Դավիթ Տոնոյանի տեսլականի 6 կարեւոր հատվածները - Mediamax.am

11026 դիտում

Դավիթ Տոնոյանի տեսլականի 6 կարեւոր հատվածները


Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` ՀՀ ՊՆ

Լուսանկարը` Մեդիամաք

Լուսանկարը` սՀՀ ՊՆ

Լուսանկարը` ՀՀ ՊՆ


Հունիսի 9-ին հրապարակվել է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի տեսլականը պաշտպանության ոլորտի եւ զինված ուժերի զարգացման առաջնահերթությունների վերաբերյալ: Նախորդ տեսլականը հրապարակվել էր 2018 թվականի հուլիսին եւ հասանելի է այս հղումով:

 

Ներկայացնում ենք պաշտպանության նախարարի տեսլականի առավել կարեւոր հատվածները (ենթավերնագրերը մերն են):

 

Հայաստանի արտաքին անվտանգային միջավայրը

 

Հայաստանի արտաքին անվտանգային միջավայրը դրական փոփոխությունների չի ենթարկվել: Ընդհակառակը, մեր տարածաշրջանում եւ նրա մերձատարածքում օրեցօր մեծանում է կոնֆլիկտայնությունը, ավելին` համաշխարհային համավարակը ժամանակավորապես սահմանափակել է համագործակցային հնարավորությունները, իսկ անմիջական ռազմական բնույթի սպառնալիքները շարունակում են խիստ հավանական մնալ: Ուստի հուսալի պաշտպանության համակարգը, առաջին հերթին՝ ժամանակակից եւ մարտունակ բանակը, շարունակում է մնալ Հայաստանի եւ Արցախի կայուն զարգացման համար անհրաժեշտ արտաքին անվտանգության ապահովման, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում համայն հայության եւ առաջին հերթին՝ Արցախի Հանրապետության ժողովրդի կամքը թելադրողի դիրքերից հանդես գալու, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության կենսատարածքում երկարաժամկետ անվտանգության երաշխիքներ ձեւավորելու հիմնական գրավականը:

 

Բանակի խնդիրները չեն փոխվել 

 

Անցած ժամանակահատվածում բանակի խնդիրները չեն փոխվել. մեր զինծառայողները շարունակում են տեղակայված մնալ մեր հակառակորդի հետ դեմ հանդիման՝ Հայաստանի պետական սահմանի եւ Արցախի շփման գծի ամբողջ երկայնքով՝ ակտիվորեն կիրառելով տեխնիկական նոր միջոցներ, մարտական հերթապահության կատարելագործված ձեւեր եւ եղանակներ: 

Լուսանկարը` ՀՀ ՊՆ

Մեր ստորաբաժանումները շարունակում են զորավարժությունների եւ վարժանքների ընթացքում հղկել եւ կատարելագործել իրենց մարտական խնդիրները՝ յուրացնելով նոր սերնդի սպառազինությունն ու հարձակողական մարտավարությունը։ 

 

Մեր հետախուզությունը շարունակում է վերահսկել հակառակորդին՝ ավելի խորը եւ ավելի մեծ ընդգրկվածությամբ, մեր ՀՕՊ համակարգը շարունակում է իր ամենօրյա հերթապահությունը՝ բոլոր բարձրությունների վրա թիրախավորելով ավելի ու ավելի շատ հավանական թիրախներ, մեր ավիացիան շարունակում է օդում լիակատար գերազանցության հասնելու գերձայնային ընթացքը՝ յուրացնելով նոր սերնդի բազմաֆունկցիոնալ ինքնաթիռները, մեր ինժեներական եւ ռադիոէլեկտրոնային համակարգերն օրեցօր մեծացնում են ցամաքում եւ օդում հավանական հակառակորդի գործողությունների ճնշման կարողությունները:

 

Համատեղ ձեռքբերում 

 

Մեզ հաջողվել է պաշտպանության ամբողջ համակարգը, առավել եւս բանակը զերծ պահել ներքաղաքական եւ ընտրական գործընթացների վրա ազդեցությունից՝ այդպիսով ամրապնդելով պաշտպանական կառույցի ապաքաղաքական, վերկուսակցական եւ համազգային կարգավիճակը: Սա բանակի, իշխանությունների, քաղաքական ուժերի ու ամբողջ հասարակության համատեղ ձեռքբերումն է, եւ մենք պետք է շարունակենք արմատավորել այդ մոտեցումը, մինչեւ այն չդառնա «տաբու» ոչ միայն այսօրվա, այլեւ ապագայի բոլոր իշխանությունների եւ քաղաքական ուժերի համար, քանի որ սա է ժողովրդավարական ռազմաքաղաքացիական հարաբերություններ ունենալու եւ ապաքաղաքական մասնագիտական փորձառությամբ, սոցիալական պատասխանատվությամբ եւ կորպորատիվ հավատարմությամբ ամրապնդված իրական պրոֆեսիոնալ զինվորականություն ունենալու միակ ճանապարհը։

Լուսանկարը` Մեդիամաք

Այս առումով առանձնահատուկ պետք է ընդգծեմ մեր պետությունում լիարժեք ժողովրդավարական ռազմաքաղաքացիական հարաբերություններ ձեւավորելու անհրաժեշտությունը։ Շատերը ռազմաքաղաքացիական հարաբերություններ ասելով հասկանում են միայն զինված ուժերի ժողովրդավարական եւ քաղաքացիական վերահսկողությունը։ Սակայն ինչպես ցույց է տալիս զարգացած պետությունների փորձը, ամուր ռազմաքաղաքացիական հարաբերությունները երաշխավորում են նաեւ զինված ուժերի արհեստավարժության եւ արդյունավետության աճը։ Պաշտպանության ոլորտում ռազմական եւ քաղաքացիական խորագիտակության միատեղումը եւ ճիշտ հավասարակշռումն ապահովում են արդիական նոր գաղափարների, լուծումների եւ մեխանիզմների ներդրումը ռազմական ոլորտում, եւ դրանք հիմնականում պահանջում են քաղաքացիական մարդուն հարիր քննական մտածելակերպ, կրթություն եւ բազմագիտակություն։ Նոր գաղափարները տեղայնացնում եւ հղկում են համակարգային մտածողությամբ եւ դոկտրինալ կարգապահությամբ օժտված մարդիկ, եւ նման մարդիկ շատ են զինվորականության շարքերում։ Այսինքն՝ բանակին վերաբերող բոլոր հարցերում մեր նպատակն է ապահովել զինվորականների եւ քաղաքացիական մասնագետների լիարժեք համագործակցություն։

 

«Խելացի» գործիքակազմ

 

Մեր ուշադրության կենտրոնում են համաշխարհային ռազմարվեստի զարգացման միտումները, այն գործոնները, որոնք նորովի եւ արդիական պահանջներին համահունչ վերանայում են ռազմագիտության դասական մոտեցումները: Մենք տեսնում եւ ուսումնասիրում ենք, թե ինչպես է մշակվում եւ մեզանից աշխարհագրորեն ոչ շատ հեռու՝ կոնֆլիկտային գոտիներում գործնականորեն փորձարկվում պատերազմավարման ռազմաքաղաքացիական «խելացի» գործիքակազմ՝ նոր, տեխնոլոգիապես հագեցած, մահաբեր եւ ոչ մահաբեր զինատեսակների, կառավարման եւ մարտավարական նոր մոտեցումների, ոչ պետական ռազմական կազմակերպությունների, ինչպես նաեւ մինչեւ վերջերս որպես այդպիսիք ռազմական չընկալվող տնտեսական, քաղաքական, տեղեկատվական եւ այլ տեխնոլոգիաների կիրառմամբ: Մենք ավելի ու ավելի ենք հեռանում դասական պատերազմ վարելու մարտավարությունից եւ օպերատիվ արվեստից: Մասնավորապես, տեսնում ենք, որ.

 

- բարձրտեխնոլոգիական, հեռահար եւ գերճշգրիտ զինատեսակների կիրառման արդյունքում ռազմական գործողությունները դառնում են ոչ կոնտակտային, իսկ կենդանի ուժի կորուստը՝ կրիտիկական: Հասարակությունը խիստ ցավագին է արձագանքում մարդկային կորուստներին անգամ հաղթանակի դեպքում,

 

- բոլոր օղակներում որոշիչ է դառնում ճիշտ պահին արագ եւ առաջանցիկ որոշում կայացնելն ու գործողություն կատարելը, որի համար ստորաբաժանումներից պահանջվում է բավարար շարժունակություն եւ ճկուն հրամանատրում: Ժամանակակից տեխնոլոգիաների առկայության պայմաններում մեծ եւ ստատիկ ստորաբաժանումները հեշտությամբ թիրախավորվում են, միեւնույն ժամանակ փոքր ստորաբաժանումները, ճիշտ պահին եւ իրական ժամանակում ունենալով լիարժեք օպերատիվ տեղեկատվություն, կարողանում են հաջողությամբ լուծել բարդ խնդիրներ,

Լուսանկարը` սՀՀ ՊՆ

- հակառակորդին «անմիջական գործողության միջոցով» խոցող եւ չեզոքացնող, այսպես կոչված՝ մարտական զորատեսակները, համակարգերը եւ զինատեսակները, տասնամյակներ տեւած մրցակցության արդյունքում դարձել են բազմաֆունկցիոնալ, տարաշարժուն եւ խելացի: Զորատեսակների եւ միջոցների (հրթիռահրետանային, ՀՕՊ, ՌԷՊ, ինժեներական) մարտական խնդրի կատարման համար ոչ միայն մարդկային ուժը եւ կառավարման համակարգը, այլեւ զինատեսակները պետք է ունենան բավարար կենսունակություն՝ չխոցվելու, բազմաֆունկցիոնալություն՝ միաժամանակ տարբեր խնդիրներ կատարելու եւ շարժունակություն՝ անմիջական մարտական խնդիր կատարող ստորաբաժանման գործողություններն ապահովելու համար,

 

- ռազմական տեխնոլոգիաները դառնում են ավելի մատչելի, եւ հաղթանակի գրավականը ոչ միայն դրանց քանակով հակառակորդին գերազանցելն է, այլեւ առաջին հերթին դրանց ամբողջական, խելացի եւ նպատակային կիրառման ունակությունը: Պատերազմավարման մեջ ռազմական «ուժին» համահավասար կարեւորվում է ռազմական «միտքը»,

 

- ժամանակակից տեխնոլոգիաները գրեթե անխուսափելի կամ առնվազն խիստ հավանական են դարձնում ռազմական գործողությունների ժամանակ կապի ու տարբեր տեսակի մատակարարումների խափանումները, ճանապարհների ու զորաշարժերի վերահսկելիությունը, ընդ որում՝ եւ ժամանակի, եւ խոցելիության տեսանկյունից, տեսադիտարկման եւ հետախուզության այլ հնարավորությունները մարտական գործողությունների մեջ գրեթե բացառում են հանկարծակիության ու ծածուկության գործոնները: Այս պայմաններում մարտական խնդիրների կատարման համար ստորաբաժանումների ինքնաբավությունը՝ ինքնուրույն ռազմական խնդիր լուծելու կարողությունը, որոշիչ է դառնում,

 

- ժամանակակից պատերազմները չեն սահմանափակվում ռազմական գործողությունների վարմամբ եւ չեն ավարտվում մարտի դաշտում տարած հաղթանակով: 

 

Պատերազմավարման ոչ ռազմական գործիքներն այնքան բազմազան են, որ պատերազմի թատերաբեմը հավասարապես տեղափոխվել է քաղաքական, դիվանագիտական, տնտեսական, տեղեկատվատեխնոլոգիական, քարոզչական, հասարակական եւ բարոյահոգեբանական հարթություններ:

 

Վերազինման գործընթացը

 

Արդեն մեկնարկել է Զինված ուժերի լայնածավալ վերազինման գործընթաց՝ սկսած հրաձգային զենքերից մինչեւ հեռահար հրթիռային համակարգեր եւ մարտական բազմաֆունկցիոնալ ավիացիա: Սակայն մենք ճանապարհի սկզբին ենք: Զինված ուժերի վերազինումը մի քանի նպատակ է հետապնդում: 

 

Առաջինը՝ այնպիսի ռազմական ներուժի ձեւավորումն է, որը ոչ միայն կզսպի հակառակորդի ռեւանշիստական նկրտումները եւ զերծ կպահի լայնածավալ ռազմական գործողություններ սկսելու գայթակղությունից, այլեւ այդ գայթակղության դեպքում նրան արագորեն կզրկի պատերազմավարման կարողություններից: Այդ ներուժը կոչված է նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցային գործընթացից դուրս մղելու վերջնագրերի, նախապայմանների եւ սպառնալիքների բառապաշարը: 

 

Երկրորդը՝ վերազինումը նպատակաուղղված է զինված ուժերի ստորաբաժանումները այնպիսի շարժունակ, ժամանակակից եւ գերճշգրիտ զինատեսակներով համալրելուն, որոնք կգործեն ավտոմատ կառավարման տիրույթում եւ կապահովեն ստորաբաժանումների ապակենտրոնացված ինքնուրույն գործողությունները: 

 

Շեշտադրելով որակական, այլ ոչ թե քանակական ցուցանիշները` վերազինման արդյունքում ձեռքբերվող սպառազինության եւ ռազմական տեխնիկայի տեսակները պետք է գերազանցեն արդեն իսկ առկա եւ փոխարինվող ՍՌՏ-ի տեսակներին` կրակային հզորության ու ճշգրտության, շարժունակության, պաշտպանվածության եւ արագ արձագանքման իրենց հնարավորություններով: 

 

Երրորդը՝ վերազինումը նպատակ է հետապնդում հասնելու ՍՌՏ-ի առավել երկարաժամկետ եւ դյուրին՝ պակաս մարդկային ռեսուրսներ պահանջող եւ մարդկային գործոնից նվազագույն կախում ունեցող շահագործման, սպասարկման ու կիրառման, դրա արդյունքում՝ ռեսուրսների արդյունավետ օգտագործման: Եվ չորրորդը՝ վերազինումը նպատակ է հետապնդում հասանելի ռեսուրսների առավել արդյունավետ կիրառմամբ մարտական գործողությունների վարման տարբեր տիրույթներում հասնելու հավանական հակառակորդի նկատմամբ ակնհայտ գերազանցության եւ չեզոքացնելու այլ ուղղությամբ առկա ռիսկերը: Օրինակ` 4+ սերնդի բազմաֆունկցիոնալ ավիացիայի ստեղծման նպատակն է ստանձնել նախաձեռնությունը «օդ-օդ» եւ «օդ-ցամաք» տիրույթներում, տարբեր բարձրությունների եւ խորությունների վրա գործող գերզգայուն ՀՕՊ համակարգերի համալրման նպատակն է թիրախավորել եւ չեզոքացնել օդային հարձակման բոլոր հավանական միջոցները՝ ցածր բարձրությունների վրա թռչող եւ ամենափոքր թիրախներից մինչեւ օդատիեզերական տիրույթում գործողները եւ այսպես շարունակ:

 

Հայացքը շատ ավելի ընդգրկուն է, քան մեր պետության սահմանները

 

Մեր անվտանգությունը փոխկապակցված է տարածաշրջանային եւ միջազգային անվտանգության հետ եւ անմիջականորեն կրում է դրա ինչպես բացասական, այնպես էլ դրական ազդեցությունը: Ուստի անվտանգության ապահովման գործում մեր հայացքը շատ ավելի ընդգրկուն է, քան մեր պետության սահմանները: Մեր արտաքին անվտանգային քաղաքականությունը կառուցելիս մենք «քաղաքական զգայարաններով» տեսնում ենք մեր բնական դաշնակիցներին եւ արհեստածին հակառակորդներին, մեր ռազմաքաղաքական հետաքրքրությունների շրջանակը կերտելիս մենք լավ ենք գիտակցում մեր աշխարհագրական դրությունը, ուստի մեր բոլոր քաղաքական քայլերն ուղղված են ոչ միայն մեր ռազմաքաղաքական աշխարհագրությունն ամրապնդելու, այլեւ այն ընդլայնելու գործին: Դեռ ավելին, մեր ռազմաքաղաքական աշխարհագրության ընդլայնումը եւ անվտանգային ազգային ներուժի, ներառյալ՝ միջազգային դաշինքների շարունակական ամրապնդումը նոր հնարավորություններ են ընձեռում ոչ միայն մեր ազգային շահերի հաստատակամ առաջ մղման, այլեւ տարածաշրջանում անայլընտրանք բարեկամություն հաստատելու համար: 

 

Ուստի մենք շարունակելու ենք ռազմաքաղաքական դաշինքների եւ գործընկերությունների զարգացումը՝ հավաքական պաշտպանության գործուն մեխանիզմների կայացման, ռազմական եւ ռազմատեխնիկական համագործակցության բովանդակության եւ աշխարհագրության ընդլայնման, համակողմանի փորձի փոխանակման եւ անվտանգության լրացուցիչ երաշխիքների ձեւավորման նպատակադրմամբ: 

Լուսանկարը` ՀՀ ՊՆ

Միջազգային համագործակցության եւ ինտեգրման գործում մենք առաջնորդվելու ենք մեր ազգային շահերով եւ ռազմաքաղաքական հետաքրքրություններով, հաշվի ենք առնելու մեր դաշնակիցների շահերը եւ նպաստելու ենք մեր գործընկերների հետ համընկնող նպատակների իրականացմանը:

 

Ամրապնդելով մեր դաշնակիցների եւ գործընկերների հետ զինված ուժերի փոխգործունակության մակարդակը` մենք հետեւողական ենք լինելու դաշնակցային պարտականությունների փոխադարձ կատարմանը եւ հետեւելու ենք մեր միջազգային գործընկերային հանձնառություններին՝ նպաստելով մեր տարածաշրջանում եւ ռազմավարական հետաքրքրությունների աշխարհագրական տարբեր գոտիներում խաղաղության ու կայունության ամրապնդմանը: 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին