Տոլստոյի մահը՝ հայկական մամուլում եւ Տերյանի ռեպորտաժը - Mediamax.am

exclusive
5431 դիտում

Տոլստոյի մահը՝ հայկական մամուլում եւ Տերյանի ռեպորտաժը


Լեւ Տոլստոյը
Լեւ Տոլստոյը
Լեւ Տոլստոյը
Լեւ Տոլստոյը
Լեւ Տոլստոյը
Լեւ Տոլստոյը
Լեւ Տոլստոյը
Լեւ Տոլստոյը

1910 թվականի նոյեմբերի  20-ին մահացավ Լեւ Տոլստոյը: Մահվանից տասը օր առաջ տեղի ունեցած իրադարձությունը հայտնվեց համաշխարհային մամուլում, դարձավ աստվածաբանական, փիլիսոփայական  քննարկումների թեմա:

 

1910 թվականի նոյեմբերի 10-ի գիշերը 82-ամյա Լեւ Տոլստոյը գաղտնի հեռացավ  Յասնայա Պոլյանայից՝  իր անձնական բժիշկ  Դուշան Մակովիցկու ուղեկցությամբ։ Ըստ բժշկի վկայության՝ Տոլստոյը գործողությունների հստակ պլան չուներ. թողնելով տունը, ընտանիքը, ունեցվածքը, պայմանականությունները՝ գնում էր՝ ուր աչքը կտրի:

Բարոյական կատարելության հասնելու ձգտումը վաղուց ստիպել էր Տոլստոյին հրաժարվել հաճույքներից, հարմարավետությունից, հարստությունից: Նա հնարավորինս պարզեցրել էր կենցաղը՝ ասկետության աստիճանի: Կալվածքից հեռանալու փորձեր նա նախկինում եւս արել էր: Իր այս վերջին փախուստով, սակայն, նա մաքրագործվում էր:

 

Հովհաննես Թումանյանի համար Տոլստոյի փախուստը նրա բոլոր ստեղծագործությունների գլուխգործոցն էր. «Մենք գտնում ենք, որ նրա գործերից ամենամեծն ու բնորոշը, նրա գլուխ գործոցը եղավ վերջին փախուստը» ( «Լ.Ն. Տոլստոյի մահվան առթիվ», 1910, «Հորիզոն», N 249):

Լեւ Տոլստոյը Լեւ Տոլստոյը

 

Փախուստի ճանապարհին, սակայն, Տոլստոյը մրսեց եւ հիվանդացավ  թոքաբորբով : Ստիպված նա իջավ գնացքից  Լիպեցկի մարզի Աստապովո կայարանում: 10 օր Տոլստոյը կյանքի ու մահվան սահմանագծին էր: Տասը օր աշխարհի մամուլի հիմնական նյութերից էին Տոլստոյին բուժող բժիշկների՝ հիվանդության ընթացքի  ամենժամյա արձանագրությունները:

 

Հայկական մամուլը եւս ամեն օր հետեւում էր գրողի առողջության տատանումներին.

 

-Օստոպօվօ: Նոյեմբերի 3-ի ցերեկը Տօլստօյի սրտի գործունէութիւնը բաւականաչափ թուլացել էր , զարկերակը խփում էր արագ եւ անկանոն հարւածներով, գիտակցութիւնը կատարեալ է: Երեկոյան ժամը  9-ին ջերմութիւնը 37,9 էր, սիրտը՝ թոյլ:

 

-Օստօպօվօ: (Հեռագիրը արւած է առավօտեան ժամը 8-ից 43 րոպէ անց) Գիշէրը ջերմութիւնը բարձրացաւ մինչեւ 38,3, ժամը 8-ին՝ 38: Հիւանդը քնեց երեկոյան ժամը 10-ին: Քունն անհանգիստ էր: Առաւօտեան կրկին քնեց: Եկաւ նահանգապետ իշխ. Օբօլենսկին:

 

- Օստապօվօ: Նոյեմբերի 4-ի բիւլետէնը. Տօլստօյը գիշերը վատ քնեց, առավօտեան ջերմութիւնը 38,1 էր, ցերեկւայ ժամը 4-ին՝ 38,3, զարկը 100 եւ 110, ստեպ կրկնւող անկանոն հարւածներով, շնչառութիւնը՝ 32-36, ախորժակ չունի. ցերեկը քնափութեան է ենթակայ: Բժ. Մակովեցկի:

 

- Օստապօվօ. Երեկոյան 8 ժամ  27 րոպե վերջին բիւլլետէնը Տօլստօյի առօղջութեան  մասին. ջերմութիւնը՝ 38, 4, սրտի գործունեութիւնը անփոփոխ է, թոյլ է, ընդհանուր թուլութիւն է նկատւում. հիվանդը ժամանակ առ ժամանակ ընկնում է ինքնամոռացութեան մէջ եւ զառանցում է: Տամբովի եպիսկոպոս Կիրիլլը գալիս է այստեղ:

 

- Օստապօվօ: Առաւօտեան  10 ժ. 30 ր. Տօլստօյի ընտանիքի անդամները խնդրում են հրապարակել, որ իրենք խուսափում են այցելել հիւանդին, որպէսզի իրենց ներկայութեամբ չյուզեն եւ իրենց յանկարծական գալով անհանգստութիւն չպատճառեն: Որոշւած է, որ նրա մօտ մնան միայն այն անձինք, որոնք եղել են այնտեղ հիւանդութեան սկզբին: Հիւանդի դրութիւնը անյուսութեան նշաններ չէ ցոյց տալիս:

 

- Օստապօվօ: 10 ժ. 5 ր. Տօլստօյին հոգնա խփեցին: Ջերմութիւնն իջավ մինչեւ 37.8: Դրութիւնը լաւացաւ: Զարգերակը աւելի արագ է խփում: Հիւանդը շնչում է հանգիստ» («Հորիզոն»,  N 247, նոյեմբերի 6, 1910):  

 

Հայաստանում մամուլի  հետաքրքրությունը գրողի առողջության հանդեպ  «սպորտային» չէր: Տոլստոյի գործերը հայերեն թարգմանվել էին 1880-ականներից: Մասնավորապես,  «Մանկություն եւ պատանեկություն», «Կովկասի գերին» թարգմանել ու հրատարակել էր Պերճ Պռոշյանը՝ 1891-ին: Տոլստոյի «Հարությունը» ֆրանսերենից 1910-ին թարգմանել էր Երվանդ Օտյանը:  Հայկական մամուլում, հանդեսներում տպագրվում էին Տոլստոյի գրական գործերը, հոդվածները, քննարկվում էին Տոլստոյի հայացքները՝ եկեղեցու, բարոյականության, ընտանիքի, ազգայնականության թեմաներով:

Լեւ Տոլստոյը Լեւ Տոլստոյը

 

Չարենցի անվան գրականության եւ արվեստի թանգարանի արխիվում են Ատրպետի (առավել հայտնի է նրա «Տժվժիկ» ստեղծագործությունը-խմբ.) եւ Տոլստոյի նամակների բնօրինակները:

 

1909 թվականի հունիսին Ատրպետը Տոլստոյին է ուղարկում իր «Մահմեդ-Ալի շահ» ռուսերեն գիրքը՝ մակարգությամբ «Պաշտելի մեծ ռուս գրող Լեւ Նիկոլաեւիչ Տոլստոյին՝ հեղինակից»։  Գիրքը՝ Տոլստոյի նշումներով, պահվում է Յասնոյե Պոլյանայում գտնվող նրա գրադարանում։ Հուլիսի 15-ին Տոլստոյը պատասխանում է  Ատրպետին.

 

«Շատ շնորհակալ եմ Ձեզ, որ ուղարկեցիք Ձեր գիրքը։ Ես այնտեղ գտա ինձ համար շատ նոր ու վերին աստիճանի հետաքրքիր բաներ։ Ինձ հետաքրքրում են՝ դատելով իրենց վերնագրերից, նաեւ Ձեր մյուս գրքերը, որոնք նշված են հայտարարությունում»:

Լեւ Տոլստոյը Լեւ Տոլստոյը

 

«Տոլստոյը…մեռաւ»,- նոյեմբերի 20-ին սա էր հայկական ու համաշխարհային մամուլի հիմնական վերնագիրը:

 

Տոլստոյի թաղմանը մասնակցեց եւ մամուլում այդ թեմայով հոդվածներ գրեց Վահան Տերյանը. «Համեստ ու անշուք էր Լեւ Տոլստոյի թաղումը: Հոգեւորականություն չկար: Չկար եւ ոչ մի հոգեւորական» (Վահան Տերյան, «Լեւ Տոլստոյի թաղումը», «Հորիզոն», N 256):

 

Հոգեւորականություն չկար, քանի որ ռուս ուղղափառ եկեղեցին նզովել էր Տոլստոյին ՝ այս հիմնավորմամբ.

 

«Աշխարհին հայտնի գրող, ծնունդով ռուս, մկրտությամբ ու դաստիարակությամբ ուղղափառ, կոմս Տոլստոյը, մտքի հպարտությամբ գայթակղված, ըմբոստացել է Աստծո, նրա սուրբ խաչի եւ խոսքի դեմ, բացահայտ ուրացել է իրեն սնող մորը՝ ուղղափառ եկեղեցին, եւ աստծուց իրեն տրված շնորհն ու գրական տաղանդն օգտագործել ժողովրդի մեջ Աստծո ու եկեղեցու դեմ ուղղված գաղափարների տարածման, մարդկանց մեջ հայրական ու աստվածային հավատի կործանման համար, այն հավատի, որը հիմնել է տիեզերքը, որով ապրել եւ փրկվել են մեր նախնիները եւ որով մինչ օրս գոյատեւել ու պահպանվել է սուրբ Ռուսիան… Նրան սթափեցնելու բոլոր փորձերն անհաջողության մատնվեցին։ Ուստի եկեղեցին նրան իր անդամը չի համարում եւ չի համարի մինչեւ նա չզղջա եւ դարձի չգա ու ինքը չվերականգնի իր շփումը եկեղեցու հետ։ … Այսպիսով, վկայելով եկեղեցուց նրա վտարման մասին, միասին աղոթենք, որպեսզի աստված հուշի նրան ապաշխարել եւ ընդունել իրական ճշմարտությունը (Աստվածաշունչ, գլուխ 2, 2:25)։ Մեր աղոթքն առ աստված ողորմած. Տեր, մի՛ տար ի մահ մեղավորներին, լսի՛ր նրանց, ների՛ր եւ դարձի բեր նրանց առ քո սուրբ եկեղեցին։ Ամեն»…

 

«Լեւ Տոլստոյին վերջին հանգստատեղը ուղեկցելու եկել էր մոտ 5-6 հազար մարդ ընդամենը: …Իհարկե, թաղման հանդիսավորութիւնը եւ մեծութիւնը հարկաւոր չէր Լեւ Տոլստոյին: Դա մեզ էր հարկավոր: …Տոլստոյի թաղմանը չէր մասնակցում ամբողջ Ռուսաստանն իսկ, մինչդէռ պետք է մասնակցէր ամբողջ աշխարհը:…Ես տեսայ նրա տանջւած դէմքը:  Այդ դէմքը այնքան փոխւած էր: Այնքան նման չէր այն լուսանկարներին, որ մենք տեսնում ենք միշտ: Դա մարտիրոսի, սրբի դէմք էր» (Վահան Տերյան, «Յեասնայա պոլեանայում», «Հորիզոն», N 257):

 

Լիլիթ Ավագյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին