Յուրգեն Հաբերմասի «Հանրայնության կառուցվածքային փոփոխությունը» - Mediamax.am

exclusive
2005 դիտում

Յուրգեն Հաբերմասի «Հանրայնության կառուցվածքային փոփոխությունը»


Յուրգեն Հաբերմասը 1969 թվականին Ֆրակֆուրտի համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետի ուսանողների հետ
Յուրգեն Հաբերմասը 1969 թվականին Ֆրակֆուրտի համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետի ուսանողների հետ

Լուսանկարը` Max Scheler/Süddeutsche Zeitung

Յուրգեն Հաբերմասը 1981 թվականին
Յուրգեն Հաբերմասը 1981 թվականին

Լուսանկարը` Roland Witschel/Picture Alliance via Getty Images


Մեդիամաքսը՝ «ԱՐԻ գրականության հիմնադրամի» հետ համագործակցությամբ, ներկայացնում է «Գալուստ Կիւլպէնկեան թարգմանական մատենաշար» նախագծի շրջանակում լույս տեսած գրքերը:

 

Յուրգեն Հաբերմասը (ծնվ. 1929 թ.) գերմանացի փիլիսոփա եւ սոցիոլոգ է, XX դարի երկրորդ կեսի ամենաազդեցիկ մտածողներից մեկը։ Նա հայտնի է ընդարձակ աշխատություններով, որոնցից մեկը՝ «Հանրայնության կառուցվածքային փոփոխությունը: Հետազոտություններ բուրժուական հասարակության կատեգորիայի շուրջ» գիրքն արդեն հասանելի է Հրաչյա Ստեփանյանի հայերեն թարգմանությամբ:

 

Հատվածներն ընտրված են գրքի տարբեր գլուխներից՝ ընթերցողին գրքում ներառված բազմաթիվ թեմաներով հետաքրքրելու նպատակով: Դրանք են՝ լրագրության պատմությունը, հանրային ոլորտի (հանրայնության) ձեւավորումը, զարգացումը, կառուցվածքը։ Թեմաներն արդիական են մանավանդ մերօրյա հանրային դաշտի, սոցցանցերի եւ լրագրության մասսայականացման ֆոնին։

 

Այս հատվածները չեն տա ամբողջական տպավորություն գրքի բազմաշերտության եւ փիլիսոփայի մտքի լայն թռիչքի եւ գաղափարների վերաբերյալ, սակայն եթե թեման գրավի ձեզ, ապա կարող եք կարդալ գիքրն ամբողջությամբ։

 

Աշխատությունը Հաբերմասի դոկտորական ատենախոսությունն է (պաշտպանվել է 1961 թ.), որը 1962 թվականին հրատարակվել է գրքի տեսքով եւ անմիջապես լայն ճանաչում բերել հեղինակին: Գիրքը թարգմանվել է տասնյակ լեզուներով:

 

1990 թվականի վերահրատարակության ժամանակ գիրքը լրացվել է երկրորդ եւ ընդարձակ առաջաբանով, որտեղ Հաբերմասն առանձին-առանձին անդրադառնում է առաջին հրատարակությունից ի վեր հնչած քննադատություններին ու դիտողություններին՝ բուն տեքստում որեւէ փոփոխություն չկատարելով:

 

***

 

Փոքր ընտանիքի ինտիմության ոլորտում մասնավոր մարդիկ իրենց ըմբռնում են որպես անկախ նաեւ իրենց տնտեսական գործունեության մասնավոր ոլորտից՝ հենց որպես մարդիկ, որոնք կարող են միմյանց հետ «զուտ մարդկայնորեն» հարաբերվել: Դրա գրական ձեւն այն ժամանակ նամակագրությունն է1:  Պատահական չէ, որ XVIII դարը նամակի դար է: Նամակներ գրելով, անհատը բացվում է իր սուբյեկտիվության մեջ: Ժամանակակից փոստաշրջանառության սկզբում հիմնականում որպես Նոր թերթերի համար փոխադրամիջոց, նամակը շուտով ծառայում է նաեւ գիտական թղթակցությանը եւ ընտանեկան սիրալիրությունների փոխանակմանը: Բայց XVII դարի «բարեգիր» (wohlgesetzt) ընտանեկան նամակը, որն ամուսնուն «նախ ամուսնական սեր ու հնազանդություն» է հայտնում կամ պարոն հայրիկին, ինչպես եւ տիկին մայրիկին որդիական հնազանդություն հավաստում, դեռեւս կազմված են չոր հաղորդումներից՝ «թերթերից», որոնք այնուհետեւ ինքնուրույնացել ու դարձել են առանձին բաժին: Դրան հակառակ, Հերդերի հարսնացուն արդեն անհանգստացած է, որ իր նամակները «պատմությունից զատ այլ բան» չպարունակեն, «եւ Դուք միանգամայն ի վիճակի կլինեք եւ ինձ կհամարեք լավ թերթագիր»:2  Սենտիմենտալության դարաշրջանում նամակներն ավելի շուտ «սրտերը բացելու», քան «սառը լուրերի» անոթներ են, որոնք, եթե ընդհանրապես հիշատակվում են, կարիք ունեն ներողության: Նամակը, իր ժամանակի ժարգոնում, որը մեծապես պարտական է Գելլերտին*, համարվում է «հոգու դրոշմ», «հոգու այցելություն». նամակները պետք է գրվեն սրտի արյամբ, պետք է ուղղակի լացվեն:3  Հոգեբանական հետաքրքրությունը սկզբից եւեթ աճում է սեփական անձի եւ ուրիշի հետ կրկնակի կապով. ինքնադիտարկումը մասամբ հետաքրքրված, մասամբ զգացակից կապի մեջ է մտնում մյուս Ես-ի հոգեկան թրթիռների հետ: Օրագիրը դառնում է ուղարկողին հասցեագրված նամակ, առաջին դեմքով պատմությունը՝ օտար ստացողների հասցեագրված մենախոսություն, երկուսն էլ հավասարապես փորձարկումներ՝ փոքր ընտանիքի ինտիմ հարաբերություններում հայտնաբերված սուբյեկտիվության հետ:

Յուրգեն Հաբերմասը 1981 թվականին Յուրգեն Հաբերմասը 1981 թվականին

Լուսանկարը` Roland Witschel/Picture Alliance via Getty Images

Վերջինս, որպես մասնավորի ամենախորին ներքնաբակ, արդեն մշտապես ուղղված է հանրությանը: Գրականորեն միջնորդավորված ինտիմության հակադրությունը բերանբացությունն է, ոչ թե՝ հրապարակայնությունը որպես այդպիսին: Օտար նամակները ոչ միայն փոխառվում են, արտագրվում. որոշ նամակագրություններ ի սկզբանե, ինչպես Գերմանիայում ցույց են տալիս Գելլերտի, Գլայմի** եւ Գյոթերի օրինակները, նախատեսված են տպագրության համար: Այն ժամանակ հանրածանոթ մի դարձվածք նաեւ հաստատում է հաջողված նամակի առնչությամբ, որ այն «տպագրելու չափ գեղեցիկ» է: Այսպես է բացատրվում այդ հարյուրամյակին բնորոշ ժանրի եւ բուն գրական աշխատանքի ծագումը նամակագրությունների եւ օրագրերի ուղղակի կամ անուղղակի հրապարակային վերաբերականություն ունեցող սուբյեկտիվությունից՝ բուրժուական վեպը, ինքնակենսագրական ձեւով հոգեբանական շարադրանքը: Դրա վաղ եւ տեւական ժամանակ ամենաազդեցիկ օրինակը՝ «Պամելան» (1740), առաջացել է Ռիչարդսոնի՝ պարզապես օրինակելի նամակների սիրված ժողովածուներից մեկը ստեղծելու մտադրությունից: Այնուհետեւ, աննկատելիորեն հեղինակին հաջողվել է որպես հարմար առիթ ընդգրկված պատմությունը դարձնել գլխավոր գործ: Նմուշ, թեեւ ոչ նամակների, բայց նամակների տեսքով գրված վեպերի համար, «Պամելան» հիրավի դարձել է: Ոչ միայն Ռիչարդսոնն ինքն է հավատարիմ մնում «Կլարիսա»-ով եւ «Սըր Չարլզ Գրանդիսոն»-ով արդեն գտնված ձեւին: Երբ Ռուսոն, ի դեմս «Նոր Էլոիզի», վերջապես Գյոթեն, ի դեմս «Վերթերի տառապանքների», օգտվում են նամակավեպի ձեւից, կանգ առնել այլեւս չկա: Դարավերջը սուբյեկտիվության՝ դարասկզբին գրեթե չուսումնասիրված, ասպարեզում շարժվում է ըմբոշխնումով ու վստահորեն:

 

Հեղինակի, գործի եւ հանրության միջեւ հարաբերությունները փոխվում են. դրանք դառնում են հոգեբանորեն «մարդկայինով», ինքնաճանաչողությամբ, նաեւ ներզգացողությամբ հետաքրքրված մասնավոր անձանց ինտիմ հարաբերություններ իրար մեջ: Ռիչարդսոնը լալիս է իր վեպերի գործող անձանց վրա նույնքան, որքան իր ընթերցողները. հեղինակն ու ընթերցողը իրենք են դառնում գործող անձինք, որոնք «արտահայտվում են»: Ինչպես հայտնի է, հատկապես Սթեռնը* պատմողի դերը նրբինացնում է խորհրդածություններով, ուղերձներով, գրեթե ռեժիսորական ցուցումներով. նա վեպը եւս մեկ անգամ բեմահարթակ է հանում ներգրավված հանրության համար, ոչ թե օտարացման նպատակով, այլ պատրանքի եւ լինելության տարբերությունը լիովին քողարկելու համար:4  Նոր ժանրի ստեղծած իրականությունը որպես պատրանք անգլերենը կոչում է անունով՝ «fiction». սոսկ հնարվածի բնույթն այն դեն է նետում: Միայն հոգեբանական վեպն է ստեղծում այն ռեալիզմը, որը յուրաքանչյուրին թույլ է տալիս մտնել գրական գործողության մեջ որպես սեփական գործողության փոխարինիչի, կերպարների միջեւ, ընթերցողների, կերպարների եւ հեղինակի միջեւ հարաբերությունները որպես հարաբերությունների փոխարինիչ խցկել իրականության տակ: Նաեւ այդ շրջանի դրաման «չորրորդ պատի»** ներմուծմամբ դառնում է fiction, ոչ այլ կերպ, քան վեպը: Նույն տիկին դը Ստալը***, որն իր տանը շվայտորեն կազմակերպում էր այն խնջույքախաղը, որի ժամանակ ուտելուց հետո բոլոր ներկաները մեկուսանում էին միմյանց նամակ գրելու համար, գիտակցում է, որ անձինք իրենք իրենց եւ մյուսների համար դառնում են «sujets de fiction»****:

 

Հանրության ոլորտը բուրժուազիայի առավել լայն շետերում առաջանում է սկզբնապես իբրեւ փոքր ընտանիքի ոլորտի ինտիմության ընդլայնում ու միաժամանակ լրացում: Ընդհանուր սենյակն ու սալոնը գտնվում են նույն տանիքի տակ. եւ ինչպես մեկի մասնավորությունը կապված է մյուսի հանրայնության հետ, մասնավոր անհատի սուբյեկտիվությունը սկզբից եւեթ վերաբերեցված է հրապարակայնությանը, այդպես էլ այդ երկուսն ի մի են բերված «fiction» դարձած գրականության մեջ: Մի կողմից, զգայակցող ընթերցողը կրկնում է գրականության մեջ նախանշված մասնավոր հարաբերությունները, այսինքն համալրում է հորինված ինտիմությունը, ելնելով իրական ինտիմության փորձից, եւ փորձում իրեն առաջինում՝ հանուն երկրորդի: Մյուս կողմի, սկզբից եւեթ գրականորեն միջնորդավորված ինտիմությունը՝ գրականություն դառնալու ունակ սուբյեկտիվությունը, իրոք, դարձել է ընթերցասեր լայն հանրության գրականություն. ի հանրություն միավորվող մասնավոր մարդիկ նաեւ հրապարակայնորեն կշռադատություն են անում կարդացածի մասին եւ այն ներբերում լուսավորության՝ համատեղ առաջ մղված գործընթաց:

 

Գրական բեմում Պամելայի լույսընծայումից երկու տարի անց հիմնվում է առաջին հանրային գրադարանը. գրական ակումբները, ընթերցողների խմբակները, բաժանորդագրական գրադարանները սնկի պես աճում են եւ այնպիսի մի շրջանում, երբ, ինչպես 1750 թվականից սկսած՝ Անգլիայում, քառորդ հարյուրամյակի ընթացքում նաեւ օրաթերթերի եւ շաբաթական հանդեսների շրջանառությունն է կրկնապատկվում,5  բուրժուական շերտերում վեպ կարդալը դարձնում սովորություն: Վերջիններս կազմում են այն հանրությունը, որն աճելով դուրս է եկել սրճարանների, սալոնների, սեղանընկերությունների այն վաղ շրջանի հաստատությունների սահմաններից եւ այժմ պահվում է մամուլի միջնորդ ատյանի եւ դրա արհեստավարժ քննադատության կողմից: Նրանք կազմում են հանրայնությունը գրական մի կշռադատության, որտեղ մանրընտանեկան-ինտիմ ծագման սուբյեկտիվությունն իր հետ փոխհամաձայնության է գալիս իր իսկ մասին:

 

***

 

Մամուլի բնագավառում տնտեսական համակենտրոնացման եւ դրա տեխնոլոգիական-կազմակերպական համակարգման աստիճանը ցածր է XX դարի նոր միջոցների (ռադիո, հնչյունային կինո, հեռուստատեսություն) համեմատությամբ: Ավելի՛ն, կապիտալի պահանջարկն այնքան նշանակալից էր թվում, իսկ հիմա էլ՝ հրապարակախոսական իշխանությունն այնքան սպառնալից, որ որոշ երկրներում այդ միջոցների ստեղծումը դրվում է, ինչպես հայտնի է, սկզբից եւեթ պետական ղեկավարման կամ պետական վերահսկողության ներքո: Մամուլի եւ երիտասարդ միջոցների զարգացումը ոչինչ այնքան ակնառու չի բնութագրում, որքան այդ միջոցառումները. դրանք մասնավոր մարդկանց հանրության մասնավոր հաստատություններից ստեղծում են պետական հիմնարկներ: Պետության այդ արձագանքը հասարակական ուժերի ազդեցության տակ գտնվող հանրայնության իշխանութենավորմանը (Vermachtung) կարելի է ուսումնասիրել արդեն առաջին հեռագրական գրասենյակների պատմության օրինակով: Կառավարություններն սկզբում գործակալություններն անուղղակիորեն դրեցին կախվածության մեջ եւ շնորհեցին նրանց կիսապաշտոնական կարգավիճակ, ընդսմին դրանց առեւտրային բնույթը ոչ թե վերացնելով, այլ օգտագործելով: Այս ընթացքում «Ռոյթերսը» դարձել է միացյալ բրիտանական մամուլի սեփականությունը. բայց կանոնադրական փոփոխությունների համար անհրաժեշտ համաձայնությունը, որ տալիս է գերագույն դատարանը, նրան շնորհում է որոշակի հանրային բնույթ: «Հավաս» գործակալությունից Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ձեւավորված «Ֆրանսպրես» գործակալությունը պետական ձեռնարկություն է, որի գլխավոր տնօրենը նշանակվում է կառավարության կողմից:

 

«Գերմանական մամուլի գործակալությունը» (Deutsche Presseagentur) սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն է, որի կանոնադրական կապիտալին առավելագույնը մեկական տոկոսով մասնակցում են թերթերի հրատարակչությունները. բայց ավելի քան 10 %-ը պատկանում է ռադիոընկերություններին, որոնք իրենց հերթին ենթարկվում են հանրային վերահսկողությանը: Թեեւ թերթերի արդյունաբերությունը եւ կինոարդյունաբերությունը հիմնականում թողնվել են մասնավոր տնօրինմանը,7  այդուհանդերձ, համակենտրոնացման միտված մամուլի հետ կապված փորձը բավարար առիթ տվել է խոչընդոտելու, որ ռադիոյի եւ հեռուստատեսության «բնական մենաշնորհները» զարգանան մասնավոր-տնտեսական ձեւով, ինչը, համենայն դեպս, ԱՄՆ-ում տեղի է ունեցել: Անգլիայում, Ֆրանսիայում եւ Գերմանիայում այս նոր միջոցները կազմակերպվել են որպես հանրային կամ կիսահանրային մարմիններ, որովհետեւ հակառակ դեպքում դրանց հրապարակախոսական գործառույթը հնարավոր չէր լինի բավարար չափով պաշտպանել մասնավոր կապիտալիստական գործառույթից:8

 

***

 

Գործարար գովազդը՝ այն, ինչը 1820 թվականին սկզբում Ֆրանսիայում ռեկլամ կոչվեց,9  որքան էլ որ մեզ համար այսօր ինքնին հասկանալի է դարձել որպես շուկայական տնտեսության ակնառու բաղադրատարր, ընդամենը զարգացած կապիտալիզմի երեւույթ է. ավելի՛ն, այն հիշատակության արժանի ծավալ ստանում է միայն արդյունաբերական կապիտալիզմի համակենտրոնացման գործընթացներին զուգընթաց՝ XIX դարի երկրորդ կեսին. «մինչեւ XIX դարի կեսերը երեւելի ընտանիքներում խորշանք կա անգամ սովորական գործարար հայտարարությունների նկատմամբ. գործարար գովազդները համարվում են անպարկեշտ»:10  XVIII դարում գործարար հայտարարությունները ծանուցումային թերթերում կամ տեղեկագրերում զբաղեցնում էին ծավալի ընդամենը մոտավորապես մեկ քսաներորդ մասը. բացի այդ, դրանք վերաբերում էին բացառապես տարօրինակ բաներին՝ ապրանքների, որոնք դուրս էին սովորական գործարար շրջանառությունից: Վերջինս դեռեւս մեծապես կարգավորվում էր face to face** սկզբունքով. մրցակցությունը մեծամասամբ ապավինում էր բանավոր հանրահռչակմանը:

 

***

 

Ընտրողների հանրության, որպես հանրություն, փոխկապվածության քայքայումը երեւում է ընտրողների գերակշիռ մասի յուրօրինակ անշարժացումից (Immobilisierung): Այս կամ այն կուսակցության հիմնական ընտրողների բանակը կազմված է, անշուշտ, երկու շատ տարբեր խմբերից: Մի կողմից, կանգնած է դեռ որոշակի իրավունքով «ակտիվ» անվանելի քաղաքացիների սակավաթիվ փոքրամասնությունը՝ կապ չունի՝ արդյոք կուսակցությունների, այլ հասարակական կազմակերպությունների անդամներ են, թե չկազմակերպված, բայց լավ տեղեկացված եւ ակտիվորեն մասնակցող, մեծամասամբ նաեւ որպես opinion leader ազդեցիկ ընտրողներ: Նրանց դեմ, մյուս կողմից, կանգնած է քաղաքացիների՝ իր որոշումներում, անշուշտ, նույնպես հաստատուն մեծամասնությունը, որի վրայով օրվա քաղաքական վեճերի հողմափոշին, ինչպես երեւում է, անհետեւանք անցնում-գնում է: Այդ սեւեռումն առաջանում է մասամբ խմբային շահերի արդարացի, բայց կարծրատիպային հղկվածք ունեցող ընկալումից, մասամբ պատմականորեն հաճախ շատ հին, սերունդներով փոխանցված փորձի մշակութային ինքնաըմբռնման ինչ-որ շերտից, խորապես արմատացած կեցվածքներից ու նախապաշարմունքներից:11  Տարբեր տարիքային խմբերը ղեկավարվում են սերունդներին հատուկ փորձառություններով, տարբեր դավանանքային եւ էթնիկ խմբերը՝ համապատասխան փորձառություններով, այնպես որ ձեւականորեն նույն ընտրական որոշումների մեջ նյութապես ներհոսում են միանգամայն տարասեռ եւ բավական հաճախ մրցակցող կամային ազդակներ, որոնք այնքան ավելի շուտ են գումարվում պատրանքային համակարծության, որքան վերջինիս նախադրյալները քիչ են քննարկվում հանրային հաղորդակցությամբ: Անշարժացած խմբերի միջեւ գտնվում են կամ տատանվում չկողմնորոշված ընտրողների խմբերը, որոնք կազմված են, ըստ Յանովիցի դասակարգման, մասամբ փոխզիջողավորներից, մասամբ չեզոքացածներից, երկվացողներից կամ անտարբերներից. կախված այն բանից, թե ինչպիսի հստակությամբ են չափանիշները կազմվել, այս խումբը գտնվում է բոլոր ընտրության իրավունք ունեցողների մեկ քառորդի եւ համարյա կեսի միջակայքում: Նրանց մեջ են մտնում բոլոր չընտրողները՝ nonvoters-ը, եւ այսպես կոչված եզրաշերտային ընտրողները (Randschichtenwähler), որոնք կարող են մոբիլիզացվել մե՛կ մի կուսակցության, մե՛կ մյուսի օգտին, երբեմն ընդհանրապես չմոբիլիզացվել՝ changers-ը*: Չընտրողների բնութագիրը, որպես հարաբերականորեն ամենավատն իրազեկված եւ ժողովրդավարական առումով հարաբերականորեն անհուսալի խմբի12, վերաբերում է, որոշ սահմանափակումներով, նաեւ floating vote**-ի կրողներին13 . «անկախ ընտրողները, որպես կանոն, այն մարդիկ են, ովքեր ամենաքիչը գիտեն եւ ում համար՝ միեւնույն է»:14  Այդուհանդերձ, հանրային կարծիքի գործընթացին մասնակցության համար քիչ պատրաստված, ընտրության իրավունք ունեցող այդ անձինք են նախընտրական արշավի կազմակերպիչների թիրախային խումբը. յուրաքանչյուր կուսակցություն փորձում է «չկողմնորոշվածների» պահեստազորից կորզել հնարավոր առավելագույնը՝ ոչ թե լուսավորական աշխատանքով, այլ հարմարվելով այս շերտում հատկապես մեծ տարածում ունեցող ոչ-քաղաքական սպառողական կեցվածքին: Յանովիցն իրավամբ հարց է տալիս. «արդյո՞ք զանգվածային լրատվամիջոցներին եւ գովազդային այլ միջոցներին մեծապես ապավինող այդ ջանքերը սահմանափակ միջոցների չարաշահում չեն»:15  Ամեն դեպքում, ընտրական գովազդը հետադարձ ազդեցություն է ունենում նաեւ ընտրողների մնացած խմբերի վրա: Օրինակ, ընտրությանը մասնակցության կապը քարոզչական նպատակներին կողմնորոշվածության հետ շատ ավելի թույլ է, քան առաջատար թեկնածուների գովազդապես արդյունավետ ներկայացվող կերպարի (Imago) հետ:

_______________________

1G. Steinhausen, Geschichte des deutschen Briefes, Berlin 1889, հատկապես էջ 245 հհ:

2Նույն տեղում, էջ 288:

* Քրիստիան Ֆյուրխթեգոթ Գելլերթ (1715-1769), Լուսավորության շրջանի գերմանացի բանաստեղծ և բարոյագետ-փիլիսոփա:

3Գերմանիայում պիետիզմն առանց այդ էլ հող էր պատրաստել աշխարհիկացված սենտիմենտալության այդ ձևերի համար:

** Յոհան Վիլհելմ Լուդվիգ Գլայմ (1719-1803), Լուսավորության շրջանի գերմանացի բանաստեղծ, գրականության մեկենաս:

* Լորենս Ստեռն (1713-1768), անգլո-իռլանդացի գրող:

4Հմմ. Häuser, նշված տեղում, հտ. II, էջ 74. պատմողի դերի մասին հմմ. W. Kayser, Entstehung und Krise des modernen Romans, Göttingen 1954:

** Ավանդական «եռապատ» թատրոնում երևակայական պատ դերասանների և հանդիսատեսի միջև: Եզրույթը մտահղացել է Դենի Դիդրոն XVIII դարում, բայց շրջանառության մեջ է դրվել միայն XIX դարավերջին՝ որպես նատուրալիստական թատրոնի առանցքային հասկացություն: XVIII դարում «չորրորդ պատը» փոխաբերական իմաստով հատկանշել է իրականության բուրժուական պատկերացումը:

*** Աննա Լուիզ Ժերմեն դը Ստալ-Հոլշտայն (1766-1817), ֆրանսիացի կին գրող, գրականության սոցիոլոգիայի և համեմատական գրականագիտության առաջամարտիկ:

**** հորինված սյուժեներ (ֆր.)

5G. D. Leavis, Fiction and the Reading Public, London 1932, էջ 130. նաև՝ Altick, նշված տեղում, էջ 30 հհ:

6Dovifat, նշված տեղում, հտ. I, էջ 69 հհ:

7Ինքնավերահսկման տարբեր կազմակերպությունները չեն ստացել, ճաշակի հարցերում գրաքննությունից զատ, հօգուտ հանրային շահերի վերահսկողական առանցքային իրավասություններ:

8Դաշնային Հանրապետության համար այս զարգացումը վերջերս հաստատվել է դաշնային սահմանադրական դատարանի այսպես կոչված «Հեռուստատեսության մասին վճռով»:

9H. Wuttke, Die Reklame, in: Die deutschen Zeitschriften und die Entstehung der öffentlichen Meinung3, Leipzig 1875, էջ 18 հհ:

10W. Sombart, Der Bougeois, նշված տեղում, էջ 204:

**դեմ առ դեմ (անգլ.)

11Lipset, նշված տեղում, էջ 270 h, ընտրական ձևանմուշների պատմական հետնաբեմի (the historical background of voting patterns) վերաբերյալ:

*փոփոխականներ (անգլ.)

12S. A. Stouffer, Communism, Conformity and Civil Liberties, N. Y. 1955, էջ 83 hh., H. H. Field, The Non-Voter, in: Public Opinion Quarterly VIII, 1944, էջ 175 հհ., F. H. Stanford, Authoritarianism and Liberty, Phil. 1950:

**փոփոխական քվե (անգլ.)

13Janowitz, in: Political Behaviour, ed. Eulau, նշված տեղում, էջ 279, («independent voters tend to be those who know and care the least»):

14C. Harris, Election, Polling and Research, in: P.O.Q., հտ. XXI, 1957, էջ 109:

15Janowitz, նշված տեղում, էջ 280, («whether these efforts which rely heavily on massmedia and other promotional devices, do not represent a misuse of limited resources»):

 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին