Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի հանրապետական կուսակցությունն (ՀՀԿ) այսօր հայտնել է, որ Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) նախագահ Ջոզեֆ Դոլը դեկտեմբերի 9-ին Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրությունների կապակցությամբ հանդես է եկել հայտարարությամբ:
Հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է.
«Կցանկանայի աջակցություն հայտնել մեր անդամ հանդիսացող Հայաստանի Հանրապետական կուսակցությանը, որը հանդես է գալիս Եվրոպական միության հետ ավելի սերտ համագործակցության տեսլականով եւ անցած տարի նախաձեռնեց Եվրոպական միության եւ Հայաստանի միջեւ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրումը: Նորացված խորհրդարանը նոր հնարավորություն է համաձայնագրում նախանշված բարեփոխումների արդյունավետ իրականացման համար: Օրենքի գերակայությունը, դատական համակարգի անկախությունը, մարդու իրավունքների պաշտպանությունը, մամուլի ազատությունն ու բազմակարծությունն, ինչպես նաեւ ազատ եւ արդար ընտրությունները հանդիսանում են Հայաստանի հասարակության ժողովրդավարական հաջող զարգացման բանալին:
ԵԺԿ-ն ուշադիր կերպով հետեւում է նախընտրական քարոզարշավին, որը պետք է երաշխավորի հավասար պայմաններ մրցակցության մեջ ներգրավված բոլոր քաղաքական ուժերի համար: Ուժեղ ընդդիմությունը Հայաստանում ուժեղ ժողովրդավարության նշան է: Մենք մեծապես անհանգստացած ենք նախընտրական քարոզարշավի ընթացքում ընդդիմության նկատմամբ առկա անհանդուրժողականության եւ ատելության հռետորաբանությամբ ու քաղաքական հետապնդումներով: Այս ամենը չի կարող տեղ ունենալ ժողովրդավարական հասարակությունում»:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: