Երեւան: Մեդիամաքս: ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ասել է, որ «եւս մեկ անգամ հաստատելով նախագահական ինստիտուտի՝ որպես հավասարակշռող կառույցի դերը՝ հրատապ նախաձեռնում եմ քայլեր լարվածության թուլացման և իրավիճակի խաղաղ հանգուցալուծման ուղիներ գտնելու նպատակով»:
«Այսօր, երբ դեռևս չենք հաղթահարել Արցախի դեմ սանձազերծված պատերազմի հետևանքները, երբ ունենք հազարավոր զոհեր ու վիրավորներ, երբ առկա են լրջագույն տարածաշրջանային սպառնալիքներ, մենք, ցավոք սրտի, նորից գտնվում ենք ծայրահեղ պայթունավտանգ իրավիճակում, որը հղի է մեր պետության և պետականության համար անկանխատեսելի հետևանքներով և կարող է հանգեցնել անդառնալի կորուստների:
Կոչ եմ անում բոլորին՝ պետական մարմիններին, ուժային կառույցներին, քաղաքական ուժերին, բոլոր քաղաքացիներին՝
դրսևորել զսպվածություն և ողջախոհություն. յուրաքանչյուր չկշռադատված խոսք կամ գործողություն մեծացնում է լարվածությունը և էլ ավելի խորացնում ճգնաժամը.
չտրվել սադրանքների և ձեռնպահ մնալ ատելության ու անհանդուրժողականության կոչերից. մեր ժողովուրդը չի կարող իրեն թույլ տալ պառակտում, պետք է մերժել պետությունը ապակայունացնելու և պետականությունը վտանգելու ցանկացած փորձ.
անվերապահորեն գործել Սահմանադրության շրջանակներում», - ասված է նախագահի ուղերձում:
















