Առեղծվածային հայ կինը. Նապոլեոն III-ից մինչեւ մեր օրեր - Mediamax.am

5467 դիտում

Առեղծվածային հայ կինը. Նապոլեոն III-ից մինչեւ մեր օրեր


«Հայ կինը», Շառլ Զաքարի Լանդելի գործը
«Հայ կինը», Շառլ Զաքարի Լանդելի գործը
Նունե Սարգսյանը
Նունե Սարգսյանը

Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի ծառայություն


Մեդիամաքսը ներկայացնում է ՀՀ նախագահի տիկին Նունե Սարգսյանի հոդվածը:

 

Թվում է, թե անհեթեթություն է, հետպատերազմյան այս դժվար ու քաղաքականապես խրթին ժամանակ, ներկայացնել մի արվեստաբանական ակնարկ՝ ինչ-որ նկարի մասին, որը գտնվում է ինչ-որ թանգարանում, ինչ-որ հեռավոր քաղաքում, չնայած, որ այդ քաղաքը Լոնդոնն է, թանգարանը Wallace Collection-ն է՝ Լորդ Ուոլիսի հավաքածուն, իսկ նկարում պատկերվածը մի գեղեցիկ հայ կին է։

 

Ի՞նչ է Wallace Collection-ը։ Հավաքածուի պատմությունը սկսվում է 18-րդ դարից, երբ Ֆրենսիս Սեյմուր Քոնվեյը (1719-1794)՝ Հըրթֆորդի առաջին մարկիզը, որ Անգլիայի դեսպանն էր Ֆրանսիայում, սկսեց արվեստի գործեր փնտրել։ Նա էր, որ գնեց վեց կտավ Կանալետոյի աշխատանքներից, ինչպես նաեւ՝ հոլանդական գեղանկարչության բազմաթիվ մարգարիտներ, որոնք մինչեւ հիմա Ուոլիս հավաքածույում են։

 

Նրա որդին՝ Հըրթֆորդի 2-րդ մարկիզը (1743-1822), ձեռք բերեց Լոնդոնի կենտրոնում գտնվող Manchester House-ը՝ այն տունը որտեղ սկսեցին տեղադրվել ընտանիքին պատկանող արվեստի եւ գեղանկարչության գործերը եւ մինչ այսօր հավաքածուն այնտեղ է գտնվում ։

 

Եղել է նաեւ Հըրթֆորդի 3-րդ մարկիզ՝ Ֆրենսիս Չարլզ Սեյմուր Քոնվեյը (1777-  

1822) կամ Լորդ Յարմութը, ինչպես նա հայտնի էր հասարակության մեջ։ Նա սկսեց արվեստի գործեր հավաքել հատկապես այն պահից, երբ ամուսնացավ բավական հարուստ Քուինսբըրիի դուքսի դստեր հետ։ Նա բարձր ճաշակի տեր անձ էր եւ նրա շնորհիվ հավաքածուն հարստացավ հոլանդական դպրոցի կտավներով, Տիցիանի եւ Ռեմբրանդտի յուղաներկ աշխատանքներով, ֆրանսիական 18-րդ դարի հայտնի Բուլ ոճի (Boulle furniture) կահույքով, որի պատրաստման համար ֆրանսիացի կահույքագործներն օգտագործում էին կրիայի պատյան եւ բրոնզե ինկրուստացիաներ, Սեւրում պատրաստված հոյակապ հախճապակյա սպասքեր եւ սափորներ, ոսկեզօծ հին ժամացույցներ, մարմարյա արձաններ, հին զենքեր եւ միջնադարյան ասպետների զրահներ։  

Բայց ամենամեծ ազդեցությունը այս հավաքածուի վրա թողել է Հըրթֆորդի 4-րդ մարկիզը՝ Ռիչարդ Սեյմուր Քոնվեյը (1800-1870)։ Նա որոշ ժամանակ կապված էր Կոնստանտնապոլսում Անգլիայի դեսպանատան հետ, որով եւ բացատրվում է նրա սերը զենքերի հավաքածուների եւ արեւելյան թեմաներով նկարչության հանդեպ։ Տարիների ընթացքում հավաքածուում նրա շնորհիվ ավելացան նաեւ Ֆրագոնարի ու Բուշեի, Մուրիլյոյի եւ Վելասկեսի, Անտուան Վատոյի եւ Պուսենի աշխատանքները։ Հավաքածոյում են գտնվում նրա ձեռք բերած հոյակապ Վան Դեյկները եւ Ռուբենսները, ինչպես նաեւ՝ Ռեմբրանդտի «Նկարչի որդու՝ Տիտուսի դիմանկարը», Ֆրանս Հալսի հայտնի «Ժպտացող ձիավորը», կա եւ՛ Գրյոզ, եւ՛ Ռեյնոլդս։ Եվ մեր քննարկման առարկան՝ «Հայ կինը» կտավը, նույնպես գնել է նա՝ Հըրթֆորդի 4-րդ մարկիզը։

 

4-րդ մարկիզից հետո հայտնվեց սըր Ռիչարդ Ուոլիսը, որ մարկիզի ապօրինի զավակն էր (1818-1890) եւ կրում էր իր մոր ազգանունը՝ Ուոլիս։ Չունենալով այլ ժառանգներ, 4-րդ մարկիզը հավաքածուն ժառանգեց Ռիչարդ Ուոլիսին, որի մահից հետո, հավաքածուն՝ նրա կտակին համաձայն, անցավ նրա այրուն՝ լեդի Ուոլիսին։ Լեյդի Ուոլիսը, իր հերթին՝ նվիրաբերեց ամբողջ հավաքածուն ազգին եւ Անգլիային 1897 թվականին, այն պայմանով, որ ոչինչ չտեղաշարժվի եւ հավաքածուն երբեւիցե չճամփորդի։ Այդ պատճառով արվեստի նմուշները մնացել են ճիշտ այն դիրքում, ինչ եղել են մինչեւ լեդի Ուոլիսի մահը։

 

Այս ամբողջը պատմեցի, որ համոզվեք, որ անհայտ հայուհու նկարն ապահով ձեռքերում է եւ մոտ 150 տարի է ցուցադրվում է թանգարանում՝ հմայելով այցելուներին։

Նունե Սարգսյանը Նունե Սարգսյանը

Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի ծառայություն

Անկեղծորեն ուզում եմ խոստովանել, որ երբ առաջին անգամ տեսա նկարը շատ տարիներ առաջ, ինձ անչափ հպարտ զգացի։ Եվ դե՛ռ հպարտ եմ զգում։ Անհասկանալի, կամ գուցեեւ հասկանալի պատճառով՝ արդյո՞ք սա փոքր ազգի սինդրոմ է, այդ հպարտությունը ստեղծվեց, քանի որ ե՛ս նույնպես հայ կին եմ, ինչպես հայ կինը նկարում, որը ցուցադրվում է այս կարեւոր հավաքածուում։ «Մենք՝ հայերս, նույնիսկ այստեղ ենք», - մտածեցի ես դեռ այն ժամանակ։

 

Նկարը կարելի է կոչել «Առեղծվածային հայ կինը», քանի որ բացարձակապես ոչինչ հայտնի չէ բնորդուհու մասին։ Եվ թե ինչո՞ւ է հեղինակը նկարը կոչել «Հայ կինը», հայտնի չէ ոչ մեկին։ Զրուցեցի Քրիստիզ աճուրդի տան օրիենտալ արվեստի մասնագետ Արնի Էվերուինի եւ Ուոլիս հավաքածուի գիտաշխատողների հետ։ Ցավոք, այս նկարի մասին բավական տեղեկություն չունեին։

 

Իսկ հիմա, կարծում եմ, ժամանակն է նկարագրել արվեստի այս գեղեցիկ եւ յուրահատուկ գործը։ Այսպիսով՝ «Հայ կինը» ֆրանսիացի 19-րդ դարի նկարիչ Շառլ Զաքարի Լանդելի (1821-1908) ստեղծագործությունն է, արված 1866 թվականին։ Ո՞վ էր Շառլ Լանդելը։ 1852-ին նա ստացել է Legion d’honneur՝ գնահատանքի ամենաբարձր եւ ամենապատվավոր կարգը Ֆրանսիայում, իսկ 1859-ին Նապոլեոն III-ի պատվերով նկարազարդել է Ելիսեյան պալատի հյուրասրահը։ Նա շատ է ճամփորդել Միջին Արեւելքում եւ Հյուսիսային Աֆրիկայում, ապրել է Եգիպտոսում, Ալժիրում, Մարոքոյում եւ շատ հնարավոր է, որ հենց այնտեղ է հայերի հանդիպել։

 

Լանդելն իր ճամփորդություններից բերում էր տարբեր իրեր, հագուստներ, շալեր, զարդեր՝ հետագայում իր աշխատանքներում գործածելու համար։

 

Սակայն հետաքրքիրն այն է, որ «Հայ կինը» նկարն արված է Լանդելի փարիզյան արվեստանոցում։ Այս փաստը բացահայտելուց հետո, սկսեցի մտածել՝ եթե այդպես է, գուցե բնորդուհին Փարիզում ապրող հա՞յ էր։ Կամ եթե ավելի խորանանք կոնսպիրատիվ ենթադրությունների մեջ՝ թերեւս Լանդելը ճամփորդությունների ժամանակ այնքան էր հավանել ինչ-որ հայուհու, որ անհրաժեշտություն եւ պահանջ էր զգացել հիշողությամբ նկարել նրան արդեն Փարիզում եղած ժամանակ։  

 

Նկարն ունի հակիրճ կենսագրություն։ Նապոլեոն III-ը գնել է «Հայ կինը» Փարիզյան Սալոն կոչվող ցուցասրահի աճուրդում, հաղթելով այլ գնորդների։

Այնուհետեւ նկարը ձեռք է բերել Հըրթֆորդի 4-րդ մարկիզը։ Եվ այդ ժամանակից սկսած է «Հայ կինը» նկարը գտնվել Հըրթֆորդ ընտանիքի հավաքածուի մեջ, Լոնդոնի Wallace Collection-ում։ Յուղաներկով է նկարված, կտավի չափերը՝ 128 x 80 սմ։

«Հայ կինը», Շառլ Զաքարի Լանդելի գործը «Հայ կինը», Շառլ Զաքարի Լանդելի գործը

 

Մուգ ֆոնի վրա վառ գույներով պատկերված ազնվական մի կին ենք տեսնում։ Նկարը 19-րդ դարում շատ մոդայիկ դարձած, այսպես կոչված «օրիենտալ»՝ արեւելյան արվեստի յուրահատուկ նմուշ է։ Իմ կարծիքով, այն յուրահատուկ է՝ պատկերված կնոջ ազնվաբարո եւ կանացի տեսքի համար։ Նկարը գեղեցիկ է եւ ճաշակով, առանց ավելորդաբանությունների, որ հատուկ են օրիենտալ նկարների մեջ։ Կինը հանգիստ նայում է ինչ-որ տեղ՝ անորոշ հեռուն, բայց թվում է, թե հիմա պետք է շրջվի եւ հայացքը հառի մեզ վրա։ Նրա խոշոր մուգ աչքերի մեջ հանդարտություն կա, իսկ կարմիր ներկած շրթունքների անկյունում՝ մի փոքր ծալք, որը, կարծես, ժպիտի կվերածվի քիչ հետո։ Գեղեցիկ ձախ ձեռքը նազելիորեն հանգչում է կրծքին։ Վառ կարմիր գույնով ներկած զգեստը, համահունչ սպիտակ գլխաշորը եւ դեղին ոսկյա զարդերը ստեղծում են ապահովության, հանգստության եւ ներդաշնակության ալիքներ, որ դիտողը ընդունում է գեղեցիկ այս հայուհուց։

 

Ես չեմ դադարում հպարտանալ նկարով, եւ բազմիցս այցելել եմ թանգարան միայն այս նկարը տեսնելու համար։ Նկարի միջի կինը՝ գեղեցիկ եւ ճաշակով հագնված, կարծես, նույնպես հպարտ է։ Գլուխը բարձր պահած, վեհանձն դիրքով, բարի հայացքով, որի հետեւում ուժ եւ վստահություն է զգացվում։

 

Դե... դա նորություն չէ... այդպիսի՛ն են հայուհիները սովորաբար՝ հպարտ, վեհանձն եւ հոգեպես ուժեղ։

 

Նունե Սարգսյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին