Երեւան: Մեդիամաքս: Հայաստանն ու Ռուսաստանը քննարկել են Մերձավոր Արեւելքում համագործակցության հարցերը:
ՌԴ ԱԳՆ-ից հաղորդում են, որ օգոստոսի 19-ին Ռուսաստանի նախագահի՝ Մերձավոր Արեւելքի եւ Աֆրիկայի հարցերով հատուկ ներկայացուցիչ, արտաքին գործերի փոխնախարար Միխայիլ Բոգդանովը ընդունել է Մոսկվայում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանին՝ վերջինիս խնդրանքով:
«Քննարկվել են Մերձավոր Արեւելքում հայ-ռուսական արտաքին քաղաքական գործակցության արդիական հարցերը», - ասված է հաղորդագրության մեջ:
Մեդիամաքսը հիշեցնում է, որ 2019 թվականի փետրվարից Սիրիայում աշխատում է
հումանիտար ականազերծողներից, բժիշկներից եւ նրանց անմիջական անվտանգությունն ապահովող հայ մասնագետներից բաղկացած խումբը:
Հայ մասնագետների տեղափոխման, ինչպես նաեւ ապահովման խնդիրներն իրականացվում են ռուսաստանյան կողմի աջակցությամբ:
2019թ. հոկտեմբերի 24-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ Սիրիայի հարցով Սոչիում ձեռք բերված ռուս-թուրքական համաձայնություններն անդրադարձ ունեն նաեւ սիրիահայերի անվտանգությանը:
«Ուրախ եմ արձանագրել, որ Սիրիայի հարցով Սոչիում ձեռք բերված համաձայնություններն անդրադարձ ունեն նաեւ այն հարցերին, որոնք առնչվում են Սիրիայի հայության անվտանգության հարցերին եւ որոնց վերաբերյալ քննարկումներ էի ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Սա ընդգծում է հայ-ռուսական հարաբերությունների ռազմավարական-դաշնակցային բնույթը: Մենք շարունակում ենք հետեւել Սիրիայում տեղի ունեցող զարգացումներին, շարունակում ենք մեր հումանիտար առաքելությունը եւ մեր աջակցությունը քաղաքացիական բնակչությանը»,- ասել էր Նիկոլ Փաշինյանը։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: