6 փաստ Սարդարապատի ճակատամարտի հերոս Դանիել Բեկ-Փիրումյանի մասին - Mediamax.am

exclusive
17546 դիտում

6 փաստ Սարդարապատի ճակատամարտի հերոս Դանիել Բեկ-Փիրումյանի մասին


Դանիել Բեկ-Փիրումյանը
Դանիել Բեկ-Փիրումյանը

1. Որտե՞ղ է ծնվել Դանիել Բեկ-Փիրումյանը:

 

Դանիել Բեկ-Փիրումյանը ծնվել է 1861թ. նոյեմբերի 22-ին, Արցախի Ասկերանի շրջանի Նախիջեւանիկ գյուղում։ 20 տարեկանից անցել է զինվորական ծառայության Երեւանի գնդում։

 

2. Ե՞րբ եւ ինչի համար է պարգեւատրվել Գեորգիեւյան խաչով:

 

Առաջին համաշխարհային պատերազմի սկզբում Դանիել Բեկ-Փիրումյանը ուներ փոխգնդապետի կոչում եւ ծառայում էր 1-ին Կովկասյան բանակային կորպուսի 39-րդ հետեւակային դիվիզիայում։ 

 

1915թ. դեկտեմբերի 31-ից 1916թ. հունվարի 1-ն Ազապքյոյ գյուղի մարտերում ցուցաբերած հերոսության համար պարգեւատրվել է Գեորգիեւյան խաչով եւ անվանական զենքով։ 

 

3. Ի՞նչով է աչքի ընկել Էրզրումի գործողության ժամանակ:

 

Էրզրումի գործողության ժամանակ (1916թ. հունվար-փետրվար) Դանիել Բեկ-Փիրումյանը Բաքվի 153-րդ գնդի 3-րդ գումարտակով գրավել է թուրքական Դալանգյոզ ամրությունը եւ հետ մղել թուրքական բանակի 8 գրոհները՝ մինչեւ վերջ պահելով կարեւոր նշանակություն ունեցող ամրությունը։

 

4. Ի՞նչ դերակատարություն է ունեցել 1918թ. մայիսյան հերոսամարտերի օրերին:

 

1918թ. մայիսյան հերոսամարտերի օրերին Դանիել Բեկ-Փիրումյանը Երեւանյան զորախմբի հրամանատարի՝ գեներալ Մովսես Սիլիկյանի տեղակալն էր։ 

 

Մայիսի 22-ի առավոտյան Սարդարապատի ջոկատը՝ Բեկ-Փիրումյանի հրամանատարությամբ, անցել է հարձակման Հայի-Զեյվա (Առատաշեն) եւ Ղուդուղուլի (Արմավիր) գյուղերի ուղղությամբ։ Չդիմանալով հայերի հարվածներին՝ թուրքերը նահանջոլ են մինչեւ Արաքս կայարանը։ 

Դանիել Բեկ-Փիրումյանը Դանիել Բեկ-Փիրումյանը

 

Սարդարապատի մարտերին մասնակցել է նաեւ Դանիել Բեկ-Փիրումյանի հորեղբոր որդին՝ Պողոս Բեկ-Փիրումյանը, որը 5-րդ՝ Մահապարտների գնդի հրամանատարն է եղել։

 

Մայիսյան հաղթանակներից եւ Հանրապետության հռչակումից հետո Դանիել Բեկ-Փիրումյանին շնորհվել է գեներալ-մայորի կոչում։ 

 

5. Ի՞նչպես է ավարտվել Դանիել Բեկ-Փիրումյանի կյանքը:

 

1919 թվականի վերջին Դանիել Բեկ-Փիրումյանը ստացել է գեներալ-լեյտենանտի կոչում եւ նշանակվել Կարսի բերդի պարետ։

 

1920թ. թուրք-հայկական պատերազմի ժամանակ՝ Կարսի անկումից հետո, Բեկ-Փիրումյանը գերեվարվել է, իսկ 1921թ. հունվարին թուրքերը նրան հանձնել են բոլշեւիկներին, որոնք Դանիել Բեկ-Փիրումյանին գնդակահարել են Ղարաքիլիսա-Դիլիջան ճանապարհին:

 

6. Որտե՞ղ է Դանիել Բեկ-Փիրումյանի գերեզմանը:

 

Նրա գերեզմանը Վաղարշապատում է՝ Սուրբ Գայանե վանքի գերեզմանատանը։ 

 

Պատրաստել է Միքայել Յալանուզյանը

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին