Human Rights Watch-ը կոչ է արել հետաքննել Բաղրամյանի դեպքերը - Mediamax.am

6701 դիտում

Human Rights Watch-ը կոչ է արել հետաքննել Բաղրամյանի դեպքերը


Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը կոչ է արել Հայաստանի իշխանություններին անհապաղ մանրակրկիտ եւ անաչառ հետաքննություն անցկացնել՝ հունիսի 23-ի առավոտյան Բաղրամյան պողոտայում ոստիկանության կողմից ուժի գործադրման իրավաչափությունը պարզելու համար:

 

«Հունիսի 23-ին Հայաստանի ոստիկանությունը ուժ է կիրառել խաղաղ զանգվածային բողոքի ակցիա իրականացնողների նկատմամբ, ինչը մարդու իրավունքների հնարավոր ոտնահարման մտահոգություն է հարուցում: Իշխանությունները պետք է անհապաղ հետաքննություն անցկացնեն՝ պարզելու՝ արդյոք ոստիկանության գործողությունները օրինական էին եւ համաչափ, եւ եթե ոչ, ապա պատասխանատվության կանչել անհամաչափ ուժի կիրառման հեղինակներին: Պետք ուսումնասիրվեն ծեծի, լրագրողների տեխնիկայի ոչնչացման եւ ԶԼՄ-ների ներկայացուցիչների բերման ենթարկման վերաբերյալ նյութերը: Հետաքննությունը պետք է քննի ջրցան մեքենաների կիրառման հանգամանքները»,- ասված է HRW-ի հայտարարության մեջ:

 

Կազմակերպության Հարավային Կովկասի հարցերով ավագ հետազոտող Գիորգի Գոգիան նշել է, որ «եթե անգամ երեւանյան բողոքի ակցիաները արտոնված չեն, ոչինչ չի կարող արդարացնել խաղաղ ցուցարարների եւ լրագրողների հանդեպ ֆիզիկական հարձակումները»:

 

«Այն ոստիկանները, որոնք պատասխանատու են ցուցարարներին ծեծելու եւ լրագրողների աշխատանքին միջամտելու համար, պետք է կանգնեն օրենքի առջեւ: Իշխանությունները պետք է ամենաբարձր մակարդակով հայտարարեն, որ բացարձակապես չեն հանդուրժելու ոստիկանության ագրեսիվ եւ ապօրինի գործողությունները»,- ասել է Գիորգի Գոգիան:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին