Մեծ Բրիտանիայի Թագավոր Չարլզ III-ը, Հայաստանն ու հայերը - Mediamax.am

exclusive
2064 դիտում

Մեծ Բրիտանիայի Թագավոր Չարլզ III-ը, Հայաստանն ու հայերը


Լուսանկարը` REUTERS


Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ի մահվանից հետո Մեծ Բրիտանիայի թագավոր հռչակվեց նրա որդին՝ արքայազն Չարլզը, որն այլեւս Թագավոր Չարլզ III-ն է: Ներկայացնում ենք Հայաստանի հետ նրա ունեցած առնչությունները:

 

1.    Այցը Հայաստան

 

Մեկ անգամ՝ 2013 թվականի մայիսին: Նա Հայաստան էր եկել որպես Մեծ Բրիտանիայում Հայաստանի դեսպան Արմեն Սարգսյանի հիմնադրած «Երեւան, իմ սեր» բարեգործական հիմնադրամի հյուր՝ մասնավոր այցով:

 

Արքայազն Չարլզի հետ հանդիպմանը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ասել էր, որ

հայ-բրիտանական հարաբերությունները երկար դարերի պատմություն ունեն, եւ հայ ժողովուրդը ջերմորեն է վերաբերվում բրիտանացի ժողովրդին ու արքայական ընտանիքին:

 

«Ձեր նկատմամբ մեր ժողովրդի վերաբերմունքն առանձնահատուկ է, եւ դա պայմանավորված է նաեւ նրանով, որ Դուք բարեգործական մեծ գործունեություն եք ծավալում: Դրա վառ վկայությունը «Երեւան, իմ սեր» ծրագրին Ձեր ակտիվ մասնակցությունն է եւ Ձեր ներդրումը»,- ասել էր Սերժ Սարգսյանը:

 

Արքայազն Չարլզը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հանդիպել էր Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ: Նրանք այցելել էին Մայր Տաճարի ավանդատուն-թանգարան, շրջել էին Մայր Աթոռի տարածքում, այցելել էին Սբ. Վարդան եւ Սբ. Հովհաննես Մկրտիչ մատուռ-մկրտարան:

 

Ուելսի արքայազն Չարլզը եղավ նաեւ «Վաչե եւ Թամար Մանուկյան» մատենադարանում, ուր ի պատիվ արքայազնի տեղի ունեցավ ընդունելություն, որին ներկա էին նաեւ Մայր Աթոռ Ս. Էջմիածնի բարերարներ տեր եւ տիկին Վաչե եւ Թամար Մանուկյանները:

 

Հայաստան այցի ընթացքում արքայազն Չարլզն եղավ նաեւ մի շարք սրբավայրերում` Խոր Վիրապի վանքում, Ս. Գեղարդավանքում եւ Ս. Հռիփսիմե վանքում:

 

2.    Դիլիջանի միջազգային դպրոցը եւ «արքայազն Չարլզի ծառուղին»

 

Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանը արքայազն Չարլզը կարեւորել էր Դիլիջանի միջազգային դպրոցի ծրագիրը, նշելով, որ շուրջ 14 տարի եղել է «Աշխարհի միավորված քոլեջներ» (United World Colleges) կոնսորցիումի նախագահը:

 

Մատենադարանում կայացած միջոցառման ժամանակ հայտարարվել էր, որ Դիլիջանում «Արքայազն Չարլզի ծառուղի» կհիմնվի, որտեղ կտնկվեն 65 չինարիներ՝ Գիտելիքի ծառ համարվող չինարին Դիլիջանի դպրոցի խորհրդանիշն է:

 

Ծառուղու բացման հավաստագիրը արքայազնին հանձնել էին Դիլիջանի միջազգային դպրոցի հիմնադիրներ Վերոնիկա Զոնաբենդը եւ Ռուբեն Վարդանյանը:

 

Մատենադարանի կողմից արքայազնին որպես նվեր մատուցվել էր Գրիգոր Նարեկացու արծաթապատ «Մատյան ողբերգությունը»:

 

3.    Մասնակցությունը Գալիպոլիի ճակատամարտի 100-ամյակի միջոցառմանը

 

2015 թվականին Հայաստանում շատ բացասական ընդունվեց այն փաստը, որ արքայազն Չարլզը ապրիլին մասնակցեց Թուրքիայում Գալիպոլիի ճակատամարտի 100-ամյակի նվիրված տոնակատարությանը, մինչդեռ ապրիլի 24-ին՝ Հայոց Ցեղասպանության 100-ամյակին նվիրված պաշտոնական միջոցառմանը Մեծ Բրիտանիան ներկայացված էր hայ-բրիտանական խորհրդարանական խմբի ղեկավարի մակարդակով:  

 

2015 թվականի օգոստոսին՝ Մեդիամաքսի հետ հարցազրույցում մեկնաբանելով Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպան Քեթրին Լիչն ասել էր.

 

«Գիտեմ, թե դա որքան ցավալի է եղել, եւ թե ինչ զգացողություններ ունեին մարդիկ Հայաստանում այս երկու միջոցառումների այսպես կոչված «բախումից»: Դա բնավ այն չէր, ինչ մենք կցանկանայինք, քանի որ երկու միջոցառումներն էլ՝ 100-ամյակի միջոցառումները Երեւանում եւ Գալիպոլիի հիշատակումը, չափազանց կարեւոր էին մարդկանց համար հասկանալու Առաջին աշխարհամարտի պատմության տարբեր, սարսափելի կողմերը: Երեւանում հիշատակվում էր Առաջին աշխարհամարտի ամենակործանարար մարդկային ողբերգությունը, ավելի քան մեկ միլիոն հայերի մահը: Միացյալ Թագավորության համար Գալիպոլիի ճակատամարտն Առաջին աշխարհամարտի առանցքային մարտերից մեկն է, պատերազմի ողջ սարսափի խորհրդանիշներից մեկը:

Լուսանկարը` REUTERS

Այն մի զարհուրելի արշավանք էր, որում կռվեցին դաշնակից երկրների կես միլին զինվորներ, շուրջ 250 հազար զինվոր սպանվեց եւ վիրավորվեց, տասնյակ հազարավոր բրիտանացի եւ այլ ազգի զինվորներ սպանվեցին: Այս իմաստով, մեզ համար կարեւոր էր այս տարելիցին անդրադառնալ պատշաճ կերպով, եւ արքայազն Չարլզի համար կարեւոր էր հանդիպել զոհված զինվորների ժառանգների հետ»:

 

4.    Հայ նահատակների ոգեկոչումը Վեսթմինսթերում

 

Բացառված չէ, որ Գալիպոլիի թեման մեղմելու համար 2015թ. հոկտեմբերի 28-ին արքայազն Չարլզը մասնակցել էր Վեսթմինսթերյան աբբայությունում կայացած 1915թ. Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակի ոգեկոչման արարողությանը:

 

Էկումենիկ արարողությունը Լոնդոնի եպիսկոպոս Ռիչարդ Չարթրեսի հետ հանդիսապետել էր Նորին Սրբություն Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը:

 

Մինչ այդ Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված նման բարձր մակարդակի միջոցառում Միացյալ Թագավորությունում տեղի չէր ունեցել:

 

5.    Այցելությունը Բեթղեհեմի հայկական եկեղեցի

 

2020թ. հունվարի 24-ին արքայազն Չարլզն այցելել էր Բեթղեհեմի Սուրբ Ծննդյան տաճարի հայկական եկեղեցի:

 

 

Երուսաղեմի Հայոց Պատրիարքության լուսարարապետ Սեւան արքեպիսկոպոս Ղարիբյանը հյուրին պատմել էր Սուրբ Երկրում հայկական ներկայության եւ առաքելության մասին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին