Երեւան: Մեդիամաքս: ՀՀԿ համամասնական ցուցակը գլխավորող Վիգեն Սարգսյանն Ազգային ժողովի արտահերթ ընտրություններում իր քվեն տվել է «այն Հայաստանի համար, որտեղ որեւէ մեկի մտքով չի անցնի հասարակությունը բաժանել սեւերի եւ սպիտակների»:
«Դա ուղիղ ճանապարհ է դեպի ներքին թշնամու ձեւավորում, իսկ պաշարված բերդում ներքին թշնամին ամենավատ բանն է, որ կարող է լինել: Մեզ պետք է ավելի ամուր, ավելի համախմբված, ավելի արագ տեմպերով զարգացող երկիր: Մեր մարտահրավերները շատ մեծ են, իսկ ունեցած պաշարները՝ անհամեմատ ավելի փոքր: Ակնկալում եմ, որ այսօրվա քվեարկությունից հետո կունենանք երկիր, որտեղ գոնե այն հարցերում, որոնք կենսական նշանակություն ունեն՝ անվտանգություն, պաշտպանություն, արտաքին քաղաքականություն, կհենվենք գիտլիքի, փորձի, հետեւողականության վրա եւ չենք անի քայլեր, որոնք կարող են թուլացնել մեր դիրքերն այս տարածաշրջանում»,- 9/47 ընտրատեղամասում իր քաղաքացիական պարտքը կատարելուց հետո ասել է Վիգեն Սարգսյանը:
Նա մեծ ակնալիք ունի, որ հանրությունն ակտիվ կմասնակցի ընտրություններին.
«Անկախ այն բանից, թե ով ինչ դիրքորոշում ունի, ամենավերջին բանը, որ կարելի է անել, այսօր տանը նստելն է: Պետք է կողմնորոշվել եւ գիտակցված ձայնը տալ այն ուժին, որի հետ կապում է երկրի ապագան՝ լինի դա իշխանություն, թե դրան հակակշռող ուժ: Ակնկալում եմ, որ օրվա վերջին կունենանք ավելի համախմբված հասարակություն»:
ՀՀ Ազգային ժողովի արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցում է 11 քաղաքական ուժ՝ 9 կուսակցություն ու 2 դաշինք: Ընտրական տեղամասերում քվեարկությունը մեկնարկել է ժամը 8:00-ին եւ կավարտվի 20:00-ին:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: