Թումանյանը`1915-ին. «Երբեք էսքան տխուր չեմ լսել Էջմիածնի զանգերի ձենը» - Mediamax.am

exclusive
6266 դիտում

Թումանյանը`1915-ին. «Երբեք էսքան տխուր չեմ լսել Էջմիածնի զանգերի ձենը»


Լուսանկարը` Near East Relief

Անի Եղիազարյանը
Անի Եղիազարյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Հովհաննես Թումանյանը
Հովհաննես Թումանյանը

Լուսանկարը` Հովհ. Թումանյանի թանգարան

Լուսանկարը` Մեդիամաքս

Անի Եղիազարյանը
Անի Եղիազարյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


«Մեջտեղը ղողանջում են Էջմիածնի զանգերը - լայնածավալ հառաչանքի նման- ես երբեք էսքան տխուր չեմ լսել Էջմիածնի զանգերի ձենը- ո՜ւր, մինչեւ ո՜ւր են հասնում արդյոք էս հառաչանքն ու կոչը»։

 

1915-ի հուլիսին Հովհաննես Թումանյանը հասնում է Էջմիածին։ Համատարած տնքոց, հառաչանք, լաց, մայրակորուստ երեխաներ, հիվանդություն, մահ։  

 

«Մեռածները թափված առավոտները։ Գիշերվա սուգը- գերեզմանը կորուկ...մայրերը՝ ծնկներին մեռած երեխաները- մարդը ծեծում է կնոջը, թե երեխաները որտե՞ղ կորցրիր։ Երեխաները անտեր լաց են լինում ճամփեքին, գիշերը մթնում...»։

Լուսանկարը` Near East Relief

Թումանյանը նոր էր վերադարձել Արեւմտյան Հայաստանից։ Եղեռնի զարհուրելի տեսարաններն աչքերի առջեւ էին, որոշ պատկերներ ճամփորդական օրագրին էր հանձնել։ Ականատեսի ցավալի, բայց կարեւոր վկայություններ էին դրանք։

 

«Թուրքերն ու քրդերը հայ գյուղերում կոտորելիս ամեն մի տեղ մի ձեւ են մտածել- մի տեղ խաչել են ու խփել կամ խորովել- ինչպես Գործոթ ու Տիրամերիկ, մի տեղ փորերը ճղել են ու աղիքներով զանազան խաղեր հորինել-վզներով ոտներով փաթաթել են- մի տեղ մորթոտել են, մի այլ տեղ գետն են ածել կապած (Աբաղա, Բերկրու կամուրջը), մի այլ տեղ (Խնձորկեն) (100 տնից ավելի) բոլորին՝ երեխաներին ու կանանց կախել են իրենց տներում օճորքների գերաններից (տղամարդկանց ձորումն էին կոտորել)»։

 

Տեսածից ուշքի չեկած՝ Թումանյանը Թիֆլիսից շտապում է Էջմիածին՝ գաղթականների ու որբերի խնամքը կազմակերպելու։ Նրա ղեկավարությամբ՝ բացվում է 5 հազար մահճակալով հիվանդանոց ու որբանոց՝ մոտ 3 հազար երեխայի համար։ Կարգադրում է փրկել բոլոր երեխաներին՝ անկախ ազգությունից։

 

«Անկարելի է նկարագրել, թե ինչ զարհուրելի աղետ է, որին ականատես եղա ես։ Բոլոր ճանապարհները, բոլոր շինությունները, բոլոր բնակությունների շուրջը,  հանդերը լիքն են մերկերով, քաղցածներով, հիվանդներով, լացողներով, տնքացողներով, մեռնողներով։ Երեխանե՜ր, երեխանե՜ր, երեխանե՜ր. . . անտեր, սոված, հիվանդ։ Բոլորը, սկսած նրանից, որ շատ ժամանակ չի, ինչ ոտն է եղել ու ման է գալիս, բոլորը փախել եկել են 3-500 վերստ սարսափած, սոված։

 

Այժմ էլ ինձ է վիճակվել էդ երեխաների խնամատարության գործը, դրանց ապաստարանը»,- գրում է Թումանյանը 1915-ի օգոստոսին՝ ընտանիքին ուղղված նամակում։

Հովհաննես Թումանյանը Հովհաննես Թումանյանը

Լուսանկարը` Հովհ. Թումանյանի թանգարան

Մինչ Ցեղասպանությունը, Առաջին աշխարհամարտի ընթացքում Թումանյանը երկու անգամ ռազմաճակատ էր մեկնել, տեսել իրականությունն ու տուժածներին օգնելու նպատակով սկսել էր համագործակցել Թիֆլիսում գործող դեսպանությունների, միջազգային կազմակերպությունների հետ։

 

«Էջմիածնում Թումանյանն ակտիվ օգտագործում էր անձնական կապերը։ Հանրությունը նրա նկատմամբ անվերապահ վստահություն ուներ, ինչի շնորհիվ ստանում էր դրամական աջակցություն եւ տնօրինում այն։ Նրան այնքան էին վստահում, որ երբ, օրինակ, կոչ էր ուղղում Թիֆլիսում ապրող հայ երիտասարդներին, որ Էջմիածնում անհրաժեշտ են գթության քույրեր ու եղբայրներ, շատ արագ հարցը լուծվում էր։ Ոչ միայն կազմակերպչական ձիրքը, այլ իր հեղինակությունը, անձի նկատմամբ մեծ վստահությունը, իր շուրջը համախմբելու, իր խոսքին ենթարկվելու տրամաբանությունն է գործել»,-ասում է Հովհ. Թումանյանի թանգարանի տնօրեն Անի Եղիազարյանը։

Անի Եղիազարյանը Անի Եղիազարյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Որբանոցի մասին հիշողություններում Թումանյանը նկարագրում է աչքերի առջեւից չհեռացող պատկերը՝ վտիտ, քաղցած ու մերկ բազմությունը սպասում էր՝ ճեմարանը դատարկվի։ Ու երբ նշան տրվեց, թե արդեն դատարկ է, փոշու ամպեր բարձրացնելով, ագահությամբ «հոսանք առավ» դեպի ճեմարան։

 

«Ահա հազարավոր մայրերի ոսկրացած բազուկների ու ձեռների անտառը, որ, ասես թե մի հսկայական փոթորիկից կռացած, համատարած խուլ աղմուկի ու իրարանցումի մեջ, ամեն կողմից առաջ են հրում անթիվ, անհամար մանկական կմախքներ, կմախքներ, որ դեռ շնչում էին. . .»։

 

Հուլիսի վերջից՝ մեկ ու կես ամսվա ընթացքում, Էջմիածնի որբանոց մտել ու դուրս է եկել մինչեւ 10 հազար երեխա։

 

«Վանեցի Մարկոս անուն գրաբերիս կինը մեռաւ երէկ, երկու փոքրիկները մնացին անխնամ, ինքը աղքատ է՝ բառի իսկական նշանակութեամբ։ Խնդրում եմ սորա փոքրիկները ընդունէք Ձեր կառաւարած որբանոցը։ Ինքը ծառայում է ինձ մօտ»,-Էջմիածնի եպիսկոպոսներից մեկն էր ուղարկել խնդրագիրը։

 

Բանաստեղծը նշում է, թե երեխաներից շատերը ծնողներ ունեին, բայց «որբանոց» անունը եկավ ու կպավ իրենց պատսպարանին, ուր ժամանակավոր հավաքվում էին սովամահի ճանկերից խլված երեխաները, մինչեւ որ քաղաքներից կհասնեին ու կտանեին նրանց։  

 

«Արտ. Աբեղյանն ու Բաբկեն վարդ<ապետը> խոսում են, թե ինչու ես շատ ընդունում-թե մայրեր ունեն շատերը, բերում են ներս գցում եւ այլն։

 

Մայրերը, հիրավի, բերում են, հավատացնում են, որ որբ են, գտել են, հայր, մայր չունեն, ու աղաչում են ներս ընդունել կիսանվազ երեխաներին, երեխան հաճախ կպչում է կնոջը-նանի կամ մարե ճչալով ու մատնելով մոր խաբեբայությունը:

 

Ոմանք դնում են մանկանոցի դռանն ու իրենք հեռանում, կորչում։ Երբ մի մանուկ-հիվանդ, մի իրիկուն տեսա դռան առջեւ ընկած եւ ասին՝ տես, ինչ անգութ գազաններ են- ձգել են գնացել- մտածեցի, որ մայրը մոտիկ պիտի լինի- նայեցի չորս կողմը- ծառերից մեկի տակ թաքնված նայում էր մայրը...

 

Կան էնպիսիներն էլ, որ բերում են տալիս խուզենք, լողացնենք, շոր հագցնենք, ուտեցնենք- ու գալիս են տանում, թե կորցրել ենք...

 

Մեկն ինչպես էր դողալով աղաչում- Հալավս ալ կհանեմ ձեզ կուտամ, թողեք մայրիկիս երթամ (մեր տվածն էր հալավը)»։

 

Որբախնամ առաքելությունը ծանր էր, մաշող, հանգստի մասին ոչ ոք չէր հիշում։ Բացի ընդհանուր աշխատանքի կազմակերպումը, Թումանյանը բազմաթիվ խնդրագրեր էր ստանում՝ կենցաղային ամենափոքր, բայց գաղթականների համար՝ չափազանց կարեւոր հարցերով։ «Ում ջակեթ, փանթօլօն ու պլուզ» էր պետք, որի մանչը կոշիկ ու գուլպա չուներ։ «Ընտանեաց հարկ եղած պիտոյից ցուցակ»-ների բովանդակությունը նման էր, տրամադրությունը՝ տարբեր. խնդրում էին, պահանջում, նեղսրտում։

 

«Անկողինի տեսակետից սաստիկ պակասութիւն ունինք այնպէս որ 2 անգամով ես ինքս հիւանդացայ մրսելու պատճառաւ»,- ընտանիքի բոլոր անդամների կարիքները ներկայացնող նամակն ամփոփում է Սահակ Երիցյանը։

Լուսանկարը` Մեդիամաքս

«Դիմում էին ոչ թե Էջմիածնին, որեւէ կենտրոնի, այլ հենց Թումանյանին, որ անձնապես իրենց հարցով զբաղվի։ Ժամանակակիցների վկայությամբ՝ գերմարդկային աշխատանք է կատարել։ Այդ շրջանում նա ոչ մի գրական ստեղծագործություն չի գրել, դադարել է բանաստեղծ, ստեղծագործող մարդ լինելուց։ Աղջիկը՝ Նվարդը, պատմում է, որ հայրիկը նույնիսկ սնվելու ժամանակ չուներ, եւ, միակ բանը, որ անում էր չվարակվելու համար, հաճախակի կոնյակով թեյ խմելն էր։

Լուսանկարը` Մեդիամաքս

Անպատկերացնելի է, բայց այդ արհավիրքի մեջ նա մեթոդաբանություն, մոտեցումներ էր մշակում։ Իր թղթերում կարդում ենք, թե մինչեւ քանի աստիճան պետք է ջուրը եռացնել, հետո՝ մինչեւ քանի աստիճան սառեցնել ու նոր տալ գաղթականներին, որովհետեւ համավարակն այնքան տարածված էր, որ կարող էր ջրի միջոցով փոխանցվել։ Կամ նշում է, որ երեխաներին կեսգիշերն անց աջ կողմից թեքեն ձախ կողմ, որպեսզի մարսողությունն ավելի դանդաղ լինի, առավոտյան արթնանան քիչ քաղցած, որովհետեւ ամիսներ շարունակ գաղթի ճանապարհին քաղցածությունից շատ ագրեսիվ ու անկառավարելի էին դարձել»,- ասում է Թումանյանի թանգարանի տնօրեն Անի Եղիազարյանը։

Անի Եղիազարյանը Անի Եղիազարյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

«Վսեմաշուք», «սիրելի փրօֆէսոր», «ամենայարգելի»… Խնդրագրերի հեղինակները Թումանյանի նկատմամբ իրենց վերաբերմունքը մեծարանքի տարբեր խոսքերով էին արտահայտում։ Բայց երեխաները գտնել էին ամենապարզ ու խոսուն բառը՝ «Հայրիկ»։

 

«Երեխաներից ոմանք էնպես են սովորել, որ ճաշելուց հետո էլ փեշերս բռնում են (թեեւ հագնված են, պատսպարված եւ կերակրված)- Հայրիկ, ես որբ եմ, խեղճ եմ, նա հեր ունեմ, նա մեր. . . Որ ասում էի՝ նոր շորեր պիտի կարենք ձեզ համար- ինչպես էստեղից, էնտեղից գլուխ էին բարձրացնում- Հայրիկ, ինձ համար կարմիր հալավ կարեցեք . . .»։

Լուսանկարը` Մեդիամաքս

Երեխաներին խոսեցնելը Թումանյանի համար սաստիկ ծանր էր։ Գթության քույրերին նախատում էր, երբ հարցեր էին տալիս։ Ուզում էր, որ մոռանան, չվերապրեն տեսածը։ Ցավալի ու մռայլ իրականության մեջ արեւի լույսի նման բացվեց օրը, երբ առաջին անգամ վերահսկողները գանգատվեցին, թե երեխաները չարաճճի են դարձել, դժվարացել է կառավարելը։

 

«. . . երբ առաջին անգամ տեսանք, թե ինչպես էին նախասենյակներում կուտակած աշակերտական նստարանների արանքները լցվել կամ վրաները բարձրացել ու ոմանք զվարթ երգում են խմբով, ոմանք, նստարաններին հեծած, ձի են խաղում, ոմանք էլ կատակներ են անում, ուրախ-ուրախ ճչում, կրկչում. . .

 

Ու ամենքիս աչքերն էլ լցվեցին ուրախության արտասուքներով. . .»։

Լուսանկարը` Մեդիամաքս

Թումանյանը հատուկ քնքշանքով էր խոսում «ամեն տեսակի ցավի ու տանջանքի դեմ երես-երեսի կռվի դուրս եկած չքնաղ մարտիկների»՝ գթության քույրերի մասին, որոնցից մեկն էլ իր դուստրը՝ Նվարդն էր։ Ասում էր, որ աղետալի այդ վիճակում բացահայտվեց, թե ինչ խելագար անձնվիրության է ընդունակ հայ կինն ու աղջիկը։ Ամենամոլեռանդներից մեկն օրիորդ Սաթենիկն էր, որին նվիրված «Թանկ մարդու հիշատակին» հոդվածը նրա մահվան օրն էր գրել։

 

«Ու ես ինձ հարց եմ տալիս։

 

- Բայց ինչո՞վ էր նա նշանավոր, ինչո՞վ էր նա թանկ, ինչո՞ւ է ինձ հուզում նրա մահը։

 

Նա թանկ էր, որովհետեւ էն հազվագյուտ անձնավորություններից մեկն էր, որոնք ավելի շատ ուրիշների համար են ապրում։

 

Չէ՞ որ աշխարհքում մարդիկ կան, որ ապրում են միայն իրենց համար, մարդիկ կան, որ ապրում են ուրիշներին տանջելու համար, մարդիկ էլ կան, որ ապրում են տանջվողներին օգնելու համար։ Եվ, ավա՜ղ, ամենից քիչը հենց սրանք են աշխարհքում։ Սրանցից՝ էս քչերից, էս թանկերից մինն էր մեր օրիորդ Սաթոն»։

Լուսանկարը` Մեդիամաքս

1915-ի սեպտեմբերին Թումանյանը վերադարձավ Թիֆլիս՝ մշտապես պահպանելով կապը Էջմիածնի հետ։ Նա շարունակում էր հոգալ գաղթականների ու որբերի նյութական ու կենցաղային կարիքները, օգնում էր տաղանդավոր երեխաներին գտնել իրենց ճանապարհը։ Ընտանիքի հետ հայագիտական խաղեր է ստեղծում՝ հայոց գետերի, առածների, գույների մասին, որ երեխաները զբաղվեն ու կրթվեն միաժամանակ։ Խաղերը դժվարությամբ հրատարակում եւ ուղարկում էր որբանոցներ՝ գաղթական երեխաների ապաստարաններ։

 

«Վերջապես՝ ահա եւ ֆուրգոնների ու սելերի երկար շարքերը, որ նրանց, կարմիր ու ճերմակ բլուզներ հագած, մեջները լցրած տարան, ցրվեցին դեպի զանազան քաղաքներ. . .»։

 

Լուսինե Ղարիբյան

 

Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի

 

Մեջբերումները՝ Անի Եղիազարյան, «Հայկական հարցն ու իր լուծումները ըստ Հովհ. Թումանյանի» գրքից, Երեւան, Հովհաննես Թումանյանի թանգարան, 2015

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին