Երեւան: Մեդիամաքս: ՀՀԿ նախագահ, Հայաստանի նախկին նախագահ Սերժ Սարգսյանն ասել է, որ իր անձի հետ կապված վախենալու որեւէ բան չունի:
Հոկտեմբերի 30-ին Սերժ Սարգսյանը ավարտական վկայականներ է հանձնել «Անդրանիկ Մարգարյան» քաղաքական դպրոցի շրջանավարտներին։
ՀՀԿ տարածած հաղորդագրության համաձայն, միջոցառման ավարտին Սերժ Սարգսյանը պատասխանել է շրջանավարտներից մեկի հարցին, թե չի՞ վախենում, որ մի օր էլ իրեն էլ կձերբակալեն:
«Ինչպես հայտնի է` ոչ մի բանից չի վախենում միայն կատարյալ հիմարը: Ես 1988-ից հետո, իրոք, վախեցել եմ `վախեցել եմ կորցնել մեր հայրենիքի մի մասը` Լեռնային Ղարաբաղը, ինչը, իհարկե, շատ մեծ ու իրական վտանգ կբերեր մեր հայրենիքի մնացած ու վերջին մասի համար: Բայց հազարավոր, տասնյակ հազարավոր նվիրյալների հետ միասին նայելով այդ վախի աչքերի մեջ՝ մենք կարողացել ենք հաղթահարել այդ վախը՝ պատերազմի ձեզ հայտնի արդյունքներով:
Հիմա ես վախենո՞ւմ եմ, թե՞ չեմ վախենում: Հիմա էլ եմ վախենում. վախենում եմ անպատասխանատու պոպուլիստների`մեր հայրենիքի համար կործանարար քաղաքականությունից: Իմ անձի հետ կապված վախենալու որեւէ բան չունեմ: Եթե ինձ ձերբակալելով մեր ժողովուրդը գոհ ու երջանիկ կլինի, եթե ինձ ձերբակալելով մարտի 1-ը, հոկտեմբերի 27-ը կհամարվեն ամբողջովին բացահայտված, եթե ինձ ձերբակալելով մեր երկրին սպառնացող վտանգները կչեզոքանան, եթե ինձ ձերբակալելով Լեռնային Ղարաբաղի բանակցությունները կվերադառնան ճիշտ ուղի, ապա թող ձերբակալեն: Գիտեք, ինչպես ասացի, միայն կատարյալ հիմարը չի վախենում ոչ մի բանից: Իմ կարծիքով՝ վախկոտ են համարվում այն մարդիկ, ովքեր ինչ-որ ազդեցությունների հետեւանքով հաճախ փոխում են իրենց որոշումները: Ես որոշում փոխող չեմ, երբեք չեմ փոխել իմ որոշումը: Եթե իմ բացակայությունը հասարակությունից կնպաստի, որ տնտեսական հեղափոխությունը շատ մեծ թափ ստանա եւ հայրենադարձների հոսքն այնքան մեծանա Հայաստան, որ մենք դրանով ուղղակի հպարտանանք, թող ձերբակալեն: Ավելին չեմ ուզում ասել, որովհետեւ, ինչպես հայտնի է, ես խոստացել եմ պարզ ու անկեղծ զրույց ունենալ մեր քաղաքացիների հետ, եւ դրա ժամկետը մոտենում է»,- ասել է Սերժ Սարգսյանը:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: