանը կփորձի խաղաղության բանակցությունների գործընթացը հնարավորինս արագ փակուղի մտցնել, դա դարձնելով Հայաստանի եւ Արցախի դեմ նոր ագրեսիայի, ագրեսիվ գործողությունների առիթ։ Նույն  հաշվարկը մենք ունենք նաեւ դելիմիտացիայի աշխատանքների կապակցությամբ, չենք բացառում, որ Ադրբեջանն այդ գործընթացն օգտագործի Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջներ ձեւակերպելու համար, «դե յուրե» հայտարարելով, որ ոչ մի տարածքային պահանջ չունի։

 

Հասկանալով ու հաշվարկելով բոլոր ռիսկերն ու մարտահրավերները՝ մենք եկել ենք այն եզրակացության, որ նույն կետում կանգնելն ու գործընթացում որոշակի առաջընթաց չապահովելը ոչ միայն չի նվազեցնում, այլեւ ավելի է սրում ռիսկերը։

 

Այս է պատճառը, որ մենք նաեւ դելիմիտացիայի հարցում  ենք Բրյուսելում եկել համաձայնության՝ մինչեւ ապրիլի վերջը ստեղծել դելիմիտացիայի եւ սահմանային անվտանգության հարցերով Հայաստան-Ադրբեջան երկկողմ հանձնաժողով  եւ սկսել աշխատանքը։ Այդ հանձնաժողովն ունենալու է կրկնակի մանդատ՝ առաջինը սահմանագծման աշխատանքներն են, երկրորդը՝ սահմանի երկայնքով անվտանգության եւ կայունության ապահովումը։ Հիմա աշխատում ենք հանձնաժողովի ձեւաչափի եւ անհատական կազմի վրա, ամենաուշը ապրիլի 30-ին պետք է փորձենք կազմը հստակեցնել։

 

Արցախի կարգավիճակի հարցը

 

Մենք արձանագրել ենք, որ Հայաստանը երբեք Ադրբեջանից տարածքային պահանջներ չի ունեցել եւ Ղարաբաղի հարցը ոչ թե տարածքի, այլ իրավունքի հարց է։ Հետեւաբար, մենք արձանագրել ենք, որ Հայաստանի համար սկզբունքային նշանակություն ունեն Ղարաբաղի հայության անվտանգության երաշխիքները, նրանց իրավունքներ եւ ազատությունների ապահովումն ու ԼՂ վերջնական կարգավիճակի հստակեցումը։ Հետեւաբար, խաղաղության պայմանագրի օրակարգի այս լրացումով Հայաստանը պատրաստ է բանակցությունների մեկնարկին։

 

Մի շատ կարեւոր նրբություն եւս՝ եթե նախկինում մենք հիմքում դնում էինք Ղարաբաղի կարգավիճակը՝ դրանից բխելով անվտանգության երաշխիքներն ու իրավունքները, այժմ հիմքում դնում ենք անվտանգության երաշխիքներն ու իրավունքները՝ դրանից բխեցնելով կարգավիճակը։

 

Մենք արձանագրում ենք, որ կարգավիճակը տվյալ իրադրության մեջ ոչ թե նպատակ է, այլ միջոց ապահովվելու ԼՂ հայության անվտանգությունն ու իրավունքները։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին