Համլետ Գեւորգյան․ մարդ, որը հայությանը վերադարձրեց Դրոյին - Mediamax.am

3732 դիտում

Համլետ Գեւորգյան․ մարդ, որը հայությանը վերադարձրեց Դրոյին


Համլետ Գեւորգյանը
Համլետ Գեւորգյանը
Համլետ Գեւորգյանը
Համլետ Գեւորգյանը
Համլետ Գեւորգյանը
Համլետ Գեւորգյանը

Պատմաբան Համլետ Գեւորգյանը 20-րդ դարի 80-ականների վերջի եւ 90-ականների սկզբի համաժողովրդական շարժման եւ ազգային զարթոնքի անմիջական մասնակիցն էր։ Նա առաջիններից էր, ով ուսումնասիրեց ու «հիշեցրեց», թե ինչպիսին էին Հայոց ազատամարտի հերոսները Դրոն, Նիկոլ Դումանը, Սեբաստացի Մուրադը, Յապոնն ու մյուսները։  Այս ականավոր դեմքերի մասին տեղեկությունները մինչ այդ կցկտուր էին՝ երբեմն նույնիսկ երգերից վերցված։ Պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Համլետ Գեւորգյանը 17 պատմագիտական մենագրության եւ 100-ից ավել գիտական հոդվածների հեղինակ է։ Պարգեւատրվել է «Շուշիի ազատագրման» եւ «Դրաստամատ Կանայան» մեդալներով։ Մահացել է 2020թ․ հունիսի 24-ին՝ մինչ Արցախյան երկրորդ պատերազմը։

 

 «Գարուն» ամսագրում Համլետ Գեւորգյանի հեղինակությամբ լույս տեսած ֆիդայիների մասին հոդվածաշարն իսկական իրադարձություն էր՝ իրական պատմության հետ ծանոթանալ ցանկացող հայ հասարակության համար։ Ազատամարտի հերոսների «վերադարձը» շատ ոգեւորիչ էր Արցախյան առաջին պատերազմի նախաշեմին։ Գիտնականը հենց նրանց օրինակով կրթեց այդ պատերազմի ականավոր մարտիկներին։

 

Արցախյան առաջին պատերազմի ժամանակ նրա ջանքերով ստեղծվեցին Պռոշյանի եւ Թալինի ջոկատները։ Ջոկատների կազմում կռվում էին այնպիսի հերոսներ, ինչպիսիք էին Պետրոս Ղեւոնդյանը, Կարոտ Մկրտչյանը, Հրաչ Մուրադյանը եւ այլոք։

 

Արցախ․ ոչ միայն զենքով, այլեւ գրիչով

 

Մեխակ Գաբրիելյան՝ ՀՀ ԳԽ պատգամավոր

 

Արցախում դաժան պատերազմ էր, բայց մենք այն կարողացանք հաղթական ավարտի հասցնել: Զենք, զինամթերք, դիզվառելիք, սնունդ բերողներին այդ տարիներին որեւէ կերպ չէին խոչընդոտում: Համլետն էլ էր լծվել այդ գործին։ Ամբողջ պատերազմի ընթացքում զենք էինք ներկրում: Պետությունը ծանր վիճակում էր, 1993թ. նույնիսկ փամփուշտի խնդիր առաջացավ, անընդհատ պետք էր մատակարարել: Պետական գանձարանը դատարկ էր՝ զենք գնելու հնարավորություն չկար: Հիմա երբեմն հետ եմ նայում ու վերհիշում, թե ինչպիսի դաժան օրերի ու դժվարությունների միջով ենք անցել Համլետը, ես ու մյուսները, բայց հաղթել ենք… Ով կարողանում էր, ինչով կարողանում էր, օգնում էր՝ առանց որեւէ հետագա ակնկալիքի, այդ պատճառով էլ Աստված ճանապարհ բացեց՝ հաղթանակ տվեց: Համլետ Գեւորգյանը 1989 թ-ից սկսած գիշեր-ցերեկ աշխատում էր ջոկատների կազմավորման ուղղությամբ: Պռոշյանում, Թալինում, Աշտարակում, Ապարանում էին այդ աշխատանքները տարվում եւ արդյունքում շատ մարտունակ ջոկատներ կազմավորվեցին։ Մարտի դաշտում նա շատ էր նրանց հետ լինում, մարտական գործողությունների էր մասնակցում: Բայց տղաները չէին ուզում, որ Համլետը զենք վերցնի, ասում էին՝ դու այս ամենի մասին պետք է գրես, դու ուրիշ խնդիր ունես:

 

Ավագ Հարությունյան՝ պատմաբան

 

Որպես պատմաբան նա մյուս պատմաբաններից էապես տարբերվում էր. մի բան է տաքուկ անկյուններում, գրադարաններում կամ աշխատասենյակում նստած գրել, թե ինչպես տեղի ունեցավ Արցախյան պատերազմը, ովքեր հերոսացան, մեկ այլ բան է, երբ ինքդ ես այդ ամենին մասնակից լինում: Այն տարիների բազմաթիվ տեսագրություններ կան խրամատներից, առաջնագծից, մարտական գործողություններից։ Տեսագրություններում տղաները ռազմական հանդերձանքով են, Գեւորգյանն էլ՝ կոստյումով, թուղթ ու գրիչով: Մեր օրերում մեկը նայի, կասի՝ ի՞նչ գործ ունի խրամատներում գիտնականը՝ այն էլ կոստյումով, մինչդեռ իր ներկայությունն այնտեղ շատ կարեւոր էր։ Մի բան է, երբ չոր ու ցամաք ես գրում պատմությունը, մեկ այլ բան,  երբ ներկա լինելով այդ ամենին՝ նաեւ զգում ես, թե ինչ է պատերազմը: Զգացածի մասին գրելը լրիվ ուրիշ տպավորություն է թողնում: Ընթերցողը հավատում է նրան, որովհետեւ նա կաբինետային պատմաբան չէր, նա սկզբնաղբյուր էր, ով անցել է այդ թոհուբոհի միջով: Այդ իմաստով, կարծում եմ, Արցախի հերոս Պետոյի մասին գրքի վերատպումը (տպաքանակի մի մասը 1994 թ. բռնագրավվել է – հեղ․) շատ կարեւոր է։

 

Տարոն Տոնոյան՝ բժիշկ, ազատամարտիկ

 

Համլետին ճանաչել եմ 1991-ից, երբ նոր էի ընդունվում Դաշնակցության շարքերը։ Ն Պռոշյանի խումբն արդեն ձեւավորել էր եւ շատ էր հպարտանում տղաներով: Ես մի փոքր ուշ միացա այդ խմբին՝ մինչ այդ Սասունցիների ջոկատում էի: Երբ պատերազմական գործողությունները սկսվեցին, Հադրութում էի, իսկ մեր տղաները Մարտակերտի, Սրխավենդի ուղղությամբ էին գործում: Գեւորգյանն այդ ժամանակ համարյա միշտ տղաների հետ էր: Շատ խրոխտ կեցվածք ուներ, բայց եւ շատ հուզական էր։ Խորը անհատականություն էր, բայց եւ խենթություններ ուներ: Երբ մարտերը հարավում թեժացան, մեր գումարտակի համար դժվար իրավիճակ ստեղծվեց։ Դաշնակցության առանձին գումարտակը տեղափոխվեց հարավ՝ դեպի Ֆիզուլիի ռազմաճակատ, որովհետեւ թշնամին առաջ էր եկել եւ Հորադիզ կայարանը վերցրել էր։ Այդ պահին վերադասավորումներ եղան, հրամանատարական կազմի փոփոխություն, կազմակերպչական փոփոխություններ եւ այլն: Դրանք ճիշտ վերադասավորումներ էին, որի արդյունքում ունեցանք թշնամու առաջխաղացման կասեցում: Այդ ժամանակ շատ ավելի հաճախ էի հանդիպում Համլետին: Նա տեղում նստող չէր. մեկ դիրքերում էր տղաների մոտ, մեկ ինձ էր այցելում՝ Ֆիզուլու ռազմադաշտային հոսպիտալ, ես էի ուշ ժամերին գնում իրեն տեսնելու: Շատ երիտասարդ ու ¬ոգեւորված էինք, բայց, միեւնույն ժամանակ, երբ զոհեր էինք ունենում, դեմքին նայել չէր լինում, անասելի ծանր էր տանում: Լսել եմ, որ Լենինգրադից զենք էին բերում, բայց նա չէր խոսում այդ մասին:

Համլետ Գեւորգյանը Համլետ Գեւորգյանը

 

Ժիրայր Սեֆիլյան, ազատամարտիկ

 

Մենք 1990 թ-ից ենք ծանոթ: Երբ եկա Լիբանանից, առաջին ակտիվ դաշնակցականներից էր, ում հետ ծանոթացա: Համլետը գրչի մարդ էր, սակայն տարբերվում էր մնացած գրչի մարդկանցից նրանով, որ բացի իր գործը անելուց ուզում էր զենքի գործ անող մարդկանց՝ իր ընկերներին, հայ մարդկանց հասկացնել, որ մեծ հաշվով այս աշխարհում ամեն ինչ ուժի վրա է հիմնված: Նա շրջում էր ճակատով մեկ, անշուշտ, նաեւ նոթեր էր առնում, գրառումներ էր անում, խրախուսական հոդվածներ էր գրում եւ առաջին գծում գտնվող զինվորներին էր ոգեւորում: Վստահաբար բոլորը պետք է իմանան, որ մտավորականը, որ գալիս էր առաջին գիծ, հաստատ ոգեւորում էր: Այդ իմաստով հազվադեպներից է, որ միշտ առաջին գծում էր եւ միշտ ուզում էր զենքով լինել: Ես ասում էի՝ կարիք չկա, տղաները քեզ կուղեկցեն, բայց ինքն ուզում էր միշտ զենքն ուսին գնալ: Համլետը մեծ ներդրում ունի Արցախյան առաջին պատերազմի դաշտում տեղի ունեցած մեր հաջողության մեջ: Այդ ժամանակ Դաշնակցությունը փորձում էր զենքով ապահովել մարտիկերին։ Տարբեր խմբեր էին անում այդ գործը եւ այդ օղակներից մեկը Համլետն էր։ Իր անունով ՀԿ կար գրանցված։ Նա իր վրա պատասխանատվություն էր վերցրել եւ վտանգավոր գործ էր ստանձնել։ Այդ պատճառով էր նաեւ շուտ-շուտ այցելում Արցախ: Պետք է նշեմ, որ նա հատուկ սեր ուներ կռվող տղու տեսակի նկատմամբ: Ժամերով նստում բոլորի հետ առանձին-առանձին խոսում էր եւ, պատմությանը շատ ավելի գիտակ լինելով, ավելի վատ էր տանում այդ օրերի անցուդարձը: Համլետը, որ նաեւ քաղաքականապես էր հասկանում, թե ինչ էր անցնում-դառնում աշխարհով մեկ այն ժամանակ, լուրջ ապրումներ ուներ։ Նա հասկանում էր, որ, եթե գետնի վրա այդ մարտնչող տեսակը չլինի, ամեն ինչ անիմաստ է: Կարծում եմ, Համլետի կյանքի գլխավոր պատգամը դա էր. սրբի պես պահել մարտնչող տեսակը։ Դժբախտաբար, հիմա այդպես չէ, բայց, վստահ եմ, Համլետի պատգամները տեղ կհասնեն նաեւ իր գրքերի միջոցով:

 

Թորոս Թորոսյան՝ ազատամարտիկ

 

Մի անգամ Պռոշյանի, Բաղրամյանի ու Հրազդանի ջոկատներին հրավիրեց ճաշկերույթի։ Էնպես էր մեզ ներկայացնում ազգային-ազատագրական պայքարը, կարծես ինքը ներկա էր եղել այդ ամենին եւ բոլոր մանրամասները հիշում էր: Բացի մտավորական լինելուց, նաեւ շատ քաջ մարդ էր եւ շատ էր հարգում զենքի մարդկանց։ Վստահաբար ինքն էլ էր զենքի մարդ: Նույնիսկ ավելին, քան զենքի մարդ։ Մարդ կար, զենք էր կրում՝ չիմանալով դրա արժեքը, բայց ինքը շատ լավ գիտեր: Ազգային-ազատագրական պայքարի առաջին խմբավորումների ձեւավորման մեջ մեծ լումա ուներ, բայց երբեք իր արած գործի մասին չէր խոսում: Պետրոս Ղեւոնդյանի մասին գրքում զարմանալի մանրամասներով էր ներկայացրել տղաներին ու դեպքերը, նույնիսկ այն տեղերից ու մարտերից, որտեղ ինքը ներկա չէր եղել:  Նա մեծ ներդրում ունի մարտական խմբերի կազմավորման, զենք-զինամթերքի մատակարարման գործում:

 

Գեներալ-մայոր Ռոմիկ Մարգարյան

 

Համլետին ու ինձ ծանոթացրել է Կարոտ Մկրտչյանը։ Պատերազմի տարիներին մեր շփումը եղել է հարավում՝ Ֆիզուլիի հատվածում՝ Կարախանբեյլիի մարտերի ժամանակ: Հետո մեր մտերմությունը շարունակվեց նաեւ Երեւանում: Երբ սահմանային զորամասերից տեղափոխվեցի մայրաքաղաք, մեր շփումը դարձավ համարյա ամենօրյա:  Պատմաբանն ինչին հավատում է, ինչի մասին գրում ու գովերգում է՝ դրա նման էլ պետք է ապրի։ Շատերը հիմա միայն գրում են, իսկ երբ հերթը հասնում է մարդկային, ազգօգուտ քայլ անելուն՝ հիմնականում պասիվանում են։ Համլետն այդպիսին չէր․ ինչպես գրում՝ այդպես մտածում էր, ինչպես մտածում՝ այդպես ապրում էր։

 

 

Կարոտը, Պետոն ու Հրաչը շատ ոգեւորված էին խոսում Համլետի կազմակերպչական աշխատանքների, բարեգործական հիմնադրամների միջոցով հանգանակությունների, տրամադրված օգնության եւ ջոկատներին օժանդակելու մասին։ Նա ամեն օր էր ուշադրության կենտրոնում պահում մեր մարտական ընկերներին, մեր գումարտակի տղաներին։ Իր ջանքերով կազմակերպված ջոկատը հետագայում դարձավ մեր գումարտակի կազմակերպչական կառույցներից մեկը։ Նա այդ գումարտակի հիմնադիրներից մեկն էր եւ մեծ աշխատանք է կատարել՝ թե կազմակերպչական, թե քարոզչական։ Բոլորն յուրահատուկ հարգանքով էին վերաբերվում իրեն։ Մենք պլաններ ունեինք միասնական ջանքերով վերահրատարակել Պետոյի մասին գիրքը։ Ես էլ, որպես զինվորական, պետք է մասնագիտական հարցերում խորհուրդներ տայի։ Ուզում էր ռազմական պատմության թանգարանում բոլոր տղաների համար անկյուններ ստեղծել։ Մի քանիսը արվեց, մնացածը կիսատ մնաց։ Նա արձանագրեց Արցախյան պատերազմը՝ անմիջապես մեջը լինելով, ականատեսի աչքերով։ Աշխատելու յուրահատուկ ոճ ուներ․ բոլորի հետ զրուցում էր, գրի էր առնում, իրավիճակներ էր ստեղծում, երբ մարդիկ սկսում էին անկեղծանալ։ Շատ անգամ դա սեղանի շուրջ էր տեղի ունենում․ պատմում էին, մեկն ասում էր՝ էսպես է եղել, մյուսը՝ թե ոչ՝ էսպես, իսկ ինքը ոչ միայն զրուցում էր, հարցեր էր տալիս, այլեւ ձայնագրում։

 

Մի անգամ առաջնագծում (ֆիլմերում կան այդ կադրերը)՝ Կարախանբեյլիի ուղղությամբ տարվող մարտերի ժամանակ ինքն առաջնագծի առաջին խրամատում էր։ Այդ խրամատից կարելի էր դիտարկում անել, եւ ես մարտը այնտեղից էի ղեկավարում․ Համլետն էլ իմ կողքին կանգնած էր։ Ես երկրորդ նման պատմաբան այնտեղ չեմ հանդիպել։ Չեմ տեսել, որ նման թեժ մարտի ժամանակ որեւէ գիտնական լինի պատերազմի դաշտում, որպեսզի իրադարձություններն արձանագրի։ Նա գրի է առել այդ իրադարձությունները՝ վտանգելով իր կյանքը․ առաջնագծում նա ոչ մի բանից ապահովագրված չէր։ Համլետն այդ ամենը մեզ հետ կիսում էր նաեւ տղաների հանդեպ մեծ հարգանքի, սիրո եւ վստահության պատճառով։ Նա երբեք իր գործերից չէր պատմում, միայն տղաների սխրանքներից էր խոսում եւ բոլորին ոգեւորում։

 

«Հայ Շինական»

 

Մեխակ Գաբրիելյան՝ ՀՀ ԳԽ պատգամավոր

 

«Հայ շինական» բարեգործական ծրագիրը, որի նախագահը 1991 թ-ից Համլետ Գեւորգյանն էր, ստեղծվել էր գյուղական համայնքներում գյուղացիական տնտեսություններին, հողագործներին աջակցելու համար: Համլետն ակտիվ գործի էր լծվել։ Վարդենիսի գյուղերում որոշակի ուսումնասիրություններ կատարվեցին, ես այն ժամանակ որպես պատգամավոր էի աջակցում ծրագրին: Մեծ աջակցություն ցուցաբերվեց նաեւ Հայաստան եկած փախստականներին։ Բայց պատերազմի տարիներին առաջնահերթությունները փոխվեցին եւ «վերապրոֆիլավորում» տեղի ունեցավ: Գումարը, որ հավաքվում էր՝ ամբողջը գնում էր զենքի եւ զինամթերքի հայթայթման համար: Նախքան «վերապրոֆիլավորումը» Համլետը մի կարեւոր գործ հասցրեց անել Ջավախքում: Այն ժամանակ էնտեղ մոլոկանների գյուղեր կային, որոնք սկսեցին արտագաղթել Ռուսաստան։ Նրանց տները գնելու մրցակցության մեջ մտանք վրացիների հետ: Ուրիշ ֆոնդեր էլ ընդգրկվեցին եւ այդ գումարներով մի քանի 100 տուն գնվեց եւ բնակեցվեց հայերով: Վրացիները փորձում էին այնտեղ բանտարկյալներ բնակեցնել, բայց կլիմայական պայմանները շատ խիստ էին եւ բոլորը չէ որ դիմանում էին։ Ով էլ գալիս էր, որոշ ժամանակ հետո թողնում փախչում էր: Մոտակա գյուղերի հայերից ում տներում նեղվածք էր, վերաբնակվում էին այնտեղ:

 

Մոռացված պատմությունն ու ազգային զարթոնքը․․․

 

Ավագ Հարությունյան՝ պատմաբան

 

Խորհրդային տարիներին ֆիդայական շարժման, ռազմական պատմության ազգային գործիչները հասկանալի պատճառներով հայտնի չէին: Դա խորհրդային շրջանի պատմաբանների մեղքը չէր․ նրանց մոռացության էին մատնել կամ այդ թեմաների վրա արգելք էր դրվել: Եթե անգամ հիշատակում էին՝ միայն բացասական երանգավորմամբ: Համլետը ստանձնեց առաքելություն հենց այդ ուղղությամբ խորանալ: Նա կարող էր մյուսների նման էնպիսի «մոդայիկ» թեմաներ վերցնել, ինչպիսիք էին «Առաջին հանրապետությունը», «Արցախյան պատերազմը», «Հայոց ցեղասպանությունը»: Այդ թեմաներով շատ էին գրում եւ պաշտպանում: Այդ թեմաների առջեւ կանաչ լույս էր վառված, հեշտ էր, նյութեր էլ կային: Բայց Համլետն ընտրեց այդ խամ ու խոպան ուղղությունը: Նա միայն պատմաբան չէր, նա նաեւ հանրայնացնող էր: Ում անդրադարձել է, բոլորն անհատներ են եղել: Նրա ոճը հնարավորություն էր տալիս պատմությունը հասու դարձնել ոչ միայն պատմաբաններին, այլեւ սովորական ընթերցողին: «Գարուն»-ն այն ժամանակ մեր հանրապետության ամենամասսայական եւ հեղինակավոր հանդեսն էր եւ մեծ տպաքանակով էր թողարկվում։ Երբ «Գարուն»-ում Համլետը սկսեց ֆիդայիների մասին հոդվածների շարքը, ամսագիրը սկսեցին ձեռքից ձեռք խլել: Համլետն ու Ներսիսյան Աշոտը նրանց ճանաչման հիմքը դրեցին: Պատմաբաններն էլ չգիտեին նրանց մասին, որովհետեւ շատ բան չկար գրված։ Առաջին աղբյուրն իրենք էին։ Այն ժամանակ ամբողջ ազգը դրանով էր ապրում։ Գիտնականի նորամուծություններից էին նաեւ 19-րդ դարի վերջի 20-րդ դարի սկզբի Զանգեզուրի, Սյունիքի հերոսամարտերի մասին հրապարակումները։

 

Աշոտ Սիմոնյան՝ պատմաբան

 

Սովետական իներցիայով պրոֆեսիոնալ պատմագրությամբ զբաղվող հաստատությունները, որոնք ստեղծվել էին սովետական տարիներին, պետական էին, իսկ հայ պատմաբանները՝ ինչպես նրանց Ռիչարդ Հովհաննիսյանն էր անվանում՝ «պետական պատմաբաններ»: Համլետ Գեւորգյանը սովետական պատմագրության կանոններով չկաշկանդվեց, ավելի ճիշտ՝ նա այդ ավանդությունները նույնիսկ չէր էլ յուրացրել: Համալսարանի ավարտական դիպլոմային աշխատանքի վրա աշխատելիս՝ մեծ դժվարությամբ կարողացավ Հանրային գրադարանի գաղտնի ֆոնդերում պահվող «Հայրենիք» ամսագրի համարներն ուսումնասիրելու իրավունք ստանալ։ Էդտեղից էլ սկսվեցին մեր ազգային-ազատագրական պայքարի հերոսների, գործիչների մասին նրա հրապարակումները։ Այդ թեման մեկընդմիշտ կլանեց նրան: Ազգային զարթոնքի տարիներին «Գարուն» ամսագրի համարներում Համլետ Գեւորգյանի հրապարակված՝ հայդուկների մասին հոդվածները սովետահայերիս համար, իհարկե, նորություն էին: Հետագայում այդ թեման դարձավ նրա պատմագրական աշխատանքների հիմնական ուղղությունը: Բնականաբար, Գեւորգյանի այդ «նախասիրությունը» պետական պատմագրությանը հակառակ ուղղվածություն ուներ եւ թերեւս դա էր այն ժամանակ վերջիններիս կողմից նրա աշխատանքների հանդեպ անբարեհաճ վերաբերմունքի եւ անտեսման պատճառը:

 

Հայոց պատմության չբացահայտված էջերը․ Բոստոնի արխիվ

 

Մեխակ Գաբրիելյան՝ ՀՀ ԳԽ պատգամավոր

 

Մի օր Համլետն եկավ ինձ մոտ, թե Միացյալ Նահանգներ պետք է մեկնեմ՝ Դաշնակցության արխիվն ուսումնասիրելու: Այդ արխիվի տվյալները մինչ այդ փակ էին։ Նա երեք ամիս մնաց էնտեղ: Երբ վերադարձավ, պատմում էր, որ այդ երեք ամսում համարյա ոչ մի տեղ չի կարողացել գնալ, ամբողջ օրը Բոստոնի արխիվում է եղել: Համլետը այդ փաստաթղթերի մի մասը միայն հասցրեց ժողովածուների մեջ կյանքի կոչել: Դաշնակցության ամբողջ արխիվին սկզբնավորման պահից սկսած տարիներ շարունակ ոչ ոք ձեռք չէր տվել: Ինքը կարողացավ ազգային-ազատագրական պայքարի բոլոր նյութերը ամենայն մանրամասնությամբ ներկայացնել:

 

Ավագ Հարությունյան՝ պատմաբան

 

Իր գրքերի մի մասին Համլետը հավելված էր կցում՝ նորահայտ փաստաթղթերը, որովհետեւ ոչ բոլորին էին դրանք հասանելի: Հավելվածի տեսքով փաստաթղթերի հրապարակումը Հայաստանում ապրող տեղացի պատմաբաններին շատ օգտակար էր լինում, մանավանդ որ դրանք բոլորը լրիվ հայտնագործություն էին: Գիտեինք, որ Բոստոնում Դաշնակցության արխիվ կար․ դրանով մեր իմացությունը սահմանափակվում էր: Իմ հեղինակությանբ լույս տեսած Գարեգին Նժդեհի Թավրիզի դատավարության մասին գրքի մեխը Համլետի Բոստոնից բերած եւ ինձ տրամադրած նյութերը եղան: Շատ գործիչներ կային, օրինակ՝ Մալինցյանը, ովքեր մեզանում ճանաչված չէին: Ցավալին գիտե՞ք որն էր, որ ադրբեջանցիները նման գործիչներ չեն ունեցել: Մի ավազակ են ունեցել՝ Ղաչաղ Նաբին եւ խորհրդային տարիներից սկսած ծաղկեցնում ու հերոսություններ էին վերագրում այդ ավազակին։ Մեր պատմաբանների ու Գեւորգյանի աշխատանքների շնորհիվ պարզվեց, որ մենք 19-րդ եւ 20-րդ  դարի մեր ականավոր գործիչներից շատերին չենք ճանաչել, մինչդեռ իրենք մեծ ներդրում են ունեցել մեր ազատագրական պայքարի գործում:

 

Աշոտ Սիմոնյան՝ պատմաբան

 

Բոստոնում գտնվող ՀՅԴ արխիվից բերված նյութերը հայ հետազոտողների համար հայտնություն էին: Դրանց հիման վրա նա մեկը մյուսի հետեւից գրքեր հրապարակեց: Գեւորգյանի բերած այդ նորահայտ վավերագրերով այլ կարեւոր գրքեր եւս հրատարակվեցին, հատկապես հիշատակելի է Թավրիզի դատավորության նյութերի մի մասի հրապարակումը (Ավ. Հարությունյան), «Զանգեզուրի գոյամարտը հրամանագրերում» (Վլ. Ղազախեցյանի հետ համատեղ) եւ այլն: 2014թ. հրապարակված իմ «Զանգեզուրի գոյամարտի հերոս Խաչատուր Մալինցյան» գրքում մի շատ կարեւոր փաստաթուղթ՝ Մալինցյանի զեկույցը Ավետիս Ահարոնյանին նույնպես տրամադրել է Համլետ Գեւորգյանը: Իհարկե, այդ փաստաթղթերի՝ շրջանառության մեջ դնելու հետ կապված նա որոշ խնդիրներ էր ունեցել, սակայն դրանց հրապարակումը նա ավելի կարեւորեց եւ ոչնչի առաջ կանգ չառավ:

 

Քաջերի մեջ շքեղորեն քաջը եւ հերոսների մեջ կախարդորեն հերոսը՝ Դրոն․․․

 

Ավագ Հարությունյան՝ պատմաբան

 

Դրոյի անունը Հայաստանում Համլետը ճանաչելի դարձրեց: Նրա «Դրո» մենագրության շնորհիվ իմացան ոչ միայն, թե Դրոն ով է, այլեւ, թե ինչ է արել Հայաստանի համար` ինչ հեղափոխական գործունեություն է ծավալել, ինչ ազատագրական մարտեր է մղել: Դրոյից բացի նա գրել է եւս մոտ 10 գործչի մասին: Բայց այդ գործն առանձնահատուկ է, որովհետեւ նաեւ Դրոն է որպես գործիչ, որպես կերպար առանձնահատուկ: Այս ամենի բացասական կողմը այն է, որ Գեւորգյանը Դրոյի մասին այնպես է գրել, որ եթե որեւէ մեկի մտքով էլ անցնի Դրոյի մասին գրել, դժվար թե ստացվի: Գեւորգյանը Դրոյի թեման սպառել է, սպառել է ուսումնասիրելու տեսանկյունից: Չեմ պատկերացնում՝ Դրոյի մասին էլ ինչ նոր բան պետք է գրեն: Ի դեպ, Դրոյի աճյունը Հայաստան բերելու միտքը եւս Համլետ Գեւորգյանինն է եղել:

 

Մեխակ Գաբրիելյան՝ ՀՀ ԳԽ պատգամավոր

 

Համլետը իսկապես մեծ գործ արեց՝ Դրոյին ու իր գործը ներկայացրեց ամբողջությամբ: Դրոն իր բնորոշմամբ այդ ժամանակաշրջանի համար մեկ գործիչն էր: Նա Դրոյով ապրում էր եւ համարում, որ նրա նման նվիրյալ մեր ժողովուրդը չի ունեցել։ Համլետը գտնում էր, որ Դրոն անսխալական է եղել: Նրա կարծիքով, Անդրանիկն ու մյուսները սխալներ թույլ տվել են, բայց Դրոն` ոչ: Նա համոզված էր, որ, եթե այն ժամանակվա կառավարությունը հետամուտ լիներ Դրոյի խորհուրդներին, 1920թ. աշունը գուցե այդքան դառը չլիներ Հայաստանի համար:  Խորհրդային շրջանում Դրոյի մասին տեղեկությունները շատ կցկտուր էին: Մի անգամ հարցրեցի՝ ինչո՞ւ Դրոյին Ստալինը չոչնչացրեց, դա առեղծված է ինձ համար։ Համլետը հետաքրքիր վարկած ներկայացրեց․ Դրոն երկու անգամ Ստալինին բանտում փրկել է։ Իրենք հեղափոխականներ էին եւ բանտում իրար օգնում էին: Դրոն երկու անգամ՝ մի անգամ Բաքվի բանտում, մի անգամ՝ Թիֆլիսի Մետեխի բանտում Ստալինին փրկել է հանցագործների ձեռքից: Դրոն այն ժամանակ այնպիսի անուն ուներ, որ բոլորը սարսափում էին նրանից:

 

Համլետ Գեւորգյանի «Դրո» աշխատությունը մոնումենտալ է եւ բացեր չունի: Գրքում Դրոն ոչ թե կուսակցական, այլ պետական գործիչ է ներկայացված: Այդ գործը շատ ուսանելի է եւ պարտադիր պետք է լինի ցանկացած իշխանավորի համար: Այնտեղ ցույց է տալիս ոչ միայն գործչի նվիրվածությունը, այլեւ առողջ դատողությունն ու ճիշտ կողմնորոշումը դժվար իրավիճակում:

Համլետ Գեւորգյանը Համլետ Գեւորգյանը

 

Աշոտ Սիմոնյան՝ պատմաբան

 

 «Դրո» ծավալուն մենագրությունն իր նորահայտ փաստաթղթերով ավելի համապարփակ ներկայացնելով Հայաստանի Հանրապետության հիմնադիրներից մեկի կյանքն ու գործունեությունը՝ միաժամանակ լուսաբանում է 20-րդ դարի Հայոց պատմության շատ կարեւոր իրադարձություններ՝ 1905-1906 թթ. հայ-թաթարական ընդհարումները, Առաջին աշխարհամարտին հայ կամավորական ջոկատների մասնակցությունը։ Գրքում ներկայացվում է Հայոց պետականության վերականգնման եւ Հայաստանի Հանրապետության տարիների շատ կարեւոր դեպքեր, որտեղ իր վճռորոշ մասնակցությունն է ունեցել Դրոն: Այստեղ մի արգելված թեմա է լուսաբանվում՝ 2-րդ Աշխարհամարտի ընթացքում գերմանիաների հետ ՀՅԴ համագործակցությունը։ Սա արվում էր նախ հայ ռազմագերիների փրկության, ինչպես նաեւ Հայաստանում ապրող հայ ժողովրդի ապահովության նպատակով, քանի որ մեծ էր հավանականությունը, որ գերմանացիները կարող էին գրավել Անդրկովկասը: Այդ պարագայում շատ կարեւոր էր լինելու գերմանական բանակի կազմում հայկական լեգիոնների առկայությունը, որոնք ստեղծվել էին առաջին հերթին մեր երկրում կարգուկանոնը պահպանելու նպատակով:

 

Որպես վերջաբան

 

Ավագ Հարությունյան՝ պատմաբան

 

Վերամբարձ չհնչի, բայց իր բոլոր աշխատանքները բոլոր գրքերը անխտիր արժանի են, որպեսզի կրկին եւ կրկին վերահրատակվեն ու բաժանվեն: Բաժանվեն ռազմական ուսումնական հաստատություններին, դպրոցներին, որովհետեւ այդ գրքերը կարող են ոչ միայն ուսուցանել, այլեւ ոգեւորել: Նա շատ կլանող ու գրավիչ է գրում: Այդ գրքերը պատրաստի օժանդակ ձեռնարկներ են՝ քարոզչական, հայրենասիրական:

 

Մեխակ Գաբրիելյան՝ ՀՀ ԳԽ պատգամավոր

 

Ինձ հա առաջարկում էր գնալ Արեւմտյան Հայաստան, չէի համաձայնում, ասում էի՝ միայն սահմանը բացվելուց հետո: Բայց ինքը գնաց: Հետո, երբ հանդիպեցինք, ասաց․ «Գիտես, երբ գրքերը գրում էի, ամեն բլուր, ձոր, քար ու թուփ հենց այդպես էլ պատկերացնում էի։  Չես պատկերացնի՝ ամեն ինչ, բնությունը, տեղանքը նույնն էր, ինչ իմ մտապատկերում…»։

 

Վազգեն Սարգսյանի հետ դեռ «Գարուն»-ից էր ծանոթ։ Վազգենն իրեն Մաեստրո էր ասում: Շատ հետաքրքիր պատմություն կա Սարդարապատի թանգարանի վերականգնման հետ կապված: Վազգեն Սարգսյանի հանձնարարությամբ ինքը, մեկ ուրիշ գիտնականի հետ գծեց Սարդարապատի ճակատամարտի քարտեզը…

 

Տարոն Տոնոյան՝ բժիշկ, ազատամարտիկ

 

Հաղթանակով ավարտեցինք պատերազմը, սկսվեց խաղաղ շրջանը: Երբ պատերազմից վերադարձանք, Գեւորգյան Համլետը Ազգային ժողովի պատգամավորության թեկնածություն էր դրել: Մենք երիտասարդ էինք եւ հավատացած, որ էլ ով պետք է հաղթի, եթե ոչ Համլետը։ Նա հայրենասեր էր, մաքրամաքուր մարդ ու փայլուն մտավորական։ Նա իր կյանքով եւ գործունեությամբ էր ցույց տվել, որ սիրում է Հայրենիքը եւ միշտ իր ժողովրդի կողքին է:

 

Հիասթափությունը հենց այդ ժամանակ սկսվեց: Համլետը չընտրվեց պատգամավոր։ Մեր համար անընդունելի էր փող բաժանելը: Հիմա, երբ շուրջբոլորն եմ նայում, ցավով եմ նկատում, որ մենք որակական լուրջ խնդիր ունենք: Մեր ժողովուրդը զինվոր տեսակը չի սիրում: Կարծես իր հերոսական ոգին կորցրած լինի: Համլետն այս ամենը տեսներ, չէր ապրի․․․

 

Լենա Գեւորգյան

Լուսանկարները՝ Համլետ Գեւորգյանի անձնական արխիվից

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին