Երեւան: Մեդիամաքս: ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ «մենք տրամադրված ենք Ռուսաստանի հետ ռազմավարական գործընկերային հարաբերությունների հետագա զարգացմանը»:
Կառավարության ղեկավարն այդ մասին ասել է «Ռոսիա 24» հեռուստաալիքի հետ հարցազրույցում՝ դեկտեմբերի 6-ին Սանկտ Պետերբուրգում կայանալիք Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) պետությունների ղեկավարների հանդիպման նախօրեին:
«Մենք ձգտելու ենք ավելի արդյունավետ դարձնել մեր անդամակցությունը ԵԱՏՄ-ում, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում (ՀԱՊԿ) եւ ԱՊՀ-ում: Իհարկե, մեր օրակարգում են հարաբերությունների զարգացումը Եվրոպական միության եւ ԱՄՆ-ի հետ: Մեր համար շատ կարեւոր են մեր անմիջական հարեւանների՝ Վրաստանի եւ Իրանի հետ հարաբերությունները: Մենք չենք պատրաստվում գործընկերների հետ հարաբերություններ զարգացնել այլ գործընկերների հետ հարաբերությունների հաշվին: Սակայն, իհարկե, Ռուսաստանի հետ հարաբերությունները մեզ համար առաջնահերթային են»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:
Պատասխանելով այն հարցին, թե ինչպե՞ս է նա տեսնում Հայաստանի դերը եւ տեղը ԵԱՏՄ-ում ու ՀԱՊԿ-ում, վարչապետի պաշտոնակատարը նշել է.
«Կարծում եմ, ԵԱՏՄ-ի բոլոր երկրներում հասկանում են, որ այսօրվա հիմնական խնդիրը առեւտրի եւ տնտեսական ինտեգրման խոչընդոտների հաղթահարումն է: Այսօր մոտ 100 նման խոչընդոտ կա ՝ օրենսդրական, լոգիստիկ եւ այլն: ԵԱՏՄ-ի շուկան շատ կարեւոր է Հայաստանի համար, եւ մեր կառավարության նպատակն է ապահովել հայկական արտադրողների ամբողջական մուտքն այդ շուկա:
Ինչ վերաբերում է ՀԱՊԿ-ին, ապա մեր հիմնական նպատակն է Հայաստանի անդամակցությունն ավելի արդյունավետ դարձնել: ՀԱՊԿ անդամ պետությունները դե յուրե մեր ռազմավարական դաշնակիցներն են, եւ մեզ համար շատ կարեւոր է պարզել կողմերի փոխադարձ պարտավորությունները: Դա մեզ համար շատ կարեւոր հարց է: Իհարկե, ռազմավարական եւ ռազմատեխնիկական իմաստով ՀԱՊԿ-ում մեր գլխավոր գործընկերը Ռուսաստանն է, սակայն մենք պետք է հստակեցնենք նաեւ մեր այլ գործընկերների դիրքորոշումները ղարաբաղյան հակամարտության եւ մեր տարածաշրջանի անվտանգության հարցերում: Ցավոք, երկար տարիներ մենք ականատես ենք եղել, որ միջազգային կազմակերպություններում ՀԱՊԿ որոշ անդամներ շատ հաճախ քվեարկում են ընդդեմ Հայաստանի շահերի: Ընդ որում, գործընկերներից ոչ մեկը չի կարող մեղադրել մեզ ՝ նույնը անելու համար»:
Նիկոլ Փաշինյանը նկատել է, որ «մեծ ուշադրություն է դարձվում ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղարի ընտրության թեմային, սակայն դա ընդամենը սառցաքարի գագաթն է»:
«Այս կազմակերպությունը եւ դրա էությունը շատ կարեւոր է Հայաստանի համար: Մեր նպատակն է բարձրացնել ՀԱՊԿ-ի վարկանիշը ոչ միայն քաղաքական, այլեւ ռազմական եւ ռազմավարական իմաստով: Եվ ես հույս ունեմ, որ կկարողանանք հասնել այդ նպատակին»,- ասել է կառավարության ղեկավարը:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: