Որբահավաք խմբերի ղեկավար Լեւոն Յոթնեղբայրյանի կյանքն ու պայքարը - Mediamax.am

exclusive
3678 դիտում

Որբահավաք խմբերի ղեկավար Լեւոն Յոթնեղբայրյանի կյանքն ու պայքարը


Լեւոն Յոթնեղբայրյանն ընտանիքի հետ Գազայում, 1935թ.
Լեւոն Յոթնեղբայրյանն ընտանիքի հետ Գազայում, 1935թ.

Լուսանկարը` Լեւոն Փարյանի արխիվից

Լեւոն Յոթնեղբայրյանը
Լեւոն Յոթնեղբայրյանը

Լուսանկարը` Լեւոն Փարյանի արխիվից

Լուսանկարը` Լեւոն Փարյանի արխիվից

Ամերիկացիների կողմից հովանավորվող որբանոցի սաները
Ամերիկացիների կողմից հովանավորվող որբանոցի սաները

Լուսանկարը` Լեւոն Փարյանի արխիվից

Եսայի Քերեշեքյանը եւ Խաչատուր Ոսկերիչյանը
Եսայի Քերեշեքյանը եւ Խաչատուր Ոսկերիչյանը

Լուսանկարը` Լեւոն Փարյանի արխիվից

Հայ գաղթականները, հետախուզական խմբի անդմաներն ու ֆրանսիացի ապաները Դերայում (1918 թ.)
Հայ գաղթականները, հետախուզական խմբի անդմաներն ու ֆրանսիացի ապաները Դերայում (1918 թ.)

Լուսանկարը` Լեւոն Փարյանի արխիվից

Լեւոնն ու Վարդուհին՝ պսակադարության օրը
Լեւոնն ու Վարդուհին՝ պսակադարության օրը

Լուսանկարը` Լեւոն Փարյանի արխիվից

Որբահավաք խմբի անդամները, նստած պատանին Լեւոնի եղբայր Տիգրանն է
Որբահավաք խմբի անդամները, նստած պատանին Լեւոնի եղբայր Տիգրանն է

Լուսանկարը` Լեւոն Փարյանի արխիվից

Որբերի խմբի հետ
Որբերի խմբի հետ

Լուսանկարը` Լեւոն Փարյանի արխիվից

Տիգրանը աջից երկրորդն է
Տիգրանը աջից երկրորդն է

Լուսանկարը` Լեւոն Փարյանի արխիվից

Վարդուհին, Լևոնն ու Տիգրանը
Վարդուհին, Լևոնն ու Տիգրանը

Լուսանկարը` Լեւոն Փարյանի արխիվից

Լուսանկարը` Լեւոն Փարյանի արխիվից

Որբերի հետ
Որբերի հետ

Լուսանկարը` Լեւոն Փարյանի արխիվից


Յոթնեղբայրյաններն Ուրֆայի հայտնի տոհմերից են: 18-րդ դարում Առաքել Դեյրմենջյանը Սասունից տեղափոխվել է Ուրֆա, ամուսնացել ու մնացել այնտեղ, ունեցել յոթ տղա եւ ստացել Յոթնեղբայրյան ազգանունը:

 

Հայոց պատմության մեջ այս ազգանունը հիշվում է հատկապես Ուրֆայի ինքնապաշտպանությունից, որի կազմակերպիչը Մկրտիչ Յոթնեղբայրյանն էր:

 

Սակայն նրա զարմիկ Լեւոնը ոչ պակաս կարեւոր ու հերոսական գործ է արել հայ ազգի համար: Հետախուզական փրկարար եւ որբահավաք խմբի ղեկավարի մասին գրելու ցանկությունս ու ոգեւորությունս էլ ավելի մեծացավ, երբ նրա թոռը՝ հայտնի լուսանկարիչ Լեւոն Փարյանը, պատասխանեց նամակիս ու պատրաստակամություն հայտնեց պատմել իր պապի մասին:

 

Լեւոն Յոթնեղբայրյանի հուշերը՝ «Անապատի ագռավներ»

 

Լեւոն Յոթնեղբայրյանի հայրը դերձակ է եղել, ինքն էլ ժառանգել է նրա մասնագիտությունը, կատարելագործվել Հալեպում եւ վերադարձել Ուրֆա` որպես Թերզի (դերձակ) Լեւոն:

 

Նա եղել է օսմանյան բանակի զինվոր, սակայն փախել է ծառայությունից, դարձել հետախուզական փրկարար եւ որբահավաք խմբերի ղեկավար, կազմակերպել ցեղասպանությունից տեղահանված հայերի տեղափոխումը դեպի Սիրիայի անվտանգ քաղաքներ: Ամուսնացել է Վարդուհի Արեգակյանի հետ եւ ունեցել երկու տղա եւ երեք աղջիկ: 1920-ին տեղափոխվել է Հայֆա, 1927-ին՝ Գազա, որտեղ էլ ապրել է մինչեւ կյանքի վերջը՝ 1970 թվականը:

Լեւոնն ու Վարդուհին՝ պսակադարության օրը Լեւոնն ու Վարդուհին՝ պսակադարության օրը

Լուսանկարը` Լեւոն Փարյանի արխիվից

«Նա հուշերը թելադրել է կնոջը՝ Վարդուհուն: Տատս դրանք երկու օրինակով գրել է հայերեն. մեկը տվել հորս, մյուսը՝ հորեղբորս՝ Գրիգորին: «Անապատի ագռավներ» գրքի անգլերեն թարգմանողը եղել է մայրս՝ Վիկտորյան: Գրքի գաղափարը եղել է հորինս՝ Բենիամինինը: Անգլերեն գրքի խմբագիրները ես ու կինս ենք՝ Մարոն: Նա շատ գործ է արել գրքի վերջնական տեսքն ունենալու հարցում, օգնել է կազմել քարտեզները եւ այն սուր աչքն էր, ով ըստ նկարների նույնականացնում էր մարդկանց»,-պատմում է Լեւոն Փարյանը:

 

Փախուստ օսմանյան բանակից

 

Լեւոն Յոթնեղբայրյանը 1908 թվականին զորակոչվում է օսմանյան բանակ. «Ես միշտ երազում էի զինվոր դառնալ: Սիրում էի հրացան կրել եւ ցանկանում օգտագործել այն իմ երկիրը պաշտպանելու համար»:

 

Որոշ ժամանակ անց թուրքերը հայ զինվորներին զինաթափում են: Ավելի քան մեկ ամիս նա ու մյուս հայերը դառնում են փողոց ավլողներ այն «թուրք զինվորների հետ, ովքեր ունեին տարբեր ֆիզիկական արատներ»:

 

«Թուրքերը արհամարհանքով էին նայում քրիստոնյաներին, բայց պապս հարազատ կապ է զգացել համաքաղաքացիների հետ: Օրինակ, նա պատմում էր, որ իր վերահսկիչը ուրֆացի մի քուրդ է եղել, որը նրան առաջարկել է աշխատել որպես ծառա ու հեռու մնալ հայերին սպասվող վտանգից»,-նշում է Փարյանը:

 

Որոշ ժամանակ անց Յոթնեղբայրանը քողարկվելով որպես քուրդ՝ փախչում է բանակից ու ճանապարհվում դեպի Ջեբել Դրուզ: Այստեղ նա հայ ընկերների հետ սկսում է զբաղվել առեւտրով: Սակայն աստիճանաբար ավելի ու ավելի են շատանում հայերին կոտորելու եւ տեղահանելու դեպքերը:

 

Արաբների աջակցությունը հայերին

 

Լուրեր են տարածվում, որ արաբներն ապստամբել են, իսկ առաջնորդներից Շարիֆ Հուսեյն Ալին եկել է Ջեբել Դրուզի մոտ մի փոքրիկ քաղաք:

 

«Սեւ Գրիգորը, Գեւորգ Գյուլյաղուբյանը եւ ես վճռեցինք տեղեկացնել Շարիֆ Ալիին հայերի վիճակի մասին եւ օգնություն խնդրել»:

 

Շարիֆ Հուսեյն իբն Ալին իր որդիների՝ արքայազն Աբդալլահի եւ Ֆեյսալի հետ անգլիացիների եւ ֆրանսիացիների աջակցությամբ սկսել էին ազատագրել իրենց հողերը: Շարիֆ Ալին խոստանում է օգնել հայերին:

Լուսանկարը` Լեւոն Փարյանի արխիվից

«Փրկվածներին ու որբերին անապատից ազատելուց բացի, ամենակարեւոր խնդիրը, որ լուծել էր պապս, այն էր, որ ապահովել էր նրանց պաշտպանությունն արաբական թագավորական ընտանիքի կողմից: Փաստաթուղթն ու հրամանագիրը, որը Շարիֆ Հուսեյնն ուղարկել էր իր որդիներին, պաշտպանում էր հայերին վտանգներից։ Այդ պատճառով է, որ արաբ ազգերի մեջ այդքան շատ հայեր են ապրում: Դրա մեջ պապիկիս ներդրումն էլ կա»,-ավելացնում է Լեւոն Փարյանը:

 

Առաջին հայկական հետախուզական փրկարար խումբը

 

1918-ի ապրիլի 16-ին Յոթնեղբայրյանն ու մի քանի այլ հայ երիտասարդներ ուղեւորվում են անապատ, գտնում ու հանդիպում Շարիֆ Հուսեյնին, ով առաջարկում է միասին պայքարել թուրքերի դեմ:

 

«Նրան բացատրեցինք մեր ծրագիրը, առաքելությունը, որն էր՝ հասնել Ալ-Աքաբա եւ այնտեղի հայկական համայնքներից աջակցություն փնտրել, որպեսզի շատ ավելի հայեր փրկենք թուրքերի կողմից շարունակվող կոտորածներից»:

 

Աքաբայում հանդիպում են մարաշցի Հովհաննես Քելեջյանին, որը Թաֆիլիայի հայերին փրկում ու Եգիպտոս էր տանում: Նա երիտասարդներին առաջարկում է օժանդակել հայ վերապրողներին, ինչին վերջիններս միանգամից համաձայնում են:

 

Եգիպտոսի Հայկական բարեգործական ընդհանուր միությունից եւ Հայ Ազգային Միությունից ստանում են համաձայնություն կոտորածներից վերապրողներին ու որբերին փրկելու առաքելության համար: Խմբի տղաները միաբերան որոշում են, որ գործի առաջնորդը լինելու է Յոթնեղբայրյանը:

Որբահավաք խմբի անդամները, նստած պատանին Լեւոնի եղբայր Տիգրանն է Որբահավաք խմբի անդամները, նստած պատանին Լեւոնի եղբայր Տիգրանն է

Լուսանկարը` Լեւոն Փարյանի արխիվից

Այսպես, 5 հայ երիտասարդ կազմում են առաջին Հայկական հետախուզական փրկարար խումբը՝ Լեւոն Յոթնեղբայրյան, Եսայի Քերեչեքյան, Թադեոս Ղարաքելյան, Հարություն Ղերայան, Փանոս Ղարաօղլանյան:

 

«Հայկական պատվիրակությունը եւ Շարիֆ Ֆեյսալը սպասում էին մեզ: Հագնելով դրուզի հագուստ եւ ստանալով ռազմամթերք եւ հինգ ուղտ, շարժվեցինք դեպի Աբու Լասան: Ծպտվել էինք որպես դրուզներ, որովհետեւ դրուզներն ազատ երթեւեկում էին Օսմանյան կայսրության տարածքում»:

 

Շարիֆ Ֆեյսալի կողմից տրված հրահանգի եւ լիազորագրերի շնորհիվ Յոթնեղբայրյանի խմբին տրվում է գնացքով տեղաշարժվելու իրավունք, որպեսզի բոլոր վերապրողներին հեռավոր վայրերից տեղափոխեն Դերա կամ Դամասկոս:

Հայ գաղթականները, հետախուզական խմբի անդմաներն ու ֆրանսիացի ապաները Դերայում (1918 թ.) Հայ գաղթականները, հետախուզական խմբի անդմաներն ու ֆրանսիացի ապաները Դերայում (1918 թ.)

Լուսանկարը` Լեւոն Փարյանի արխիվից

Հայկական պատվիրակությունն ամեն ջանք գործադրում է, որպեսզի բրիտանացիները խմբին գործելու թույլատրություն տան: ՀԲԸՄ-ից Պողոս Նուբար փաշան բրիտանացիներին երաշխավորում է, որ պատվիրակությունը կգործի խիստ գաղտնի:

 

Հայկական Հետախուզական առաջին խումբը ճանապարհ է ընկնում ու անապատներով սկսում փնտրել հայ փրկվածների եւ հավաքել նրանց:

 

«Իջանք ուղտերից ու ողջունեցինք մարդկանց ձեռքսեղմումներով ու ջերմ գրկախառնություններով: Շատերը երջանկությունից լաց էին լինում: Բոլորը երգում էին ազգային երգեր»:

 

Դժվարություններ հաղթահարելով՝ փրկել հայրենակիցներին

 

Բացի արաբներից, հայերին շատ լավ ընդունում են նաեւ դրուզները եւ օգնում ամեն ինչով:

 

«Գրքի հայերեն հրատարակության ժամանակ մենք գտանք Ալ Ատրաշ ընտանիքի դրուզ առաջնորդների նկարները եւ կապ հաստատեցինք նրանց թոռների հետ: Նրանք մեծ դեր են ունեցել պապիս եւ նրա մարդկանց թուրքական հարձակումներից պաշտպանելու գործում: Մենք ձգտում ենք արխիվներում փնտրել պապիս կողմից արաբական թագավորական ընտանիքին ուղարկված փաստաթղթերը: Պապիս պատմությունն այսքան հետաքրքիր դարձնողը նրա պահած պատմական փաստաթղթերն ու լուսանկարներն են: Նա գիտակցել է դրանց արժեքը եւ հնարավորինս կարողացել է պահպանել դրանք»,-պատմում է Փարյանը:

 

Անապատում հանդիպած դժվարություններից նրա թոռն առանձնացնում է դեպի Աքաբա փախուստը, որը հավասարազոր է եղել մահվան:

Լուսանկարը` Լեւոն Փարյանի արխիվից

«Այստեղ էր, որ ես հղացա գրքի վերնագիրը: Երբ նրանք նայում են բլրից այն կողմ եւ տեսնում անթիվ սեւ թռչունների, ենթադրում են, որ դրանք սատկել են ծարավից: Սկզբից մտածեցի վերնագրել «Անապատի սատկած ագռավները», սակայն կանգ առա «Անապատի ագռավները» տարբերակի վրա, որն ավելի շատ է գոյատեւման մասին խոսում: Թուրքերից եւ ավազակներից փախչելը նույնպես լուրջ վտանգներ էր ստեղծում խմբի համար: Չմոռանանք նաեւ, ինչպես է Լեւոնն ընկնում ավազե հորի մեջ ու մի կերպ դուրս պրծնում»,-նշում է նա:  

Որբերի հետ Որբերի հետ

Լուսանկարը` Լեւոն Փարյանի արխիվից

Յոթնեղբայրյանի խումբը շարունակում է գաղթականների հավաքագրումը, ՀԲԸՄ-ի եւ Հայ Ազգային Միության օգնությամբ հոգում սննդի հարցը, կարողանում հաղթահարել բռնկված համաճարակը:

 

«Իր առաքելությունն ավարտած լինելով՝ մեր խումբը ցրվեց: Ինձ առաջարկեցին Քադեմի հայկական հիվանդանոցի տնօրենի պաշտոնը»:

 

Որբահավաք խումբն ու մոտ 4000 փրկված կյանք

 

Ապա արքեպիսկոպոս Պետրոս Սարաջյանը Յոթնեղբայրյանին տեղեկացնում է թեմի որոշման մասին՝ Հաուրանի եւ Ջեբել Դրուզի հայ որբերը պետք է հավաքվեն:

 

«Ես, Կարապետ Գավաֆյանը, Եսայի Քերեչեքյանը, Հովհաննես Գավաֆյանը սկսեցինք մեր նոր առաքելությունը: Անցնելով անապատից անապատ, գյուղից գյուղ եւ տնից տուն՝ հավաքում էինք հայ որբերին եւ ուղարկում նրանց Դամասկոսի փախստականների ապաստարանները կամ որբանոցները»:

 

Շարիֆ Ֆեյսալը կրկին մեծագույն օգնություն է ցույց տալիս, արաբական թերթերում հրապարակվում է նրա հրամանը, ըստ որի, իրենց տներում հայ որբեր ունեցողները պարտավոր էին նրանց հանձնել որբահավաք խմբին:

 

«Սրտաճմլիկ էր տեսնել հայ որբերին, որոնք մոռացել էին հայոց լեզուն եւ նույնիսկ իրենց անունները: Նրանք արաբացել էին, հագնում էին գոմբազ եւ դարձել էին գրեթե անճանաչելի: Նրանց մանկուց սովորեցրել էին մուսուլմանների կրոնը: Մեզ հաջողվեց փրկել այդ որբերից շատերին»:

 

Չի բացառվում, որ այս ողջ ընթացքում Յոթնեղբայրյանը տեղահանվածների մեջ փնտրում էր նաեւ իր կորցրած ընտանիքին ու հարազատներին:

 

«Այս հարցին չեմ կարող վստահ պատասխանել: Նա ուրախ էր անապատում կորած որբերին գտնելու համար: Բայց ասում էր, որ արաբները մահից են փրկել որբերին, դարձրել ընտանիքի անդամ եւ ահա իրենք գնում եւ տանում են նրանց: Իր հուշերից տեսնում ենք, որ նա միշտ էլ կարծել է, որ ավելի շատ երեխաներ կարող էր փրկել: Նա մոտավորապես 4 000 մարդու է փրկել, բայց հստակ թիվ դժվար է ասել»,-նշում է Լեւոն Փարյանը:

 

Որբերից մեկն էլ Լեւոնի եղբայրն էր

 

«Այդքան շատ որբեր հավաքելուց եւ Դամասկոս բերելուց հետո, որքան արտասովոր էր, որ նրանցից մեկը իմ եղբայրը պիտի լիներ»:

 

Ուրֆայի տեղահանության ժամանակ Յոթնեղբայրյանի հորը բանտարկում են, ապա կախաղան բարձրացնում: Մայրը մանկահասակ երեխաների հետ բռնում է գաղթի ճամփան: Դեր Զորի ճանապարհին հանդիպում են արաբ զինվորների, ովքեր երեք հայ երեխայի, որոնց մեջ Լեւոնի եղբորը՝ Տիգրանին, փրկում են քարավանից: Երբ հեռանում են, Տիգրանը շրջվում է ու տեսնում, ինչպես է հայերի քարավանի վրա հարձակվում թուրքերի ու քրդերի ավազակախումբը:  

Տիգրանը աջից երկրորդն է Տիգրանը աջից երկրորդն է

Լուսանկարը` Լեւոն Փարյանի արխիվից

Տղային Համայում վերցնում է մի արաբ ընտանիք ու չորս տարի իրենց որդու նման խնամում: Մի օր երկու հայ Տիգրանին տեսնում են նրա արաբ «հոր» խանութում ու հասկանում, որ հայ է: Առաջարկում են նրան գնալ Հալեպի հայկական որբանոց:

Վարդուհին, Լևոնն ու Տիգրանը Վարդուհին, Լևոնն ու Տիգրանը

Լուսանկարը` Լեւոն Փարյանի արխիվից

Տիգրանը հրաժեշտ է տալիս իր նոր ընտանիքին ու հայերի հետ մեկնում Հալեպ: Որբանոց ժամանած իր հորաքրոջ որդուց՝ Գեւորգ Քալեմքերյանից իմանում է Լեւոնի մասին եւ նամակ գրում նրան:

 

«Գնացի Հալեպ եւ Տիգրանին բերեցի ինձ հետ ապրելու: Նա ինձ պատմեց մեր ընտանիքի ողբերգական փորձանքների մասին: Երկուսս էլ լաց եղանք, միեւնույն ժամանակ ուրախացանք, որ գոնե երկուսով ողջ ենք եւ վերջապես միասին»:

 

Լեւոն Փարյանը նշում է, որ Տիգրանի սերունդներն այսօր ապրում են Կանադայում:

 

Յոթնեղբայրյանը նախընտրել է լռել իր կատարած գործի մասին

 

«Իմ զարմիկներն ավելի շատ ժամանակ են անցկացրել պապիկիս հետ: Ես միայն 2 անգամ եմ հանդիպել նրան: Հիշում եմ նա արդեն կքել էր եւ ձեռնափայտով էր քայլում: Նա ասում էր. «Ես Լեւոն եւ դուն Լեւոն»»,-պատմում է Լեւոն Փարյանը:

 

Ըստ նրա՝ թեեւ պապը կարճահասակ է եղել, բայց ուժեղ առաջնորդ էր եւ գիտեր, թե ինչպես պետք է աներ իրեն հանձնարարված կարեւոր գործը:

Ամերիկացիների կողմից հովանավորվող որբանոցի սաները Ամերիկացիների կողմից հովանավորվող որբանոցի սաները

Լուսանկարը` Լեւոն Փարյանի արխիվից

«Զարմիկս պատմում է, որ նա չէր սիրում խոսել այդ օրերի մասին: Հայրս իր ընտանիքով ապրում էր ԱՄՆ-ում, իսկ զարմիկներս շատ փոքր են եղել եւ պապիկն այդ պատմությունները չի պատմել նրանց: Առհասարակ, նա չէր խոսում այդ ամենից, նախընտրում էր լռել»,-ավելացնում է նա:

 

Լեւոն Յոթնեղբայրյանը ողջ կյանքում կապված էր ու հարազատ էր զգում արաբներին:

Գազայում նա ապրել է հիմնականում արաբների մեջ, չնայած եղել են նաեւ քիչ թվով հայեր, հույներ եւ քրիստոնյա արաբներ, որոնք ընտանիքի լավ ընկերներն են եղել:

Որբերի խմբի հետ Որբերի խմբի հետ

Լուսանկարը` Լեւոն Փարյանի արխիվից

«Ես տեղյակ չեմ որբերի կամ իր խմբի անդամների հետ նրա հետագա կապից, բայց Կարապետ Գավաֆյանի թոռնուհին՝ Բեթի Բերբերյանը, իմ ընտանիքի մտերիմ ընկերն է: Երբ նկարվում էր iWitness նախագիծը, ես հանդիպեցի մի փրկվածի, ով ասաց, որ նշանված է եղել պապիկիս հետ: Նաեւ իմ լավ ընկեր եւ նկարիչ Գեւորգ Մուրադն է ասել, որ պապս է իր տատին փրկել անապատում»,-ավելացնում է Փարյանը:

 

Նա նշում է, որ աշխարհի տարբեր երկրներում կան բազմաթիվ Յոթնեղբարյաններ: Ազգանունը կրճատել ու Փարյան է դարձրել միայն ԱՄՆ տեղափոխված իրենց ընտանիքը:

 

«Փորձում ենք եթե ոչ ամեն տարի, գոնե երկու տարին մեկ այցելել Հայաստան: Այժմ ես գիրք եւ ցուցահանդես ունեմ Գլենդելի գրադարանում, որը կոչվում է «Կորուսյալ հիշողություններ»: Գիրքը շուտով հասանելի կլինի նաեւ առցանց: Իմ հաջորդ լուսանկարչական նախագիծը դեռեւս գաղափարի փուլում է, սակայն 3D տեսախցիկով մի բան եմ պատրաստելու: Ինչպես նաեւ աշխատում եմ վերապրածների նկարների գրքի վրա, որը ես վերցրել եմ 1990-ականներին iWitness նախագծից: Հույս ունենք, որ այս ցուցահանդեսը Երեւան կբերենք 2024 թվականին»,-ավելացնում է Լեւոն Փարյանը:

 

Մեր ազգի բեկորները կրկին պետք է ծաղկեին

 

«Բառացի մի քանի շաբաթ առաջ պարզեցինք անհայտ անձանցից մեկի ինքնությունը, ով եղել է փրկարար խմբի վստահելի անդամ:

Եսայի Քերեշեքյանը եւ Խաչատուր Ոսկերիչյանը Եսայի Քերեշեքյանը եւ Խաչատուր Ոսկերիչյանը

Լուսանկարը` Լեւոն Փարյանի արխիվից

Նրա անունը Խաչատուր Ոսկերիչյան է: Մենք ի սկզբանե նրան անվանել ենք «անհայտ ճանապարհորդ»: Նրա զարմուհին՝ Շողիկ Շահինյանը, ճանաչել է եւ մեզ պատմել մի զարմանալի պատմություն, որ իր հորից է լսել. «Երբ Գրիգոր Զոհրապին տանում էին դեպի մահապատիժ, թուրք զինվորների կերպարանքով ծպտված երկու ֆիդայի են մոտենում նրան եւ առաջարկում փրկել կյանքը։ Բոլորը գիտեն այս պատմությունը, սակայն չգիտեն, որ ֆիդայիններից մեկը Յոթնեղբարյանն էր, իսկ մյուսը՝ իմ հորեղբայր Խաչատուրը»,-ասել է նա»:

Լեւոն Յոթնեղբայրյանը Լեւոն Յոթնեղբայրյանը

Լուսանկարը` Լեւոն Փարյանի արխիվից

«Մենք պարտավոր էինք հավաքել կորած հայ որբերին, որ մեր ազգի բեկորները կրկին ծլեին ու ծաղկեին: Դեռ հազարավոր որբեր կային, որոնց մենք չհասանք: Նրանք արաբներ եւ մուսուլմաններ դարձան: Դա մեծ կորուստ էր մեր ազգի համար, որ արդեն թվով շատ նվազել էր բազմաթիվ կոտորածների պատճառով»,-Լեւոն Յոթնեղբայրյան:

 

Գոհար Նալբանդյան

 

Լուսանկարները Մեդիամաքսին տրամադրել է Լեւոն Փարյանը

 

Հոդվածում արվել են մեջբերումներ «Անապատի ագռավներ»-ը գրքի հայերեն տարբերակից

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին