Բոլորը՝ բոլորի դեմ. Գուրգեն Մահարին եւ Զապել Եսայանը vs. Կոստան Զարյան - Mediamax.am

exclusive
10804 դիտում

Բոլորը՝ բոլորի դեմ. Գուրգեն Մահարին եւ Զապել Եսայանը vs. Կոստան Զարյան


Հրաչյա Քոչարը
Հրաչյա Քոչարը
Վազգեն Շուշանյանը
Վազգեն Շուշանյանը
Ավետիք Իսահակյանը
Ավետիք Իսահակյանը
Գուրգեն Մահարու դիմանկարը, նկարիչ՝ Փանոս Թերլեմեզյան
Գուրգեն Մահարու դիմանկարը, նկարիչ՝ Փանոս Թերլեմեզյան
Զապել Եսայանը
Զապել Եսայանը

«Վիժվածք», «հայրենիքի դավաճան», «ֆաշիստ», «տականք», «նողկանք», «վարձկան շներ», «գարշելի»… Ձեզ կարող է թվալ, որ մեջբերում ենք մեր օրերում սոցիալական ցանցերում հաճախակի հանդիպող բնորոշումները: Բայց ոչ՝ այսպես են միմյանց վիրավորել, զրպարտել ու մատնել XX դարի երեսունական թվականներին:

 

Այդ շրջանում միմյանց անխնա քննադատում ու բոլոր հնարավոր մեղքերի մեջ էին  մեղադրում նաեւ գրողները՝ հստակ գիտակցելով, որ զրպարտության հետեւանքը լինելու է ընկերոջ գնդակահարությունը կամ աքսորը:  

 

Երբ Արշակ Չոպանյանը 1932 թվականին Ռումինիայի կառավարությունից շքանշան է ստանում, Վահրամ Ալազանը գրում է.

 

«Այն Չոպանյանը, որը կուրծք էր ծեծում Խորհրդային Հայաստանի անկեղծ բարեկամության համար, որը երբեմն փորձ էր անում դաշնակներին «կշտամբելու» իբր թե Խորհրդային Հայաստանը պաշտպանելու համար, այժմ հակախորհրդային ինտերվենցիայի հայրենիքում՝ ստորաքարշության եւ քծնանքի իր անմրցելի վարպետությամբ շքանշաններ եւ տիտղոսներ է վաստակում: Մոսիո Չոբանյան, զարդարեցեք ձեր սնափառ լանջը այդ արյունոտ ու գարշելի խաղալիքովը, ռումինական «հրամանատարի» ձեր կոչումովը՝ հավատարիմ շան նման հսկեցեք ֆաշիստների շքադռները, քծնանքով լիզեցեք համաշխարհային սպանդ կազմակերպողների, հակախորհրդային ինտերվենտների գարշապարը» (Նաիրա Բալայան, « 30-ական թթ. արեւելահայ գրական-հասարակական կյանքը. բացասական դրսեւորումների արձագանքը Ա. Չոպանյանի «Անահիտ» հանդեսում»):

Գուրգեն Մահարու դիմանկարը, նկարիչ՝ Փանոս Թերլեմեզյան Գուրգեն Մահարու դիմանկարը, նկարիչ՝ Փանոս Թերլեմեզյան

 

Սա էլ Գուրգեն Մահարու էպիգրամներից մեկն է՝ ուղղված Կոստան Զարյանին.

 

Կարդացի «Տատրագոմի հարսը»,

Ով դատարկ գոմի փեսա,

Երկար փնտրեցի իմաստը,

Բայց ոչ մի իմաստ չտեսա:

Է, գրիր, ի՞նչ ես մտածում,

Ի՞նչ մտքեր ունես հանճարեղ,

Պառնասյան փետրով տիրացու,

Բուրվառիդ որքա՞ն վճարեմ (նույն տեղում):

 

Զապել Եսայանը Կոստան Զարյանի մասին ասում է. «Այդ թերուս իմաստակը, ոչ մի մարդկային լեզվի չտիրապետող այդ գրողը մեծ համարում ունի դաշնակ մամուլում, սակայն ով կարդացել է ստահոդ, ստոր, ստապատում հիշողությունները Խորհրդային Հայաստանի մասին, կտեսնի, թե որքան ողորմելի է այդ ավանտյուրիստ իմաստակի  գրականությունը»:

Զապել Եսայանը Զապել Եսայանը

 

Իր դասախոսություններից մեկում Զապել Եսայանը Վազգեն Շուշանյանին համարում է մեկը, որը «ներբողում է ցոփությունը եւ զարկ տալիս պոռնոգրաֆիկ գրականությանը» («Գրական թերթ», 1933, N9 ):

Վազգեն Շուշանյանը Վազգեն Շուշանյանը

 

Թերթի նույն համարում քննադատվում է նաեւ Չարենցը՝ «Ես իմ անուշ Հայաստանի» բանաստեղծության համար. «Չարենցի համար իհարկե, բավական մեծ առաջադիմություն է, որ նա 1933 թվին  հրաժարվել է Նարեկացուց, որին սրանից 13 տարի առաջ մեծարում էր. «Նարեկացու պես պայծառ ճակատ չկա»: Այժմ Չարենցի համար նարեկացիներն անընդունելի են»:

 

«Նացիոնալիստ Բակունցը, ձեռնարկելով Գոգոլի «Տարաս Բուլբա»-ի թարգմանությանը, իհարկե, մտահոգված չի եղել մեր աշխատավորությանը հանճարեղ Գոգոլի ստեղծագործություններին ծանոթացնելու հարցով: Նա իր նացիոնալիստական որոշ նպատակներին հասնելու ցանկությամբ է այդ աշխատանքը կատարել: Այլապես, ինչպե՞ս բացատրել, որ Գոգոլի «Մեռած հոգիները», «Ռեւիզորը» եւ մի շարք արժեքավոր գործերը թողած՝ առաջին հերթին թարգմանվում է «Տարաս Բուլբան»՝ Գոգոլի բուրժուական ռոմանտիզմի խտացած արտահայտությունները պարունակող այդ աշխատությունը» (Գրական սերունդ» 1936, N 5-6):

Հրաչյա Քոչարը Հրաչյա Քոչարը

 

«Նացիոնալիստ տականքների հոգեորդին». այսպես էր վերնագրված Հրաչյա Քոչարի հոդվածը՝ Խաչիկ Դաշտենցի բանաստեղծությունների «Բոց» ժողովածուի մասին.

 

«Խ. Դաշտենցի ապաշնորհ այս գիրքը տրոցկիստական-նացիոնալիստական գրական վիժվածք է: Հեղինակը չի ցանկացել թաքցնել տրոցկիստական իր երկար ականջները, որ ցցել է վեր եւ երգել իր իսկական ձայնով» («Գրական թերթ», 1937, մարտի 10):

 

«Այժմ արդեն հասկանալի է, թե ինչու 1930 թվից հետո, երբ մեր երկրում հաղթանակում էր սոցիալիզմը եւ էլ ավելի էր ամրանում ժողովուրդների եղբայրությունը, իրար ետեւից լույս տեսած նացիոնալիստական մի շարք գրքեր՝ Ա. Բակունցի «Սեւ ցելերի սերմնացանը», Մկրտիչ Արմենի «Երեւանը », Թոթովենցի «Կյանքը հին հռոմեական ճանապարհի վրա», «Հրկիզված թղթեր», Ե. Չարենցի «Գիրք ճանապարհի», Գ. Վանանդեցու եւ ուրիշների «Հայ գրականության պատմությունը» եւ այլն: Այդ գրքում Բակունցի նացիոնալիստական տրոցկիստական խմբակը դնում էր Հայաստանի սահմանների հարցը եւ ատելություն էր հրահրում դեպի թյուրքերը (Ն.Զարյան, «Ընդդեմ նացիոնալիզմի եւ տրոցկիզմի, հանուն սոցիալիստական մեծ գրականության», «Գրական սերունդ», 1936 թ., 17,7):

 

«Հակահեղափոխականներ Բակունցներն ու Ալազանները, որոնք երկար ժամանակ իրենց ձեռքն էին վերցրել Հայաստանի խորհրդային գրականության ղեկը, ամեն կերպ ձգտում էին նացիոնալիստական ոգով այլասերել մեր գրական կադրերը, նրանց թվում նաեւ գրական երիտասարդությունը, որի ամենաանկայուն  ներկայացուցիչները հաճախ ընկնում էին նրանց ազդեցության տակ: Այժմ, երբ հակահեղափոխականների այդ ոհմակը մերկացված ու հեռացված է մեր գրականության զարգացման ճանապարհից, Հայաստանի խորհրդային գրողների առաջ ծառանում են մեծ եւ պատասխանատու խնդիրներ» («Գրական սերունդ», 1936, N 5-6):

 

«Նորենցն, իմ անկեղծ համոզմամբ, նացիոնալիստ է եւ նրա նացիոնալիզմը թափանցել է նույնիսկ նրա ընտանեկան կենցաղի մեջ: Պատահական չէ, որ սասունցի Վաղարշակ Նորենցի տղայի անունը Սասունիկ է: Վ. Նորենցն ու Ա.Բակունցի «Ծիրանի փող»-ի՝ Սասուն վերադառնալ ցանկացող հերոսը հիշեցնում են իրար»

(Դավիթ Գասպարյան, «Փակ դռների գաղտնիքը», Երեւան, 1994, էջ 574):

Ավետիք Իսահակյանը Ավետիք Իսահակյանը

 

1936 թվականին Փարիզից Խորհրդային Հայաստան վերադարձած Ավետիք Իսահակյանն արդեն 1937-ին, Բակունցի, Չարենցի, մյուսների ձերբակալությունից հետո, գրում է «Իմ ազատ եւ ստեղծագործ ժողովրդի հետ» գրությունը.

 

«Ինձ շատ մեծ վիշտ պատճառեց նաեւ մի քանի գրողների ձերբակալությունները, որոնց մեջ ունեի անձնական ընկերներ, բայց երբ վերադարձա Երեւան եւ հնար եղածի չափ ծանոթացա իրերի եւ իրադարձությունների հետ, տեսա, որ մեր կառավարությունը (որին անպայման վստահում ենք) եւ ժողովուրդը ուրիշ կերպ չէին կարող վարվել նրանց հետ: Որովհետեւ նրանք շեղվել են ուղիղ, տրամաբանական ճանապարհից եւ ընթացել են մի դատապարտելի ճանապարհով» («Գրական թերթ», 1937, ապրիլի 23):

 

«Գրավելով Հայաստանի խորհրդային գրողների միության մեջ ղեկավար պոստեր եւ օգտվելով ՀԿ(բ)Կ կենտկոմի նախկին քարտուղար՝ դավաճան տրոցկիստ -նացիոնալիստ Խանջյանի ամեն տեսակի օժանդակությունից, տրոցկիստ Սիմոնյանի գլխավորությամբ՝ մի շարք նացիոնալիստ-տրոցկիստ հակահեղափոխականներ՝ Բակունցը, Թոթովենցը, Ալազանը, Վանանդեցին, Նորենցը եւ Մահարին, մեծ վնաս հասցրին հայկական խորհրդային գրականությանը ոչ միայն իրենց գրական գործերով, այլեւ կազմակերպչական միջոցառումներով:(…) Նացիոնալիստ-դաշնակ Բակունցը իր «Ծիրանի փող» պատմվածքում հակադրում է, այսպես կոչված, Թուրքահայաստանը ներկա Խորհրդային Հայաստանին, կոչ է անում վերադառնալ այդ երկիրը, քանի որ, նրա կարծիքով, միայն այնտեղ կարելի է գտնել աշխատանքային հանգիստ կյանք, առանց շղթաների եւ բռնության» (Գեւորգ Աբով, «Գրական թերթ», 1937 թ.,մարտի 20):

 

«Վախտանգ Անանյանը գեղարվեստական արժեքից դուրս գրական իր խծբծանքների մեջ հետեւողականորեն զարգացրել ու կիրառել է հակահեղափոխական Խանջյանի գրական պատվերները: …Այս տեսակետից բնորոշ է նրա «Քարանձավի բնակիչները» խալտուրան: Անանյանն այդ գրքի առաջին իսկ էջերում հայտարարում է, որ ինքը շատ է կարոտել իրենց գյուղին եւ իդիլիկ գույներով է ներկայացրել դաշնակցական տիրապետության շրջանի գյուղը: …«Քարանձավի բնակիչներ» վեպը լի է հակահեղափոխական պրովոկացիաներով եւ ֆաշիստական զրպարտություններով» («Գրական թերթ» , 1937, N33):

 

«Չնայած մի շարք պոեմների՝ այնուամենայնիվ, Չարենցը հետեւողական հեղափոխական գրող չի եղել, Չարենցը ոչ մի լուսավոր էջ չի գտնում մեր ժողովրդի ողջ պատմության մեջ եւ այն պատկերացնում է «անղեկ», «անգաղափար» («Գրական թերթ» , 1937, N 13):

 

«Ով  կոնֆլիկտի մեջ է գտնվում իր ժողովրդի հետ, ով գնում է նրա թշնամիների բանակը, կանգնում է վտանգավոր ուղու վրա: Եվ ահա այժմ այդ վտանգավոր ուղու վրա է գտնվում, այժմ այդ մասին պետք է ասել ամբողջ ձայնով, Չարենցը: Չարենցը կանգնել է նացիոնալիստական ուղու վրա: Խորհրդային կառավարությունը ամենահամբերատար վերաբերմունք է ցույց տվել նրա հանդեպ: Սակայն Չարենցը համապատասխան եզրակացություն չի արել այդ բոլորից: Նա նույնիսկ չմասնակցեց ժողովին ու լռություն պահպանեց: Այժմ միայն Չարենցից  է կախված, թե կվերադառնա՞ նա արդյոք դեպի խորհրդային գրականությունը՝ մինչեւ վերջ գիտակցելով իր հանցանքները» («Գրական թերթ», 1937, N 13):

 

Ամիսներ անց, նոյեմբերին, Չարենցը մահացավ բանտում: Ընկերների դեմ զրպարտություններ գրած գրողներից շատերը եւս գնդակահարվեցին ու աքսորվեցին:

 

Երեսնականներին համատարած զրպարտագրերի ու մեղադրանքների մեջ մասնակցել են ժամանակի բոլոր գրողները՝ մեկ-երկու բացառությամբ:

 

Ժամանակներն այդպիսին էին: Այս արդարացումը ունիվերսալ է բոլոր ժամանակների համար: Նաեւ այսօր: Բայց եւ բոլոր ժամանակներում կա անձնական ընտրության հնարավորություն, ինչից չափազանց քչերն են օգտվում:  

 

Լիլիթ Ավագյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին