Սերգեյ Պրոկոֆեւի երեք օրը Հայաստանում - Mediamax.am

exclusive
6254 դիտում

Սերգեյ Պրոկոֆեւի երեք օրը Հայաստանում


Սերգեյ Պրոկոֆեւը, Դմիտրի Շոստակովիչը եւ Արամ Խաչատրյանը 1945 թվականին
Սերգեյ Պրոկոֆեւը, Դմիտրի Շոստակովիչը եւ Արամ Խաչատրյանը 1945 թվականին
Սերգեյ Պրոկոֆեւը Անրի Մատիսի գծանկարում
Սերգեյ Պրոկոֆեւը Անրի Մատիսի գծանկարում
Սերգեյ Պրոկոֆեւը
Սերգեյ Պրոկոֆեւը

Լուսանկարը` Bain News Service


Prozhito.org կայքը հրապարակում է հայտնի մարդկանց օրագրերը: Ներկայացնում ենք մի հատված հռչակավոր ռուս կոմպոզիտոր եւ դաշնակահար Սերգեյ Պրոկոֆեւի օրագրից, որում նա պատմում է 1933 թվականին Հայաստան այցելելու մասին:

 

1933 թվականի մայիսի 14

 

Վաղորդյան ժամերն անցկացրեցինք գնացքում, հեռուն գեղեցիկ  է՝ սարեր են, սակայն տեղանքը անգույն է ու ամայի: Երկաթուղային կայարաններից մեկում դուրս եկա եւ մի հրաձիգի լուսանկարեցի՝ բոլորովին մոռանալով, որ գնացքը անցնում է Թուրքիայի սահմանի մոտով: Սահմանապահները բացատրություններ պահանջեցին, այնուհետեւ խլեցին ժապավենը` խոստանալով այն վերադարձնել, եթե երեւակումից հետո դատապարտելի բան չգտնեն:

 

Ցերեկը՝ Երեւան եւ փոշու ամպ: Մեզ դիմավորում են եւ կառք նստեցնում: Մինչեւ քաղաք մեկ կամ երկու կիլոմետր է, ամենուր շինարարական նյութեր են, խղճուկ խրճիթներ, փոսեր եւ անվերջ փոշի: Քաղաքը դեռ կառուցման ընթացքում է, սակայն տները տգեղ են, մայթերը՝ խնդրահարույց: Վարդագույն տուֆից կոմիսարիատի մի տպավորիչ շենք են կառուցել, բայց հետո հրամանագրով սահմանվել է, որ տուֆը պետք է արտահանվի, եւ մնացած շենքերի կառուցումը կասեցվել է:

 

Ասում են, որ երեսուն հազարանոց բնակչությունը աճել է մինչեւ հարյուր երեսուն հազար` դա Թուրքիայից  փախչող հայերի ծնաճն է: Եկողնեի մեծ մասը անդամագրվում է Կոմունիստական կուսակցությանը. ազգային պատկանելությունը Ինտերնացիոնալին միանալու պատճառ հանդիսացավ: Անմարդկային ջանքեր են գործադրվում նոր քաղաք կառուցելու համար, որը, հավանաբար, ժամանակի ընթացքում շատ լավը կդառնա, բայց առայժմ բոլոր այգիները հատել են եւ լցրել շինանյութով:

 

Հաշվի առնելով հյուրանոցում մնալու անհնարինությունը, մեզ տեղավորեցին շատ համեստ մասնավոր բնակարանում: Սենյակը մաքուր էր, բայց հարմարավետությունը՝ հարաբերական: Թռչնակը ուժասպառ պառկեց, իսկ ես գնացի Մշակույթի տուն, ֆիլհարմոնիայի տնօրենի մոտ, նա ինձ ճաշ եւ տեղական գինի հյուրասիրեց: Այնտեղ հավաքվել էին հայ կոմպոզիտորները, նրանց թվում՝ Կուշնարյովը, որին ճանաչում էի Լենինգրադից 1927 թվականից:

 

1933 թվականի մայիսի 15

 

Քնում ենք վատ. ողջ գիշեր կողքի սենյակում աղեկտուր լաց էր լինում մի երեխա, ինչը բոլորովին տեղին չէր, հաշվի առնելով այսօրվա համերգը: Երեխայի մայրը տասնհինգ տարեկան էր, եւ երեխան լաց էր լինում քաղցից: Երեխայի համար գնեցինք մեկ կիլոգրամ բրինձ: Առավոտյան հիանում ենք Մեծ ու Փոքր Արարատներով, որոնք հենց մեր պատշգամբի դիմաց են: Մեքենան, որը ֆիլհարմոնիայի տնօրեն Մակեդոնսկին ճարել էր տեղական կառավարությունից, բավականին ուշացած եկավ մեր հետեւից:

 

Գնացինք Սեւանա լիճ, որտեղ բավականին լավ խճուղի է տանում: Լիճը հսկայական է՝ մի յոթանասուն կիլոմետր երկարությամբ, գրեթե երկու կիլոմետր բարձրության վրա: Մոտորանավակով հասանք մի փոքրիկ կղզի, որտեղ նախկինում վանք էր, իսկ այժմ՝ հանգստյան տուն: Փոքր եւ լեռնոտ կղզու չորս կողմը հիանալի տեսարան է բացվում: Հատկապես գեղեցիկ են 9-րդ դարի երկու փոքր, դատարկված եկեղեցիները:

Սերգեյ Պրոկոֆեւը Սերգեյ Պրոկոֆեւը

Լուսանկարը` Bain News Service

Լճում շատ իշխան կա, բայց արտահանման համար է: Մեծ դժվարությամբ, բացատրություններից  հետո, մեզ համար բացառություն են անում եւ պատրաստում երկու հսկայական եւ շատ համեղ իշխան, որոնք, ճաշասպասքի բացակայության պատճառով, ձեռքերով ենք ուտում: Վերադառնում ենք Երեւան, ես քնում եմ, բայց արդեն ժամը իննին պատրաստ եմ`ֆրակս հագած: Սակայն կառքն ուղարկում են միայն տասից տաս պակաս՝ չէին կարող գտնել կառապանին:

 

Անհամբեր սպասող հանդիսատեսին հայտնում են, որ Պրոկոֆեւը հոգնել է Սեւանա լիճ այցելելուց հետո եւ քնած է: Ես վրդովված եմ եւ ուզում եմ բողոքել: Համերգը անցնում է այնպես, ինչպես Թիֆլիսում. փոքր դահլիճը ծայրեծայր լցված է,  հանդիսատեսը լսում է շատ ուշադիր եւ ավելի աշխուժանում է համերգի վերջնամասում: Շոգի եւ տոթի պատճառով պատուհանները բաց են, եւ լսվում է, թե ինչպես է քաղաքի միակ գծով անցնում տրամվայը՝զնգոցով եւ դղրդյունով: Եթե նվագածս գործը թույլ էր տալիս, այդ պահերին կանգ էի առնում:

 

Համերգից հետո գնում ենք սրճարան-նկուղ, որտեղ մեզ թխվածքաբլիթով թեյ եւ պաղպաղակ են հյուրասիրում: Այնտեղ հրավիրված են նաեւ տեղական ժողովրդական երաժիշտներ, ովքեր նվագում են «դուդուկ» (կարճ հոբոյ, որը, սակայն, piano եղանակով մեծ փափուկ կլարնետի կամ ֆլեյտայի տեմբր է ունենում) եւ «թառ» ՝ մանդոլինի մի տեսակ: Կուշնարյովը բացատրում է, որ այս երաժշտության մեջ պարսկական ազդեցություն կա, եւ ինձ շշմեցնում է, թե որքան շատ բան է օգտագործել Ռիմսկի-Կորսակովը իր «Շեխերեզադա»-ում՝ ոչ միայն մեղեդիի, այլ նաեւ երաժշտական տեխնիկայի առումով:

 

1933 թվականի մայիսի 16

 

Այսօր բրինձ կերած երեխան այլեւս լաց չէր լինում, սակայն առավոտյան ժամը յոթից նորոգում էին պատշգամբը՝ մուրճերով թխկթխկացնելով: Քուններս չառանք, հաշվի առնելով, որ երեկ պառկել էինք ժամը երկուսին: Կրկին կառավարական մեքենա ուղարկեցին եւ Կուշնարյովի ուղեկցությամբ շարժվեցինք դեպի Էջմիածին՝ IV դարի վանական համալիր եւ Հայոց Կաթողիկոսի նստավայր, որին, չնայած հակակրոնական զգացմունքներին, Խորհրդային կառավարությունը հանգիստ է թողել՝ օգտակար համարելով այն, որ հայությունը կապող օղակը Միությունում է:

Սակայն նրան պատկանող հողերը բռնագրավել են, եւ նա ապրում է արտերկրից  ստացած ծանրոցների միջոցով: Վանականներից թողել էին մոտ տասներկու հոգի:

Սերգեյ Պրոկոֆեւը Անրի Մատիսի գծանկարում Սերգեյ Պրոկոֆեւը Անրի Մատիսի գծանկարում

 

Իննսուն տարեկան միանձնուհիներից մեկը հրավիրեց մեզ իր ընդարձակ, դեպի պարտեզ նայող պատուհաններով մենաստան: Սակայն նրա զրույցները կենցաղային տհաճությունների մասին էին: Ոչ առանց փառամոլության նա հրավիրեց մեր ուշադրությունը թանգարանում գտնվող իր դիմանկարին (դիմանկարում  նա շատ գեղեցիկ է):

 

Թանգարանում մեզ ցույց տվեցին հին հայկական գրքեր՝ հիանալի նկարներով եւ Այվազովսկու մի քանի կտավ  (դա կարեւոր չէր): Կուշնարյովը, որը չափազանց համակրելի եւ բանիմաց մարդ է, մի շարք լեգենդներ պատմեց (մի հայ թագավորի նամակագրությունը Հիսուս Քրիստոսի հետ): Այնուհետեւ գնացինք արեւելյան շուկա ու փոշու ամպերի միջով վերադարձանք Երեւան: Երեկոյան ժամը իննին հետ մեկնեցինք Թիֆլիս՝ մեզ ճանապարհում էին սիրալիր, բայց մշտապես ամեն ինչ շփոթող Մակեդոնսկին եւ Արվեստի գլխավոր վարչության երիտասարդ ղեկավարը:

 

Ժապավենն ինձ վերադարձնել չհասցրեցին եւ խոստացան ուղարկել: Արվեստի վարչության ղեկավարը համոզեց ուշադրություն չդարձնել. «Սահմանից մեկ կիլոմետր հեռավորության վրա է, եւ նրանք փոքր-ինչ նյարդայնանում են»: Ես հրավիրեցի նրա ուշադրությունը սեպագիր տախտակին, որը բաց երկնքի տակ էր, մինչդեռ Այվազովսկու կրկնօրինակները թանգարանում էին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին