Պարզաբանում. Հայերը Երկրորդ աշխարհամարտում - Mediamax.am

exclusive
51042 դիտում

Պարզաբանում. Հայերը Երկրորդ աշխարհամարտում


Լուսանկարը` https://kananimahelona.files.wordpress.com


Պարզաբանում խորագրի հերթական հրապարակումը նվիրված է հայ ժողովրդի մասնակցությանը Հայրենական Մեծ պատերազմում:

 

1. Քանի՞ հայկական դիվիզիա կար խորհրդային զորքերի կազմում:

 

Պատերազմի սկզբում (1941թ. հունիսից 1942թ. հունվար) Սովետական Հայաստանում ձեւավորվեց ազգային 6 դիվիզիա: Առաջինը ռազմաճակատ մեկնեց 390-րդ դիվիզիան, որը 1942թ. մայիսին, մասնակցելով Կերչի պաշտպանությանը, գրեթե ամբողջությամբ ջախջախվեց, զոհվեց նաեւ նրա հրամանատար Սիմոն Զաքյանը:

 

Իր ուղին Բեռլինում ավարտած միակ հայկական զորամիավորումը 89-րդ Թամանյան դիվիզիան է, որն իր անունը ստացել էր Թաման թերակղզու համար մղվող մարտերում գործած սխրանքների համար:

 

Դեռեւս 1922թ. ձեւավորված 76-րդ հայկական հրաձգային դիվիզիան, որը հսկում էր հայ-թուրքական սահմանը, պատերազմը սկսվելուն պես նետվեց մարտի եւ հաջողություններ ունեցավ հատկապես Ստալինգրադի ճակատամարտում, իսկ 261-րդ հրաձգային դիվիզիան մնաց պաշտպանելու հայ-թուրքական սահմանը:

 

Մարտական փայլուն ուղի անցան նաեւ հայկական 408-րդ եւ 409-րդ դիվիզիաները: Վերջինս հաղթականորեն հասավ մինչեւ Չեխիա ու Ավստրիա:

 

2. Ովքե՞ր էին Սովետական Հայաստանի հերոսները:

 

Հայերը Խորհրդային Միության ժողովուրդների շարքում չորրորդն էին ռազմաօդային ուժերի, ռազմածովային նավատորմի գեներալների ու հրետանային զորքերի սպաների կազմում եւ վեցերորդը՝ ԽՍՀՄ հերոսների ցանկում: Խորհրդային Միության հերոսի կոչման արժանացավ 106 հայորդի, 80 հազարը պարգեւատրվեց մեդալներով եւ շքանշաններով:

 

Պատերազմի բոլոր ճակատներում ռազմական գործողությունների նախագծմանն ուղղակիորեն մասնակցում էր ավելի քան 60 հայ հրամանատար: Սովետական միության մարշալ Հովհաննես Բաղրամյանը, ավիացիայի մարշալ Արմենակ Խամփերյանցը, զրահատանկային զորքերի գլխավոր մարշալ Համազասպ Բաբաջանյանը, ԽՍՀՄ նավատորմի ծովակալ Հովհաննես Իսակովը սովետական բանակի ամենակարկառուն դեմքերից էին: Նելսոն Ստեփանյանը ԽՍՀՄ կրկնակի հերոսի կոչում ստացած 6 ռազմածովային օդաչուներից էր:

 

3. Ի՞նչ կորուստներ կրեցին հայերը պատերազմում:

 

1920թ. Հայաստանի բնակչությունը 700 հազար էր: Մինչեւ պատերազմի սկիզբը այն հասել էր 1,5 մլն-ի, սակայն շարունակում էր մնալ ամենափոքրը Խորհրդային Միության կազմում (ԽՍՀՄ բնակչության 1,1%-ը): Չնայած այս հանգամանքին՝ 1941-1945 թթ. սովետական բանակ զինակոչվեց շուրջ 500 հազար հայ, նրանցից յուրաքանչյուր երկրորդը ռազմաճակատից ետ չեկավ: Սովետական Հայաստանի հայերի կորուստները կարելի է համեմատել պատերազմում ամերիկյան կողմի կորուստների հետ` ավելի քան 300 հազար մարդ:

 

4. Ինչպե՞ս էր գործում Սփյուռքը հակաֆաշիստական ճամբարում:

 

Ֆաշիզմի դեմ պայքարում իր ներդրումն է ունեցել նաեւ Սփյուռքը. ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Սիրիայում, Լիբանանում, Իրաքում, Եգիպտոսում, Ռումինիայում, Կիպրոսում, Հորդանանում եւ այլ երկրներում ստեղծված հայկական կազմակերպությունները ռազմական օգնություն էին տրամադրում խորհրդային զորքերին:

 

1943թ. Էջմիածնում դրամահավաքի համընդհանուր կոչի արդյունքում ստեղծվեց «Սասունցի Դավիթ» տանկային շարասյունը, որը հիմնականում կազմավորվել էր սփյուռքահայերի ներդրումների հաշվին:

 

Ավելի քան 30 հազար հայ կռվում էր դաշնակիցների զորքերում, նրանցից 20 հազարը` ամերիկյան եւ կանադական ուժերի կազմում:

 

Հայերն աչքի ընկան նաեւ Ֆրանսիայի Դիմադրության շարժման ընթացքում, որի հիմնադիրներից մեկը Միսաք Մանուշյանն էր, որի մասին հիշում է Շառլ Ազնավուրը իր «Անցած օրեր» գրքում.

 

«Նախքան դիմադրության հերոս դառնալը Միսաք Մանուշյանը հայկական համայնքում հատկապես ճանաչված էր իր բանաստեղծություններով: 1944թ. Մանուշյանն ու իր խումբը ձերբակալվեցին Գեստապոյի կողմից: Միսաքի կինը` Մելինեն, խուճապահար թաքնվեց մեր տանը: Մենք անհանգիստ սպասում էինք լուրերի, դրանք վերջնականորեն վատը դուրս եկան, քանի որ այդ դիմադրականները, որոնց գերմանացիներն անվանում էին «ահաբեկիչներ», գնդակահարվեցին»:

 

Միսաք Մանուշյանը հետմահու ստացավ Ֆրանսիայի ազգային հերոսի կոչում:

 

5. Ինչո՞ւ էին հայերը կռվում նաեւ Գերմանիայի կողմից:

 

Գերմանական բանակը Երկրորդ աշխարհամարտի ընթացքում գերեվարված հայերից կազմավորում է Հայկական լեգիոնը: Այս տարիներին տեղեկություններ են պահպանվել Գարեգին Նժդեհի, Դրաստամատ Կանայանի եւ գերմանական կողմի համագործակցության մասին:

 

«Գերմանիայում հայերի ոչ արիական ծագման մասին պաշտոնական հարց հարուցվեց,- գրում է այդ շրջանում Բուլղարիայում գտնվող Գարեգին Նժդեհը: - Վերջապես, որպես հակահայկական սադրանքների արդյունք, Բեռլինում պաշտոնապես հայտարարվեց, թե հայերը վերջնականապես անցել են Գերմանիայի թշնամիների կողմը, ու եթե պարզվի, որ բոլոր հայերը հակագերմանական տրամադրություն ունեն, ապա գերմանական կառավարությունը հայերի նկատմամբ կկիրառի առավելագույնս խիստ միջոցներ: Գերմանիայի դեսպանն ու բուլղարական իշխանությունները խորհուրդ տվեցին որեւէ մեկին Բեռլին ուղարկել, որպեսզի նա տեղում անհրաժեշտ բացատրություններ տա եւ հայերին ազատի հրեաների ճակատագրին արժանանալուց: Բուլղարա-հայկական կոմիտեի եւ Սոֆիայի հայերի ցանկությամբ, ես մեկնեցի Բեռլին»:

 

Պատերազմական գործողությունների՝ հօգուտ ֆաշիստական ճամբարի ընթանալու դեպքում հայկական այս ուժերը մտադիր էին մտնել Երեւան` ապահովելու հայ ժողովրդի անվտանգությունն արեւմուտքից ներխուժող թուրքերի դեմ:

 

Պատրաստեց Անժելա Կժդրյանը

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին