Արմեն Սարգսյան. Մենք ապրում ենք Նոր Հայաստանում - Mediamax.am

8244 դիտում

Արմեն Սարգսյան. Մենք ապրում ենք Նոր Հայաստանում


Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ասել է, որ «մեր երկրում վերջին օրերի բուռն զարգացումներն աննախադեպ երեւույթ են»:

«Այն, թե ինչպես քաղաքացիական շարժումը կազմակերպված եւ քաղաքակիրթ զարգացման ճանապարհով վերաճեց համաժողովրդական շարժման, համայն հայության համար հպարտության առարկա է:

 

Հայաստանի պատմության մեջ ունենք այլեւս նոր էջ: Մենք ապրում ենք Նոր Հայաստանում: Հայաստան, որտեղ յուրաքանչյուր հայաստանցի եւ աշխարհասփյուռ հայությունն իր ուժն ու եռանդը պետք է դնի երկրի զարգացման համար: Հայաստան, որին մատնացույց են անելու աշխարհում՝ ժողովրդավարության, կառավարման, քաղաքացիական հասարակության, մշակույթի, գիտության ու տնտեսության զարգացման առումով: Հայաստան, որտեղ հայը տեսնելու է իր եւ իր սերունդների ապագան: Հայաստան, որը սիրելու է յուրաքանչյուր հայ՝ պետական այրն ու շարքային քաղաքացին:

 

Հայաստան, որը լինելու է իմ եւ քո երազանքների Հայաստանը: Այս իրողությունը ժխտելը քաղաքական կարճատեսություն կլինի»,- ասված է նախագահի գրառման մեջ, որն արվել է ապրիլի 25-ին քաղաքական տարբեր ուժերի եւ հասարակական-քաղաքական գործիչների հետ հանդիպումների արդյունքներով:

 

Արմեն Սարգսյանն ընդգծել է, որ «ինչպես Սերժ Սարգսյանը սթափ գնահատականով բացեց Նոր Հայաստան տանող դարպասը, նույն կերպ քաղաքական բոլոր ուժերը, հատկապես՝ Ազգային ժողովում ներկայացված, պետք է համերաշխաբար հարթեն այդ ճանապարհը՝ առաջնորդվելով Սահմանադրությամբ»:

 

«Մենք բոլորս պարտավոր ենք հավուր պատշաճի իրագործել այն պատմական առաքելությունը, որը մեզ բաժին է հասել, եւ մեր ազգի համար այս բախտորոշ պահին անել այդ քայլը: Ժողովրդի մեծամասնության վստահությունը վայելող քաղաքական ուժերը պետք է միասնաբար երկիրն առաջնորդեն այս ճանապարհով»,- ասել է ՀՀ նախագահը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին