Դերենիկ Դեմիրճյանի Գայանե-Գարունը, Մարիա Միխայլովնան եւ Վիգենները - Mediamax.am

exclusive
6853 դիտում

Դերենիկ Դեմիրճյանի Գայանե-Գարունը, Մարիա Միխայլովնան եւ Վիգենները


Դերենիկ Դեմիրճյանի ջութակը
Դերենիկ Դեմիրճյանի ջութակը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Դերենիկ Դեմիրճյանը
Դերենիկ Դեմիրճյանը
Գայանե Ավետիսյանը
Գայանե Ավետիսյանը

Լուսանկարը` Դ. Դեմիրճյանի տուն-թանգարանի արխիվից

Վիգեն Դեմիրճյանը
Վիգեն Դեմիրճյանը

Լուսանկարը` Դ. Դեմիրճյանի տուն-թանգարանի արխիվից


Փետրվարի 18-ն է, Դերենիկ Դեմիրճյանի ծննդյան օրը:

 

Կցանկանա՞ր գրողը, որ իր նամակներն, անձնական կյանքը լինեն նույնքան հայտնի, որքան իր ստեղծագործությունները:

 

Արվեստի, գիտության, քաղաքականության ,պատմական դեմքերի անձնական կյանքը հնարավորինս ուսումնասիրված է: Իսկ եթե ժամանակի ընթացքում բացահայտվում են անձնական կյանքի նոր դրվագներ, անմիջապես հանրայնացվում են:

 

Նման մի պատմություն կա նաեւ Դերենիկ Դեմիրճյանի կյանքում: Անձնական, չափազանց անձնական պատմություն: Դեմիրճյանի սիրելի կանանցից մեկն իր հիշողություններն է վստահել տատիկիս՝ գրականագետ Արփիկ Ավետիսյանին` ինչպես է Վարպետը իր հետ ծանոթացել եւ, որ ամենակարեւորն է, ի՞նչ նպատակով:  Այս հուշերը շատ տարիներ առաջ կրճատումներով հրապարակել եմ մամուլում:

 

Պատմությունը չափազանց հետաքրքիր է եւ արժանի վերահրատարակման:

 

Մարիամ Կանայանը եւ Մարիա Իվանովան

 

Դերենիկ Դեմիրճյանի անձնական կյանքը չափազանց բարդ էր. նրա առաջին կինը Մարիամ Կանայանն էր՝ Դրաստամատ Կանայանի քույրը: Ունեին երկու զավակ՝ Արտաշեսը, որը մահացել է երկու տարեկանում, եւ Վիգենը, որն ապրել է  60  տարի:  

 

Վիգենն ի ծնե առողջական խնդիրներ ուներ, զարգացման հապաղում: Մարիամ Կանայանը երիտասարդ տարիքում է մահացել. Դեմիրճյանը մնացել է հիվանդ երեխայի հետ: Կնոջ մահից մի քանի տարի անց Դեմիրճյանն ամուսնացել է երկրորդ անգամ, ռուս Մարիա Իվանովայի հետ: Մինչ Դեմիրճյանին հանդիպելը` տիկին Մարիան արդեն ամուսնացած էր եւ որդի ուներ, սակայն որդուն թողնելով ամուսնու մոտ` սկսել է ապրել Դեմիրճյանի հետ:

Դերենիկ Դեմիրճյանը Դերենիկ Դեմիրճյանը

 

Վիգենի հիվանդությունը հանգիստ չէր տալիս Դեմիրճյանին. նա անպայման ուզում էր առողջ երեխա ունենալ, սակայն երկրորդ կինը հրաժարվում է Դեմիրճյանից երեխա ունենալ՝ մտահոգությամբ, թե դա ռիսկային քայլ է, մեծ է հավանականությունը, որ երեխան դարձյալ առողջական խնդիրներ կունենա:

 

Բայց կինը նաեւ դեմ չէր, եթե Դեմրճյանը երեխա ունենար այլ կնոջից:

 

Երեքն էլ՝ Վիգեն

 

Եվ այստեղ, ահա, ծանոթանում ենք Գայանե Ավետիսյանի (1908-1986) հետ: Նա եւս,  ամուսնացած էր եղել, որդի ուներ: Ամուսինը զոհվել էր 1941-ին, Երկրորդ Աշխարհամարտի ժամանակ:

 

Դերենիկ Դեմիրճյանի եւ Գայանե Ավետիսյանի կապից 1943 թ.-ին ծնվում է նրանց որդին, որին նորից տալիս են Վիգեն անունը:

 

Իսկ ինչու՞ նորից Վիգեն: Այսպիսի պատմություն կա. Ավետիք Իսահակյանը, Լեւոն Շանթն ու Դերենիկ Դեմիրճյանը որոշել են որդի ունենալու դեպքում անվանել Վիգեն` ի պատիվ Անիի իշխաններից մեկի: Երեքն էլ ունեցան արու զավակ: Երեքն էլ՝ Վիգեն:

 

Վիգեն Դեմիրճյանը մահացավ 2013-ին: Հենց նա էլ իր մոր` Գայանե Ավետիսյանի լուսանկարները փոխանցել է Դեմիրճյանի տուն-թանգարանին: Շնորհակալություն թանգարանի տնօրեն Կարինե Ռաֆայելյանին՝ դրանք մեզ փոխանցելու համար:

 

Ո՞վ էր Գայանե Ավետիսյանը, որին Դեմիրճյանը վստահեց իր որդու մոր դերը:

 

Սունդուկյանի անվան թատրոնի դերասանուհի: Նա տատիկիս հետ նույն միջավայրից էր, նրան է վստահել իր պատմությունը: Ստորեւ կրճատումներով հրապարակում ենք նրա հուշերը Վարպետի մասին:  

 

***

 

Իմ հուշերը՝ կապված դրանատուրգ Դերենիկ Կարապետի Դեմիրճյանի հետ

 

Ես փոքր հասակից զրկվել եմ հարազատ հորից, եւ խնամքս տարել է իմ մեծ եղբայր Մաթեւոս Հարությունի Ավետիսյանը, որն ավարտել է Էջմիածնի ճեմարանը: Նրա ուսուցիչն է եղել Մեծ Կոմիտասը, եւ հենց դա էր պատճառը, որ ես մանուկ հասակից սիրել եմ արվեստը, երգն ու երաժշտությունը: Մեզ մոտ էին հավաքվում երաժիշտներ Ռոմանոս Մելիքյանը, Արմեն Տիգրանյանը, Շարա Տալյանը, որոնք մեր տանը կատարում էին «Անուշ» օպերայի փորձերը: Եղբայրս ջութակ էր նվագում, հաճախ էր լինում անգլիական մանկատանը (ներկայիս Թումանյան փողոցում, անցյալում` Դոկտորսկայա 20): Մանկատունը մեր տան դիմաց էր, որի սաները բեմադրում էին ներկայացումներ, գլխավոր դերերում խաղում էին մանկատան սաներ Պարոնիկյան Մայրանուշը (Թութուշ), այժմ` ՀՍՍՀ վաստակավոր դերասանուհի: Ես էլ մինչ դպրոցն ավարտելը մասնակցում էի թատերական խմբակներում (ինքնագործ):

 

Դպրոցն ավարտելուց հետո ինձ ձգում էր արվեստը, եւ ես ընդունվեցի Վավիկ Վարդանյանի թատերական ստուդիա: Արվեստի վարչությունն ինձ մեկ տարով ուղարկեց Նոր Բայազետի թատրոն` աշխատանքի: 1936–37 թթ., Նոր Բայազետի թատրոնում աշխատելուց հետո, ընդունվեցի Գ. Սունդուկյանի անվան թատրոն: 1941 թ. մեկնեցինք Մոսկվա` հայկական արվեստի տասնօրյակին մասնակցելու, որտեղ եւ լսեցինք՝ սկսվել է Հայրենական մեծ պատերազմը: Արդեն ավարտել էինք մեր 10-օրյակը: Ահավոր խառնաշփոթ էր: Ես առաջին անգամ էի Մոսկվայում, եւ հանկարծ պատերազմ, այն էլ ինչպիսի` անսպասելի պատերազմ: Այդ ժամանակ ինձ մոտեցավ Դերենիկ Դեմիրճյանը՝ Վարպետը, օգնեց ճամպրուկներս դնել գնացքում եւ ասաց.

 

«Դուք գնացեք, իսկ մենք կգանք մյուս գնացքով»:

 

Այդ պահին նա իր գրպանից հանեց մի փոքրիկ բլոկնոտ եւ խնդրեց, որ հայտնեմ իմ հասցեն՝ իբր ցանկանում էր հեռագրել հարազատներիս, որ գան ինձ դիմավորելու: Իսկապես այդ էր պատճառը, թե մեկ ուրիշ բան, չգիտեի: Երբ մենք հասանք տեղ, աննկարագրելի էր՝ ինչ էր կատարվում կայարանում. լաց ու ողբ, բոլոր ապրանքատար եւ մարդատար գնացքները լիքն էին ռազմաճակատ մեկնող երիտասարդներով: Փողոցները դարձել էին ամայի, պակասել էին տղամարդիկ: Չորս կողմը գոռում-գոչյուն էր: Այդպես էլ ինձ ոչ ոք չդիմավորեց, եւ մենք ընկերներով ամենքս գնացինք մեր տները:

Գայանե Ավետիսյանը Գայանե Ավետիսյանը

Լուսանկարը` Դ. Դեմիրճյանի տուն-թանգարանի արխիվից

Ես գնում էի փորձի: Մի քանի օրից հետո տուն եկա, եւ մայրս ասաց, որ մի շատ պատկառելի մարդ եկել ու ինձ է հարցրել ու նկարագրեց նրա արտաքինը: Ես անմիջապես կռահեցի, որ դա ինքը` Վարպետն է եղել: Մայրս ասաց, որ նրան հետաքրքրել է, թե արդյո՞ք շատ եմ հուզվել, եւ հայտնել, որ շուտով հաղթանակ կլինի, մերոնք շուտ կվերադառնան: Միայն խնդրել է հայտնել ինձ, որ ես հաջորդ օրը փորձից հետո լինեմ տանը: Մենք բեմադրում էինք «Երկիր հայրենին», եւ Վարպետը միշտ լինում էր մեր փորձերին: Մեկ անգամ, փորձից հետո, ինձ մոտեցավ Դեմիրճյանը եւ հարցրեց անունս: Պատասխանեցի, որ իմ անունը Գայանե է, բայց իմ հարազատներն ինձ «Գարուն» են ասում: Նա ասաց, որ իմ անունը լավն է, որ ինքը շատ է սիրել այդ անունը եւ այդ անվան հետ շատ հուշեր ունի կապված, որ ես էլ այդ անվան տիրոջը շատ եմ նման: Ես, իհարկե, ոչինչ չկռահեցի: Երկար տարիներ անց, ուրիշի միջոցով, իմացա, որ Դեմիրճյանի առաջին կինը եղել է իր աշակերտուհին եւ անունն էլ եղել է Մարիամ: Այնժամ ես ամեն ինչ հասկացա: Նա փորձերի ժամանակ միշտ սեւ բերետ էր կրում, բայց մի քանի ամիս հետո փորձերին մասնակցում էր առանց բերետի, եւ աղջիկները (Դորա Այարտյանը, Բելա Իսահակյանը, Ժենին եւ այլն) կատակով ասում էին. «Գայանեն Վարպետին ջերմացրել է, ըստ երեւույթին. նա էլ բերետ չի հագնում»: Եվ ոչ մի հետին միտք: Վարպետն իր վարքագծով եւ վարվելաձեւով այնպես կարողացավ ինձ իր հետ կապել, որ ես մեծ բավականությամբ զրուցում էի նրա հետ: Մի անգամ, փորձից հետո, նա առաջարկեց ինձ իր հետ գնալ իր տունը` Աբովյան փողոց. քանի որ ես երաժշտություն շատ էի սիրում, նա խոստացավ ինձ համար ջութակ նվագել:

 

Բայց ես փորձից հետո մյուս մուտքով գաղտնի հեռացա թատրոնից, որպեսզի նա ինձ չտեսներ եւ իր տունը չտաներ, քանի որ նրա տանը հիվանդ տղա կար` իր տղան` Վիգեն անունով: Ճիշտն ասած, ես վախենում էի, որ կգնամ ու կտեսնեմ նրան: Հաջորդ օրը Վարպետը, մինչեւ փորձի վերջանալը, հարցրեց, թե ինչո՞ւ եմ ես խուսափել իր տունը գնալուց. ինչպե՞ս էր նա այդ կռահել, չգիտեմ: Նա թատրոնից դուրս ինձ Գարուն էր անվանում (իր «Գարուն» ժողովածուն էլ նվիրել է ինձ ու գրել` «Հեղինակից՝ Գարունին») եւ շատ էր ցանկանում ինձ հարազատ լինել եւ ասաց.

 

– Գարո՛ւն, դու վախեցար իմ որդուց, նա տանը չէ, մեկ օր մնալու է քրոջս մոտ:

 

Ես համաձայնվեցի եւ գնացի նրա հետ իր տուն: Ներս մտնելուն պես, իր սովորության համաձայն, նա լվացվեց, ինձ առաջարկեց եւս լվացվել, որից հետո անցանք իր առանձնասենյակը: Նա վերցրեց ջութակը եւ ասաց. «Դուք գնացեք ճաշասենյակ եւ այնտեղից ավելի լավ կլսեք իմ նվագը»: Ես գնացի, եւ նա սկսեց նվագել «Ալմաստ» օպերայից Աշուղի արիան: Ես այդ պահին կարծես վերացել էի աշխարհից, ուղղակի հրաշք էր, եւ ես ցանկացա դռան ճեղքից նայել ու համոզվել` իրո՞ք նա էր նվագում, եթե այո, ինչու՞ ինձ ասաց` գնացեք ճաշասենյակ: Եվ ես համոզվեցի, որ իսկապես ինքն էր նվագում, բայց ինչպիսի՜ դեմքի միմիկա ուներ, հնարավոր չէ նկարագրել: Ես անմիջապես հեռացա դռնից, որպեսզի այդ տպավորությունը միշտ մնա ինձ համար` որպես մի գեղեցիկ հուշ:

Դերենիկ Դեմիրճյանի ջութակը Դերենիկ Դեմիրճյանի ջութակը

Լուսանկարը` Մեդիամաքս

Ես ցանկանում եմ գրել նրա բնավորության որոշ գծերի մասին: Նա միշտ, երբ գալիս էր մեր տուն, առաջին հերթին հետաքրքրվում էր մեծ որդուս ուսման գործերով, նոր միայն զբաղվում փոքրիկ Վիգենով (արդեն ծնվել էր Գայանեի եւ Վարպետի երեխան՝ կրտսեր Վիգենը-խմբ.): Մայրս փոքրիկ Վիգենին սովորեցրել էր խավիծ ուտել. մի «պոչով» աման ունեինք, որով կերակրում էինք նրան: Դեմիրճյանն ասում էր. «Գնա տատիկին ասա՝ քո պոչով ամանով քեզ խավիծ ուտացնի», իսկ ինքը զբաղվում էր մեծ տղայիս` Ռադիկի դաստիարակմամբ, որը 11 տարեկան էր: Հայրը զոհվել էր 1941 թ. դեկտեմբերին, Կերչում: Դեմիրճյանը մեր ընտանիքում իրեն այնպես հարազատորեն էր դրսեւորել, որ տղաս հոր բացակայությունը չէր զգում: Իսկ եթե մի օր չէր գալիս, անմիջապես տղաս հարցնում էր. «Մամա, ինչու՞ Դերենիկ քեռին չեկավ»:

 

Վարպետը հաճախ ասում էր ինձ ու մայրիկիս. «Լավին` լավով, վատին` վատով պատասխանելն առեւտուր է: Աշխատեք վատությունը լավով հատուցել, որպեսզի նրա հոգեբանության վրա ազդեք»: Մի անգամ ավագ որդուս բերանում թուղթ նկատեցի եւ ասացի, որ հանի բերանից, նա պատասխանեց. «Ապա ինչպե՞ս է մեծ Վիգենը միշտ թուղթ ուտում» : Այն ժամանակ ներս մտավ Վարպետը եւ անմիջապես ինձ ասաց, որ ես իրենց մենակ թողնեմ (նախասենյակում նա լսել էր մեր խոսակցությունը): Նրա գնալուց հետո տղաս պատմեց, որ Վարպետը նրան հարցրել է. «Այդ թուղթը, որ դրել էիր բերանդ, ի՞նչ էիր զգում` գրա՞ծ թուղթ էր, թե՞ մաքուր»: Եվ որպեսզի տղաս դուրս գա այդ վիճակից, պատասխանում է, որ թուղթը գրած էր ու շատ համով: Հաջորդ օրը Վարպետը նորից հետաքրքրվեց, թե Ռադիկը նորի՞ց է թուղթ ուտում: Ասացի, որ դա ուղղակի պատահականություն էր, որ ես նրա բերանում մի փոքր թղթի կտոր էի նկատել եւ բարկացել վրան: Մեծ Վիգենին մի անգամ բերեց մեզ մոտ. առաջին անգամ էր: Նա ցանկանում էր, որ մեր աչքն էլ սովորի: Երբ ես թատրոնից եկա տուն, մայրս ինձ զգուշացրեց, որ Վարպետն ու տղան մեր տանն են: Երբ ես ներս մտա, մեծ Վիգենը ժպտալով սկսեց դիվանի վրա թռչկոտել: Ես մի պահ վատ զգացի: Հենց որ Դեմիրճյանն ասաց. «Վիգե՛ն, չի կարելի», նա անմիջապես թողեց: Եվ նա զգաց, որ մեզ համար, հատկապես փոքր Վիգենի համար, դժվար է նրա հետ միասին լինելը:

Լուսանկարը` Մեդիամաքս

Մի անգամ ասացի, որ երեխաները կոշիկ չունեն, մրսում են (պատերազմի տարիներն էին), Վարպետը խորհուրդ տվեց կոշիկների մեջ եւ մեջքին թերթեր դնել. տաք կպահի: Ես կատարեցի նրա խորհուրդը, եւ, իսկապես որ, դա շատ էր օգնում: Նա պատմեց, որ իր տուն մի ուսանող է գնացել եւ ապշած տնտղել է բնակարանը՝ փոխանակ իրեն նայելու. ուսանողն ուղղակի զարմացել է, որ Վարպետի բնակարանը եղել է շատ համեստ կահավորված: Դեմիրճյանն այդ ուսանողին ասել է. «Հարգելի՛ ուսանող, եթե Դուք եկել եք՝ ինձ հետ զրուցելու, ապա խոսեք ինձ հետ, իսկ եթե Ձեզ իմ տան կահ-կարասին է հետաքրքրում, գնացեք ունիվերմագ եւ տեսեք՝ այնտեղ ինչ կահ-կարասի կա»: Նա, առհասարակ, շատ համեստ մարդ էր եւ նման բաներին երբեք ուշադրություն չէր դարձնում եւ միշտ ասում էր. «Աշխատիր խոհանոցդ հարուստ լինի» (սննդի տեսակետից): Մեկ անգամ Վարպետը ջութակով եկավ մեզ մոտ եւ սկսեց նվագել՝ առանց նոտաների: Եղբայրս, որ նույնպես ջութակ էր նվագում, ուղղակի շատ գովեց եւ հիացավ նրա հիշողության վրա: Նա դարձյալ նվագեց մյուս սենյակում, իսկ մենք լսում էինք ճաշասենյակից: Մայրս ծեսերին միշտ յուղոտ փլավներ էր պատրաստում, իսկ որպեսզի մայրս չնեղանար, Վարպետն ասում էր. «Շատ զգույշ իմ ափսեն փոխիր եւ առանց յուղի փլավ տուր. յուղը վտանգավոր է»:

Լուսանկարը` Մեդիամաքս

1943 թ. ահավոր վիճակի մեջ էինք, քաղցած, չգիտեի՝ ինչ անել, մանավանդ փոքրիկ Վիգենը երեք ամսական էր. ամեն ինչ վաճառում էինք, որպեսզի մեր գոյությունը պաշտպանենք (այդ մասին Վարպետը գրել էր իր նամակներից մեկում, որը հանձնել եմ Արվեստի եւ գրականության թանգարանին. «Եկա, երեխաներին տեսա, շատ էին նիհարել, եւ քո իրերը վաճառել են լոմբարդում (հարեւան Ռոզան ասաց այդ մասին): Ինչո՞ւ ես ինձնից պահել»):

 

Ես չէի ուզում, որ Վարպետը հուզվեր մեր վատ ապրելու կապակցությամբ: Եղբորս տղան էլ մեզ մոտ էր, մայր չուներ, հայրն էլ ռազմաճակատում էր: Մյուս օրը Վարպետը շատ ուրախ տրամադրությամբ եկավ եւ ինձ ասաց. «Թո՛ղ թատրոնը, որ երեխաները եւ դուք սովամահ չլինեք: Ես խոսել եմ Սննդառ-միության նախագահ ընկ. Ներսիսյանի հետ (1943 թ.), որ դուք գնաք «Կարմիր հացագործում» աշխատեք, իսկ նրա տղան էլ պետք է գա ինձ մոտ եւ ջութակի դասեր ստանա»: Ես մեծ դժվարությամբ թողեցի բեմը եւ գնացի «Կարմիր հացագործ»՝ աշխատելու. կատարում էի ամեն տեսակի աշխատանք (հաց մաքրել, աման լվանալ), որպեսզի մեր գոյությունը պաշտպանեինք, իսկ եթե հանկարծ սպիտակ հաց էր ձեռքս ընկնում, պահում էի Վարպետի համար, որը երբեմն գալիս էր ինձ մոտ:

 

Եվ այսպես մեր կյանքը կանոնավորվեց: Վարպետը միշտ ասում էր, որ երբ փոքր Վիգենը դառնա տասը տարեկան, ծննդյան օրվա թամադան ինքն է լինելու (եւ, իրոք, ամեն տարի հունվարի 5-ին կատարում էր ծննդյան օրը): Երբ Վիգենի տասը տարին լրացավ, առավոտյան նա երեխաների հետ անցկացրեց, իսկ երեկոյան արդեն հավաքվել էին բավական մարդիկ, եւ Վարպետը վերցրեց բաժակը ու խմեց Վիգենի ծննդյան առթիվ եւ ասաց. «Իմ իղձը կատարվեց, ես տոնեցի Վիգենի տասնամյակը» (մինչեւ 14 տարեկան տեսավ Վիգենին): Բոլորը խմեցին մեծ ուրախությամբ եւ սեղանակիցներից մեկն ասաց. «Հարգելի Դեմիրճյան, մաղթում եմ, որ նրա հարսանյաց թամադան էլ լինեք»: Վարպետն ասաց. «Դեռ մի՛ խմեք, քիչ ինձ լսեք: Մի լոռեցի մի ագռավ ձեռքին՝ գնում է: Մի գյուղացի նրան ասում է. «Այդ ագռավը ի՞նչ է, որ տանում ես, էլ ուրիշ լավ թռչուն չկա՞»: Նա պատասխանում է. «Ասում են` էս ագռավը հարիր տարի ապրումա, հլա տեսնեմ` ճիշտ է՞»: Գյուղացին ասում է. «Ճիշտ է, հարյուր տարի կապրի, բայց դու այնքան կապրե՞ս, որ ագռավի մահը տեսնես»: Իհա՛րկե, Վիգենի հարսանիքին թամադա կլինեի, բայց ես այդքան կապրե՞մ»:

Լուսանկարը` Մեդիամաքս

Պետք է ասեմ, որ Վարպետը բավական բարդ բնավորություն ուներ: Երբեմն գալիս էր՝ բարձր տրամադրությամբ: Նա շատ էր սիրում երեխաներին եւ դեռ բակը չմտած` բոլոր երեխաները վազում էին` բացականչելով. «Վա՜յ, Վիգենի պապան եկավ»: Եվ նա բոլորին հրավիրում էր վերեւ` պատշգամբ, ասելով` «Սպասե՛ք, հիմա կգամ»: Լվացվում էր եւ ինձ ասում. «Որոշ քաղցրավենիք բեր»: Երեխաները նստում եւ սպասում էին, որ հիմա Դեմիրճյան պապիկը պետք է մի լավ բանով պատվի իրենց:

 

Վիգենը հիվանդացավ, եւ ինքը կարգադրեց, որ լուծույթի մեջ թրջված մառլաներ կապեն դռների բռնակներին, իսկ մայրս դեմ էր նման բաներին եւ ասաց.

 

 – Դերենի՛կ, ես 12 երեխա եմ ծնել ու պահել, բայց այսպիսի բան չեմ տեսել, որ բռնակներից վարակվեն: Վարպետն ասաց. «Քանի՞ երեխա է Ձեզ մնացել»: Մայրս ասաց. «Ընդամենը չորսը», Վարպետն ասաց. «Դե՛, մայրիկ, ուրեմն լավ չեք պահել»: Վիգենին լողացնելու ժամանակ միշտ չափում էր ջրի ջերմաստիճանը, որ տաք չլիներ:

 

Մեր տան նախասենյակում դրված էր ուտելիքի պահարանը` դռները բաց վիճակում, եւ հաճախ էի երեխաների համար քաղցրավենիք պահում: Շատ դժվար էր, բայց Վարպետը մի կերպ ճարում, բերում էր եւ ինձ հանձնարարում, որ տամ երեխաներին, հատկապես փոքրիկ Վիգենին, որպեսզի ռախիտ չմեծանա: Եվ ես նրան մի օր ասացի, որ մեր նախասենյակի ապրող երեխան (3- րդ դասարանցի էր) այդ օրվա քաղցրավենիքը տարել է: Վարպետը ոչինչ չասաց: Նա ինձանից պահանջեց մի հատ մաքուր թուղթ, վերցրեց եւ վրան մեծ տառերով գրեց` «ՄԻ՛ ԳՈՂԱՑԻՐ, ԱՄՈԹ Է», ու ինձ ասաց. «Վաղը որ կոնֆետ բերեմ, այս գրածը կդնես վրան»: Այդպես էլ արեցի, եւ՛ երկրորդ, եւ՛ երրորդ օրը (նա ասաց, որ մի քանի օր չվերցնեմ): Եվ, իրո՛ք, նկատեցի, որ թղթի դիրքը փոխվել է, բայց ոչինչ չէին տարել: Երբ այդ մասին ասացի Վարպետին, նա շատ ուրախացավ եւ ասաց, որ այդ երեխայի մեջ, ուրեմն, ազնվություն կա:

 

Վիգենին տարա ռուսական մանկապարտեզ` Իլյիչի անվան (Թումանյան փողոց, նախկին Ալավերդյան), եւ արդեն 10-րդ օրն էր` երեխան չէր հարմարվում մանկապարտեզին: Ինքս գնացի իմանալու պատճառը: Դաստիարակչուհին ասաց, որ մեր երեխան գալիս է եւ ոչ մեկի հետ չի մերվում, նստում է ու կամաց-կամաց արտասվում: Ես այս բանը պատմեցի Վարպետին, մայրս նույնպես բողոքեց, որ ես երեխային լացով ու կոծով եմ մանկապարտեզ տանում: Դեմիրճյանն ասաց. «Լա՛վ, Վիգենին կանչիր եւ մեզ մենակ թողեք»: Ես գնացի: Մի քանի րոպեից հետո նա ինձ կանչեց, եւ ես նրա աչքերի մեջ կարդացի, որ շատ չարացած է. կռահեցի, որ իմ հիմարության համար է զայրացել, իսկ Վիգենը նայում էր ներքեւ: Վարպետն ինձ հարցրեց.

 

– Երեխային ի՞նչ մանկապարտեզ ես տվել` հայկակա՞ն, թե՞ ռուսական:

 

Այդ դժվարին վիճակից դուրս գալու համար՝ ասացի, որ այդտեղ կա եւ՛ հայկական, եւ՛ ռուսական: Իսկ ինքը իր կտրուկ ու կարճ ոճին համապատասխան` ասաց.

 

– Հայկականը հայկական է, ռուսականը` ռուսական: Ես այլեւս ելք չունեի արդարանալու եւ ասացի ճշմարտությունը: Նա միայն ասաց.

 

– Ճամպրուկդ չես կապել, որ գնաս Ռուսաստան: Ռուս ժողովրդին ինքս էլ եմ պարտական` որպես գրող, բայց իմ որդին պետք է գնա հայկակա՛ն մանկապարտեզ: Եվ վեր կացավ՝ շատ զայրացած, առանց բան ուտելու, ինձ ոչինչ չասաց, մայրիկիս դիմեց.

 

 – Դուք վաղը երեխային մանկապարտեզ չտանեք, ե՛ս կտանեմ:

 

Մյուս օրը, առավոտյան, ժամը 10-ին, եկավ, ու երեխայի հետ գնացին` առանց ինձ խոսք ասելու: Հետո ժամը 5-ն էր թե 6-ը, եկավ ուրախ տրամադրությամբ, կարծեք թե ոչինչ չէր եղել, ինձ նայեց բարի ու լավ աչքերով ու ասաց. «Դե՛, Գարո՛ւն ջան, ես քեզ նեղացրեցի, բայց Վիգենին տարա Աջոյի մանկապարտեզը»: Մեր տան մոտ էր, Գնունի 4 (մենք ապրում էինք Դեղատնային վարչության դիմաց): Հաջորդ օրը երեխան վեր կացավ ու ասաց. «Դե, տատիկ ջան, գնանք, այնտեղ ոչ մի ռուս կուկու չկա, բոլորը հայ կուկու են»: Ես հասկացա, որ երեխան լեզու չգիտեր, դրա համար էլ այնտեղ խորթ էր նրան: Այդ մանկապարտեզում էլ մնաց` մինչեւ դպրոց գնալը:

Լուսանկարը` Մեդիամաքս

Երբ ես տխրում էի եղբորս համար, որը ռազմաճակատում էր, Վարպետն ասում էր. «Մարդը հենց նա է, ով օգտակար է իր ազգի համար, ով իր լավ ու գեղեցիկ աշխատանքով, հայրենասիրությամբ նվիրաբերում է իր կյանքը: Մարդը այնպե՛ս պետք է մեռնի, որ ժողովո՛ւրդը իրեն պարտք մնա, ոչ թե ինքը պարտքով մահանա»:

 

Եթե մեր մասին խոսակցություններ էին լինում (հատկապես տարիքի շուրջ), նա ինձ ասում էր. «Մարդը կարիճ է, մինչեւ պոչի թույնը չթափի, չի հանգստանա, այնպես որ դրանք դատարկ խոսակցություններ են, կանցնի: Կյանք է, կյանքն էլ` մի հեքիաթ, միայն քո ուշադրությունը նվիրի, որպեսզի Վիգենն առողջ մեծանա»: Ես էլ ասացի. «Իսկ եթե նա մեծանա եւ հանկարծ որոշ գծեր նմանվի ավագ Վիգենին, իմ վիճակը ծանր կլինի»: Երեւի թե չասեի, եթե Վարպետը չհիշեցներ, որ ես զբաղվեմ կրտսեր Վիգենի առողջական վիճակով: Նա պատասխանեց, որ մեր Վիգենն առողջ է, ինչպես եւ ինքը, իսկ եթե որեւէ բան պատահի, ապա իր գրչակից ընկերները կօգնեն ինձ: Եվ, իրոք, որոշ հարցերով ինձ շատ է օգնել Գրողների միությունը, ընկ. Թոփչյանը, Հրաչյա Հովհաննիսյանը, իսկ մյուսներն էլ հետաքրքրվել են Վիգենի վիճակով` հարգելի գրողներ Ս. Կապուտիկյանը, Սարմենը, Հ. Սիրասը, Հովհ. Շիրազը եւ այլն, Սունդուկյանի թատրոնի բոլոր դերասան-դերասանուհիները:

 

Վիգենը երկրորդ դասարանում էր, երբ Վարպետն ասաց. «Վիգենը լավ լսողություն ունի, պետք է տանեմ երաժշտական դպրոց», եւ ինքն անձամբ տարավ Չայկովսկու անվան երաժշտական դպրոց, որի դիրեկտորն էր հանգուցյալ Հայկանուշ Դանիելյանը: Դանիելյանը փորձել էր Վիգենի լսողությունը եւ ասել, որ բացի լսողությունից` ունի նաեւ ձայն: Եվ, իրոք, նա ձայն ուներ եւ երգում էր ինքն իր համար: Դրանից հետո շատ սուղ պայմաններով գնեցինք դաշնամուր` «Ռոստով-Դոն», եւ այդ դաշնամուրը Վարպետը տարավ իրենց մոտ` Աբովյան 29, որպեսզի Վիգենն ավելի կապվի իրենց տան հետ:

 

Մի անգամ Վարպետն ասաց. «Գարո՛ւն, ես գնալու եմ Լեռնային Ղարաբաղ: Ճիշտ է, առողջական վիճակս էլ մի բան չի, բայց պետք է գնամ. որոշ բաներ կան, պետք է ուսումնասիրեմ իմ ստեղծագործությունների համար»: Հարցրեցի. «Երկա՞ր ժամանակով»: Ասաց, որ չգիտի. «Բայց իմացիր, մինչեւ իմ վերադարձը գուցե որոշ խոսակցություններ գան հասնեն քեզ, դրանք դատարկ բաներ են, դու գիտես, որ ես քեզ անկեղծ եմ սիրում, նախ` որպես իմ որդու մայր, հետո շատ ազնիվ ու անշահախնդիր ես իմ նկատմամբ՝ բոլոր հարցերում»:

 

Երբ վերադարձավ Լեռնային Ղարաբաղից, երկրորդ օրը եկավ մեր տուն, ըստ իր սովորության` հարցրեց տղայիս` Ռադիկի (մեծ տղաս) գործերի եւ ուսման մասին, իսկ Վիգենի համար ասաց, որ նրա մասին չի ուզում խոսել, քանի որ նա լավ խավիծ ուտող է եւ, ուրեմն, առողջ: Երբ ճաշեցինք, երեխաները գնացին, իսկ ես ու ինքը միասին էինք, նա ձեռքը դնելով գլխիս` ասաց. «Գարո՛ւն, ես բավականին լավ զգացի Լեռնային Ղարաբաղում, այնտեղ երիտասարդ աղջիկներ կային, եւ իմ տրամադրությունը բավականին բարձրացրին իմ ստեղծագործական աշխատանքներում»: Ես շատ ուրախացա. «Այո՛, Դուք ասում եք, որ մարդն իր իրավունքների մեջ պետք է ազատ լինի…»: Նա միայն ասաց. «Մեծ հոգու տեր կին ես, իմ Վիգենին աշխատիր լավ նայել եւ իմ մահից հետո լավ եղիր Մարիա Միխայլովնայի հետ, նա կլինի քո լավ բարեկամը»: Եվ, իրո՛ք, Մարիա Միխայլովնան իր մարդկային նկարագրով ու գիտակցությամբ եզակի էր. այդպիսի անձնավորություն չկա ու, ենթադրում եմ, չի կարող լինել:

 

Մի քանի խոսք Մարիա Միխայլովնայի մասին: Որքան էր սիրում փոքրիկ Վիգենին, ավագ Վիգենին էլ ինքն է պահել եւ իմ ավագ որդուն՝ Ռադիկին. ոչ մի անգամ, ոչ մի առիթով նա ինձ ոչինչ զգացնել չի տվել, Վիգենի հետ պարապում էր ռուսաց լեզու:

 

Երբ երեխայի հետ գնում էինք Կիսլովոդսկ, միշտ (գնալուց մի քանի օր առաջ) ասում էր. «Անպայման մածուն քամեք եւ վերցրեք Ձեզ հետ, որպեսզի ճանապարհին Վիգենին ջուր չտաք, երեխային վնաս կտա, ջրի հետ խառնեք քամած մածունը»: Նրա որդին (ո՛չ Դեմիրճյանից) այնքան էր կապված փոքր Վիգենի հետ, որ երբ գալիս էր Երեւան, շատ անկեղծ էր դեպի նա: Նատան (Դեմիրճյանի քրոջ աղջիկը) ինձ հանդիպեց շուկայում եւ ասաց. «Մարիա տյոտյան այլեւս չի խոսում, աչքերը փակ է եւ մահամերձ է»:

 

Ես եւ փոքր Վիգենն անմիջապես գնացինք (ելակ վերցրինք, մենք հաճախ էինք գնում նրան տեսակցության, նա մեծ բավականությամբ էր ուզում մեզ տեսնել): Երբ ներս մտանք, իրոք, աչքերը փակ էին եւ, կարծեք թե, հոգեվարքի մեջ էր: Երբ փոքրիկ Վիգենը կռացավ նրա դեմքին եւ ասաց. «Տյոտյա Մարիա», նա մի պահ բացեց աչքերը, Վիգենին դեպի իրեն քաշեց ու մի կերպ ասաց. «Վիգեն», եւ մի քանի վայրկյան միասին գրկված մնացին: Ես ու Նատան զարմացանք, թե այդ վիճակում ինչպես նա Վիգենին ճանաչեց: Նա եզակի կին էր: Վարպետը իրո՛ք փիլիսոփա էր: Եթե Մարիան ուշ մահանար եւ մի քանի տարի ավելի կյանք ունենար, իմ Վիգենի վիճակն ավելի լավ կլիներ, նրան չէին հալածի հարազատները՝ շահի համար:

 

Վարպետի մոխրագույն կոստյումի մասին: Ավագ որդիս բավական երկար հասակ ուներ եւ հավանել էր մոխրագույն, զոլավոր մի կոստյում (պոլիտեխնիկական ինստիտուտի 4-րդ կուրսում էր սովորում): Ես անմիջապես տղայիս ցանկությունը կատարեցի, կոստյումը բերեցինք, հագավ մի քանի անգամ եւ մի օր էլ ասաց, որ իրեն դուր չի գալիս. տղաներն ասել են, որ իրեն չի սազում: Այդ պահին Դեմիրճյանն ասաց. «Ռադի՛կ ջան, մի՛ հագիր, որ դուրդ չի գալիս, ապա ես փորձեմ»: Նա հագավ, եւ վրան շատ լավ նստեց ու անմիջապես փաթաթել տվեց, իմացավ արժեքը: Հաջորդ օրը դրամը բերեց: Շատ վիրավորվեցի: Նա ասաց, որ դա իր գործն է, թող տղան իր ճաշակով նորն ընտրի: Այդքան բարի ու ազնիվ մարդուն ինչպես կարելի է չսիրել, չհարգել, չխոնարհվել անգամ նրա ձեռնափայտի առաջ: Նա իմ որդուն ընդունում էր ինչպես հարազատ զավակի, երկու Վիգեններից չէր տարբերում: Եվ հիմա, երբ Վարպետին այդ կոստյումով ցուցադրում են հեռուստատեսությամբ, մեծ տղաս ասում է. «Իմ կոստյումն անմահացել է» (նա այժմ կոմունիստ է եւ աշխատում է շինվարչությունում՝ որպես պետ): Մի անգամ եկավ մեզ մոտ եւ ծիծաղելով ասաց ինձ. «Ավետիքը հարցրեց. «Դերենի՛կ, այդ ինչպե՞ս է, որ Մարիան ու Գայանեն (Գարունը) այդքան լավ են իրար հետ»: Ես ասացի, որ երկուսդ էլ անշահախնդիր մարդիկ եք»:

 

Քանի անգամ Մարիան ինձ ասել է, թե ինչու՞ ես փող չեմ վերցնում Դեմիրճյանից, երբ նա տալիս է: Ասացի, որ աշխատում եմ, այդ պատճառով: Առհասարակ, հանձին Դեմիրճյանի՝ ես միայն տեսել եմ մարդուն, գրողին, մեծ փիլիսոփային, ազնիվ ու անշահախնդիր, կիրթ ու կոնկրետ եւ ուշադիր մարդու: Որքան ուշադիր էր իմ նկատմամբ մանավանդ Մոսկվայում (1941 թ., առաջին տասնօրյակի ժամանակ): Նա ինձ տանում էր բոլոր թանգարանները, տեսարժան վայրերը, բացատրում էր` ինչպես երեխայի: Ես առաջին անգամ էի լինում Մոսկվայում, նրա մեղմ ու կիրթ մոտեցումն ինձ կախարդել էր: Վերելակով բարձրանալիս` ես վախեցա (առաջին անգամ էր): Նա այնպես հուզվեց եւ ինձ ասաց, որ իրեն գրկեմ ու աչքերս փակեմ: Ցավոք, ինձ հետ դժբախտություն պատահեց (Գայանե Ավետիսյանին ձերբակալել էին խանութում պակասորդի պատճառով – Լ. Ա.): Երբ նրա մոտ էին գնացել եւ պատմել իմ մասին (հիմա կա Նատալյան, աշխատում է որպես հաշվապահ, նա էլ ինձ հետ էր 1956 թ.), Վարպետը միայն ասել էր. «Շուտով ամեն ինչ կանեմ, որ Վիգենս որբ չմնա», եւ այնպես հուզված էր ասել, որ նրա աչքերից արցունքներ էին հոսել: Եվ երբ ես Վարպետի մահվան լուրը լսեցի, բանտի հիվանդանոցում էի, որից հետո այլեւս չեմ զգացել` ինչ է կատարվել ինձ հետ, եւ այդտեղից ինձ տեղափոխեցին 1957 թ. քաղաքի հիվանդանոց՝ միայն ու միայն Ավ. Իսահակյանի խնդրանքով: Նա գրել էր. «Մեծարգո Շմավոն ջան, աշխատեք Դեմիրճյանի տղայի մորը շուտ ազատել այդ հիվանդանոցից, Դերենիկը չկա, երեխան մեղք է, եւ իրոք նա (Գ. Ավետիսյանը – Լ. Ա.) անփորձ էր (արվեստ եւ առեւտուր)»: Պետք է ասեմ, թե որքան մեծ հոգու տեր էր տիկին Սոֆիկը (Իսահակյանի կինը –խմբ.), որքան է հետաքրքրվել իմ գործով, նրա հետ միասին եւ հարսը` Բելան, որի հետ թատրոնում միասին էինք աշխատում: Որքան նամակներ եմ գրել Բելային. այդ նամակները գտնվում են Ավ. Իսահակյանի թանգարանում: Քանի-քանի անգամ է Բելան եկել ինձ տեսակցության: Այդ իմ ծանր ճակատագիրը պակաս ազդեցություն չունեցավ իմ փոքրիկ Վիգենի վրա: 14 տարեկան էր` չկային հայրը եւ մայրը… Եվ այդ երեխան երբեք չփչացավ, վատ շրջապատ չընկավ՝ մինչեւ իմ ազատվելը:

 

Երբ մենք Մոսկվայում էինք, ապրում էինք տարբեր հյուրանոցներում: Վարպետը եւ անվանի դերասանները «Մոսկվա» հյուրանոցում էին տեղավորված: Բայց փորձերից կամ ներկայացումից հետո (հաճախ ցերեկները), Վարպետն ասում էր. «Գնանք ինձ մոտ հյուրանոց, այնտեղ միասին կճաշենք, ո՛չ թե ռեստորանում, այլ հենց համարում»: Մի անգամ (իր կարգադրությամբ) պառկեցի հանգստանալու, դեռ չէի քնել, երբ ներքեւից (Վարպետի պահանջով) բարձրացավ մատուցողը եւ հարցրեց՝ ի՞նչ ենք ցանկանում: Այդ վայրկյանին Վարպետն ասաց. «Տիխը, մադամ սպիտ»: Երբեք ու երբեք չեմ մոռանա: Երբ ամեն ինչ պատրաստ էր, զգույշ մոտեցավ, ես անմիջապես վեր կացա, ինձ կարգի բերեցի, լվացվեցի, եւ մենք միասին ճաշեցինք: Որքան երջանիկ էի զգում ինձ: Եվ այդ բոլորից հետո, երբ իմ որոշ ղեկավարներ երբեմն ինձ հետ դու-ով են խոսում, դա ինձ համար շատ տարօրինակ է, եւ իսկույն հիշում էի Վարպետի խոսքերը. «Տիխը, մադամ սպիտ»:

 

Ահա մի դեպք. միասին գնում էինք թատրոն, տրոլեյբուսում երկու աղջիկ` աշակերտուհիներ, խոսում էին եւ իրար ասում, թե վաղը ինչ դասեր ունեն: Մեկն ասաց` «աշխարհ» (այսինքն` աշխարհագրություն), մյուսն ասաց` «թվաբ» (թվաբանություն), եւ՛ ռուսերեն էին խոսում, եւ՛ հայերեն: Վարպետն իր ձեռնափայտը շատ զգուշությամբ մեկնեց այդ աղջիկներից մեկին եւ ասաց. «Խոսեք մաքուր հայերենով՝ թվաբանություն, աշխարհագրություն: Կա՛մ խոսեք լրիվ ռուսերեն ու վերջացրեք ռուսերենով, կա՛մ հայերեն` հայերենով վերջացրեք, բայց, ցավոք, երկու լեզուներով էլ ճիշտ չխոսեցիք»: Մեկն այնպես նայեց զայրացած, բայց անմիջապես շիկնեց եւ կամաց ընկերուհուն ասաց` Դեմիրճյանն է: Եվ հաջորդ կանգառում անմիջապես իջան:

 

Մի անգամ ասաց. «Ես քեզ մի բան պատմեմ, իրական. ես Մոսկվայում էի (թիվը, ճիշտն ասած, չեմ հիշում, բայց Մարիա Միխայլովնան կար)»: Պատմեց, որ մեկի միջոցով ծանոթանում է մի տիկնոջ հետ (վաղուց է եղել), որն ունեցել է բարձրագույն կրթություն, շատ պատրաստված եւ գեղեցիկ կին է եղել: «Մոտավորապես որոշել ենք, որ գանք Երեւան,– պատմում է Վարպետը,– նա առանձին կապրի` մինչեւ մեր հարցերի լուծումը…»: Մյուս օրը նրա ընկերուհուն Դեմիրճյանը հարցնում է, թե ի՞նչ տպավորություն է թողել նրա վրա (այդ կինը Մոսկվայի հայ էր): Նա Վարպետին ասում է. «Ես չեմ կարող նրա տպավորությունն անկեղծ չասել: Նախ` ասաց` տարիքային մեծ տարբերություն կա, բայց գրող է, եւ ես շատ հակում ունեմ լավ հագնվելու, պետք է Վարպետին հասկացնես, որ վաղը ինձ համար (մինչեւ Երեւան գնալը) գեղեցիկ կոշիկներ եւ զգեստներ գնի»: (Պատմում եմ այնպես, ինչպես ինձ է պատմել 1941 թ. դեկտեմբերի 21-ին, երբ մենք վառելիք չունեինք, մանղալում կրակ էինք արել, կողքը նստել, Վիգենը դեռ չկար): «Առավոտյան այդ կինը զանգեց, որ գա, եւ միասին նախաճաշենք,– պատմում է Դեմիրճյանը:– Եկավ: Ես շատ բարձր տրամադրությամբ նրան ընդունեցի եւ ասացի. «Մեր Երեւանը Դուք շատ կհավանեք»: Նա ասաց. «Ես մեկ անգամ եղել եմ, շատ վաղուց»: Նախաճաշից հետո նրան ասացի. «Գնանք որոշ գնումներ կատարենք Ձեզ համար` մինչեւ Երեւան գնալը»: Նա այնպես ուրախացավ, ու բարձր տրամադրությամբ գնացինք Մոսկվայի ԳՈՒՄ-ը: Նախ` ես նրան տարա կոշիկների բաժին, ասացի` ընտրեք մի քանի զույգ եւ ինչպիսին Ձեզ դուր կգա: Վերցրեց երկու զույգ կոշիկ, որից հետո գնացինք հագուստեղենի բաժինը, եւ ասաց. «Ես ուզում եմ այնպիսին ունենալ, որ Երեւանում ոչ մեկը չունենա»: (Դա այնքան տհաճ էր ինձ համար), բայց ես իմ անելիքը գիտեի: Մի խոսքով, ամեն ինչ գնեցինք, ու խանութից վերադառնալիս ասաց. «Տանենք հյուրանոց, հետո դուրս գանք»: Ասացի. «Ո՛չ, ես շտապ տեղ ունեմ գնալու, տարեք Ձեզ մոտ, Երեւան գնալուց ես Ձեզ իմաց կտամ նախօրոք: Դեռ երկու օր ինձ չզանգեք. ես զբաղված եմ»: Եկա հյուրանոց, նույն օրը տոմսակ վերցրեցի ու վերադարձա Երեւան: Հանձնարարեցի հյուրանոցի ադմինիստրատորին, որ տիկինը գա՝ ինձ հարցնելու, իմ նամակը փոխանցի իրեն: Փակ ծրարը թողեցի ու անմիջապես նույն օրը մեկնեցի Երեւան: Ծրարի մեջ գրել էի. «Ինչ Ձեր ընկերուհուն ասել էիք, որ ինձ ընդունում եք միայն իբրեւ գրողի, գիտեմ: Ձեր ցանկացածները գնեցի, Երեւան գալու մասին ինչ խոսել էինք, մոռացե՛ք. այլեւս մեր մեջ ամեն ինչ վերջացած է»: Անցավ մի քանի օր: Հեռախոսը զանգում է, վերցնում եմ եւ լսում նրա ձայնը. «Ես եկել եմ հյուրանոց, խնդրում եմ, անցնեք ինձ մոտ կամ ես կգամ Ձեզ մոտ. Ձեր գրած նամակը ինձ խիստ վիրավորել է, եւ ես ճիշտ չեմ վարվել եւ չէի կարծում, որ իմ մտերիմ ընկերուհին կարող է Ձեզ ամեն ինչ պատմել, այլեւս նման բան չի կրկնվի»: Ես ասացի. «Ո՛չ Դուք կգաք եւ ո՛չ էլ՝ ես»: Ահա եւ բոլորը: Չեմ սիրել, չեմ սիրում այն մարդկանց, որոնք ձգտում են նյութականին, ես սիրում եմ մեծ հոգու տեր մարդկանց, ինչպես մեր եւ քո սիրելի Մարիա Միխայլովնան է»:

 

Վարպետը շատ էր ցանկանում արու զավակ ունենալ, որը իր ազգանունը կշարունակի ու որի անունը կդնի Վիգեն. այդ անունը նրա համար շատ թանկ էր: «Իսահակյանն էլ Վիգեն ունի, ես էլ պետք է Վիգեն ունենամ»: Եվ իրոք, նրա իղձը կատարվեց, այդ նույն թվին` 1943 թ., Էդվարդ Խոջիկի կինն էլ նույն պալատում էր պառկած, որտեղ ես (հրաշալի կին էր, կիրթ եւ շատ մարդկային` Մարգոն): Նա էլ ունեցավ տղա` Բագրատիկը, ես` Վիգենը: Եվ այդ ծանր պահերին թե՛ Խոջիկը, թե՛ Դեմիրճյանը, եթե մի լավ բան ձեռք էին գցում, անմիջապես բերում էին հիվանդանոց` մեզ: Դեմիրճյանը բերեց մի քանի մանդարին, իսկ դա արդեն մեծ բան էր պատերազմի ժամանակ: Ես ու Մարգոն միասին կերանք:

Վիգեն Դեմիրճյանը Վիգեն Դեմիրճյանը

Լուսանկարը` Դ. Դեմիրճյանի տուն-թանգարանի արխիվից

Մի քանի խոսք փոքրիկ Վիգենի մասին. ծնվել է 1943 թ. հունվարի 5- ին, Վիգենի կինը 1945 թ. ծնված է, փետրվարի 17-ին, Դեմիրճյանի ծննդյան օրը: Վիգենն ունի երկու աղջիկ: Դեմիրճյանի ցանկությունը կատարվեց. ասում էր` իմ ազգանունը կտաք: Վիգենի կինն ազգությամբ ռուս է, հոյակապ գիտի հայերեն, երեխաներին տվեց հայկական մսուր-մանկապարտեզ, երեխաները լավ հայերենին տիրապետելուց հետո ընդունվեցին ռուսական դպրոց: Վիգենն աշխատում է որպես մանկավարժ, վերջացրել է մանկավարժական ինստիտուտը, իսկ կինը` պետհամալսարանի մեխֆակը, աշխատում է որպես ինժեներ Մերգելյանի ինստիտուտում: Բազմակողմանի զարգացած, շնորհքով ու լավ դաստիարակ է, սիրող մայր ու ամուսին: Մեծ աղջիկը շատ է ընդունակ (քաշել է պապիկին), խոսում է գրական ռուսերենով եւ հայերենով: Լավ կլիներ, եթե Դեմիրճյանը ողջ լիներ եւ տեսներ, թե ինչ անուշիկ թոռնիկներ ունի եւ ինչ հիանալի հարս: Երեւի Վիգենն էլ հետագայում հոր մասին իր հուշերը կգրի՝ որքան հիշում է (դե, 14 տարի ապրել է հոր հետ)»:

 

Լիլիթ Ավագյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին