Րաֆֆու կորած արխիվի առեղծվածը - Mediamax.am

7008 դիտում

Րաֆֆու կորած արխիվի առեղծվածը


Րաֆֆու կինը՝ որդիների հետ
Րաֆֆու կինը՝ որդիների հետ

Լուսանկարը` Հայաստանի պատմության թանգարանի պահոց

Աննա Հորմուզը
Աննա Հորմուզը

Լուսանկարը` Հայաստանի պատմության թանգարանի պահոց


«Սրտի ցավով պիտի ասեմ, որ, վերջիվերջո, Րաֆֆու արխիվը Հայաստան չհասավ: Ճանապարհին կա՛մ կորել է, կա՛մ չարամտաբար ոչնչացրած են. ազգային մեծ կորուստ»: Ավետիք Իսահակյանի նամականու վրա աշխատելիս՝ հանդիպեց այս մեկը՝  ուղղված սփյուռքահայ գրող Լեւոն Մեսրոպին (1957 թ., սեպտեմբերի 6, «Ավետիք Իսահակյանի նամակները», էջ 410, Երեւան, 2016թ.):

 

Նամակը գրված էր 1957 թվականին: Հնարավոր է ՝ ավելի ուշ այն տե՞ղ է հասել, Չարենցի անվան գրականության (ԳԱԹ) եւ արվեստի թանգարանում է կամ  Մատենադարանու՞մ: Ոչ. ԳԱԹ-ում, Մատենադարանում կան Րաֆֆու առանձին ձեռագրեր, բայց ամբողջական արխիվը, որի մասին կան բազմաթիվ հիշատակություններ, անհետ կորած է:

 

Րաֆֆու հարուստ արխիվի մասին վկայություններից մեկը թարգմանիչ, նկարիչ, արեւմտահայերի իրավունքների պաշտպան Զավեն Բոյաջյանի նամակն է Ավետիք Իսահակյանին:  Զաբել Բոյաջյանը ծնվել էր Դիարբեքիրում,1873 թ.-ին: 1895-ի համիդյան ջարդերից հետո, ընտանիքի հետ տեղափոխվել էր Պոլիս, ապա` Կիպրոս,  Մարսել, Փարիզ ու, վերջապես, Լոնդոն: Լոնդոնահայ համայնքի ամենամեծ ու ազդեցիկ կազմակերպությունը «Լոնդոնի հայ գործավորների եւ ուսանողների միություն»-ն էր, որը համախմբում էր կոտորածներից փախած եւ Լոնդոնում ապաստանած հայերին: Միությունը ստեղծվել էր դեռեւս 1898-ին՝ Րաֆֆու այրու՝ Աննա Րաֆֆու եւ նրա որդիների՝ Արամ եւ Արշակ Րաֆֆիների եւ մի քանի այլ հայերի ջանքերով:

 

Բոյաջյանի անտիպ նամակը, որը պահպանվում է  ԳԱԹ-ի Իսահակյանի ֆոնդում, գրված է 1946 թ.-ի օգոստոսի 28-ին, Լոնդոնից:

 

«Մեծ բանաստեղծ Աւետիս Իսահակեան, Երեւան

 

Շա՛տ սիրելի եւ յարգելի բարեկամս,

 

… Իսկ անցեալ օր տիկին Րաֆֆին (խոսքը Րաֆֆու որդու՝ Արշակի կնոջ մասին է-Լ.Ա.) իմ վրայ տխուր պարտականութիւնը դրեց իր ամուսինին՝ Արշակ Րաֆֆիին  մահուան ցաւալի լուրը Ձեզ յաղորդել, որ տեղի ունեցաւ այս ամսուայ 12-ին, իրանց տունին մէջը: Յուղարկավորութիւնը շատ պատշաճ կերպով կատարուեցաւ հայկական եկեղեցիին մէջ, ուր ներկայ կային նաեւ համալսարա<նա>կան ուսուցիչ ընկերներեն, որոնցմէ մին գեղեցիկ դասախոսութիւն մը ըրավ Արշակ Րաֆֆիին համալսարանական գործին վրա՝ իբրեւ ռուսերենի եւ սլավոնական նիւթերու վրայ ուսուցիչ եւ դասախօս[: Հետո դագաղը տարվեցաւ տիկին Աննա Րաֆֆիին [եւ Արամ Րաֆֆիին մոտ տեղավորվեցաւ, որպեսզի երեքը միասին մի օր Հայաստան փոխադրվին (Լոնդոնի «Քենզըլ Գրին» գերեզմանատան մատուռում պահվում են տիկին Աննայի եւ նրա որդիների դագաղները, որոնց մեջ գտնվում են նրանց զմռսված դիակները` հետագայում Թիֆլիսում կամ  Երեւանում թաղելու համար: Դրանք չեն տեղափոխվել ո՛չ Թիֆլիս, ո՛չ Երեւան- Լ.Ա. ):

 

Այսպես ընտանիքը վերջացաւ, ի բացառեալ Արշակին կինը, Աղեքսանդրա, որ դեռ երիտասարդ, բայց շատ լուրջ եւ ազնիը տիկին մըն է, արժանի այդ անունը կրող վերջինը լինելուն:

 

Ինձի ըսաւ, որ Ձեզ իմացնեմ մտադրութիւնը Րաֆֆիին եւ տիկին Րաֆֆիի ձեռագիրները Երեւան թանգարանին նուիրել: Ինձ նման նա կէս հայ եւ կէս անգլիացի է, կամ աւելի ճիշտ ասել՝ իռլանդացի, բայց հայերէն եւ ռուսերէն լավ իմանում է…»:

 

Րաֆֆու ընտանիքը

 

Րաֆֆին ամուսնացած էր ազգությամբ ասորի Աննա Հորմուզի հետ: Տիկին Աննան ծնվել էր 1848 թբականին Պարսկաստանի Ուրմիա քաղաքում: Րաֆֆիների ընտանիքի բարեկամ Մինաս Վերածինն այսպես է նկարագրում նրան. «Տիկին Րաֆֆին միջահասակ, նուրբ եւ կանոնաւոր դիմագծերով կին մըն էր, շատ բարեկիրթ, ուսեալ եւ շատ հիւրասէր: Ուսած էր Ուրմիայի միսիոնական աղջկանց վարժարանը: Ծագումով ասորի էր եւ լսած եմ, որ ան դուստրն էր ասորի մելիքի մը: Իր աղջկական անունը եղած էր օր. Աննա Հուրմուզ Հիւրմուզ… Տիկին Աննա կը խօսէր եւ կը գրէր շատ սահուն հայերէն եւ ասորերէն: Գիտէր նաեւ Ատրպատականի թուրքերէն, ռուսերէն եւ վրացերէն: Կը խօսէր, կը կարդար եւ կը գրէր անգլերէն» («Հայրենիք» ամսագիր, N5, 1938 թ., Բոստոն):

Աննա Հորմուզը Աննա Հորմուզը

Լուսանկարը` Հայաստանի պատմության թանգարանի պահոց

Ունեցել են երեք զավակ: Դուստրը՝ Եսթերը, 12 տարեկանում մահացել է: Որդիներից ավագը՝ Արշակ Րաֆֆին, ծնվել է Թավրիզում, 1875 թվականին, կրտսերը՝ Արամ Րաֆֆին, Ագուլիսում, 1879 թ.: Երկուսն էլ ավարտել են Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը:

 

Րաֆֆու ընտանիքը, դատելով ժամանակի մամուլի հրապարակումներից, ֆինանսական ծանր կացության մեջ է եղել: Ահա Շիրվանզադեի հուշերը՝ Րաֆֆու մասին.  

 

«Մի անգամ,- պատմել է նրան Րաֆֆին,- կէս գիշերին ծխել ուզեցի պարապելու ժամանակ: Ծխախոտս վերջացել էր: Միեւնոյն ժամանակ եւ սաստիկ քաղցած էի: Գրպանումս ունեի երեք կոպէկ: Մտածեցի՝ ի՞նչ գնէլ՝ ծխախո՞տ, թէ՞ հաց»:   («Հայրենիք», մարտ, 1924, թիւ 5): Րաֆֆին, այնուամենայնիվ,  ընտրել է հացը, թեեւ թե՜ նրա կինը, թե՜ ճանաչողները, պատմում էին, որ նա ծխում էր անդադար:  

 

«Միակ նրա շռայլութիւնն էր թէյը: Գիշերը գրեթէ մինչեւ լոյս պարապելով, նա շարունակ խմում էր թանձեւ թէյ ու ծխում, անվերջ ծխում» (նույն տեղում):  

1888 թվականին Րաֆֆին հիվանդանում է: «Արձագանք» թերթը գրում է.

«Ահա մի քանի օր է, որ մեր աշխատակից վիպասան պ. Րաֆֆին հիւանդ է եւ նորա տկարութեան հասարակութեան մէջ տագնապեցուցիչ լուրեր են պտտում: Մենք ամենաճիշդ աղբիւներից կարող ենք հաղորդել հետեւեալը. Րաֆֆին հիւանդ է թոքերի բորբոքումով: Ցաւը սկզբից զետեղուած էր աջ թոքի վերին եւ ներքին մասերում, յետոյ բորբոքումը  տարածուեացաւ աջ թոքի ստորին մասերում: Հիւանդի կազմուածքի թուլութիւնը մասամբ երկիւղ էր սպառնում: Բժշկական գործ դրուած միջոցների օգնութեամբ սկսուեցաւ թոքի բորբոքման լուծումն: Այժմ հիւանդի դրութիւնը վտանգաւոր չէ եւ հիւանդութեան ընթացքը կանոնաւոր: Պ. Րաֆֆիին դարմանում է  բժ. Տէր-Գրիգորեանը (Թիֆլիզցին) բժշկապետ Գասպարեանի վերահսկողութեան ներքոյ» (N 14,  ապրիլի 17, 1888): Սակայն արդեն ապրիլի 29-ի համարում թերթը գուժում է գրողի մահը:

 

Շիրվանզադեն, որը մտերիմ էր Րաֆֆու հետ եւ հաճախ էր հյուր գնում նրան, հիվանդության ընթացքում այցելում է նրան.

 

«Զատկի օրերն էին: Հինգշաբթի երեկոյ մտա Ռաֆֆիի բնակարանը եւ ուրախացայ: Ռաֆֆին ոտքի վրա էր եւ խալաթը հագին, ցնցուղը ձեռքին՝ իր ծաղիկներն էր ջրում:

 

-Այդ ի՞նչ եք անում, -գոչեցի ես,-դուք կարող էք նորէն հիւանդանալ:

-Ո՜չ,-արտասանեց Ռաֆֆին՝ իր սովորական անդորրութեամբ,- այլեւս ազատուեցի: Թշնամիներս ուրախացել էին, որ պիտի մեռնիմ, այժմ թող տանջուեն: Դեռ մի քսան տարի էլ ապրելու եմ:

 

Ավա՜ղ, չար նախապաշարումը պաշարեց ինձ: Հրաժեշտ տալու վայրկեանիս ես յիշեցի հետեւեալ դէպքը:

 

Ծերենցի թաղման օրն էր: Խմբուած էինք եկեղեցու գաւթում:

 

Ռաֆֆին ասաց Պերճ Պռօշեանցին.

 

-Պերճ, պատրաստուիր, հերթը քեզի հասաւ:

Պռօշեանցը մօտ 15 տարով ծէր էր Ռաֆֆիից:

 

Շրթունքները սեղմելով եւ չարախինդ ժպտալով, նա արտասանեց.

 

-Բարեկամ, շատ կուժերը մնում են եւ կուլաները կոտորւում:

Երկու օր անցած, կիրակի առաւօտեան, գնացի այցելութեան: Փողոցում, դռների առջեւ հանդիպեցի Ստեփփանոս Զելինսկուն: Այդ քառասնամեայ մարդը լալիս էր երեխայի պէս:

 

- Մեռել է,-ասաց նա՝ հեկեկալով»: («Հայրենիք» ամսագիր, N 5, 1924, )

 

Րաֆֆու մահից հետո նրա ընտանիքը նյութական ծանր վիճակում էր:

 

«Անցեալ չորեքշաբթի, ամսոյս 3-ին, ոստիկանութիւնը Պարսկաց հիւպատոսի եւ Րաֆֆիի թաղման կարգադրիչ յանձնաժողովի անդամ պ. Գաբրիէլ Միրզօեանի ներկայութեամբ, արձանագրեց Րաֆֆիի գրքերը, ձեռագրները եւ այլ տնային իրէղենները: Ինչպէս մեզ հաղորդում եմ ամենաստոյգ աղբիւրներից, Րաֆֆիի թղթերի մէջ չէ երեւացել ոչ մի պարտատոմս կամ մուրհակ, որը ապացուցանէր, թէ հանգուցեալը թողել է փողերի մի որ եւ է գումար: …Րաֆֆին կառավարում էր երեք հոգուց բաղկացած իւր ընտանիքը, ծերունի մօրը, որը բնակվում էր Պարսկաստանում, եւ օգնում էր իւր իննը աղքատ քոյրերին: Իսկ ո՞րն էր նորա նիւթական եկամուտների աղբիւրը՝ միմիայն գրականութիւնը: …Րաֆֆին նիւթապէս աղքատ էր եւ աղքատ էլ մեռաւ» («Արձագանք» ,N 17, մայիսի 8, 1888 թ.):

 

Այն, որ Րաֆֆին մեծ արխիվ է ունեցել, որից շատ ձեռագրեր ու նյութեր են առգրավել ցարական ժանդարմները՝ նրա տան խուզարկության ժամանակ, վկայում է հենց Րաֆֆու նամակը Թավրիզի ուսուցիչ Խ.Տ. Զաքարյանին.

 

«Եթե մինչեւ գալոց փոշտի օրը չգա եւ չուղարկեցի («Կայծեր»-ի օրինակները՝ Թավրիզի բաժանորդներին-Լ.Ա.), կնշանակե , որ իմ մոտ խուզարկություն եղած ժամանակ մյուս թղթերիս հետ տարած են» (Նամակը գրված է 1887 թ.-ի օգոստոսի 18-ին: Պահպանվում է ԳԱԹ-ում, Րաֆֆու արխիվում):

 

Րաֆֆու մահից անմիջապես հետո նրա բարեկամները՝ կնոջ հետ միասին, ժողովելով բոլոր ձեռագրերը՝ կնքել են տալիս:

 

«Րաֆֆիի բոլոր թղթերը ներկայումս կնքուած են, ուստի քրքրել նորա թողած ձեռագրները եւ գտնել կենսագրական մանրամասն նիւթեր-չենք կարող» («Արձագանք» N16, 1888 թ.):

 

Րաֆֆին ուներ հին դրամների հավաքածու: Քանի որ նրա մահից հետո ընտանիքը ֆինանսական ծանր դրության մեջ էր, կինը որոշում է վաճառել հավաքածուն: 1896  թվականին Թիֆլիսից մեկնում են Պետերբուրգ՝ հավաքածուն վաճառելու, սակայն վաճառել չեն կարողանում: Տիկին Աննան՝ ավագ որդու՝ Արամի հետ, մեկնում է Լոնդոն՝ հույս ունենալով, թե հավաքածուն այնտեղ կվաճառի: Հանրակառքի մեջ, սակայն, գրպանահատները հավաքածուն գողանում են: Եվ Րաֆֆիները՝ վերադառնալու միջոց անգամ չունենալով, մնում են Լոնդոնում («Հայրենիք» ամսագիր, N 5 (185), մարտ, 1938, էջ 141, Բոստոն):

   

Տիկին Աննա ամուսնու արխիվն իր հետ տարել էր Լոնդոն. «Շեփըրստ Պուշի (Shepherd’s Bush-ը Րաֆֆիների լոնդոնյան բնակարանի հասցեն էր-Լ.Ա.) այն համեստ եւ հիւրընկալ  բնակարանը լեցուն էր մեր մեծ վիպասան Րաֆֆիի թղթակցութիւնները, ձեռագիրները, գրած նամակներու պատճէնները, գործածած գրիչ-կաղամարները եւ այլն եւ այլն կը պահուէին հոն մասունքի պէս» (Մինաս Վերածին, «Րաֆֆիի եւ նրա ընտանիքի շուրջը (յիշողութիւններ եւ խորհրդածութիւններ)» : Ըստ նույն աղբյուրի՝  տիկին Աննան կազմել էր ամուսնու կենսագրությունը՝ նկատելով, թե նրա ծննդյան պաշտոնական թիվը ոչ թե 1835-ն է, ինչպես, ի դեպ, նշվում է մինչ օրս, այլ 1837-ը: Րաֆֆու կենսագրության այս ձեռագրի գտնվելու վայրը այսօր էլ անհայտ է:  

 

Որդիները

 

Արամն իր կրթությունը շարունակել է Լոնդոնի համալսարանում՝ ուսումնասիրելով լեզուներ եւ անգլիական գրականություն, իսկ Արշակ Րաֆֆին մեկնել է Պետերբուրգ՝ բժշկություն սովորելու, ուսումն ավարտելուց հետո վերադարձել է Լոնդոն եւ զբաղվել մանկավարժությամբ:

 

Լոնդոնում, 1898 թ. Րաֆֆիների ջանքերով հիմնադրվում է Հայկական ակումբը, որի անդամները Լոնդոնում ապաստանած տարբեր խավերի մոտ 400 հայեր էին:

Րաֆֆու ընտանիքի մասին քիչ տեղեկություններ կան: Եվ դրանք, հիմնականում, մեզ են հասել Զաբել Բոյաջյանի շնորհիվ.

Րաֆֆու կինը՝ որդիների հետ Րաֆֆու կինը՝ որդիների հետ

Լուսանկարը` Հայաստանի պատմության թանգարանի պահոց

«Այս քաջ, առաքինի սիրտ ունեցող կինը (Աննա Հորմուզը-Լ.Ա.) իսկապես արժանի է ամբողջ ազգե մը պաշտված իր ամուսինին: Ուղղամիտ, եռանդուն եւ հայրենասեր, չկար բան մը, որ կարողանար զինքը շեղել իր ընտրած ճանապարհեն: Ամուսինին հիշատակը ոչ միայն միտքին մեջ միշտ թարմ էր, հապա նաեւ անոր նպատակները, բաղձանքները առաջացնել: Մեկ խոսքով, անոր սկսած գործը շարունակել՝ տիկին Րաֆֆիի ամբողջ էության հիմքն էր: Իր ամուսինին գրական աշխատություններուն հոգ տանելե զատ՝ ամենեն մեծը եւ իր սիրտին ամենեն մոտը Րաֆֆիի կենսագրությունը պատրաստելն էր… Բայց մինչեւ անգամ այս (որդու՝ Արամի մահվան-Լ.Ա.) վիշտը կենսագրությունը մոռնալ չտվավ: Տենդագին շտապելով՝ վերադարձավ գործին, կարծես թե գիտեր, որ ժամանակը կարճ էր…» (Տրդատ Խորշիդյան, «Զաբել Բոյաջյան», Երեւան, 1990, էջ 31):

 

Արամ Րաֆֆին մահացավ 1919 թվականին, 44 տարեկանում, ամուրի եւ անժառանգ:

Աննա Րաֆֆին վախճանվեց Արամի մահից 8 ամիս անց, 1920 թվականին, 72 տարեկանում:

 

Արշակ Րաֆֆին մահացավ 1946 թվականին, 67 տարեկանում, անժառանգ: Միակ ժառանգությունը հոր թանկարժեք արխիվն էր, որը թողեց իր իռլանդուհի կնոջը:

Ըստ ԳԱԹ աշխատակից Գոհար Ազնավուրյանի՝ «Առայժմ անհայտ է, թե Րաֆֆու նամակների որ մասն է մնացել եւ ում մոտ է գտնվում» (Գ. Ազնավուրյան, «Րաֆֆու անտիպ նամակներից», առանձնատիպ, 1956, ԳԱԱ տեղեկագիր):

 

«Գենետիկայի ինստիտուտի գիտական աշխատակից Գ. Սանթրոսյանից ԳԱԹ-ը  նվեր ստացավ վիպասան Րաֆֆու գրչին պատկանող կամ նրան վերաբերող մի շարք արխիվային նյութեր. 16 նամակ, մի քանի դիմում՝ ուղղված Թավրիզի դպրոցի ուսուցիչներին: Նամակները գրված են 1862-1888 թթ.» («Նոր նյութեր Րաֆֆու մասին», առանձնատիպ, Երեւան, 1950 թ.:):

 

Իսկ ամբողջական արխի՞վը…

 

Զաբել Բոյաջյանի՝ Իսահակյանին գրած նամակում ասվում է, որ Արշակ Րաֆֆու կինը՝ իռլանդուհի Ալեքսանդրան, փաստորեն, մտադիր էր նրա ձեռագրերն ու նամակները նվիրել Հայաստանի Գրականության թանգարանին: Ալեքսանդրիան  Մինաս Վերածինին պատմել է, որ 1947 թ. Րաֆֆու ձեռագրերով եւ փաստաթղթերով լեցուն մի արկղ ինքը հանձնել է Լոնդոնի Խորհրդային դեսպանատուն՝ Հայաստան տեղափոխելու համար: Արկղի մեջ եղել են նաեւ «Սալբի» վեպի 2-րդ եւ 3-րդ  հատորները, որոնք ձեռագիր վիճակում էին եւ մինչ այդ երբեք չէին հրատարակվել: Բայց նա չգիտի՝ ի՞նչ է եղել այդ արկղը`այն Հայաստան չի հասել եւ մինչ օրս Րաֆֆու արխիվի գտնվելու մասին որեւէ վկայություն չկա:

 

Լիլիթ Ավագյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին