Երեւան: Մեդիամաքս: «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմն այսօր համալրվել է նոր անդամով:
Ինչպես Մեդիամաքսին հայտնել են ՀՀ նախագահի մամուլի ծառայությունում, քվեարկության արդյունքում խորհրդի կազմում ընդգրկվել է նաեւ «Փյունիկ» բարեգործական հիմնադրամի հիմնադիր նախագահ Գաբրիել Ջեմբերջին (Ջեմբերջյան):
Այսօր ՀՀ կառավարության ընդունելությունների տանը տեղի ունեցած նիստում, որը վարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, նաեւ որոշում է կայացվել ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանին ի պաշտոնե հաստատել որպես խորհրդի անդամ:
Նիստի մասնակիցները դիտել են «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցներով 2010թ. կատարված աշխատանքների մասին պատմող տեսաֆիլմ, լսել հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանի զեկույցը` հաշվետու տարում կատարված աշխատանքների մասին:
Հոգաբարձուների խորհուրդն այսօր կքննարկի նաեւ հիմնադրամի հետագա գործունեությունը: