Երեւան: Մեդիամաքս: ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հավանություն է տվել ՀՀ Ընտրական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթին:
ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանն ընդգծել է, որ սա «բացառիկ պայմանավորվածության արդյունք է, երբ Ընտրական օրենսգրքի քննարկման արդյունքում, կառավարությունը եւ աշխատանքային խումբը, ընդառաջ գնալով ընդդիմության եւ քաղաքացիական հասարակության առաջարկություններին, ընդունել են լրացուցիչ առաջարկությունների բավականին լուրջ փաթեթ, որը պահանջում է խոշոր ֆինանսավորում»:
Ըստ Վիգեն Սարգսյանի՝ ծրագրի ֆինանսավորման հետ կապված աշխատանքներ են տարվում պոտենցիալ դոնոր կառույցների, հատկապես՝ ՄԱԿ-ի զարգացման ծրագրի հետ:
ՄԱԿ-ի զարգացման ծրագրի եւ Եվրոպական Միության պատվիրակության կողմից ծրագիրը գնահատվել է շուրջ $16 մլն: Վիգեն Սարգսյանը նշել է, որ խոսքը վերաբերում է մոտ 1.5 մլն պոտենցիալ ընտրողների մատնահետքեր հավաքելուն, որը պահանջում է հսկայական աշխատանք:
«Եվ եթե հնարավոր լինի ծրագրի իրականացումն ապահովել ոչ բյուջետային միջոցներով, այսինքն դոնորական գումարներով, ապա նույնիսկ դրանից հետո շատ մեծ ջանքեր են անհրաժեշտ, որպեսզի ծրագիրն իրականանալի դառնա: Դա հենց կառավարության եւ պետության բարի կամքի դրսեւորումն է դեպի այս գործընթացը եւ ցանկությունը՝ ապահովելու թափանցիկությունը միջազգային չափանիշներին համապատասխան»,- նշել է Վիգեն Սարգսյանը:
Գործադիրում նշել են, որ հաշվի առնելով Վենետիկի հանձնաժողովի դիրքորոշումը, ինչպես նաև հասարակական կազմակերպությունների կողմից բարձրաձայնվող մտահոգությունները, նախագծով առաջարկվում է հանել դիտորդների համար մասնագիտական դասընթացներին մասնակցության եւ որակավորման վկայական ունենալու վերաբերյալ պահանջները:
Գործող Ընտրական օրենսգրքում, ի տարբերություն նախորդ ընտրական օրենսգրքի, վերանայվել են բողոքարկման հետ կապված ընթացակարգերը եւ երկարացվել են բողոքարկման ժամկետները:
Փաթեթի հաջորդ նախագծով առաջարկվում է Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ թույլ տալ բոլոր ընտրական տեղամասերից քվեարկության ընթացքի եւ քվեարկության արդյունքների ամփոփման գործընթացի տեսանկարահանում եւ համացանցային հեռարձակում առցանց ռեժիմում՝ հատուկ ստեղծված կայքի(երի) միջոցով:
Առաջարկվում է նաեւ ներդնել ընտրողների մատնահետքերով նախնական էլեկտրոնային գրանցման համակարգը:
Ընտրողների ստորագրված ցուցակների ստուգումը լիարժեք հասանելի դարձնելու համար առաջարկվում է ընտրական օրենսգրքի գործող կարգավորումներին զուգահեռ ամրագրել դրույթ, ըստ որի՝ տեխնիկական սարքավորման կողմից տպվող տեղեկանքը պետք է պարունակի հատուկ նշում այն ընտրողների վերաբերյալ, որոնց գրանցումն իրականացվել է անձը հաստատող փաստաթղթի հիման վրա:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: