Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր մասնակցել է արտաքին գործերի նախարարության կենտրոնական ապարատի եւ օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարների ամենամյա համաժողովին:
Ներկայացնում ենք հատվածներ վարչապետի ելույթից:
Սկզբունքային նպատակը
Մեր արտաքին քաղաքականության նպատակը Հայաստանի ինքնիշխանությունն ու անվտանգությունն ապահովելն է, ինքնիշխանության ու անվտանգության մակարդակը հետեւողականորեն բարձրացնելը, մեր երկրի եւ նրա քաղաքացիների անվտանգության ու բարեկեցության համար առավել նպաստավոր արտաքին միջավայր ձեւավորելը:
Որպեսզի սա տեղի ունենա, անհրաժեշտ է, որ Հայաստանի ձայնը, դիրքորոշումները, մոտեցումներն ու նպատակները աշխարհի համար լինեն ավելի տեսանելի, լսելի եւ ընդունելի:
Այս խնդրի լուծման կարեւորագույն փաստերից մեկը 2018 թվականին Հայաստանում տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխությունն է, որը դարձավ բառիս բուն իմաստով համաշխարհային իրադարձություն, եւ Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչությունները, դեսպանատները պիտի որ այդ փաստը օգտագործեին աշխարհում Հայաստանի ճանաչելիությունն ու հեղինակությունը բարձրացնելու համար:
Թիվ 1 այցեքարտը
Ժողովրդավարությունը պետք է դառնա Հայաստանի արտաքին քաղաքականության թիվ 1 այցեքարտը: Մեր խնդիրն է՝ աշխարհին ցույց տալ, որ Հայաստանում ժողովրդավարությունն անշրջելի է, որովհետեւ այն հիմնված եւ հենված է ոչ թե անձի, ոչ թե կոնկրետ քաղաքական շրջանակի, այլ ժողովրդի գիտակցության, կամքի եւ ձգտումների վրա:
Բարդույթներից ամենաառանցքայինը
Հաջորդ սկզբունքը, որը պետք է օգնի բարձրացնել Հայաստանի սուբյեկտությունը, համահայկականությունն է: Մեր արտաքին քաղաքական բարդություններից եւ բարդույթներից ամենաառանցքայինը փոքր ազգի, փոքր պետության ընկալումն է:
Փոքրի բարդույթը հաղթահարելը կենսական նշանակություն ունի մեզ համար, եւ սրա գործնական լուծումը, իմ պատկերացմամբ, հետեւյալն է. Հայաստանի դեսպանները պետք է ներկայանան ոչ թե որպես փոքր քաղաքական խմբակի, կամ իշխող էլիտայի, կամ նույնիսկ անգամ փոքր պետության, այլ որպես համահայկական ներկայացուցիչ, համայն հայության ներկայացուցիչ:
Համահայկականության տրամաբանությունը պիտի նոր կշիռ տա Հայաստանի Հանրապետությանը եւ նրա խոսքին ու դիրքորոշմանը: Այսպիսի խնդիր լուծելու համար Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչությունները հայկական համայնք ունեցող երկրներում պետք է լինեն ողջ հայությանը համախմբող գործոն եւ դադարեն Սփյուռքի մեր հայրենակիցներին իներցիայով բաժանել ընդդիմադիրների եւ իշխանամետների, հների եւ նորերի:
Այդ իրավիճակին, անկեղծ լինեմ, բախվել եմ որպես Հայաստանի վարչապետ տարբեր երկրների հայ համայնքների հետ հանդիպումների ընթացքում, եւ սա ինձ համար անընդունելի երեւույթ է:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: