Փաշինյանը խոսել է ՌԴ, ԵՄ, ԱՄՆ հետ հարաբերությունների մասին - Mediamax.am

Հոկտեմբեր 12, 2025
4818 դիտում

Փաշինյանը խոսել է ՌԴ, ԵՄ, ԱՄՆ հետ հարաբերությունների մասին


Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանն այսօր ասել է, որ Հայաստանի նոր կառավարությունն արտաքին քաղաքականության շրջադարձեր չի անելու:

«Հայաստանի վարչապետի  պաշտոնում իմ ընտրության պարագայում Հայաստանը շարունակելու է մնալ Եվրասիական տնտեսական միության եւ ՀԱՊԿ անդամ: Այս դիրքորոշումը բխում է համաժողովրդական շարժման տրամաբանությունից: Այս շարժման արդյունքում իշխանության եկել է Հայաստանի ժողովուրդը, ով բազմաթիվ փոփոխություններ պահանջել է ներքին կյանքի կազմակերպման, արդարության, օրինականության, իրավունքների պաշտպանության եւ սոցիալական ապահովության բնագավառներում: Հայաստանի ժողովուրդը որեւէ փոփոխություն չի պահանջել արտաքին քաղաքականության ոլորտում, եւ մենք պարտավոր ենք հաշվի նստել այս ուղերձի հետ»,- Ազգային Ժողովի հատուկ նիստում ասել է Նիկոլ Փաշինյանը:

 

Նա շեշտել է, որ Ռուսաստանին համարում է Հայաստանի ռազմավարական դաշնակից եւ շարժումը հայ-ռուսական հարաբերությունների համար որեւէ սպառնալիք չի ստեղծում:

 

Վարչապետի թեկնածուն նշել է, որ առանձնահատուկ կարեւորություն են տալիս Իրանի եւ Վրաստանի հետ կապերին, ու քաղաքական այս գործընթացը նոր շունչ եւ էներգիա է տալու անմիջական հարեւանների հետ հարաբերություններին: 

 

Նիկոլ Փաշինյանի հավաստմամբ՝ խորացվելու են հարաբերությունները Եվրոպական միության հետ.

«Մենք ամեն ինչ անելու ենք Հայաստանի քաղաքացիների համար ԵՄ մուտքի արտոնագրի պահանջի վերացման ուղղությամբ, ակնկալում ենք դրա շուրջ բանակցությունները սկսել ամենամոտ ապագայում: Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի շուտափույթ վավերացումը եւ դրա ամբողջական կիրարկումը բխում է մեր շահերից»:

 

Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ ԱՄՆ-ի հետ բարեկամական հարաբերությունները նոր խթանի կարիք ունեն: Նա ասել է, որ մտադրված են հստակ գործնական նոր քայլեր կատարել Միացյալ Նահանգների հետ տարբեր ոլորտներում փոխգործակցությանը զարկ տալու համար: Վարչապետի թեկնածուն կարեւորել է Չինաստանի հետ հարաբերությունների խորացումը:

 

Ինչ վերաբերում է Արցախյան հիմնախնդրին, ըստ Նիկոլ Փաշինյանի՝ խաղաղ, միջազգային իրավունքի վրա հիմնված կարգավորման գործընթացում «կենսական է Արցախի ժողովրդի՝ իր ճակատագիրն ինքնուրույն որոշելու անքակտելի իրավունքի եւ դրա իրացման միջազգային ճանաչումը»:

 

«Մենք հանձնառու ենք բացառապես խաղաղ կարգավորմանը, որի հիմքում պետք է ընկած լինի ժողովուրդների իրավահավասարության եւ ինքնորոշման սկզբունքը: Նոր լիցք պետք է հաղորդել Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման գործընթացին, որը աշխարհասփյուռ հայության գործունեության կարեւորագույն ուղղություններից պետք է դառնա», - ասել է Նիկոլ Փաշինյանը:   

 

Խոսելով Հայոց ցեղասպանության ճանաչման եւ միջազգային դատապարտման մասին, նա ասել է, որ հավատարիմ են այդ գործընթացին, քանի որ ճանաչումն է նոր ցեղասպանություններ կանխելու գործիքը.

 

«Մարդկության դեմ հանցագործությունների եւ ցեղասպանությունների կանխարգելման ուղղությամբ Հայաստանը շարունակելու է առաջամարտիկի դեր խաղալ»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին