Սարգսյանը Փաշինյանին մեղադրեց շանտաժի մեջ եւ հիշեցրեց Մարտի 1-ի մասին - Mediamax.am

10048 դիտում

Սարգսյանը Փաշինյանին մեղադրեց շանտաժի մեջ եւ հիշեցրեց Մարտի 1-ի մասին


Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի վարչապետ Սերժ Սարգսյանի եւ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի երկխոսությունն այսօր չի ստացվել:

Հանդիպման սկզբում Սերժ Սարգսյանն ասել է, որ ուրախ է, որ Փաշինյանն արձագանքել է երկխոսություն սկսելու իր բազմաթիվ կոչերին, սակայն տարակուսել է, թե ինչպես կարող են բանակցել լրագրողների ներկայությամբ:

 

Ի պատասխան Փաշինյանն ասել է, որ երեւի թյուրըմբռնում կա, քանի որ ինքը երեկ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին հստակ ասել է, որ բանակցությունը կարող է ընթանալ միայն Սերժ Սարգսյանի հրաժարականի եւ իշխանության փոխանցման շուրջ:

 

Վարչապետն ի պատասխան ասել է, որ «դա ոչ թե բանակցություն կամ երկխոսություն է, այլ շանտաժ եւ վերջնագիր, որը ներկայացվում է օրինական իշխանությանը»:

 

«Դուք չեք գիտակցում դրա պատասխանատվությունը», - Նիկոլ Փաշինյանին ասել է Սերժ Սարգսյանը: «Նշանակում է, որ դասեր չեք քաղել մարտի 1-ից: Ձեզ մեկ անգամ եւս կոչ եմ անում վերադառնալ օրինականության եւ տրամաբանության դաշտ: Հակառակ դեպքում ողջ պատասխանատվությունն ընկնելու է ձեր վրա՝ ընտրեք», - ասել է վարչապետը:

 

Ի պատասխան Նիկոլ Փաշինյանը Սերժ Սարգսյանին հորդորեց սպառնալիքների լեզվով չխոսել եւ ասաց, որ վարչապետը չի պատկերացնում երկրում տիրող իրավիճակը եւ ժողովրդի ընդվզման ծավալը:

 

Սերժ Սարգսյանն արձագանքեց, որ 7-8 տոկոս ձայներ ստացած քաղաքական ուժը իրավունք չունի խոսել ժողովրդի անունից, այնուհետեւ ասաց, որ այլեւս ցանկություն չունի շարունակել հանդիպումը եւ հեռացավ դահլիճից:

 

Վարչապետի հեռանալուց հետո Նիկոլ Փաշինյանն ասաց, որ Սերժ Սարգսյանը համարժեք չի գնահատում ստեղծված իրավիճակը եւ կոչ արեց Հայաստանի բոլոր քաղաքներում եւ գյուղերում քաղաքացիական անհնազանդության ակցիաները շարունակել «կրկնակի ծավալով՝ առանց որեւէ բռնության»:

 

«Սերժ Սարգսյանի սպառնալիքներն ու հոխորտանքները որեւէ իրավական հիմք չունեն, եւ ոստիկանությունը պարտավոր է աջակցել մեր խաղաղ հավաքներին», - ասաց պատգամավորը:

 

Նիկոլ Փաշինյանը նաեւ իր կողմնակիցներին ժամը 19:00-ին հրավիրեց Հանրապետության հրապարակ՝ հանրահավաքի:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին