Տեր-Պետրոսյանը քննադատել է Համահայկական հռչակագիրը - Mediamax.am

6702 դիտում

Տեր-Պետրոսյանը քննադատել է Համահայկական հռչակագիրը


Լեւոն Տեր-Պետրոսյանը
Լեւոն Տեր-Պետրոսյանը

Լուսանկարը` rferl.org


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի առաջին նախագահ, Հայ Ազգային Կոնգրեսի (ՀԱԿ) առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը հանդես է եկել Համահայկական հռչակագրի քննադատությամբ:

 

Այսօր «Չորրորդ իշխանություն» թերթում հրապարակվել է Լեւոն Տեր-Պետրոսյանի «Խոհեր «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագրի» հրապարակման առթիվ» հոդվածը:

 

ՀԱԿ առաջնորդը նախ նշել է, որ 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների համակարգող հանձնաժողովը, որքան էլ այն ներկայացուցչական լինի, չի կարող արտահայտել հայ ժողովրդի միասնական կամքը: «Դժբախտաբար, թե բարեբախտաբար, որեւէ մարմին կամ կառույց համայն հայության անունից չի կարող խոսել», - գրում է Լեւոն Տեր-Պետրոսյանը: Նա նկատում է, որ հայության միասնական կարծիքը կարող է արտահայտել միայն համահայկական հանրաքվեն, «որի կազմակերպումը, հասկանալի պատճառներով, անհնար է»:

 

Առաջին նախագահն ասել է, որ հռչակագիրը շատ ավելի ծանրակշիռ նշանակություն ձեռք կբերեր եւ լրջագույն իրավական-քաղաքական փաստաթղթի արժեք կունենար, եթե հրապարակվեր ՀՀ եւ ԼՂՀ նախագահների, Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսի, ինչպես նաեւ՝ Հայ Կաթողիկե եւ Հայ Ավետարանական եկեղեցիների առաջնորդների ստորագրությամբ:

 

Լեւոն Տեր-Պետրոսյանը քննադատել է հռչակագրի 3-րդ կետը, որտեղ հանձնաժողովը շնորհակալություն է հայտնում Հայոց ցեղասպանությունը ճանաչած պետություններին եւ կազմակերպություններին:

 

«Սա ոչ այլ ինչ է, եթե ոչ հայ ժողովրդին նվաստացուցիչ վիճակի մեջ դնող գավառամտության արտահայտություն», - գրում է Լեւոն Տեր-Պետրոսյանը:

 

«Ցեղասպանության ճանաչումը եւ դատապարտումը որեւէ պետությունից եւ միջազգային կազմակերպությունից խիզախություն չի պահանջում, քանի որ միջազգային կոնվենցիաներով ամրագրված նրանց պարտավորությունն է, որի կատարման համար շնորհակալության արժանանալը նույնիսկ վիրավորական պետք է լինի նրանց համար», - գրում է ՀԱԿ ղեկավարը:

 

Լեւոն Տեր-Պետրոսյանը նշում է, որ հռչակագրում ընդգրկված է «Հայ Դատի ներկայիս հասկացողության ողջ ռեպերտուարը՝ Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչում եւ դատապարտում, Արեւմտյան Հայաստանում եւ Օսմանյան կայսրության մնացյալ վայրերում 1915 թվականին բանկված հայերի հետնորդներին հասանելի նյութական ու բարոյական վնասների հատուցում, անհատական եւ համայնքային սեփականությունների վերականգնում, հայերի զանգվածային վերաբնակեցում իրենց նախնիների հայրենի օջախներում եւ վերջապես՝ Հայաստանի տարածքի ընդարձակում Սեւրի դաշնագրի ու ԱՄՆ նախագահ Վիլսոնի գծած սահմաններով»:

 

«Եթե 1998 թվականից ի վեր Հայաստանի արտաքին քաղաքականության հիմքում դրված էր Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման խնդիրը, որի դիմաց մեր երկիրը ստացավ հայ եւ թուրք պատմաբանների հանձնաժողով ստեղծելու պարտադրանքը, ապա «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագրի» ուժով Հայաստանի քաղաքականության հիմքում արդեն դրվում է պահանջատիրության հարցը: Թե ինչպիսի հետեւանքների կարող է հանգեցնել այս կտրուկ շրջադարձը, միայն Աստված գիտե, իսկ ներկա պահին ընդամենն ակնհայտ է, որ դա չափազանց կբարդացնի ու երկար ժամանակով կսառեցնի հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման՝ Հայաստանի ապագայի համար խիստ անհրաժեշտ գործընթացը», - գրում է Լեւոն Տեր-Պետրոսյանը:

 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին