5 հարց ու պատասխան ռազմական դրության վերաբերյալ - Mediamax.am

exclusive
5932 դիտում

5 հարց ու պատասխան ռազմական դրության վերաբերյալ


Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամուլի ծառայություն (արխիվային լուսանկար)


Հաշվի առնելով՝ Ադրբեջանի կողմից Արցախի ուղղությամբ սկսված ռազմական գործողությունները, որոնց արդյունքում թիրախավորվել են նաեւ խորը թիկունքում տեղակայված բնակավայրերն ու խաղաղ բնակչությունը, Հայաստանի ամբողջ տարածքում հայտարարվել է ռազմական դրություն: Մեդիամաքսը 5 հարց ու պատասխան է ներկայացնում ռազմական դրության վերաբերյալ:

 

1. Ի՞նչ հիմքով է կառավարությունը հայտարարել ռազմական դրություն:

 

Ռազմական դրություն հայտարարելու կառավարության որոշման հիմք է հանդիսացել այն, որ Հայաստանը հանդիսանում է Արցախի ժողովրդի անվտանգության երաշխավորը, բացի այդ՝ Ադրբեջանի ձեռնարկած գործողությունների արդյունքում առկա է Հայաստանի վրա զինված հարձակման եւ ՀՀ տարածք ներխուժելու անմիջական վտանգ, ինչը սպառնում է ՀՀ ինքնիշխանությանը, անվտանգությանը, տարածքային ամբողջականությանը եւ դրանով պայմանավորված՝ քաղաքացիների ու բնակչության կյանքին ու անվտանգությանը:

 

Այս որոշումն ընդունվել է՝ հիմք ընդունելով ՀՀ Սահմանադրության եւ «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» ՀՀ օրենքի համապատասխան հոդվածները:

 

2. Ի՞նչ է ենթադրում ռազմական դրությունը:

 

Ռազմական դրության հայտարարելով՝ կառավարությունը սահմանել է միջոցառումները եւ իրավունքների ու ազատությունների ժամանակավոր սահմանափակումները, ռազմական դրության իրավական ռեժիմն ապահովող միջոցները եւ մարմինները՝ Հայաստանի ամբողջ տարածքում:

 

Դրանք ամբողջությամբ հասանելի են այստեղ:

 

«Ռազմական դրության շրջանակներում միջոցառումների իրականացման եւ իրավունքների ու ազատությունների ժամանակավոր սահմանափակումների կիրառումն ապահովելու համար կարող են ներգրավվել ռազմական դրության իրավական ռեժիմն ապահովող` պաշտպանության, արտակարգ իրավիճակների, ոստիկանության, ազգային անվտանգության պետական լիազոր մարմինների ուժերն ու միջոցները, ինչպես նաեւ պետական կառավարման համակարգի այլ մարմինների, տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների աշխատակազմերի ներկայացուցիչները»,- ասված է որոշման մեջ:

 

3. Ինչպե՞ս են մոբիլիզացվում ուժերը:

 

Այս որոշմամբ՝ գործի է դրվում ՀՀ ԶՈՒ կիրառման պլանը: Զինված ուժերը, այլ զորքերը, քաղաքացիական պաշտպանության եւ արտակարգ իրավիճակների լիազոր պետական մարմնի ուժերը փոխադրվում են պատերազմական ժամանակաշրջանի կազմի եւ կառուցվածքի: Հայտարարվում է պահեստազորի սպայական, ենթասպայական, շարքային կազմի մինչեւ 55 տարեկան պահեստազորում հաշվառված քաղաքացիների զորահավաքային զորակոչ, որն ապահովում է ՀՀ պաշտպանության նախարարը:

 

Լրիվ պատրաստության են բերվում նաեւ քաղաքացիական պաշտպանության ստորաբաժումներն ու փրկարար ուժերը՝ քաղաքացիական պաշտպանության միջոցառումների եւ վթարավերականգնողական եւ այլ անհետաձգելի աշխատանքների համար:

 

4. Ինչպե՞ս է կազմակերպվում պետական մարմինների աշխատանքը:

 

Պետական եւ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների գործունեությունը փոխադրվում է ռազմական դրության աշխատանքային ռեժիմի:

 

Հայաստանի ողջ տարածքում արգելվում է հավաքների եւ գործադուլների կազմակերպումը, անցկացումը եւ դրանց մասնակցությունը:

 

5. Ի՞նչ սահմանափակումներ է ենթադրվում հաղորդումների եւ հրապարակումների համար:

 

Մարտական գործողությունների, դրանց ուղղությունների, մարտական տեխնիկայի շարժի, մարտական գործողությունների արդյունքում պատճառված կորուստների եւ վնասների վերաբերյալ հաղորդումների եւ դրանց հետ անմիջականորեն առնչվող այլ տեղեկությունների հրապարակային տարածումը, փոխանցումը, ներառյալ՝ ինտերնետային կայքերում եւ սոցիալական ցանցերում, կատարվում է բացառապես պետական մարմինների կողմից տրամադրված պաշտոնական տեղեկատվության հղումով՝ առանց խմբագրման:   

 

Պատրաստեց Մարի Թարյանը

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին