Օսկանյանը ՀՀ նախագահին կոչ է արել խոսել ժողովրդի հետ - Mediamax.am

5692 դիտում

Օսկանյանը ՀՀ նախագահին կոչ է արել խոսել ժողովրդի հետ


Վարդան Օսկանյանը
Վարդան Օսկանյանը

Լուսանկարը` PAN Photo


Երեւան: Մեդիամաքս: ԱԺ պատգամավոր, «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանը ՀՀ նախագահին, ԱԺ նախագահին եւ վարչապետին կոչ է արել խոսել ժողովրդի հետ:

«Արդեն երրորդ օրն է՝ մեր երկրում աննախադեպ իրավիճակ է ստեղծվել։ Առկա է զինված առճակատում, կա արյունահեղության մեծ վտանգ, կա ողբերգական զարգացումների մեծ պոտենցիալ։

 

Փողոցներում եւ հրապարակներում մեր քաղաքացիներն իրենց մտահոգություններն ու անհանգստությունն են արտահայտում։ Իրավապահները հաճախ դիմում են անհիմն բռնաճնշումների, ինչն իր հերթին նպաստում է լարվածության մեծացմանը։ Մթնոլորտը երկրում ժամ առ ժամ շիկանում է։ Հայաստանը վատ իմաստով հայտնվել է միջազգային հանրության եւ միջազգային լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում։

 

Այս պայմաններում արդեն երրորդ օրն է՝ երկրի նախագահը, Ազգային ժողովի նախագահը եւ վարչապետը լռում են։ Աշխարհում չկա մի երկիր, մի նախադեպ, որ երկրի ղեկավարությունը ծայրահեղ լարվածության պահին օտարանա ժողովրդից եւ ասելիք չունենա։ Դժվար պահերին պետք է կարողանալ պատասխանատվություն վերցնել եւ հրապարակավ արտահայտվել։

 

Կոչ եմ անում, որ, որքան էլ դժվար լինի ձեւակերպել ասելիքը, երկրի ղեկավարությունը տեսակետ հայտնի։ Հանրապետության նախագա՛հ, ԱԺ նախագա՛հ, վարչապե՛տ, հանդես եկե՛ք ուղերձով, խոսե՛ք ժողովրդի հետ, ելքեր առաջարկե՛ք։ Հակառակ պարագայում ձեր լռությունը անհասկանալի է թե՛ երկրի ներսում, թե՛ երկրից դուրս», - ասված է Վարդան Օսկանյանի հայտարարության մեջ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին