Սեբաստացի Մուրադ. «Ժողովուրդ, զենք վերցուր, որ փրկվես, ուրիշ փրկություն չի կա» - Mediamax.am

exclusive
3263 դիտում

Սեբաստացի Մուրադ. «Ժողովուրդ, զենք վերցուր, որ փրկվես, ուրիշ փրկություն չի կա»


Վեին շարքում (ձախից աջ)՝ Սեպուհը, Անդրանիկը, Սեբաստացի Մուրադը, ստորին շարքում՝ Մշեցի Սմբատը, Ավոն, Կայծակ Առաքելը՝ եղբոր հետ
Վեին շարքում (ձախից աջ)՝ Սեպուհը, Անդրանիկը, Սեբաստացի Մուրադը, ստորին շարքում՝ Մշեցի Սմբատը, Ավոն, Կայծակ Առաքելը՝ եղբոր հետ

Լուսանկարը` ՀՅԴ թանգարան

Սեբաստացի Մուրադը
Սեբաստացի Մուրադը

Լուսանկարը` ՀՅԴ թանգարան

Սեբաստացի Մուրադը
Սեբաստացի Մուրադը

Լուսանկարը` ՀՅԴ թանգարան

Լուսանկարը` ՀՅԴ թանգարան

Լուսանկարը` Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ

Մուրադը՝ տիկնոջ եւ որդու հետ
Մուրադը՝ տիկնոջ եւ որդու հետ

Լուսանկարը` ՀՅԴ թանգարան


Տարիներ առաջ, երբ «Երիտասարդական» մետրոյի մոտ գտնվող գրքերի տաղավար էի այցելել, նկատեցի Զապել Եսայանի «Մուրատի ճամբորդութիւնը»: Գնեցի ու հենց նույն օրն էլ կարդացի: Զարմանում եմ, որ 1990 թվականին, երբ Հայաստանը դեռ անկախ չէր, այն տպագրվել էր 50 հազար օրինակով, իսկ դրանից հետո, ցավոք, ոչ ոք երբեւէ չի նախաձեռնել հետաքրքիր, կենսագրական ու նաեւ պատմական արժեք ներկայացնող գրքի վերատպությունը:

 

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում վերջերս պատահաբար իմացա, որ «Մուրատի ճամբորդութիւնը» թարգմանվել է անգլերեն ու արդեն լույս է ընծայվել:

 

Ինչպես Զապել Եսայանը գրեց գիրքը

 

Սեբաստացի Մուրադը (Մուրադ Խրիմյան) ազգային ազատագրական պայքարի գլխավոր դեմքերից է: 1915-ին, երբ Սեբաստիայում եւս սկսվում են բռնի տեղահանություններն ու կոտորածը, Մուրադն իր խմբով բարձրանում է լեռները, անցնում բազում փորձությունների միջով, գրավում թուրքական ձկնորսական նավ ու մի կերպ հասնում Բաթում: Այս ողջ ճանապարհի մասին նա օրագիր է գրում, իսկ դրա հիման վրա «Հորիզոն» թերթը տպագրում է «Մուրատի ոդիսականը» խորագրով հոդվածներ:

 

Մուրադի քրոջ՝ Սրբուհու, զինակից ընկեր Վարդան Շահբազի եւ ուրիշների պատմածների, Մուրադի օրագրի հիման վրա Զապել Եսայանը գրում է «Մուրատի ճամբորդութիւնը» եւ 1918-ին հրապարակում Բաքվի «Գործ» հանդեսի 4-8-րդ համարներում:

 

1921-ին առանձին գրքույկով լույս է տեսնում Բոստոնում, Հայաստանում տպագրվում է միայն 1990 թվականին:

 

«Մուրատի ճամբորդութիւնը» անգլերեն տպագրելու պատմությունը

 

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գիտական աշխատանքների գծով փոխտնօրեն Էդիտա Գզոյանը պատմում է, որ «Մուրատի ճամբորդութիւնը» անգլերեն տպագրելու գաղափարը Մեծ Բրիտանիայում բնակվող Արա Ստեփան Մելքոնյանինն է, որը երկար ժամանակ է համագործակցում է իրենց հետ:

 

«Արայի թարգմանությունը համեմատեցինք գրքի առաջին տպագրության հետ, ավելացրինք բացատրություններ եւ ծանոթագրություններ: Գեւորգ Խուդինյանին խնդրեցինք նախաբան գրել, որպեսզի օտար ընթերցողին հասկանալի լինի, թե իրադարձություններն ինչ համատեքստում են տեղի ունեցել»,-նշում է նա:

 

Արա Ստեփան Մելքոնյանը երիտասարդ տարիներին Բեյրութի Նշան Փալանջյան ճեմարանում է ծանոթացել Զապել Եսայանի ստեղծագործություններին:

Սեբաստացի Մուրադը Սեբաստացի Մուրադը

Լուսանկարը` ՀՅԴ թանգարան

«Մոտ 8 տարի առաջ Լոնդոնի Կոմիտաս ինստիտուտի տնօրեն Արա Սարաֆյանն առաջարկեց թարգմանել «Մուրատի ճամբորդութիւնը»: Աշխատում էի 1990-ին լույս տեսած գրքով, բայց թերահավատ էի, որովհետեւ այդ ժամանակ Հայաստանում գրաքննություն կար ու կարծում էի, որ հնարավոր է բնօրինակից տարբերվի»,-պատմում է Մելքոնյանը:

 

Տարբեր պատճառներով նրա աշխատանքը չի տպագրվում: Մելքոնյանը տարիներ անց գալիս է Հայաստան հետազոտություններ անելու, կարդում նաեւ «Գործ» ամսագրում տպագրված Եսայանի ստեղծագործությունն ու տեսնում, որ երեւանյան տպագրությունը ոչնչով չի տարբերվում բնօրինակից:

 

«Մուրադը մեծ դեր է կատարել ֆիդայական շարժման մեջ ու հույս է ներշնչել ժողովրդին: Որպեսզի այսօր եւս նման տղաներ ունենանք, մարդիկ պետք է ճանաչեն նրան»,-ավելացնում է նա:  

 

Էդիտա Գզոյանը գտնում է, որ «Մուրատի ճամբորդութիւնը» անգլերենով լույս ընծայելը եւս մի գործիք է մեր խոսքը դրսում լսելի դարձնելու համար:

Լուսանկարը` Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ

Գրքի անգլերեն թարգմանությունը, ըստ Արա Մելքոնյանի, հերթական անգամ ցույց կտա օտարներին մեզ հետ տեղի ունեցածը, մանավանդ, որ այն ականատեսի պատմություն է:

 

«Ցավոք, բայց Հայաստանին աշխարհում շատերն են անծանոթ: Ես փորձում եմ իմ թարգմանություններով օտար ընթերցողին ներկայացնել մեր ժողովրդի պատմությունն ու ունեցած հսկայական ժառանգությունը: Ինձ համար «Մուրատի ճամբորդութիւնը» թարգմանելը հեշտ էր՝ ճեմարանական տարիներին ծանոթացա, սիրեցի, ապա թարգմանեցի ու ի վերջո երկար տարիներ անց այն տպագրվեց»,-նշում է նա:

 

20-րդ դարի լավագույն հայդուկներից մեկը

 

«Վեմ» հանդեսի գլխավոր խմբագիր, պատմական գիտությունների դոկտոր Գեւորգ Խուդինյանը «Մուրատի ճամբորդութիւնը» գրքի անգլերեն թարգմանության նախաբանի հեղինակն է: Ըստ նրա՝ Սեբաստացի Մուրադը համեստ, կարգապահ, գործին նվիրված մարդ է եղել:  

 

«Նա Դաշնակցության մարտական կազմակերպության սյուներից մեկն էր: Մասնակցել է հայդուկային բազմաթիվ կռիվների,այդ թվում՝ Սասունի 1904 թվականի ապստամբությանը: Եղել է Կովկասում, ակտիվ գործունեություն ծավալել Սյունիքում: Զանգեզուրի աղջիկները նույնիսկ բանաստեղծություններ են նվիրել նրան»,-նշում է Խուդինյանը:

 

Սեբաստացի Մուրադը «Մեկ հայը՝ մեկ ոսկի» շարժման մասնակիցներից էր ու բազմաթիվ երեխաների է փրկել:

 

«Երկար ժամանակ փնտրել է իր ընտանիքին, նույնիսկ Սեպուհի հետ գնացել է Ռուսաստան, սակայն հաջողության չի հասել: 1918 թվականի հուլիսի 31-ից օգոստոսի 5-ը հայերը Բաքվում հզոր մարտեր են մղել, որոնց մասնակցել է նաեւ Մուրադը: Օգոստոսի 4-ին դրանցից մեկի ժամանակ էլ զոհվել է»:

 

Կռվելով միայն կրնաք փրկվել...

 

«Ընկերներս ազատություն կամ մահ կը խնդրեն։ Ես մահ չեմ ուզեր։ Ազատությունը կուզեմ տեսնել…»:

 

1915-ի մարտի 15-ի երեկոյան Մուրադի տուն են գալիս երեք ոստիկան, հանձնում Ալի բեյի գրությունը՝ շտապ գործով ներկայանալու հրահանգով: Եղբոր, եղբոր որդու եւ մի շարք ընկերների հետ նա փախչում է լեռները:

Սեբաստացի Մուրադը Սեբաստացի Մուրադը

Լուսանկարը` ՀՅԴ թանգարան

Սկսվում է նրա ոդիսականը՝ ինքնապաշտպանական մարտեր, հիվանդություն, սով, դավաճաններով լի անտառներ, ընկերների կորուստ ու հարազատ ժողովրդի կոտորվող քարավաններ:

 

«Երեկոյ եղաւ, ամեն ոք գնաց իր տունը, տեսայ, որ անտէր մենակ մենք էինք... կը նայէի մեր աւերակ գիւղերուն եւ կարտասուէի»:

 

Գյուղացիներից շատերը համոզված էին, որ բռնի տեղահանությունն ու կոտորածները Մուրադի պատճառով են լինում, քանի որ վերջինս չի ենթարկվում թուրք կառավարությանը:

 

«Մեր գիւղը կը տարածուէր մեր աչքին առաջ: Օդը սաստիկ ցուրտ էր եւ հաց չունէինք այդ օրը: Մենք դուրսը, մեր թշնամին մեր տուներուն մէջ, մենք հաց չունինք, թշնամին մեր հացը կուտէ»:

 

Մի օր էլ տեսնում է իրենց գյուղացիների քարավանը, սակայն չի կարողանում ոչնչով օգնել նույնիսկ իր ընտանիքի անդամներին:

 

«Իմացայ, որ մայրս այդ կարաւանին հետ էր...ժողովուրդը զինքը կանիծէ. «Քու տղուդ պատճառով եղաւ այս բոլորը, քար ծնէիր, այդ չար զաւակը չի ծնէիր»:

Մուրադը՝ տիկնոջ եւ որդու հետ Մուրադը՝ տիկնոջ եւ որդու հետ

Լուսանկարը` ՀՅԴ թանգարան

Նրա խմբից Սարգիսը մտնում է քարավաններից մեկի մեջ ու իմանում, որ Մուրադի կինը՝ Ագապին, մեկ օր առաջ է անցել: Մուրադը նրա ու երեխայի մասին այլեւս ոչինչ չի իմանում:

 

«Խեղճ ազգս, ինծի կը հայհոյես ու կը նախատես, որ իմ պատճառով ամբարտավան թուրքը քեզ կը սպանե: Ժողովուրդ, եկո'ւր հետեւես, զե'նք վերցուր, զենք, որ փրկվես, ուրիշ փրկություն չի կա, զենքը կարիք մըն է, անհետաձգելի կարիք մըն է: Անե՜ծք, բյո՜ւր անեծք անոր, որ թուրքի վրեժ չի լուծեր յոթ պորտեն անդեն»:

 

Գրքից իմանում ենք նաեւ հայերի եւ հույների բարեկամական կապի մասին, դեպի Սամսուն ճանապարհին հայդուկների խմբին մեծ ոգեւորությամբ ու հոգատարությամբ են ընդունում հույն գյուղացիները, նրանցից մի քանիսը նույնիսկ մտնում են նրանց շարքերը, պատմում հայերի կոտորածների մասին:

 

«Եթէ Աստուած չի պատժէ թուքերուն գործած ոճիրները, պիտի ըսենք, թէ Աստուած չի կայ»,-ասում է կանանցից մեկը:

 

Մուրադն իր տղաների հետ գրավում է թուրքական ձկնորսական նավ ու ճանապարհ վերցնում դեպի Բաթում: Այնտեղ հանձնում են զենքերը, մի քանի օր անց Թիֆլիսի քաղաքագլուխ Ալեքսանդր Խատիսյանի երաշխավորությամբ Մուրադն ազատ է արձակվում:

 

«Ժողովուրդ մը, որ ինքզինքը պաշտպանելու միջոցներ չունի եւ ոչ ալ քաջություն դիմադրելու, միշտ ենթակա է ջարդվելու: Կռվելով միայն կրնաք փրկվել, այս է վերջին խոսքս եւ կտակս ձեզ»:

 

Հոդվածը պատրաստելիս օգտվել ենք Զապել Եսայանի «Մուրատի ճամբորդութիւնը» 1990-ին Երեւանում լույս տեսած գրքից եւ դրա նախաբանից՝ գրված բանասիրական գիտությունների թեկնածու Սուրեն Սահակյանի կողմից:

 

Գոհար Նալբանդյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին