Սերժ Սարգսյանը քննադատել է իշխանություններին - Mediamax.am

4739 դիտում

Սերժ Սարգսյանը քննադատել է իշխանություններին


Լուսանկարը` REUTERS


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի նախկին նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանն ասել է, որ Հայաստանում «ժողովրդավարությանը սպառնացող վտանգավոր զարգացումներ են տեղի ունենում»:

«Հեղափոխության անվան տակ իշխանության եկածները իրականության մեջ անցած մեկուկես տարվա ընթացքում որեւէ հեղափոխական փոփոխություն կամ երկրի արտաքին ու ներքին օրակարգերի հեղափոխական բեկում չեն մտցրել:

 

Ավելին` երկրում ժողովրդավարությանն սպառնացող վտանգավոր զարգացումներ են տեղի ունենում: Խաթարվել են սահմանադրականության հիմքերը։ Չի գործում իշխանությունների տարանջատման եւ հավասարակշռության սկզբունքը։ Բազմաթիվ փաստերով ակնհայտ խախտված է դատական իշխանության անկախությունը։ Իրականացվում են քաղաքական հետապնդումներ: Պարբերական են դարձել ընդդիմադիր լրատվամիջոցների եւ ակտիվիստների նկատմամբ ագրեսիվ գործողությունները, անհանդուրժողականությունը եւ ատելության խոսքը հասել են մտահոգիչ չափերի», - ասել է Սերժ Սարգսյանը՝ ելույթ ունենալով Եվրոպական ժողովրդական կուսակցության համաժողովում:

 

«Անցյալ տարի ես հեռացա, որպեսզի իմ ժողովուրդը փորձի է՛լ ավելի լավ պետություն կառուցել: Սակայն այսօր արդեն ավելի ու ավելի հնչեղ են դառնում այն մարդկանց ձայները, ովքեր ինձ մեղադրում են իշխանությունը պոպուլիստներին զիջելու մեջ: Եվ հիմա ես այստեղ եմ բարձրաձայնելու այդ մտահոգությունները՝ պաշտպանելու համար այն հավատն ու ակնկալիքները, որ ունեցել են հազարավոր մարդիկ տեղի ունեցած իշխանափոխության ընթացքում: Այո՛, Հայաստանում կատարվածի մեջ կար նաեւ մեր մեղքը: Բայց վստահեցնում եմ, որ մեզ համար մշտապես առաջնային եւ կենսական են եղել անվտանգության եւ խաղաղության հարցերը, եւ այդ պատճառով, գուցե, որոշ հարցեր ստորադասվել են այս խնդիրների լուծմանը», - ասել է Սերժ Սարգսյանը:

 

Նախկին նախագահը խոսել է նաեւ Արցախի խնդրի մասին:

 

«Արցախյան հակամարտության ներկայիս բանակցային փուլը ինձ մոտ մտահոգություններ է առաջացնում: Որպես մարդ, ով անձամբ մասնակցել է Արցախի ինքնապաշտպանության գործընթացին, ես լավ գիտեմ խաղաղության արժեքը: Այս տեսակետից ցանկացած՝ անգամ վատ բանակցությունը գերադասելի է պատերազմից: Շատ կարեւոր է, որպեսզի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդական ջանքերը շարունակեն ստանալ միջազգային հանրության անվերապահ աջակցությունը: Ցավոք, մենք ականատես ենք լինում, թե ինչպես է Ադրբեջանը շարունակում զինվել եւ սպառնալ Արցախին եւ Հայաստանին: Ուզում եմ, որ Բաքվում կրկին լսեն իմ այս ուղերձը՝ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում, եւ այս խնդիրը չունի ռազմական լուծում», - ասել է Սերժ Սարգսյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին