Մոսկվան ու Հայաստանի ճգնաժամը. չմիջամտելու եւ անգործության արանքում - Mediamax.am

3214 դիտում

Մոսկվան ու Հայաստանի ճգնաժամը. չմիջամտելու եւ անգործության արանքում


Լուսանկարը` Meydan TV

Լուսանկարը` REUTERS

Լուսանկարը` REUTERS

Լուսանկարը` REUTERS

Լուսանկարը` REUTERS

Լուսանկարը` REUTERS

Լուսանկարը` REUTERS


Ներկայացնում ենք Մոսկվայի Կարնեգիի կենտրոնի տնօրեն Դմիտրի Տրենինի Между невмешательством и бездействием: как России реагировать на кризис в Армении հոդվածի հայերեն թարգմանությունը:

 

Ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո արդեն Հայաստանի ներսում ստեղծված սուր ճգնաժամը ստիպում է Ռուսաստանի ղեկավարությանը կրկին ուշադրություն դարձնել իր կովկասյան դաշնակցին, այս անգամ արդեն վերջինիս ներքաղաքական կայունության տեսանկյունից: Ավելի լայն իմաստով խոսքը, ըստ երեւույթին, այն մասին է, թե Ռուսաստանի արտաքին քաղաքականության մեջ որտեղ պետք է դրվի սահմանը հարեւանների գործերին չմիջամտելու եւ նրանց ներքին գործերի հանդեպ անտարբերության միջեւ:

 

Պատային իրավիճակի վտանգը

 

Այն պահից, երբ 2020-ի նոյեմբերին Լեռնային Ղարաբաղում դադարեցին ռազմական գործողությունները, Մոսկվան մի շարք խնդիրներ դրեց իր առջեւ՝ տարածաշրջանում իր ներկայությունը ամրապնդելու համար: Մասնավորապես՝ ապահովել Ղարաբաղում հրադադարի ռեժիմը եւ Ռուսաստանի հովանու ներքո գործարկել հայ-ադրբեջանական երկխոսությունը՝ թիրախում ունենալով տնտեսական եւ ենթակառուցվածքային նախագծերը: Կարեւոր էր նաեւ սահմանափակել Թուրքիայի ռազմական դերը, որպեսզի այն դուրս չգա Ռուսաստանի հետ համատեղ սահմանազատման գծի հեռավար մոնիտորինգի շրջանակից:

 

Այս նպատակներին հասնելն ավելի հեշտ կլիներ, եթե Երեւանում իշխանության մնար վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունը, որը ստորագրեց նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարությունը: Փաշինյանի տապալումը այդ պայմաններում կվտանգեր զինադադարը, ինչն, իր հերթին, կխաթարեր Ղարաբաղում ռուսական ռազմական ներկայության իրավական հիմքը:

 

Չորս ամիս անց ղարաբաղյան համաձայնագիրը գործում է առանց էական խնդիրների: Ռուսաստանցի խաղաղապահները տեղակայվեցին իրենց համար նոր տարածաշրջանում, որտեղ փաստացի ստեղծվեց Հարավային Կովկասում երկրորդ ՌԴ ռազմաբազան: Աղդամում սկսեց գործել ռուս-թուրքական դիտորդական կենտրոնը: Մոսկվայի միջնորդությամբ Երեւանի ու Բաքվի երկխոսությունը, չնայած մեծ դժվարությամբ, բայց շարունակվում է:

 

Միեւնույն ժամանակ, բուն Հայաստանում քաղաքական անկայունությունն ուժեղացավ է եւ քրոնիկ դարձավ: Ստեղծվել է պատային իրավիճակ: Վարչապետ Փաշինյանը, որը պատասխանատու է անհաջող պատերազմի եւ Ղարաբաղի կորստի համար, վայելում է բնակչության փոքրամասնության աջակցությունը: Սակայն նրա այլընտրանքը՝  նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի այսպես կոչված ղարաբաղյան կլանը մերժվում է քաղաքացիների մեծամասնության կողմից:

 

Արդյունքում հմուտ պոպուլիստ Փաշինյանը, կարծես թե, միանշանակ պարտված իրավիճակում կարողանում է մնալ վարչապետի աթոռին: Իշխանության  պարալիչը, սակայն, թանկ է նստում երկրի վրա:

Լուսանկարը` REUTERS

Մոսկվան վաղուց հասկացրել էր ՀԱՊԿ-ում եւ ԵԱՏՄ-ում իր դաշնակիցներին ու գործընկերներին, որ չի ձգտելու լուծել ներքին խնդիրները նրանց փոխարեն, իսկ արտաքին ասպարեզում գործելու է բացառապես իր ստանձնած պարտավորությունների շրջանակներում: Կրեմլը ոչ միայն հեղաշրջումներ չի կազմակերպում իր հովանավորյալներին իշխանության բերելու համար, այլեւ աներկբա ազդարարում է, որ դաշնակից պետությունների ղեկավար անձինք իրեն ավելի քիչ են հետաքրքրում, քան կոնկրետ ռուսաստանյան շահերը: Մոսկվայի մոտեցման այս էվոլյուցիան մերձավոր արտերկրում Ռուսաստանի արտաքին քաղաքականության աճող իրատեսության նշան է:

 

Իրատեսությունը, սակայն, չի նշանակում հեռացում, հատկապես երբ խոսքը վերաբերում է ռուսական շահերին: Ռազմական պարտությունից նվաստացման եւ ներկայիս իշխանությունից եւ ընդդիմությունից հիասթափության ֆոնին հայ հասարակության մեջ աճում է Ռուսաստանի նկատմամբ անվստահությունը:

Լուսանկարը` Meydan TV

Մոսկվային կշտամբում են են պատերազմի ընթացքում իր դաշնակցին չաջակցելու համար, չնայած Հայաստանի հանդեպ ռուսաստանյան երաշխիքներն երբեք չեն տարածվել Ղարաբաղի վրա, ինչը Երեւանում լավ գիտեին: Նաեւ նրա համար, որ Ռուսաստանը միջնորդի դեր էր ստանձնել Երեւանի եւ Բաքվի միջեւ հավասար հեռավորություն պահպանելով, չնայած դա երբեք էլ չի թաքցվել, քանի որ համապատասխանում է Ռուսաստանի ազգային շահերին: Կշտամբում են նրա համար, որ Մոսկվան, ինչպես կասկածում են, սատարում է 2018-ին վտարված քաղաքական գործիչներին եւ պատրաստ է օգնել նրանց վերադառնալ իշխանության, երբ Փաշինյանը կավարտի Ղարաբաղում կրած պարտության հետեւանքները ամրապնդելու ծանր եւ անշնորհակալ գործը:

 

Նման պայմաններում Ռուսաստանը դժվար թե կարող է հույս ունենալ, որ հայ հասարակությունն երախտապարտ կլինի իրեն Հայաստանի վերջնական պարտությունը եւ Ղարաբաղից հայերի լիակատար արտագաղթը թույլ չտալու համար:

 

Ռուսաստանի շահերը Հայաստանում

 

Նախքան հասկանալը, թե ինչպես վարվել այս իրավիճակում, պետք է պատկերացնել, թե որքան կարեւոր են Ռուսաստանի համար Հայաստանի հետ հարաբերություններն առանցքային ոլորտներում՝ աշխարհաքաղաքականության, անվտանգության, տնտեսության եւ հումանիտար կապերի: Այլ կերպ ասած, անհրաժեշտ է պատասխանել այն հարցին, թե արժե՞ արդյոք ակտիվորեն պաշտպանել ռուսական դիրքերը Հայաստանում:

 

Աշխարհաքաղաքական տեսանկյունից՝ Հայաստանը, որպես ՀԱՊԿ եւ ԵԱՏՄ անդամ, միջազգային ասպարեզում Ռուսաստանի սակավաթիվ դաշնակիցներից եւ գործընկերներից մեկն է: ՄԱԿ-ում եւ այլ ֆորումներում Երեւանը սովորաբար քվեարկում է Մոսկվայի հետ միասին:

 

Այս աջակցությունը բացարձակ չէ. Հայաստանը չի ճանաչել Ղրիմի միացումը Ռուսաստանին, ինչպես նաեւ Աբխազիայի եւ Հարավային Օսիայի անկախությունը Վրաստանից: Բացի այդ, Հայաստանը լավ հարաբերություններ ունի ԱՄՆ-ի, ինչպես նաեւ Ֆրանսիայի եւ ԵՄ այլ երկրների հետ, որոնց հետ Երեւանը պայմանագրեր է կնքել տնտեսական ասոցացման եւ Արեւելյան գործընկերությանը միանալու մասին:

 

Հավաքական անվտանգության կազմակերպությունում եւ տնտեսական միությունում Հայաստանի մասնակցությունն այս միավորումների համար կրիտիկական չէ: Այնուամենայնիվ, Հարավային Կովկասի փոքր պետության հետ դաշինքն ու գործընկերությունը Մոսկվայի համար քաղաքական արժեք ունի:

 

Ռազմաքաղաքական առումով, Երեւանի նահանգը 19-րդ դարում եւ 20-րդ դարեսկզբին ռուսական պլացդարմ էր Օսմանյան եւ Պարսկական կայսրությունների ուղղությամբ: Սառը պատերազմի տարիներին Հայկական ԽՍՀ-ն սովետական ֆորպոստն էր ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի եւ երկար ժամանակ ամերիկամետ Իրանի հետ սահմաններին:

 

Խորհրդային Միության փլուզումից հետո իրավիճակն արմատապես փոխվեց: Ռուսաստանը ռազմաբազա ունի հայկական Գյումրիում, սակայն դրա հիմնական նպատակն է ֆիզիկապես երաշխավորել Հայաստանի անվտանգությունը ոչ բարեկամ հարեւաններից՝ Թուրքիայից եւ Ադրբեջանից:

Լուսանկարը` REUTERS

Կովկասյան տարածաշրջանում Ռուսաստանի անվտանգության սահմանն անցնում է անմիջապես ՌԴ հարավային սահմանների եւ նրա փաստացի ռազմական պրոտեկտորատների՝ Աբխազիայի եւ Հարավային Օսիայի սահմանների երկայնքով: Հայաստանում ՌԴ 102-րդ ռազմաբազան ավելի հարավում է եւ նրան կարելի է հասնել միայն այն պետությունների ցամաքային կամ օդային տարածքի միջոցով, որոնց բարեկամական վերաբերմունքը Ռուսաստանի հանդեպ բացակայում է (Վրաստան), կամ պայմանական է (Ադրբեջան, Թուրքիա, Իրան):

 

Իհարկե, ՌԴ ռազմաքաղաքական ներկայությունը Հայաստանում կարող է որոշակի օգուտ բերել Ռուսաստանին՝ կայունացնելով իրավիճակը տարածաշրջանում: Հայաստանի համար այս ներկայությունը պետության արտաքին սահմանների երաշխիքն է:

 

Ավելին, Ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո Հայաստանը վերածվել է Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահ գործողության թիկունքային հենակետի: Տարածաշրջանում ՌԴ ռազմական խաղաղապահությունը թույլ է տալիս Մոսկվային վերահսկել չմարած հակամարտության վտանգավոր օջախը, որը, ինչպես վերջերս տեսանք, ունակ է Կովկաս բերել գրոհայինների եւ ահաբեկիչների Մերձավոր Արեւելքից եւ նույնիսկ ուղղակի բախում առաջացնել Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ:

Լուսանկարը` REUTERS

Որոշակի պայմաններում նման դիրքը Հայաստանում կարող է հիմք դառնալ Մերձավոր Արեւելքի տարածաշրջանում Ռուսաստանի հակաահաբեկչական գործողությունների համար: Այսպիսով, Ռուսաստանի ռազմական ներկայությունը Հայաստանում եւ Լեռնային Ղարաբաղում, այսինքն՝ Ադրբեջանի տարածքում, կարեւոր է Ռուսաստանի անվտանգության համար կովկասյան ուղղությամբ:

 

Տնտեսական իմաստով Հայաստանի նշանակությունը մեծ չէ: Ռուսաստանի առեւտրային գործընկերների ցանկում այն տեղ է զբաղեցնում հինգերորդ տասնյակում: Հայաստանը, սակայն, ունի զգալի մտավոր ռեսուրսներ, ինչպես նաեւ սփյուռքի շնորհիվ լայն կապեր Արեւմուտքի եւ Մերձավոր Արեւելքի գործընկերների հետ:

 

Հայկական բիզնեսը բառի լայն իմաստով կարող է հետաքրքիր գործընկեր լինել ռուսական բիզնեսի համար մի շարք ոլորտներում՝ տեղեկատվական տեխնոլոգիաներից մինչեւ բանկային գործ: Ռուսաստանի նկատմամբ Արեւմուտքի պատժամիջոցների համատեքստում այս համագործակցությունը կարող է որոշակի հետաքրքրություն ներկայացնել:

 

Վերջապես (ոչ կարեւորությամբ) հումանիտար առումով Ռուսաստանը եւ Հայաստանը սերտորեն կապված են: Ըստ տարբեր աղբյուրների, Ռուսաստանում բնակվում է 1,2-ից 2 միլիոն հայ: Պատմականորեն Ուղղափառ Ռուսաստանը հայ քրիստոնյաների պաշտպանն էր, եւ Հայաստանից շատ մարդիկ՝ պետական գործիչներ, ռազմական ղեկավարներ, գիտնականներ, երաժիշտներ, արվեստագետներ, կարեւոր դեր են խաղացել Ռուսաստան պետության պատմության մեջ, մեծ Ռուսաստանի իսկական հայրենասեր էին:

 

Այսօրվա Ռուսաստանում, ինչպես ցույց տվեցին 2020թ. իրադարձությունները, չկա «հայկական կուսակցություն», ինչպես եւ չկան էթնիկ այլ լոբբիներ, որոնք ի վիճակի են վճռականորեն ազդել արտաքին քաղաքականության վրա: Սա միանշանակ լավ է եւ պետք է այդպես էլ մնա ապագայում, բայց Ռուսաստանի կառավարությունը չի կարող եւ չպետք է անտեսի հայրենակիցների զգալի մասի զգացմունքները:

 

Այս համառոտ ցանկը բավարար է Ռուսաստանի համար Հայաստանի էական, չնայած ոչ կրիտիկական նշանակության թեզը պարզաբանելու համար: Մոսկվայի արտաքին քաղաքականությունը, իհարկե, հիմնված է ոչ թե հույզերի եւ պատմական հիշողությունների, այլ պետության հիմնական արժեքների եւ ազգային կոնկրետ շահերի վրա: Մարտավարական մակարդակում պրագմատիկ լինելով՝ այն նպատակ ունի ռազմավարական հավասարակշռություն պահպանել բազմաթիվ ուղղությունների միջեւ:

Լուսանկարը` REUTERS

Հարավային Կովկասի դեպքում, Հայաստանի հետ սերտ կապերի հետ միասին, որոնք անհրաժեշտ է պահպանել եւ զարգացնել, Ռուսաստանի համար կարեւոր են նաեւ հարեւան Ադրբեջանի եւ տարածաշրջանային տերության՝ Թուրքիայի հետ հարաբերությունները: Նույնիսկ եթե այդ հարաբերությունները որակապես տարբերվում են Հայաստանի հետ հարաբերություններից, դրանք ակնհայտորեն պակաս նշանակալի չեն:

 

Կառուցողական չմիջամտությունը

 

Մոսկվան, անկասկած, պետք է հարգի հայկական պետության ինքնիշխանությունը, որի ճակատագիրն ու քաղաքական ընտրությունը որոշում է միայն ու միայն հայ ժողովուրդը: Դիկտատից եւ գործընկերների ու դաշնակիցների նկատմամբ իր կամքի կոպիտ պարտադրումից հրաժարվելն ամուր հաստատվել է որպես Ռուսաստանի հետխորհրդային քաղաքականության սկզբունք:

 

Միեւնույն ժամանակ, սխալ է լիովին հեռու մնալ մերձավոր հարեւանների մոտ ընթացող գործընթացներից: Անցած երեք տասնամյակների փորձը ցույց է տալիս, որ արդյունավետ քաղաքականությունը պահանջում է մշտական կապ դաշնակից երկրների բոլոր նշանակալից քաղաքական եւ սոցիալական ուժերի հետ, եւ ոչ միայն նրանց, ովքեր իշխանության մեջ են կամ հատուկ կապեր ունեն Մոսկվայի հետ:

Լուսանկարը` REUTERS

Իր սահմաններից դուրս Ռուսաստանը պետք է աջակցի ոչ թե կոնկրետ ուժերին կամ անհատներին, այլ իր սեփական շահերին: Միշտ չէ, որ նրանք, ովքեր ամենից շատ են ցանկանում հաճոյանալ Մոսկվային եւ ում նյութական շահերը կապված են Ռուսաստանի հետ, Ռուսաստանի Դաշնության համար ամենաարդյունավետ գործընկերներն են: Անհրաժեշտ է ուշադիր հետեւել հարեւան երկրներում քաղաքական էլիտաների եւ հակաէլիտաների շարժին`առավել հեռանկարային գործընկերներ մատնանշելու համար:

 

Առավելագույն չափով ընդլայնելով կապերը՝ ՀԱՊԿ եւ ԵԱՏՄ երկրներում Ռուսաստանի դեսպանությունները կարող են բարձրացնել իրենց հեղինակությունը եւ ավելի ակտիվ մասնակցություն ունենալ Մոսկվայի կողմից համապատասխան արտաքին քաղաքական որոշումների մշակմանը: Անհրաժեշտ է էապես բարձրացնել Ռուսաստանի դեսպանությունների կարեւորությունը Մինսկում եւ Նուր-Սուլթանում, Բիշքեկում  եւ Դուշանբեում, ինչպես նաեւ, եւ ոչ վերջին հերթին, Երեւանում: Նախկին հանրապետական այս կենտրոնները նոր պայմաններում դարձել են Մոսկվայի համար ավելի կարեւոր, քան եվրոպական շատ մայրաքաղաքներ:  

Լուսանկարը` REUTERS

Ղարաբաղյան պատերազմի եւ Հայաստանում ստեղծված ներքաղաքական ճգնաժամի արդյունքում ստեղծված իրավիճակը պահանջում է ռուս-հայկական հարաբերությունների վերագործարկումը: Եվ նման վերագործարկման համար Մոսկվային անհրաժեշտ է վստահելի գործընկեր Երեւանում: Վստահելի՝ չի նշանակում հնազանդ. այդպիսինը չի կարողանա պահել երկիրը եւ միայն կվնասի Ռուսաստանի շահերին: Կարելի է ապավինել միայն ամուր եւ կայուն մի ինչ-որ ուժի:

 

Ոչ Փաշինյանը, ոչ Քոչարյանն ու Սարգսյանը՝ տարբեր պատճառներով, բարեբախտաբար կամ ցավոք, չեն կարող այդպիսի գործընկերներ դառնալ: Կարո՞ղ է արդյոք Հայաստանում հայտնվել ընկալելի մի ուժ, որն ի վիճակի կլինի միավորել պառակտված, հոգնած, հուսախաբված հասարակությունը եւ, միեւնույն ժամանակ, դառնալ Մոսկվայի համար լուրջ գործընկեր եւ ռազմավարական դաշնակից: Առայժմ այդ ուժը տեսանելի չէ, բայց այն պետք է համառորեն փնտրել, իսկ գտնելու դեպքում, անհրաժեշտությունից ելնելով, օգնել:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին