Փաշինյան․ Այսօր ցույց ենք տվել, որ պարտադրանքի լեզուն մեզ համար անընդունելի է - Mediamax.am

3068 դիտում

Փաշինյան․ Այսօր ցույց ենք տվել, որ պարտադրանքի լեզուն մեզ համար անընդունելի է


Լուսանկարը` ՀՀ կառավարություն մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Անվտանգության խորհրդի արտահերթ նիստում ասել է, որ «Հայաստանը կարող է բանակցել, փնտրել եւ գտնել փոխընդունելի լուծումներ եւ իրեն պահում է որպես միջազգային հանրության պատասխանատու անդամ, բայց թույլ չի տա իր հետ խոսել ամբարտավանության լեզվով»:

Նա նաեւ ասել է, որ Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումների հարձակումն ուղիղ ագրեսիա է Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ։

 

«Մայիսի 12-ին մեկնարկած ագրեսիվ գործողությունների հետեւանքով Ադրբեջանն օկուպացրել է Հայաստանի 41 քառակուսի կիլոմետր ինքնիշխան տարածք։ Միջազգային հանրության մեր գործընկերների լռության պայմաններում Ադրբեջանը շարունակում է իր ագրեսիվ գործողությունները։ Իմ գնահատականը միանշանակ է՝ Ադրբեջանը եւ նրան քաջալերող ուժերը թիրախավորում են մեր իքնիշխանությունը, պետականությունը, անկախությունը: Այսօր մենք ծանր օր ենք ունեցել, ծանր ժամանակներ ենք ապրում, բայց այսօր նաեւ ցույց ենք տվել, որ այստեղ ենք, կանք, պետություն ենք, պետական ազգ ենք եւ պարտադրանքի լեզուն մեզ համար անընդունելի է»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

 

Նիկոլ Փաշինյանը միջազգային հանրության կոչ է արել Ադրբեջանի ագրեսիան դատապարտող հասցեական հայտարարություններ ընդունել:

 

«Սահմանային վեճերի մասին խոսակցություններն անհեթեթ եւ անիմաստ են: Չկա սահմանային վեճ, կա Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ագրեսիա: Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանները հստակ են դեռ Խորհրդային միության ժամանակ ընդունած պարտադիր ուժ ունեցող համաձայնություններով»,- նշել է նա:

Նիկոլ Փաշինյանն ասել է, որ եթե խնդիրը սահմանային վեճը լիներ, Ադրբեջանը վաղուց պիտի ընդունած լիներ Խորհրդային Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանագծի նկատմամբ զորքերը հայելային ետ քաշելու, սահմանագծի երկայնքով միջազգային դիտորդներ տեղակայելու, սահմանների դեմարկացիա եւ դելիմիտացիա սկսելու ՀՀ առաջարկը:

 

«Այդ առաջարկը չընդունող Ադրբեջանը հանդիսանում է ագրեսոր պետություն եւ պետք է աներկբաորեն հանի իր զորքերը ՀՀ ինքնիշխան տարածքից: Սեփական կամքը Հայաստանին պարտադրելու հույսերը սին են: ՀՀ կառավարությունը եւ ժողովուրդը վճռական են եւ մենք բոլոր հնարավոր միջոցներով պաշտպանելու ենք մեր ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը, պետականությունը եւ անկախությունը»,- ասել է ՀՀ վարչապետը:

 

Նրա խոսքով՝ Հայաստանը շարունակում է ընդգծել ստեղծված իրավիճակի խաղաղ հանգուցալուծման անհրաժեշտությունը եւ նախկինում արած բոլոր առաջարկություններն ուժի մեջ են:

 

«Մենք հավատարիմ ենք նոյեմբերի 9-ի եւ հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների դրույթներին»,- ասել է նա:

 

Վերադառնալով սահմանային իրադրությանը՝ Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ այս պահին իրավիճակը, հարաբերականորեն, հանգիստ է, բայց ընդհանուր իրավիճակը շարունակում է մնալ ծայրահեղ լարված:

 

Հայաստանի վարչապետն ասել է նաեւ, որ ՀՀ զինված ուժերն այսօր հակառակորդին հակազդելու գործողութուններ են ձեռնարկել եւ հակառակորդի կենդանի ուժին հասցվել է վնաս, ոչնչացվել է առնվազն 6 միավոր զրահատեխնիկա։

 

«Հայկական կողմից կան զոհեր, որոնց վերաբերյալ կհայտնվեն ճշգրտված տեղեկություններ»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին