«Գայլ Վահան», «ջաղացպան» եւ «Վանիկ»՝ հուշեր Տերյանի մանկության մասին - Mediamax.am

exclusive
7053 դիտում

«Գայլ Վահան», «ջաղացպան» եւ «Վանիկ»՝ հուշեր Տերյանի մանկության մասին


Պատանի Վահանը՝ եղբոր` Արամի հետ
Պատանի Վահանը՝ եղբոր` Արամի հետ

Լուսանկարը` Teryan.com կայքից

Արամ Տեր-Գրիգորյանը
Արամ Տեր-Գրիգորյանը

Լուսանկարը` Teryan.com կայքից

Ղազարոս Տեր-Գրիգորյանը
Ղազարոս Տեր-Գրիգորյանը

Լուսանկարը` Teryan.com կայքից

Տերյանի մայրը՝ Յուղաբեր Տեր-Գրիգորյանը
Տերյանի մայրը՝ Յուղաբեր Տեր-Գրիգորյանը

Լուսանկարը` Teryan.com կայքից


Վահան Տերյանի (Վահան Տեր-Գրիգորյան, 1885-1920թթ. ) ծննդյան օրը՝  փետրվարի 9-ին,  շատ են նրա մասին պատմող նյութերը՝  Տերյանն՝ իբրեւ բանաստեղծ, հրապարակախոս, քաղաքական, պետական գործիչ: Նրա մասին գրել են շատերը: Տերյանի  անձնական կյանքը, մահվան հանգամանքները ներկայացված են՝ հնարավոր  մանրամասնությամբ:

 

Սակայն կան մարդիկ, որոնց հուշերն առանձնահատուկ են: Եվ այդ մարդկանցից մեկն էլ Տերյանի հարազատ եղբայրներից մեկն  է՝ Արամ Տեր-Գրիգորյանը (1):

Տերյանի մասին հուշեր ունեն նաեւ եղբայրներից՝ Ներսեսը (2) եւ Ղազարոսը (3):

Ղազարոս Տեր-Գրիգորյանը Ղազարոս Տեր-Գրիգորյանը

Լուսանկարը` Teryan.com կայքից

Արամի  հիշողությունները տպագրվել են Վահան  Տերյանի  մահից հինգ տարի անց, 1925  թվականին, «Նորք» հանդեսում (N 5-6):

 

«Իրերի դասավորումով՝ ես անբաժան եմ եղել Վահանից նրա ամբողջ մանկության ընթացքում, հետեւապես այս աշխատությանս մեջ բերված նկարագիրն ականատեսի վկայություններ են»,- իր պատմությունն այսպես է սկսում Արամ Տեր-Գրիգորյանը:

 

Վահանն ընտանիքի 11-րդ երեխան էր:

 

«Մենք չորս քույր ու չորս եղբայր էինք, երեք քույր եւ մի եղբայր էլ մեռել էին, ուրեմն՝ մայրս ընդամենն ունեցել է տասներկու զավակ: Մեռնող քույրերի  եւ եղբորս մահվան պատճառը եղել են տարափոխիկ կամ պատահական հիվանդությունները: Կենդանի քույրերիցս Աշխենը եւ Թագուհին ամուսնացած էին մեր գյուղում, երբ մնացած վեց եղբայր-քույրերս սկսեցինք իրար գիտակցել հայրական հարկի տակ: Ըստ հասակի՝ մեր կարգը հետեւյալն է՝ Ղազարոս, Նախշուն, Արամ, Ներսես, Վահան եւ Հեղինե»:   

 

«Վահանը, որին հայրս «Գայլ Վահան» էր անվանում, հաճախ պատմելով մեզ Գայլ Վահանի պատմությունը, մանկության հասակում ոչ միայն ոչնչով չէր աչքի ընկնում, այլ ընդհակառակը, սովորական երեխաներից ավելի աննկատելի էր տան մեջ:  Հաստ, լիքը, գորշ դեմքով, կարմրաթուշ, կլոր երեխա էր: Այդ հասակից կտեսնեինք նրան մի անկյունում, հատակի վրա նստած կամ պառկած՝ եղունգներն է կրծում-մի սովորություն, որն ունեցել է նաեւ հայրս եւ որն ունենք կամ ունեցել ենք բոլոր եղբայրներս: Հաճախ նա անտարբեր ու թմրած դրության մեջ մնում էր պասիվ ու առանց պահանջների, առանց լացի, որի պատճառով «անուշ» երեխի, «գառի» անունը վաստակեց շրջապատից: Մանկության հասակում արդեն սկսեց նրա մեջ նկատվել նաեւ բնավորության բռնկումներ: Ամենաթեթեւ նկատողությունը ծնողներիս կողմից նրա մեջ ծանր վիրավորանքի զգացում էր առաջ բերում, թշերն ուռչում էին, աչքերից արտասուքը կաթիլ-կաթիլ գլորվում եւ դժվարությամբ զսպված հեկեկանքը սրտի խորքից դուրս պայթում: Այդպիսի դեպքերում ամեն մի փաղաքշանք ու գուրգուրանք  նրան ավելի ու ավելի գրգռում էին, որի պատճառով ընտանիքում սովորություն էր դարձել  նման դեպքերում հանգիստ թողնել նրան: Երեխայությունից շատ էր սիրում կարմի շորը, եւ մինչեւ 7- 8 տարեկան հասակը նրա շորերը կարմիր կտորից էին կարում: Կարգապահություն եւ մաքրասիրություն չուներ. նրա շորերը միշտ պատռված էին ու ծածկված ապուրի, յուղի ու կերակրների մնացորդներով. որքան եւ հաճախ էին լվացվում նրա շորերը, այնուամենայնիվ, կուրծքը եւ թեւերը կեղտից շարունակ փայլում էին: Սովորություն ուներ փայտի կտորներ կամ գդալներ վերցնել եւ կախելով շորերի արանքը՝ օղակների կամ պատռվածքների մեջ՝ պտտացնել. այդ սովորությունը նա չթողեց  մինչեւ մեծանալը՝ չնայելով ծնողներիս եւ շրջապատի բարկությանն ու արգելքներին: Այդ «պտտացնելու» եւ անմաքրասիրության պատճառով մայրս նրա անունը «ջաղցըպան» (ջաղացպան) էր դրել, որպիսի անունը մնաց նրա վրա հասակն առնելուց հետո էլ: Սովորաբար համբերատար եւ բարեհամբույր՝ բարկության րոպեներին նա իրան բոլորովին կորցնում էր: Եթե բարկության պատճառը մենք էինք լինում, նա խլում էր առաջին պատահած իրը՝ լիներ սա քար, փայտ, դատարկ կամ կերակրով, ջրով լի աման՝ շպրտում էր մեզ վրա, իսկ եթե փախուստի էինք դիմում՝ վազում էր մեր ետեւից, մինչեւ որ մի կերպ վրեժը հաներ. պատահում էլ էր, որ մեր հետեւից չէր հասնում, այդպիսի դեպքերում՝ ուժասպառ եղած՝ ընկնում էր որեւէ պատի տակ կամ անկյուն եւ կատաղորեն սկսում էր կրծոտել եղունգները: Այդ սովորությունից նրա մատները միշտ արյունլվիկ էին, մատրերի ծայրի կաշին՝ պոկոտած, եղունգներ գրեթե չէին մնացել: Մատների «քցիմ» (այս հիվանդության միջոցին եղունգների արմատի մոտ կաշին ճաքճքում եւ կտոր-կտոր կախ է ընկնում- հեղ.) հիվանդությունը, որ առաջ էր եկել եղունգներ կրծելուց, մնաց նրա վրա հասակն առած ժամանակ էլ:

 

Երեխայական «չարություններ» չուներ, բայց երբ այդպիսիք պատահում էին, լինում էին անզուսպ եւ միշտ վերջանում էին որեւէ նյութական վնասով կամ մարմնական վերքով: Այդպիսի դեպքերում նա իրան խիստ մեղավոր էր զգում եւ համբերությամբ դիմանում էր մորս կշտամբանքիններին ու ծաղրին: Մեր ընդհանուր չարությունների ժամանակ Վահանը շատ հաճախ տուժում էր անարդարացի կերպով՝ իբրեւ մեր մեջ պաշտպանվելու եւ արդարանալու ամենից քիչ ընդունակը: Այդպիսի դեպքերում զգալով իր անմեղությունը՝ նա լռում էր կամ ծիծաղում:

Արամ Տեր-Գրիգորյանը Արամ Տեր-Գրիգորյանը

Լուսանկարը` Teryan.com կայքից

Վահանն իր մանկությունն  անցկացրեց նախանձելի պայմաններում: Ծնողներիս գուրգուրանքը, շրջապատի սերը, նյութական լիությունն ու առատությունը՝ այս բոլորը Վահանի մանկությանը բաժին ընկան: Ընտանեկան այդ խաղաղ մթնոլորտը թեեւ կոկում էր նրա բնավորությունը, բայց չէր կարողանում վերացնել այն անհարթությունները, որ բնածին էին: Սովորաբար՝ մեղմ ու խաղաղ, հեզ, անխոս, հպատակվող ու լսող, ծիծաղկոտ այս մանուկը ստեպ դուրս էր գալիս այդ նորմալ դրությունից եւ անճանաչելի դառնում. կարծեք ինչ-որ կապված հանգույց պայթում էր նրա մեջ, եւ այնուհետեւ նա դառնում էր անզսպելի, անդիմադրելի ու անմատչելի համոզումների ու խրատների: Ընդհակառակը՝ հանգստացնելու բոլոր փորձերն ավելի ու ավելի էին գրգռում նրան, եւ այդ պոռթկումի դեմ միակ միջոցն էր նրան անուշադիր թողնելը: Այս դեպքում նա ընկնում էր վարանումների մեջ, մեղմանում, մոռանում պոռթկումի պատճառը եւ դառնում նախկին հեզ, հլու եւ ծպտուն մանուկը: Վահանի փոթորիկների դեպքում հայրս գրեթե միշտ նրա կողմն էր լինում, բայց միաժամանակ աշխատում էր նրան հանգստացնել.

 

-Ծո մի, ծո ղոպպո (աժդահա, մեծ կոպիտ), ի՞նչ կենես, խելառ խո չես, - այս ձեւով աշխատում էր հայրս մեղմել Վահանի կիրքը եւ, միաժամանակ, մեզ էր կշտամբում.

 

-Լավ կենե (լավ է անում), ինչու՞ մանչուս կհերսոտեցնեք;

 

Մայրս այդպիսի դեպքերում գուրգուրանքով ու քնքույշ փաղաքշանքներով հարթում էր դրությունը, բայց պատահում էլ էր, որ նրա մեջ խոսում էր անմար հումորը: Մի քանի հանաքներ, սրամիտ ու րոպեին հարմար բնորոշումներ, որոնց դիմաց Վահանը մնում էր երկմիտ ու տատանման մեջ՝ չիմանալով ՝ շարունակե՞ ակտիվ գործողությունները, թե՞ տրվի ընդհանուր ծիծաղի հոսանքին՝ համեմված քիլարից (մառանից) դուրս բերած մրգերով, մեղրով , գաթայով կամ սերով, լուծում էին խնդիրները, եւ մեր խումբը ուրախ հանաքներով վայելում էր պատերազմական ավարը: Այդպիսի դեպքերում Վահանը հանաքների ու ծիծաղի մեջ  առաջին տեղն էր բռնում: Անհիշաչար, ընդհանուրի սիրելիի գիտակցությամբ՝ նա նորից դառնում էր հեզ ու ենթարկվող Վահանը կամ, ինչպես ասում էինք, Վանիկը:

 

Առհասարակ, գրեթե անկարել էր նախատեսել, թե այս կամ այն դեպքը, վարմունքը, խոսքը ինչպես կազդե, ինչ էֆեկտ առաջ կբերե Վահանի մեջ՝ լա՞ց, թե՞ ծիծաղ, ամենաթեթեւ պատահականությունը լացը կարող էր դարձնել ծիծաղի եւ ընդհակառակը: Վանիկի բարկությանն ամենից հաճախ ենթարկվում էր Նաշոն (Նախշունը), որի պատճառն, ինչպես ասեցի, այն էր, որ Վահանը նրա սանիկն էր, նրա խնամածը մանկության հասակում եւ, բնականաբար, նրանից երես էր առած: Նախշունի ոտքի արյունը, դեմքի կապույտ սպին կամ ուռույցը Վահանի տեմպերամենտի կենդանի արձանագրություններն էին:

 

Վահանի անբաժան խաղընկերներն էինք Ներսեսը եւ ես: Ես՝ որպես մեծը, առաջնորդի դերն էի կատարում, տալիս էի ընդհանուր դիրեկտիվներ, Ներսեսը հավանություն կամ անհամաձայնություն էր հայտնում, իսկ Վահանը միշտ պասիվ էր, նա կատարում էր մեր կարգադրությունները: Գյուղի երեխաների համար խաղն առհասարակ, արգելված պտուղ է, որովհետեւ 5-6 տարեկան հասակից նրանք ունեն իրենց համապատասխան աշխատանքը, որը պարտադիր կերպով պետք է կատարեին: Սակայն մեզ հայրս կատարյալ ազատություն էր տվել խաղերի մեջ՝ որոշ սահմանափակումով երկրագործական աշխատանքների սեզոնին… Մեր խաղերին հայրս նայում էր՝ որպես անհրաժեշտ պարապմունքի եւ լռելյայն կամ մեզ համար անզգալի կերպով խրախուսում էր մեր խաղերը որոշ ուղղությամբ: Մայրս խաղերը համարում էր մեր աղմուկից ազատվելու միջոց միայն:

 

…Վահանը՝ որպես ֆիզիկապես ամենից թույլը եւ ցրված բնավորություն ունեցողը՝ ամենից շատ էլ վնաս տվողն էր. ինչ գործիք որ ընկներ նրա ձեռքը եւ հեռու մնար առանձին հսկողությունից՝ կա՜մ կկորցներ, կա՜մ կկոտրեր, եւ, որ հաճախ էր պատահում, այնպիսի տեղ կպահեր, որ ինքն էլ կմոռանար, եւ ամիսներ հետո միայն պատահաբար կգտնեինք: Բացի այդ՝ նա առանձին ընդունակություն ուներ գործիքներով ինքն իրեն վնասելու: Երբեք մի օր անգամ չի եղել, որ նրա մատները կտրած, ծունկը ջարդած կամ ծակած եւ ոտքի մատները ջախջախված չլինեին: Եթե ստացած վերքը մեծ էր լինում, նա սպասում էր մինչեւ արտաքին նշանների թուլանալը՝ կտրած տեղերից արյունահոսությունը կանգնեցնելու համար հող էր ածում վերքի վրա կամ ճղվածքի մեջ սարդի ոստայն կախում կամ լվանում եւ հագուստը պատռելով՝ կապում: Պատահում էլ էր, որ վերքը ծանր էր լինում եւ ցավն՝ այնքան խիստ, որ մոռանում էր վախը եւ լացով տուն վազում:

 

-Լավ է եղել,-լացակումած դիմավորում էր նրան մայրս եւ ինքն իրեն կորցրած՝ միջոցների դիմում՝ Վահանի ցավերը թեթեւացնելու:

 

Այսպես՝ Վահանն իր ամբողջ մանկության ընթացքում պատերազմից նոր վերադարձածի տեսք ուներ՝ արյունլվիկ ու ջարդված մատներով, կտրտված կամ ջախջախված ոտքերով, ցեխոտ, փոշոտ կամ դարմանոտ, ապուրից, յուղից կամ մածունից փայլող պատառոտված շորերով - այդպես էր այդ թխադեմ, թաց աչքերով, սուր հայացքով, հեզահամբույր ու ծիծաղկոտ մանկան սիրելի դեմքը: Մեր եւ առանձնապես մորս հաճախակի հանաքների առարկան էին նրա դուրս կախված ականջները:

 

-Ծո Վանո (տանը Վահանին կանչում էինք «Վանիկ» կամ «Վանո»), առ այս մեխը, անկճվիդ մխե, վար կըյնին (առ այս մեխը, ականջներիդ մեխիր, վայր կընկնին):

Տերյանի մայրը՝ Յուղաբեր Տեր-Գրիգորյանը Տերյանի մայրը՝ Յուղաբեր Տեր-Գրիգորյանը

Լուսանկարը` Teryan.com կայքից

-Հա, գիտեմ, որ ամեն բան քեզնեն կելլե (ամեն բան քեզնից է ծագում),- կես լացակումած, կես ծիծաղով՝ պատասխանում էր Վահանը՝ գիտակցելով, որ ամենքիս ծաղրելը մորս անկապտելի իրավունքն է եւ նրանից վիրավորվելն ընդունված չէր:

 

…Որպես կրոնական մարդ՝ հայրս ամենայն խստությամբ պահում էր պասերը, եւ ոչ ոք նրա հարկի տակ չէր կարող մտքից անգամ անցկացնել պասն ուտելը: …Ուստի՝ մեր ուտելիքը պաս օրերին լինում էր չափազանց համեստ՝ ձիթով փլավ, կորկոտ կամ մախոխ ապուր, ղմի, քեխ եւ հաց (ղմին եւ քեխը կանաչիներ են, որոնք գործ են ածվում խաշելուց հետո-հեղ.):

 

Շաբաթ օրերի վերջը մեզ համար ցնորքի առարկա էր, որովհետեւ աշխատանքը վերջանում էր արեւը մայր մտնելուց բավական առաջ. հայրս շտապում էր եկեղեցի՝ «ժամ ասելու»: Մենք էլ, եթե ցանկություն չէինք ունենում հորս դեմքը «թթու» տեսնելու, պետք է գնայինք եկեղեցի: Այստեղ բոլորս խմբվում էինք հորս կողքին, իսկ Վահանը կանգնում էր նրա առաջ եւ ստեպ ընկնում նրա ոտքի տակ, որովհետեւ հայրս տարվում էր ժամասացությամբ, իսկ Վահանը՝ եղունգները կրծելով…

 

Մեծ բախտ էր Վահանի համար,երբ նա հորս ոսկեղօծ շուրջառն ուսին գցած՝ հպարտ-հպարտ տուն էր բերոմ: Շաբաթ երեկոները Ներսեսի եւ Վահանի մեջ այդ բախտին արժանանալու համար հաճախ ընդհարումներ էին տեղի ունենում: Նույնպիսի ընդհարումներ տեղի էին ունենում մեր տանը շաբաթ երեկոները՝ խունկ ծխելու առիթով:

 

Ամբողջ շաբաթվա աշխատանքը եկեղեցով  ու աղոթքով եզրափակելուց հետո՝ հայրս  համարում էր իր պարտքը լիովին կատարած եւ ընկնում էր ուրախ ու հանգիստ տրամադրության մեջ, որպիսի տրամադրություն օգտագործում էին ամենքը՝ սկսած նրա հետ գործ ունեցողներից ՝ մինչեւ մեր տան բոլոր երեխաները: Ամբողջ երեկոն (իհարկե, եթե հայրս հետեւյալ օրը պատարագիչ չէր լինում) մենք խաղում, ծիծաղում, հանաքներ էինք անում հորս հետ Վահանը թռչում էր նրա շալակը, ստիպում վազվզել, թռչկոտել: Հայրս մեզ հետ երեխա էր դառնում, եւ խաղերը շարունակվում էին մինչեւ ուշ գիշեր: Մայրս այս խաղերը համարում էր «տերտերի» համար «անվայել» եւ աշխատում էր չափ դնել նրանց:

 

-Ի՞նչ կենա (դարձյալ) խելռար, մարդ կանցնի, ակոշկեյեն (պատուհանից) տեսնի կը:

 

-Աղջի, խաղն ի՞նչ ամոթ է, խո գողութեն չենք էնե,-պատասխանում էր հայրս:

 

…Հինգ-վեց տարեկան հասակից Վահանը մտավ դպրոց…

 

Դպրոցական պարապմունքներից դուրս՝ հայրս փորձ արեց Վահանին տիրացություն սովորեցնել, բայց վերջինս անհաջող տիրացու դարձավ: Երբ եկեղեցու սեղանի առաջ կանգնած հերթը գալիս էր իրեն «Ապրեցոն» ասելու, նա անփոփոխ կերպով ծիծաղից փռթկում էր: Հայրս բարկանում էր.

 

-Ծո անպիտա՜ն, մի՜ խնդա:

 

Այդ նկատողությունից Վահանի ծիծաղն ավելի սաստկանում էր եւ անզգալի կերպով փոխվում լացի ու հեկեկոցի:

 

Վահանի համար տիրացության կարիերա ստեղծելու անհաջող փորձերի մեջ հայրս, հակառակ իր բնավորությանը, համառ չեղավ  եւ նրան ազատ դարձրեց այդ «պարտականությունից»:

 

…Գյուղական դպրոցում Վահանը ոչնչով աչքի չէր ընկնում,  թեեւ լավ աշակերտներից էր: Վերջին հանգամանքը պետք է վերագրել մեր ընտանեկան նպաստավոր պայմաններին, քան Վահանի առանձին ընդունակություններին: Մասնավորապես՝ անընդունակ էր երգեցողության մեջ, ինչպես եւ մենք բոլորս (նրա եղբայրները եւ քույրերը): Գանձայի դպրոցը Հովիվյանի շնորհիվ գավառի ամենալավ գյուղական դպրոցի համբավ էր ստացել, բայց հայրս մշտապես Վահանին այնտեղ թողնելու մտադրություն չուներ: Նա խնդիր էր ուղարկել Լազարյան ճեմարանը եւ պատասխանի էր սպասում: Մի անգամ ճեմարանի վարչությունից մերժում ստացվեց, բայց հայրս կրկին խնդիր ուղարկեց եւ հույս ուներ, վերջիվերջո, Վահանին այնտեղ ուղարկել»:

 

1899  թվականին Տերյանն ընդունվում է Մոսկվայի Լազարյան ճեմարան:

 

Նորայր Տեր-Գրիգորյանի հուշագրությունն այստեղ ավարտվում է.  «Այսպես Վահանը քննություններ տալով՝ մտավ Լազարյան ճեմարանը, որը դարձավ նրա իսկական alma mater-ը, եւ որտեղի կյանքը կազմում է Վահանի կենսագրության հատուկ շրջանը՝ իր ուսումնասիրողին ու շարադրողին կարոտ»:

 

Լիլիթ Ավագյան

 

1) Տեր-Գրիգորյան Արամ (1879-1925) , Վ. Տերյանի եղբայրը, ավարտել է Թիֆլիսի գիմնազիան, ապա Պետերբուրգի եւ Դորպատի համալսարանները։ Իրավաբան, հրապարակախոս, թարգմանիչ, մանկավարժ։ 1907-1908 թթ․ Թիֆլիսում խմբագրել ու հրատարակել է «Անկախ մամուլ» թերթը։

2) Տեր-Գրիգորյան Ներսես (1882-1949),  ավարտել է Ներսիսյան դպրոցը եւ զբաղվել ուսուցչությամբ։

3) Sեր-Գրիգորյան Ղազար (1874-1937), Վահան  Տերյանի ավագ եղբայրը, գրող:  Ավարտել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը: Գրական աշխարհում  հայտնի է ՙՋավախեցի՚  անունով։ Երկար տարիներ՝ իբրեւ մանկավարժ,  աշխատել է Անդիժանում եւ Տաշքենդում ։ 1933-ից աշխատում էր Հայաստանում։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին