Երեւան: Մեդիամաքս: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ասել է, որ Ադրբեջանի նպատակը Լեռնային Ղարաբաղում հայության էթնիկ զտումների քաղաքականությունն ավարտին հասցնելն է, ինչի մասին վկայում է նաեւ նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետի ադրբեջանական խեղաթյուրումը։
Կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանը հիշեցրել է, որ համաձայնագրի 9-րդ կետը տարածաշրջանի բոլոր տրանսպորտային եւ տնտեսական կապերի վերականգնման, Ադրբեջանի արեւմտյան շրջանները Նախիջեւանին կապող ճանապարհի գործարկման մասին է։
Նա ասել է, որ Հայաստանն այս թեմայով համապարփակ առաջարկություններ է ներկայացրել, որոնք վերաբերում են Երասխ-Ջուլֆա-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթուղին վերակառուցելուն, ավտոմոբիլային ճանապարհ վերաբացելուն կամ կառուցելուն, որը նաեւ կկապի Ադրբեջանի արեւմտյան շրջանները Նախիջեւանի հետ՝ սահմանային անցման կետերում իրականացնելով սահմանային, մաքսային եւ այլ հսկողություններ։
«Ադրբեջանը մեր այս դիրքորոշումը ե՛ւ ընդունում է, ե՛ւ չի ընդունում. նրանք ասում են, որ համաձայն են այս ճանապարհի գործարկման ցանկացած իրավական ռեժիմի, բայց նույն ռեժիմը պետք է գործի նաեւ Լաչինի միջանցքում եւ այս դիրքորոշումը հիմնավորելու համար հղում են անում նոյեմբերի 9-ի հայտարարությանը։ Այս խոսույթը անհիմն է երկու պատճառով, նախ՝ այդ հայտարարության մեջ ՀՀ ուրեւէ տարածքի եւ դրա հետ առնչություն ունեցող միջանցքի մասին հիշատակում չկա, բայց «Լաչինի միջանցք» արտահայտություն կա։ ԼՂ եւ Նախիջեւանի զուգահեռները տարօրինակ են մի քանի պատճառով․Նախիջեւանն Ադրբեջանի հետ ունի ցամաքային կապ Իրանի եւ Թուրքիայի տարածքով, օդային կապ՝ Իրանի, Թուրքիայի եւ Հայաստանի օդային տարածքով։ ԼՂ-ն Հայաստանի հետ ունի միայն ցամաքային կապ՝ Լաչինի միջանցքով, եւ այն Ադրբեջանի կողմից որեւէ կերպ վերահսկվող տարածք դարձնելը նշանակում է ԼՂ հայաթափում»,- ասել է ՀՀ վարչապետը։
Նիկոլ Փաշինյանը նաեւ ասել է, որ Հայաստանը պատրաստ է իր առաջարկների շրջանակում բացել ճանապարհը եւ երկաթուղին, բայց անհրաժեշտ է համարում իրավական ուժ ունեցող համաձայնագիր ստորագրել Ադրբեջանի հետ։
«Մենք շատ կոնկրետ ռիսկ ենք տեսնում, որ Հայաստանը կկառուցի ե՛ւ ճանապարհը, ե՛ւ երկաթուղին, իսկ Ադրբեջանը կհրաժարվի բացել սահմանը։ Կստացվի, որ մի քանի հարյուր միլիոն դոլար ներդրում պահանջած ենթակառուցվածքներից չի կարողանա օգտվել ոչ Հայաստանը, ոչ Ադրբեջանը, ոչ երրորդ երկրները»,- ասել է նա։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: