Լեո. «Հայ մարդուն ինքնապաշտպանության համար միայն փամփուշտ չէ հարկավոր, այլ գիրք» - Mediamax.am

exclusive
5387 դիտում

Լեո. «Հայ մարդուն ինքնապաշտպանության համար միայն փամփուշտ չէ հարկավոր, այլ գիրք»



Լեոյի (Առաքել Բաբախանյան,1860-1932), «Հայոց պատմությունը», հարյուրավոր աշխատություններ, հոդվածներ կարդալիս՝ կենտրոնանում ենք բովանդակության վրա՝ չմտածելով, թե նյութական, առողջական ինչ խնդիրներ է ունեցել հեղինակը:

 

Լեոն, մասնավորապես, իր «Հայոց պատմության» վրա աշխատելիս, կանգնած էր աշխատանքը դադարեցնելու երկմտության առաջ, քանի որ առողջական խնդիրներին գումարված էր նաեւ «չոր հացի խնդիրը»:

 

1920 թ.-ին Լեոն  նամակներ է գրել Առաջին հանրապետության Հանրային կրթության եւ մշակույթի նախարար Գեւորգ Ղազարյանին: Նամակները տատիկիս՝ գրականագետ Արփիկ Ավետիսյանի արխիվում էին: Տատիկս մեքենագիր այս օրինակների տակ նշում է արել, որ  բնօրինակները Հայաստանի Ազգային արխիվում են:

 

Նամակները հրապարակելուց առաջ, բնական է, փորձեցի բնօրինակները գտնել Հայաստանի ազգային  արխիվում, սակայն այնտեղ  Լեոյի անձնական արխիվից ոչինչ չկար: Աշխատակցուհին խորհուրդ տվեց նամակները փնտրել N 207 ֆոնդում, «Հայաստանի Հանրապետության Հանրային կրթության եւ արվեստի մինիստրության» 1-ին ցուցակում: Հնարավոր էր՝ Լեոյի նամակը ՝ նախարարին, տեղ գտած լիներ այստեղ: Սակայն այս ֆոնդում եւս  նամակները չկային:

 

Նամակների բնօրինակները կարող էին լինել Չարենցի անվան գրականության եւ արվեստի թանգարանի (ԳԱԹ) ֆոնդում: Սակայն ԳԱԹ-ում Լեոյի ֆոնդը շատ համեստ էր. նամակների բնօրինակները չկային նաեւ այստեղ: Հնարավոր է՝ դրանք լինեն Մատենադարանի ֆոնդերում: Ամեն դեպքում, որոշեցինք հրապարակել նամակները՝ առանց բնօրինակների հետ համադրելու հնարավորության:

 

 

Լեոն, ունենալով առողջական եւ նյութական խնդիրներ, ստիպված էր պետությանն առաջարկել գնել իր չափազանց հարուստ գրադարանը: Ստացած գումարով հնարավորություն կունենար առանց ապրուստի այլ միջոցներ փնտրելու  շարունակել «Հայոց պատմություն»-ը:  Նախարարությունն առաջարկը մերժել էր:

 

«Ինձ կողմնակի կերպով ասացին, -գրում է Լեոն նախարարին,- թե առաջարկությունս չէ ընդունված: Այդ ինձ կուրախացներ, եթե առաջվա պես աշխատել կարողանայի: Իմ ցանկությունն է եղել, որ գերեզմանը բաժանե ինձ իմ գրքերից, իմ կյանքի անբաժան ընկերներից: Բայց այժմ այդպես չէ. ինձ ապրել է հարկավոր… Բայց ինձ համար անհնարին դժբախտություն  եւ տանջանք կլինի շուկա հանել եւ վաշխառուների ձեռքը տալ իմ գրական գանձը, որ 28 տարի կաթիլ-կաթիլ հավաքել եմ ամեն տեսակ զրկանքների միջոցով: Ես վստահություն ունեմ կարծելու, որ 60-ամյա հասակիս մեջ այնքան ծառայություն ունեմ հատուցած հայրենիքիս եւ հարազատ ժողովրդիս, որ Հայաստանի կառավարությունն անհրաժեշտ կհամարե իմ գրքերն ամբողջովին հավաքած պահել իր պետական գրադարանում, նույնիսկ առանձին պահարանի մեջ: Իմ գրքերի մեջ շատ կան ընծայաբերություններ մեր հայտնի ու սիրված հեղինակներից: Ինչպե՞ս ես շուկա հանեմ այդ նվիրական հիշատակությունները, որոնց տեղը կարող է լինել միմիայն Հայաստանի պետական մատենադարանը: Ես ունեմ շատ հազվագյուտ հրատարակություններ, օրինակ՝ Նալբանդյանի «Երկրագործությունը», Թաղիադյանի բոլոր գործերը, Կ.Պոլսի Ազգային ժողովի բոլոր ատենագրությունները՝ անթերի, եւ այլն, եւ այլն: Ինչպե՞ս ես այդ գործերը հրապարակ հանեմ, ճարպիկ սպեկուլյանտների ձեռքը տամ, ինքս խաբվեմ չարաչար, զրկվեմ, իսկ նրանց հարյուր հազարների օգուտ տամ: Այս կլինի ինձ համար մահ»:

 

Կառավարության կողմից վերջնականապես մերժում ստանալուց հետո, Լեոն գրոմ է հաջորդ նամակը.

 

«Չեմ կարող թաքցնել ձեզանից, որ այս փաստերից պակաս զորավորապես չէին ազդում վրաս եւ իմ սեփական հայացքները, մտորումները Հայաստանի, նրա թշվառությունների եւ մահվան տագնապի այս զարհուրելի շրջանում հացի չափ հարկավոր է եւ գիրքը,- ահա ինչ է ասում ինձ մեր ամբողջ պատմությունը: Բեուք-վեդիների (թրքաբնակ գյուղ-խմբ.) օղակներում հանապազ խեղդված ենք մենք, մեր փոքրոգության պատճառով քաղաքականորեն եղել ենք միշտ թույլ, արտադրել ենք միայն տանջանքներ, բայց նվիրագործել ենք մեր գոյությունը նրանով, որ բախտի բոլոր հարվածների տակ գիրք ենք պաշտել, արվեստ ենք պաշտել: Ուրիշ պարծանք չունի հայի հազարամյա կյանքը: Եվ ահա թվում էր, թե այժմ էլ մեռնող հայրենիքի համար ուրիշ փրկություն չկա: Հայ մարդուն ինքնապաշտպանության համար միայն փամփուշտ չէ հարկավոր, այլ գիրք: Հինգ տարի է՝ Հայաստանը անապատ է դարձվում, վայրենացվում է: Սոսկալի է այն, երկրում գիրք չմնաց: Դուք բաց եք անում միջնակարգ դպրոցներ, թատրոնական շինություններ եւ ժողովրդական համալսարաններ եք ծրագրում: Բայց այս սքանչելի հիմնարկությունները մեռած կմնան՝ առանց գրքերի:

 

Ես հին իդեալիստ եմ, եւ չնայած իմ հասակին՝ հափշտակվում եմ բաղձանքներով եւ տեսիլներով: Ինձ թվում էր, թե…Հայաստանն ուրախությամբ կտեսներ իր մեջ այն հազվագյուտ հարուստ գրադարանը, որ ես կազմել եմ քսանեւութ տարվա ջանքերով եւ որի վրա հենված՝ այսօր գրում եմ «Հայոց պատմություն» հազարավոր երեսներից (էջերից-խմբ.): Թվում էր ինձ, թե մայր Հայաստանը նույնիսկ պատիվ կանե բազմաշխատ որդուն՝ առանձին տեղ պահպանելու իմ գրադարանը…Քանի եւ քանի փաստեր եւ մտքեր, իղձեր ու ակնկալություններ եկան ինձ «խարբալելու» եւ Ձեր մերժման արժանացած իմ առաջարկությունն անելու: Երջանիկ կլինեի, եթե այդ մերժումն արպակված լիներ մի մասնաժողովի ձեռքով, իմ առաջարկությունը քննելուց հետո, գային, տեսնեին, քննեին՝ արդյոք շա՞տ կարելի է այսպիսի գրադարաններ գտնել, արդյոք ձեռնտու՞ է գնալ նրան, արդյոք վնա՞ս չէ, որ Հայաստանի լուսավորության գործը զրկվի այսպիսի հիմնարկությունից: Դուք գրում եք, թե համարձակություն չունեիք Պառլամենտից 400 հազար ռուբլի (այժմյան ռուբլի-կոպեկ) վարկ խնդրել իմ գրադարանը գնելու համար: Շատ ափսոս. դրանով Հայաստանն է զրկվում: Զրկվում է ոչ միայն ընտիր, հազվագյուտ գրադարանից, այլեւ հարյուրավոր վավերագրերից, պատմական նամակներից: Հայոց հարցի պատմության նյութեր կան իմ գրադարանում, որոնք արտագրություններ են հազվագյուտ հրատարակությունների եւ 6000 երես են կազմում:

 

Ես անկեղծորեն ուրախացա, որ Դուք մտադիր եք հայ գրողներին գեթ չոր հացով ապահովել: Հայ գրողն այնքան կորած ու տանջված է, որ այս նպաստն էլ նրա համար գնահատելի կլինի: Սակայն իմ վերաբերմամբ պիտի ասեմ, որ չոր հացի հարցը չէ միայն ինձ զբաղեցնում: Վզիս ունեմ մի մեծ ցավ՝ իմ հսկայական աշխատությունը, իմ «Հայոց պատմությունը»: Ես պարտք եմ համարում հայտնել Ձեզ, հանրային կրթության նախարարիդ, որ այդ աշխատությունը ներկայումս գտնվում է այսպիսի դրության մեջ: Երկրորդ հատորը պարունակում է 1100  երես, երրորդը՝ 1400  (ինչպես ներկա թերթը, տողերի նույն քանակությամբ): Երկրորդ հատորը հասցրել եմ մինչեւ Բագրատունյաց անկումը, պետք է գրել Ռուբինյանների ժամանակը: Երրորդ հատորը հասցված է Եկատերինայի եւ Պոտեմկինի ժամանակները, պետք է պատմությունը տանել մինչեւ Երեւանի գրավումը՝ 1827-ին: Բացի սրանից, ունեմ հայոց հարցի շատ մանրամասն պատմությունը՝ 6000 երես, որ կարող է չորրորդ հատորի կեսը դառնալ: Պատմությունը տպված է մինչեւ Սասունի կոտորածը՝ 1894 թ.: Եվ այսպես, նյութերի մի ամբողջ ծով, իսկ մեն-մենակ նրա մեջ՝ կուրության վերջին աստիճանին հասած, սկլզերոզից տառապող սրտով: Երկու անգամ փորձ արի Հայաստանի կառավարության օգնությունը հաջողացնելու համար: Ամառն առաջարկեցի դասագրքերի համար նշանակված 500 հազար ռուբլի գումարից տալ ինձ 100 հազար, որի փոխարեն խոստանում էի գրել մի «Հայոց պատմություն» միջնակարգ դպրոցների համար, ծավալով մինչեւ 800 երես, իմ առաջին հատորի դիրքով: Ավելի չնչին վարձատրություն չէր էլ կարելի երեւակայել: Գրաշարներն անգամ չեն համաձայնվի այդ գնով (125 ռ.) շարել մի երեսը: Առաջարկությունս մերժվեց: Եվ այսօր ստեղծվել է այսպիսի մի դրություն: Վրաց կառավարությունը գիմնազիաների հայ աշակերտների համար պարտադիր է դարձրել հայոց պատմությունը, բայց դասագիրք չկա, եւ դասատուները շարունակ ինձ են դիմում՝ խնդրելով մի ճար անել: Բանը երեւի կհասնի այն դրության, որ, ինչպես մի ժամանակ Շուշա թեմական դպրոցում, հայոց պատմության դասերի թիվը կկրճատվի, որովհետեւ ավանդելիք նյութ չկա: Խեղճ հայոց պատմություն…

 

Երկրորդ առաջարկությունս գրադարանիս մասին էր, որ նույնպես մերժվեց: Հազիվ թե, կարծում եմ, գտնվի ուրիշ մեկը, որ ինձպես լինի մերժումներ ստանալու կողմից:

 

Այս առաջարկությունները ես արել եմ բացառապես իմ գլխավոր աշխատությունս առաջ տանելու հնարավորություն գտնելու համար: Եվ որովհետեւ այսուհետեւ այլեւս ոչինչ չունեմ առաջարկելու, թեկուզ հենց մերժում ստանալու անակնկալությամբ, ուստի մնում է փակել իմ հատորները, վաճառքի հանել իմ նյութերի ժողովածուն եւ ապագա սերունդներին թողնել իմ կիսատ հատորները՝ բացատրելով ամեն մեկին կցած հիշատակարանի մեջ, թե ինչից է այդ աղետը: Նորից ներողություն խնդրելով, որ անգիտությամբ դիմում եմ արել գրադարանիս մասին, ներողամտություն եմ խնդրում եւ ներկա դրության համար, որ դարձյալ պիտի խլե Ձեր ուշադրությունը Ձեր բազմապիսի զբաղմունքների մեջ»:

 

Հ.Գ. Լեոյի անձնական գրադարանը Թիֆլիսից Երեւան` Ազգային գրադարան է տեղափոխվել 1940 թվականին: Հավաքածուն պարունակում է 6372 միավոր գրականություն՝ գրքեր, ամսագրեր, քարտեզներ: Հավաքածուի 53 միավոր գիրք հնատիպ է, 284 միավորը` հազվադեպ հանդիպող գրականություն:

 

Լիլիթ Ավագյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին