Պատվաստում կամ ՊՇՌ թեստ՝ 14 օրը մեկ. 3 հարց ու պատասխան նոր կարգի մասին - Mediamax.am

6327 դիտում

Պատվաստում կամ ՊՇՌ թեստ՝ 14 օրը մեկ. 3 հարց ու պատասխան նոր կարգի մասին


Լուսանկարը` Reuters


Հայաստանի առողջապահության նախարարի հրամանով՝ 2021թ․ հոկտեմբերի 1-ից աշխատող քաղաքացիները, որոնք պատվաստված չեն եւ չունեն փաստարկված

հակացուցումներ,  պետք է յուրաքանչյուր 14 օրը մեկ COVID-19-ի ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող սերտիֆիկատ ներկայացնեն։ Պոլիմերազային շղթայական ռեակցիայի հետազոտությունն աշխատողն անցնելու է իր հաշվին:

 

ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմինը տրամադրել է նոր կարգի վերաբերյալ մանրամասներ, որոնք Մեդիամաքսը պարզեցված ներկայացնում է «Պարզաբանում» խորագրում։

 

1․ Ովքե՞ր պետք է պարտադիր ներկայացնեն բացասական արդյունքով թեստ։

 

Բոլոր այն աշխատողները, որոնք չունեն պատվաստման դեմ փաստարկված հակացուցում, պետք է կամ պատվաստվեն, կամ 14 օրը մեկ ներկայացնեն առավելագույնը 72 ժամ վաղեմության թեստի բացասական արդյունքը։

 

Պահանջը սահմանվել է պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների, փակ արտադրական տարածքների, գրասենյակային գործունեություն իրականացնող կազմակերպությունների, շինարարական հրապարակների, առեւտրի իրականացման վայրերի, հանրային սննդի,  hյուրանոցային տնտեսության օբյեկտների,

սպորտային գործունեություն իրականացնող կազմակերպությունների, վարսավիրանոցների, գեղեցկության սրահների կամ համանման ծառայություններ մատուցող կազմակերպությունների, հանքագործական արդյունաբերության եւ բացահանքերի, օդային ուղեւորափոխադրումների եւ օդանավակայանների, տնտեսական գործունեության այլ տեսակներ իրականացնող կազմակերպությունների աշխատակիցները։

 

Նոր պահանջները տարածվում են նաեւ բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնողների,  ցամաքային ուղեւորատար տրանսպորտի աշխատակիցների, կրթական բոլոր հաստատությունների, սոցիալական սպասարկում իրականացնող կազմակերպությունների, գրադարանների, թանգարանների, թատերահամերգային, կինոյի եւ այլ մշակութային կազմակերպությունների աշխատակիցների վրա։

 

2․ Ովքե՞ր կարող են չներկայացնել բացասական արդյունքով ՊՇՌ թեստ։

 

14 օրը մեկ բացասական արդյունքով ՊՇՌ թեստը ներկայացնելու պահանջից ազատված են այն քաղաքացիները, որոնք ստացել են կորոնավիրուսային հիվանդության դեմ  ամբողջական կամ մեկ դեղաչափ պատվաստում, ինչպես նաեւ փաստագրված բացարձակ հակացուցում ունեցող աշխատակիցները եւ հղիները: Բժշկական հակացուցումը հավաստող տեղեկանքը տրվում է պոլիկլինիկայի, ամբուլատորիայի կողմից։

 

Յուրաքանչյուր 14 օրը մեկ ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող սերտիֆիկատի պարտադիր ներկայացման պահանջը չի տարածվում նաեւ ուսանողների վրա։

 

3․ Ինչպե՞ս է գործատուն վերահսկում եւ դիտարկում գործընթացը։

 

Կազմակերպության կամ կառույցի ղեկավարը պետք է նշանակի կորոնավիրուսային հիվանդության տարածման կանխարգելման նպատակով միջոցառումների պատասխանատու, ով էլ պարտավոր է իրականացնել շարունակական դիտարկում՝ բժշկական ժամանակավոր հակացուցումների մասին բժշկական փաստաթուղթը ներկայացնելու օրվանից՝ յուրաքանչյուր 14 օրը մեկ, ինչպես նաեւ առաջին դեղաչափի պատվաստման սերտիֆիկատը ներկայացնելու օրվանից հետո մինչեւ երկրորդ դեղաչափի ժամկետը լրանալը՝ գրանցամատյանում կատարելով համապատասխան գրառում։

 

Բժշկական ժամանակավոր հակացուցումների մասին բժշկական փաստաթուղթը ներկայացնելու օրվանից եւ առաջին դեղաչափի պատվաստման սերտիֆիկատը ներկայացնելու օրվանից հետո, եթե անձը չի պատվաստվել, ապա պետք է ներկայացնի ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող առավելագույնը 72 ժամ վաղեմության սերտիֆիկատը:  

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին