Հայաստան-ԵՄ նոր համաձայնագրի 8 հիմնական ոլորտները - Mediamax.am

exclusive
18368 դիտում

Հայաստան-ԵՄ նոր համաձայնագրի 8 հիմնական ոլորտները


Լուսանկարը` ՀՀ Նախագահի մամուլի ծառայություն


2017 թվականի նոյեմբերի 24-ին Բրյուսելում, ԵՄ Արեւելյան գործընկերության գագաթնաժողովի շրջանակում, Հայաստանն ու Եվրամիությունը ստորագրեցին Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը (ՀԸԳՀ):

 

Մեդիամաքսն իր Պարզաբանում խորագրում արդեն ներկայացրել է այն իրադարձությունները, որոնք նախորդեցին փաստաթղթի կնքմանը:

 

Այս թողարկման մեջ ներկայացնում ենք նոր պայմանագրի 8 հիմնական ոլորտները՝ հիմք ընդունելով Հայաստանում Եվրոպական Միության Պատվիրակության տրամադրած տեղեկանքը:

 

1. ՆՈՐ ԱՇԽԱՏԱՏԵՂԵՐԻ ՍՏԵՂԾՈՒՄ

 

Ներդրումային միջավայրի բարելավում

 

Համաձայնագրով նախատեսվում է օրենսդրական դաշտի կատարելագործում, որի շնորհիվ կբարելավվեն Հայաստանի եւ Եվրոպական միության ընկերությունների համար առկա գործարար միջավայրն ու ներդրումային հնարավորությունները՝ խթան դառնալով հայկական ընկերությունների կողմից Եվրոպական միությանը վաճառվող ապրանքների եւ ծառայությունների ծավալների մեծացման համար, ինչպես նաեւ խրախուսելով ԵՄ ընկերություններին Հայաստանում հիմնել դուստր ձեռնարկություններ, որն էլ իր հերթին կնպաստի տնտեսական աճի խթանմանը եւ աշխատատեղերի ստեղծմանը:

 

Նոր աշխատատեղեր կանաչ էներգիայի ոլորտում

 

Համաձայնագրի իրականացման ընթացքում կստեղծվեն էներգիայի մաքուր, այլընտրանքային աղբյուրներ՝ նպաստելով կանաչ (վերականգնվող) էներգիայի ոլորտում նոր աշխատատեղերի ստեղծմանը:

 

2. ԲԻԶՆԵՍԻ ՆՈՐ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐ

 

Բիզնեսին՝ ավելի կայուն եւ կանխատեսելի պայմաններ

 

Եվրոպական միության եւ Հայաստանի միջեւ հարաբերությունները կղեկավարվեն ԵՄ-ն եւ միջազգային չափանիշներին համահունչ՝ ապահովելով բիզնես միջավայրի կանխատեսելիությունն ու կայունությունը: Նոր համաձայնագրի դրույթներին համաձայն՝ փոքր եւ միջին ձեռնարկություններին (ՓՄՁ) պետք է տրամադրվի ՀԸԳՀ իրականացման մասին տեղեկատվություն եւ խորհրդատվություն, որը կնպաստի մասնավոր հատվածին վերաբերող օրենսդրության թափանցիկության բարձրացմանը:

 

Ծառայությունների առեւտրի ընդլայնման նոր հեռանկարներ

 

Նոր համաձայնագիրը նախատեսում է երկկողմ առեւտրի ազատականացում ծառայությունների մատուցման ոլորտում, օրինակ՝ վարձակալության եւ լիզինգի ծառայությունների, խորհրդատվական, ինժեներական, լուսանկարչական, փաթեթավորման, փոստային, ֆինանսական եւ տրանսպորտային ծառայությունների մատուցման համար: Սա նշանակում է, որ հայկական ընկերություններն իրավունք կունենան ծառայություններ մատուցել ԵՄ-ում եւ հակառակը:

 

Գնումների շուկաների հիմնում

 

Հայ գործարարները կկարողանան մասնակցել ԵՄ-ում իրականացվող պետական գնումներին եւ հակառակը: Կտրամադրվեն լրացուցիչ աշխատանքային փոխադարձ թույլտվություններ, օրինակ, ջրամատակարարման եւ հանրային ծառայությունների մատուցման այլ ոլորտներում:

 

3. ԱՎԵԼԻ ԱՐԴԱՐ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄՆԵՐ

 

Մտավոր սեփականության իրավունքի պաշտպանության հզոր համակարգ

 

Նորարար ստեղծագործություններ, գեղարվեստական գործեր, յուրահատուկ եւ բարձրորակ արտադրություն ստեղծող եւ վաճառող ավելի շատ հայ նկարիչներ ու գյուտարարներ, ինչպես նաեւ հայկական ընկերություններ կարող են ապավինել Հայաստանում մտավոր սեփականության իրավունքի պաշտպանության համակարգին՝ ինչպես Եվրոպական միության տարածքում:

 

Մրցակցային սկզբունքների համապատասխանություն

 

Հայաստանում գործող ընկերությունները պարտավորված կլինեն հարգել հիմնական մրցակցային սկզբունքները, որոնք գործում են Եվրոպայում, այն է` բացառել գերիշխող դիրքի չարաշահման երեւույթը եւ ձեռնարկությունների միջեւ համաձայնությունները, որոնք խոչընդոտում են մրցակցությանը:

 

Անկախ մրցակցային մարմին

 

Մրցութային գործընթացներ իրականացնելից պետք է հարգվեն հայ եւ եվրոպական ընկերությունների իրավունքները, ինչպես նաեւ նրանք կկարողանան վստահորեն դիմել անկախ գործառույթ իրականացնող մրցակցային մարմնին՝ մրցակցային օրենսդրության կիրարկումն ապահովելու պահանջով:

 

Պետական գնումների թափանցիկության բարձրացում

 

Նոր կարգավորումների շնորհիվ կապահովվի պետական գնումների գործընթացների թափանցիկության բարձրացումը:

 

Աշխատանքի ավելի արդար պայմաններ

 

Համաձայնագիրը հետամուտ կլինի Հայաստանում աշխատողների աշխատանքային ստանդարտների ապահովմանը, այդ թվում՝ աշխատանքային պայմանագրերի, աշխատանքային առողջ պայմանների ապահովմանը, միավորման ազատության իրավունքի եւ աշխատավայրում խտրական դրսեւորումների դեմ պաշտպանության մակարդակի բարձրացմանը:

 

4. ՄԻՋՈՑՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱՑՈՒՄ

 

Հարկատուների միջոցների առավել արդյունավետ օգտագործում

 

Նոր Համաձայնագրով ամրագրվում են մրցույթների հրապարակման եւ վերանայման ընթացակարգերի հստակ կարգավորումներ, որոնք թույլ կտան կանխարգելել կոռուպցիան եւ իրականացնել խտրական մոտեցումներից զերծ պետական գնումներ: Կմշակվեն պետական սուբսիդավորման նոր կարգավորումներ՝ գործընթացների արդարությունն ու թափանցիկությունը ապահովելու նպատակով:

 

Ավելի մատչելի էներգիա

 

Համաձայնագիրը ներառում է դրույթներ, որոնք բարձրացնում են էլեկտրաէներգիայի ոլորտի մրցակցությունը, որն էլ հանդիսանում է Հայաստանի քաղաքացիներին էլեկտրաէներգիայի մատակարարման ապահով եւ մատչելի եղանակներից առավել տնտեսողը: Շուկայի ազատականացումն ունի էլեկտրաէներգիայի ցածր գինը հսկողության տակ պահելու եւ հայ սպառողների համար էլեկտրաէներգիայի դիմաց ցածր գներ ապահովելու ներուժ:

 

Սպառողներին՝ ավելի լայն ընտրություն եւ գների իջեցում

 

Համաձայնագիրը ներառում է առեւտրի համար ոչ անհրաժեշտ խոչընդոտների նվազեցմանն ուղղված միջոցառումներ: Օրինակ, սպառողական ապրանքների վրա ազդող կարգավորումների վերաբերյալ հանրային խորհրդակցությունները կտարածվեն մյուս կողմը ներկայացնող ընկերությունների վրա, ինչպես նաեւ պիտակավորման բարդ պահանջները կհանվեն: Արդյունքում ավելի շատ ընկերություններ կկարողանան իրենց արտադրանքը ներկայացնել հայկական եւ ԵՄ շուկաներում` ապահովելով մրցունակ գներ:

 

5. ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱԿԱՐԴԱԿԻ ԲԱՐՁՐԱՑՈՒՄ

 

Միջուկային անվտանգության բարելավում

 

Այս համաձայնագրով՝ ԵՄ-ն հաստատում է հանձնառությունը Հայաստանի միջուկային անվտանգության բարձրագույն մակարդակի ապահովմանը՝ համագործությանն ուղղված հստակ միջոցառումների իրականացման միջոցով:

 

Ապրանքների անվտանգության բարելավում ու սպառողների պաշտպանվածության բարձրացում

 

Հայաստանը հետամուտ կլինի ԵՄ չափանիշների հետ առկա տարբերությունների նվազեցմանը՝ ի նպաստ սպառողների առողջության եւ անվտանգության հետագա պաշտպանությանը: ԵՄ-ն եւ Հայաստանը կխորացնեն համագործակցությունը համապատասխան համակարգերի միջեւ փոխադարձ ըմբռնման մակարդակի բարձրացման եւ շուկաների մատչելիության բարձրացման ուղղությամբ:

 

Հանցավորության դեմ պայքարում համագործակցությունը խորանում է

 

Նոր համաձայնագիրը նախատեսում է ԵՄ-ի եւ Հայաստանի միջեւ համագործակցության հզորացում `հանցագործությունների կանխարգելման եւ դրանց դեմ պայքարի, այդ թվում կազմակերպված հանցավորության եւ ահաբեկչության դեմ պայքարի ուղղությամբ:

 

6. ԱՎԵԼԻ ՄԱՔՈՒՐ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐ

 

Բնապահպանական չափանիշների բարելավում

 

Համաձայնագիրը կօգնի Հայաստանին գրանցել տնտեսական աճ եւ միաժամանակ՝ ԵՄ չափանիշների ընդունման շնորհիվ բարելավել շրջակա միջավայրը: Հայաստանի կողմից կընդունվեն եւ կիրականացվեն միջազգային չափանիշներին եւ համաձայնագրերի պահանջներին համապատասխանող՝ շրջակա միջավայրի պաշտպանությանն ուղղված միջոցառումներ: Հայաստանը կձգտի հանել առեւտրի խոչընդոտները կլիմայի փոփոխության մեղմացման համար կարեւոր նշանակություն ունեցող ապրանքների եւ ծառայությունների՝ մասնավորապես՝ կայուն վերականգնվող էներգիայի եւ էներգախնայող արտադրանքի նկատմամբ: ԵՄ-ն եւ Հայաստանը կհամագործակցեն բնական ռեսուրսների կայուն օգտագործման մակարդակի բարձրացման եւ կենսաբազմազանության պահպանման ուղղությամբ:

 

Համաձայնագրի իրականացումը նոր խթան կհանդիսանա էներգիայի մաքուր աղբյուրների զարգացման համար: Այն նաեւ կբարձրացնի մատակարարման անվտանգության մակարդակը եւ կնվազեցնի կախվածությունը էներգետիկ ներկրումներից:

 

7. ԿՐԹՈՒԹՅԱՆ ԿԱՏԱՐԵԼԱԳՈՐԾՈՒՄ ԵՎ ԳԻՏԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆԴԼԱՅՆՈՒՄ

 

Հայկական համալսարանները եվրոպական այլ համալսարանների հետ միասին կմասնակցեն գիտահետազոտական ծրագրերին ԵՄ հետազոտությունների եւ նորարարությունների խոշորագույն՝ ՀՈՐԻԶՈՆ 2020 ծրագրի ներքո: Ծրագրի ընդհանուր ֆինանսավորումը 2014-2020 թվականների համար կազմում է մոտ 80 միլիարդ եվրո:

 

Միաժամանակ հայկական համալսարանները կմասնակցեն EU4Innovation նախաձեռնությանը, որն ուղղակիորեն կապ ունի նորարարական ՓՄՁ-ների զարգացման հետ: ԵՄ-ն ավելացնի ուսուցումն ու Հայաստանում կրթության որակի բարձրացմանն ուղղված խորհրդատվության ծավալները:

 

8. ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԱՄՐԱՊՆԴՈՒՄ

 

Քաղաքացիները համաձայնագրից կարող են ակնկալել, որ Հայաստանի ու Եվրամիության կողմից ավելի կմեծանա ուշադրությունը ժողովրդավարության անկյունաքարային ուղղությունների նկատմամբ, որոնցից են ազատ եւ արդար ընտրությունների իրականացումը, արդար դատավարության իրավունքը եւ, ավելի լայն իմաստով, հարգանքը մարդու իրավունքների նկատմամբ:

 

Ըստ Համաձայնագրի դրույթների՝ կձեւավորվի Քաղաքացիական հասարակության անկախ պլատֆորմ, որը բաղկացած կլինի Հայաստանյան եւ ԵՄ կազմակերպություններից, որոնք մշտադիտարկման կենթարկեն Համաձայնագրի իրականացումը եւ կկարողանան առաջարկություններ ներկայացնել ՀՀ իշխանություններին եւ Եվրոպական միությանը:

 

Կարդացեք նաեւ այն իրադարձությունների մասին, որոնք նախորդեցին փաստաթղթի կնքմանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին