5 հարց ու պատասխան «Ավրորա» ֆորումի մասին - Mediamax.am

14482 դիտում

5 հարց ու պատասխան «Ավրորա» ֆորումի մասին


Լուսանկարը` «Ավրորա»


Հոկտեմբերի 14-ից 21-ը Հայաստանում կայանալու է առաջին «Ավրորա» ֆորումը, որի ընթացքում միջոցառումներ են լինելու Երեւանում, Դիլիջանում, Գյումրիում, Տաթեւում եւ Շուշիում:

 

1. Ի՞նչ է իրենից ներկայացնում ֆորումը:

 

Ֆորումն իր տեսակով առաջինն է տարածաշրջանում: Մեկ շաբաթվա ընթացքում «Ավրորա» ֆորումը միավորելու է աշխարհի առաջատար մասնագետներին սոցիալական, կրթական, մարդասիրական եւ գիտատեխնիկական նորարարության ոլորտներից, ովքեր կկիսվեն իրենց փորձով, մտքերով ու կփորձեն հանդես գալ աշխարհը ավելի լավը դարձնող գաղափարներով: 

 

«Ավրորա» ֆորումն ունի 157 բարի կամքի դեսպան աշխարհի 39 երկրից, որոնք ներկայացնում են 17 ոլորտ:

 

2. Ո՞րն է ֆորումի նպատակը

 

Ֆորումի նպատակն է Դավոսի, Նյու Յորքի, Լոնդոնի եւ աշխարհի այլ զարգացած երկրներին հավասար Հայաստանը դարձնել այն միջազգային հարթակը, որտեղ քննարկվում են համաշխարհային կարեւոր թեմաները, արդի մարտահրավերներն ու լուծումները:

 

3. Ովքե՞ր են Ֆորումը իրականացնողները

 

«Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամը, Հայաստանի գիտության եւ տեխնոլոգիաների (FAST) հիմնադրամը, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը, Scholae Mundi գլոբալ կրթական պլատֆորմը, UWC Դիլիջան միջազգային քոլեջը եւ Ամերիաբանկը:

 

4. Ովքե՞ր են մասնակցելու ֆորումին 

 

Ֆորումին ներկա կլինեն հյուրեր եւ բանախոսներ տարբեր երկրներից, բարերարներ, «Ավրորա» 2019 թ. երեք հերոսները, նախորդ տարիների դափնեկիրները, «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի անդամները եւ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիրները:  

 

«Ավրորա» ֆորումի միջոցառումներին հրավիրված են նաեւ ՀՀ կառավարության անդամներ, Ազգային ժողովի պատգամավորներ, Հայաստանում տարբեր երկրների դեսպաններ եւ միջազգային կառույցների ներկայացուցիչներ, արվեստագետներ եւ հանրային գործիչներ: 

 

5. Ի՞նչ միջոցառումներ են նախատեսվում Ֆորումի ընթացքում

 

Հոկտեմբերի 14-ից 21-ը կկայանա «Վերափոխելով բանականությունը» եռօրյա գլոբալ ինովացիոն ֆորումը, #AraratChallenge փառատոնը, ChainPoint19 բլոկչեյնի միջազգային համաժողովը, «Բարեփոխելով աշխարհը» հեռուստատեսային եւ կինոփառատոնը, Արհեստական բանականության եւ անօդաչու թռչող սարքերի ինտեգրման հարցերին նվիրված համաժողովը, Առաջնորդություն եւ կառավարում հանուն կայուն զբոսաշրջության ամառային դպրոցը: 

 

Հոկտեմբերի 17-ին Գյումրիում կանցկացվեն երախտագիտության եւ բարեկամության խորհրդին նվիրված հանրային միջոցառումներ՝ Thank you world ֆլեշմոբ, Բարեկամության զբոսայգու վերականգնման խորհրդանշական միջոցառում, Վլադիմիր Ավետիսյանի եւ D'Black Blues Orchestra միջազգային բլյուզ խմբի բացօթյա մեծ համերգ, որի բացմանը հանդես կգան Bambir եւ TmbaTa խմբերը:   

 

Հոկտեմբերի 18-ին կլինեն բաց դասախոսություններ, կլոր-սեղան քննարկումներ, մշակութային եւ կրթական միջոցառումներ՝ նվիրված UWC Դիլիջան քոլեջի հնգամյակին: Այդ օրը քաղաքում նախատեսվում են նաեւ տոնակատարություններ՝ նվիրված Դիլիջանի 475 ամյակին: 

 

Հոկտեմբերի 19-ին Երեւանում կկայանա «Ավրորա» մրցանակի շնորհման արարողությունը: Ընտրող հանձնաժողովը 2019թ. «Ավրորայի» 3 հերոսներին ընտրել է 72 երկրներից առաջադրված 719 հավակնորդներից: 

 

Հոկտեմբերի 20-ին Երեւանում սպասվում է «Ավրորա» բարեգործական համերգ-նվիրում, որին Մարիինյան թատրոնի սիմֆոնիկ նվագախումբը կներկայացնի հատուկ ծրագիր՝ դիրիժոր Վալերի Գերգիեւի ղեկավարությամբ: 

 

Հոկտեմբերի 21-ին Տաթեւում կանցկացվեն Կոմիտասի 150-րդ տարեդարձին նվիրված մշակութային միջոցառում եւ «Կոմիտաս. հանճարի ճանապարհները» խորագրով ցուցադրություն:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին