Պարզաբանում. ստալինյան բռնաճնշումները Հայաստանում - Mediamax.am

exclusive
6752 դիտում

Պարզաբանում. ստալինյան բռնաճնշումները Հայաստանում


Լուսանկարը` REUTERS


Վերջին շրջանում ավելի հաճախ ենք լսում «Մեզ Ստալինի նման առաջնորդներ են պետք», «Սովետի ժամանակ լավ էր» եւ այլ նմանարտահայտություններ: «Պարզաբանում» խորագրի հերթական հրապարակմամբ փորձել ենք հիշեցնել այն մասին, թե ինչ կորուստներ է ունեցել Հայաստանը ստալինյան բռնաճնշումների տարիներին:

 

1. Որո՞նք էին Խորհրդային Հայաստանի համար ամենածանր տարիները:

 

Խորհրդային միության կայացման պայմաններում առաջին զանգվածային ճնշումները գործադրվել են հայ սպայության նկատմամբ, եւ 1923-1928 թթ. Հայաստանից արտաքսվել է շուրջ 1430 հայ սպա:

 

Հռչակված համատարած կոլեկտիվացման համատեքստում շատ գյուղացիներ պիտակավորվում էին որպես «կուլակներ» եւ արտաքսվում հայրենիքից: 1930թ. սկզբին սկսվում են կուլակաթափման զանգվածային միջոցառումները, ինչն ավելի բացասական է ազդում գյուղի վրա: Այս շրջանում բռնադատվել է գլխավորապես գյուղական վայրերում բնակվող շուրջ 5615 մարդ:

 

1930-ականների սկզբներին ուժեղանում է նաեւ իշխանությունների հակաեկեղեցական գործունեությունը, բռնադատվում է շուրջ 89 հոգեւորական:

 

Զանգվածային բռնությունների ամենահուժկու ալիքը, թերեւս, եղել է 1936-1937 թթ.՝ Հայաստանի կոմունիստական (բոլշեւիկյան) կուսակցության (ՀԿ/բ/Կ) առաջին քարտուղար Աղասի Խանջյանի մահից հետո: Միայն 1937թ. Հայաստանում ձերբակալվել է 5000 մարդ: Նրանց 67 տոկոսի համար ընդունվել է գնդակահարություն որոշումը:

 

2. Ովքե՞ր են եղել ստալինյան բռնաճնշումների զոհերը:

 

1930-ականների սկզբին ԽՍՀՄ տարածքում տեղի էին ունենում բռնարարքներ մտավորականության, պետական եւ հասարական գործիչների նկատմամբ, սակայն դրանցից ինչ-որ չափով զերծ էր մնում Հայաստանը, ինչը պայմանավորված էր կուսակցական վերնախավի, մասնավորապես՝ Աղասի Խանջյանի դիրքորոշմամբ, որը խիստ դրական վերաբերմունք ուներ հայ մտավորականության նկատմամբ:

 

1936թ. ԽՍՀՄ կենտրոնական իշխանությունները սկսում են Հայաստանի ղեկավարությանը, մասնավորապես՝ Աղասի Խանջյանին եւ Սահակ Տեր-Գաբրիելյանին, մեղադրանքներ ներկայացնել առ այն, որ վերջիններս ի վնաս ԽՍՀՄ ընդհանուր տնտեսական շահերի եւ ծրագրերի կառուցել են մի շարք «տեղական բնույթի տնտեսական օբյեկտներ»:

 

Նույն տարում, ըստ պաշտոնական տեղեկատվության, ինքնասպանություն է գործում Աղասի Խանջյանը, սակայն մահվան իրական հանգամանքները քողարկվում են: Դա, ըստ էության, ՀԿ/բ/Կ Անդրկովկասի երկրային կոմիտեի քարտուղար Բերիայի ձեռքի գործն էր: Աղասի Խանջյանի, իսկ այնուհետ՝ Սահակ Տեր-Գաբրիելյանի «ինքնասպանությունները» առիթ են հանդիսանում բռնությունների նոր ալիք սկսելու համար: Դրանց զոհերն էին Եղիշե Չարենցը, Ակսել Բակունցը, Մկրտիչ Արմենը,  Վահրամ Ալազանը, Գուրգեն Մահարին, Վաղարշակ Նորենցը, Վահան Թոթովենցը եւ այլք:

 

3. Ի՞նչ պատճառաբանությունների ներքո էին քողարկվում բռնաճնշումները:

 

1936թ. Հայաստանում քաղաքական բռնությունների սաստակցմանը զարկ է տալիս օգոստոսին «Զարյա Վոստոկա»-ում տպագրված Բերիայի «Փոշիացնել, հողմացրիվ անել սոցիալիզմի թշնամիներին» վերնագրով հոդվածը, որտեղ Աղասի Խանջյանը եւ ուրիշներ մեղադրվում էին հակահեղափոխական գործունեության մեջ:

 

Հայաստանում շատ մարդանց գործերում կրկնվում էր միեւնույն մեղադրանքը «ՆԳԺԿ մարմինները Հայաստանում բացահայտել եւ վերացրել են հակահեղափոխական, աջ-տրոցկիստական, ազգայնական կազմակերպություն, որը նպատակադրվել էր խորհրդային իշխանության զինված տապալումը, Հայաստանի անջատումը Խորհրդային միությունից եւ, այսպես կոչված, «անկախ», ազգային, բուրժուական հայկական պետության ստեղծումը կապիտալիստական պետություններից մեկի հովանավորության տակ»:

 

Հայ մտավորականությանը հաճախ մեղադրում էին «ազգային թեքման» գործիչներ լինելու մեջ: «Ազգային թեքման» կողմնակիցները համարվում էին ինտերվենցիոնիստների հետ համագործակցող տարրեր, որոնց նպատակն էր ԽՍՀՄ մասնատումը եւ շահագործողական կարգերի վերականգնումը: Անկախությունը պահպանելու ձգտումը համարվում էր «ազգային թեքման» ամենացայտուն արտահայտումը:

 

Հոդվածում օգտագործվել են տեղեկություններ Վլադիմիր Ղազախեցյանի «1937-ը Հայաստանում» եւ Արմենակ Մանուկյանի «Քաղաքական կյանքը Հայաստանում 1920-1940 թթ.» գրքերից:

 

Անժելա Կժդրյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին