«Կույր» բռնցքամարտիկը, հայազգի պարսից հյուպատոսն ու Եգիպտոսի արքայազնը - Mediamax.am

exclusive
5608 դիտում

«Կույր» բռնցքամարտիկը, հայազգի պարսից հյուպատոսն ու Եգիպտոսի արքայազնը


Հայգազուն Հոհաննես Թոփակյանը՝ տիկնոջ հետ, Մոհամեդ Ալի Իբրահիմն ու Էլվուդ ՄաքՔլոսկին
Հայգազուն Հոհաննես Թոփակյանը՝ տիկնոջ հետ, Մոհամեդ Ալի Իբրահիմն ու Էլվուդ ՄաքՔլոսկին

Լուսանկարը` ԱՄՆ Կոնգրեսի գրադարան

Աբդուլ Բահան եւ Թոփակյանը
Աբդուլ Բահան եւ Թոփակյանը
Կարլ Գալուստի կտավը
Կարլ Գալուստի կտավը
Մեյբել Նորմանդը
Մեյբել Նորմանդը

ԱՄՆ Կոնգրեսի գրադարանում գտանք 1920-1925 թթ․-ին արված մի լուսանկար, որում պատկերված են Հայգազուն Հոհաննես Թոփակյանը՝ տիկնոջ հետ, Եգիպտոսի արքայազն Մոհամեդ Ալի Իբրահիմն ու Blink մականունով բռնցքամարտիկ Էլվուդ ՄաքՔլոսկին։

 

Լուսանկարի պատմությունը

 

Որոնումների արդյունքում ստացված մի քանի արդյունքներ համադրելով՝ կարելի է ենթադրել, որ լուսանկարն արված է 1922 թ․-ի ապրիլին։

 

The New York Herald պարբերականի՝ 1922 թ․-ի ապրիլի 22-ի համարը գրում է նշանակալի իրադարձության՝ լոնդոնյան White Star Line ընկերության տրանսատլանտյան Olympic նավով դեպի Եվրոպա ճամփորդության մասին՝ նշելով, որ «նավով ճամփորդության համար ամրագրումներ է արել 600 մարդ՝ տարբեր խավերից, իսկ նավն ունենալու է 2 000 ուղեւոր»։ Ի դեպ, օվկիանոսի խոշորագույն նավերից համարվող Olympic-ը White Star Line ընկերության այս շարքի երեք նավերից մեկն էր, մյուս երկուսը հայտնի Titanic եւ Britannic նավերն էին, որոնք շատ կարճ կյանք ունեցան։

Հայգազուն Հոհաննես Թոփակյանը՝ տիկնոջ հետ, Մոհամեդ Ալի Իբրահիմն ու Էլվուդ ՄաքՔլոսկին Հայգազուն Հոհաննես Թոփակյանը՝ տիկնոջ հետ, Մոհամեդ Ալի Իբրահիմն ու Էլվուդ ՄաքՔլոսկին

Լուսանկարը` ԱՄՆ Կոնգրեսի գրադարան

The New York Herald-ի հրապարակած ուղեւորների ցուցակներում նշվում են արքայազն Մոհամեդ Ալի Իբրահիմի եւ Blink ՄաքՔլոսկիի անունները։ Հյուպատոս Հայգազուն Հոհաննես Թոփակյանի անունը պարբերականի հրապարակված ցուցակներում բացակայում է, բայց այն մասին, որ հյուպատոսը եղել է ուղեւորներից մեկը, իսկ լուսանկարն էլ արված է ճամփորդության մեկնարկին կամ ավարտին, հուշում է նավամատույցում արված լուսանկարը։

 

 

White Star Line-ի Olympic-ի 1920-ականների գովազդային շրջագայության մասին նկարահանված տեսանյութի առաջին կադրերում երեւացող նավամատույցն է, որտեղ, հնարավոր է, որ արվել է այս լուսանկարը։

 

Թե, մասնավորապես, ինչ կապեր են ունեցել Եգիպտոսի արքայազնն ու բռնցքամարտիկը Հայգազուն Հոհաննես Թոփակյանի եւ նրա կնոջ հետ, համացանցում հասանելի աղբյուրներից պարզել չի հաջողվում։ Ամենայն հավանականությամբ, նրանք ծանոթացել են հենց նավարկության ժամանակ:

 

Ազդեցիկ գործարար-դիվանագետը

 

Հայգազուն Հոհաննես Թոփակյանը ծնվել է 1864 թվականի նոյեմբերի 5-ին: Մի շարք աղբյուրների համաձայն, նա ծնվել է Պոլսում, սակայն որպես նրա ծննդավայր հիշատակվում է նաեւ Կեսարիան։

 

Թոփակյանը սովորել է Ավետիս Երիցյանի վարժարանում ու Պարտիզակի բարձրագույն վարժարանում: Թոփակյանը 18 տարեկանում հոր հետ միասին սկսել է զբաղվել տեքստիլի բիզնեսով, մի քանի տարի անց Պոլսում սեփական գործն է հիմնել։

 

Հայ ներգաղթյալների ցուցակում նշվում է, որ նա ԱՄՆ է տեղափոխվել 1883 թ․-ին, իսկ ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնի նամակների արխիվում նրա տեղափոխման տարեթիվ է նշվում 1887թ․-ը։ 1919-1920 թթ․-ին նա բնակվել է Անգլիայում եւ զբաղվել առեւտրային բիզնեսով։

 

1892 թվականին Պարսկաստանի կառավարությունը Հ․Հ․Թոփակյանին վստահել է Չիկագոյի Համաշխարհային ցուցահանդեսում իրենց ներկայացուցչության ղեկավարումը։ Նա սեփական միջոցներով պարսկական եւ օսմանյան տաղավարներ կառուցեց եւ փայլուն աշխատանքի համար արժանացավ 48 պատվոգրի ու մեդալի:

 

1909 թվականին Պարսկաստանի կառավարությունը Թոփակյանին նշանակում է Նյու Յորքում գլխավոր հյուպատոս: Այս պաշտոնին նա մնում է մինչեւ 1923 թվականը եւ թողնում է այն առողջական խնդիրների բերումով:

 

Թոփակյանին բնութագրում էին որպես բարձրակարգ դիվանագետ, նա արժանանում էր ամերիկյան կառավարության անդամների բարձր գնահատականին:

 

Թոփակյանի կնոջ՝ Ռոուզի մասին տեղեկություններ գրեթե չկան, միայն աղբյուրներից մեկում որոշ տվյալներ կան Ռոուզ Թոփակյան անուն-ազգանունով անձի մասին, ով եւս ծնվել է Թուրքիայում եւ ապրել է ԱՄՆ Նյու Ջերսի նահանգի Մորիս շրջանում։ Այս տեղեկությունը թույլ է տալիս ենթադրել, որ նա հենց Թոփակյանի կինն է, քանի որ աղբյուրներից մեկում նշվում է, որ Հայկազուն Հոհաննես Թոփակյանն իր հյուրերին ընդունել եւ շռայլորեն հյուրասիրել է Մորիսում գտնվող իր տանը, որը «Պարսկական պալատ» անունն էր ստացել:

 

1912 թվականին Թոփակյանն այդ տանն է հյուրընկալում Պարսկաստանի կրոնական գործիչներից եւ բահայի կրոնի հիմնադիրներից Աբդուլ Բահային։ Թոփակյանը ֆես չէր կրում, հագել էր կոստյում եւ պիջակ, բայց պահպանել էր մի փոքր վեր ուղղված բեղերը։

 

Թոփակյանը Աբդուլ Բահային եւ նրան ուղեկցողներին հրավիրել էր բարբիքյուի։ Նա հայտնի էր իր «արեւելյան բարբիքյու»-ով՝ խորովում են մի ամբողջ գառ ու մատուցում այն բրոնզե-ոսկեգույն սեղանին։

 

Այս հանդիպումից հետո Աբդուլ Բահային երկար տարիներ պահպանել է կապը Թոփակյանի հետ։ Իր մի նամակում նա գրում է. «Ես կաղոթեմ Ձեր եւ Ձեր տիկնոջ համար, որպեսզի երկնքի արքայության դռները միշտ բաց լինեն Ձեզ համար եւ որպեսզի աստվածային անսպառ շնորհներն անդադար հեղվեն Ձեզ վրա, որպեսզի համաձայն Քրիստոսի խոսքի՝ լինեք ոչ թե կանչվածների, այլ՝ ընտրվածների շարքում»։

Աբդուլ Բահան եւ Թոփակյանը Աբդուլ Բահան եւ Թոփակյանը

 

Այն մասին, որ հայ գործարար-դիվանագետը ազդեցիկ մարդ է եղել, վկայում է Հայգազուն Հոհաննես Թոփակյանի 51-րդ տարեդարձի առթիվ The Wilmington Dispatch պարբերականում 1915թ․-ի նոյեմբերի 5-ին լույս տեսած հրապարակումը։

 

«Ուշագրավ ծննդյան օրեր» վերտառության հրապարակման մեջ նշվում է, որ «նա ամենաազդեցիկ եւ առաջադեմ պարսիկներից մեկն է Ամերիկայում։ Սեփական միջոցներով պարսկական եւ օսմանյան տաղավար է կառուցել Չիկագոյի ցուցահանդեսում, որի ժամանակ կառավարությանը նվիրել է հրաշալի գորգ՝ զարդարված ռուբիներով, մարգարիտներով եւ փիրուզով, որն այժմ կախված է Սպիտակ տանը»։ Հրապարակման մեջ նշվում է թանգարաններին, կառավարությանը Թոփակյանի նվիրած հնագույն այլ գորգերի մասին։  

 

Հայգազուն Հոհաննես Թոփակյանը 1911թ․-ին եղել Միջազգային խաղաղության ֆորումի փոխնախագահը։

 

Հայոց ցեղասպանությունը եւ Թոփակյանի կապերը

 

Այն մասին, որ Հայգազուն Հոհաննես Թոփակյանն անտարբեր չէր ցեղասպանության ենթարկված հայ ժողովրդի ճակատագրի հանդեպ, ինչպես նաեւ ակտիվ աշխատել է հանցագործության դատապարտման ուղղությամբ, վկայում է նրա նամակը ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնին։

 

1915 թ․-ի հոկտեմբերի 22-ի նամակում հյուպատոսը գրում է, որ Եվրոպական պատերազմի մեծ աղետը, որից տուժել է Եվրոպայի ամբողջ մայրցամաքը, բայց միեւնույն ժամանակ հնարավորություն տվել ամերիկացի ժողովրդին աննախադեպ միջազգային աջակցություն ցուցաբերել մարդկությանը, Փոքր Ասիայի դաժան մուսուլմանների ձեռքով՝ իր հետ նաեւ սարսափելի եւ ահռելի տառապանք է բերել մի ազգության համար։

 

«Պետդեպարտամենտի գրառումներում արդեն իսկ հաստատված պաշտոնական աղբյուրները նշում են, որ ավելի քան հինգ հարյուր հազար հայ տղամարդիկ, կանայք ու երեխաների վայրագորեն աքսորվել են իրենց տներից կամ դաժանաբար սպանվել։

 

Մենք դիմում ենք բոլոր քաղաքակիրթ կառավարություններին՝ մարդկության եւ մեր քաղաքակրթության վրայից այդ բիծը վերացնելու խնդրով: Միեւնույն ժամանակ, Թուրքիայում կամ Եգիպտոսի եւ Կովկասի սահմաններից այն կողմ մնացած հարյուր հազարավոր անօգնական, սովի մատնված տղամարդկանց, կանանց եւ երեխաների օգնության հոգեցունց ճիչը Ամերիկա է հասնում տարբեր կողմերից։

 

Սարսափելի տառապանքներ ապրած այս անօգնական մարդիկ բախվում են իրական սովին։ Այս կոչն իր նմանը չունի այն իմաստով, որ ուղղված է այն ցեղի մնացորդների փրկությանը, որն աչքի է ընկել իր հավատարմությամբ, աշխատասիրությամբ, հոգատարությամբ, ինչպես նաեւ Արեւելքում արեւմտյան քաղաքակրթության ռահվիրաներ լինելով...

 

Մենք աղոթում ենք, որ Ձերդ Գերազանցությունն օգտագործի իր ազնիվ ազդեցությունը՝ այս միջազգային աղետում այսպիսի ծայրահեղ կարիքին օժանդակելու համար...

 

Վստահ եմ, որ Ձերդ Գերազանցության անունը կրկին կդառնա փայլուն ոգեշնչում այն մարդկանց անունների շարքում, ովքեր ձգտում են փրկել մեռնող ազգին»,- գրում է Թոփակյանը։

 

Այս նամակին ի պատասխան 1915 թ․-ի հոկտեմբերի 28-ին Վուդրո Վիլսոնը գրում է, որ Թուրքիայում հայ ժողովրդի տառապանքների հարցն իր ուշադրության կենտրոնում է։

 

«Պետդեպարտամենտն այս հարցի շուրջ Թուրքիայի կառավարության վերաբերմունքը փոխելու եւ հայ ժողովրդի տառապանքները թեթեւացնելու ջանքերը չի թուլացրել, եւ վստահ եղեք, որ այս կառավարությունը շարունակելու է անել հնարավորը՝ դիվանագիտական ուղիներով դա իրականացնելու համար։

 

Սրտանց եւ անկեղծորեն,

 

Ձեր Վուդրո Վիլսոն»։

 

Ի դեպ, այս նամակագրությունից գրեթե երկու տասնամյակ առաջ, 1888թ․-ի սեպտեմբերի 17-ին The New York Times-ը գրում էր Կոստանդնուպոլսում ամերիկյան կոմիսարի վրա հարձակման մասին: Հարձակվողը Հայգազուն Հոհաննես Թոփակյանն էր, որ ասել էր, թե կոմիսարը թուրքամետ գործիչ է եւ ատում է հույներին, հայերին եւ հրեաներին։

 

1909-ին Թոփակյանը նախագահ Վուդրո Վիլսոնին կտավ էր նվիրել:

Կարլ Գալուստի կտավը Կարլ Գալուստի կտավը

 

Հեղինակը Թուրքիայում ծնված հայ նկարիչ Կարլ Գալուստն է, կտավում պատկերված է Ազատության արձանը եւ դրա ուղղությամբ շարժվող արտագաղթողների նավը: Նկարն այսօր էլ ցուցադրվում է Սպիտակ տան սենյակներից մեկում:

 

Առեղծվածային մահը

 

1926-ի հոկտեմբերի 14-ին The New York Times-ը հայտնում է 62-ամյա Թոփակյանի մահվան մասին: Նշվում է, որ հոդվածի հրապարակման նախօրդ օրը Նյու Յորքում Պարսկաստանի գլխավոր հյուպատոսը մահացել է՝ ընկնելով Yale ակումբի 17-րդ հարկի պատուհանից դեպի Վանդերբիլթի պողոտա: Ոստիկանությունը հակված էր դժբախտ պատահարի վարկածին:

 

Իսկ The Cornell Daily Sun-ը հոկտեմբերի 14-ին գրում էր.

 

«Ականատեսները պատմել են, որ մինչ մարմնի վայր ընկնելը երկու ճամպրուկ է վայր ընկել: Ոստիկանները ենթադրել են, որ Թոփակյանը կորցրել է հավասարակշռությունն ու ցած ընկել պատուհանից»:

 

Մահվանից հետո Թոփակյանի պայուսակում հայտնաբերվել են գործնական փաստաթղթեր, ինչպես նաեւ նամակներ Ամերիկայի նախագահներ Թեոդոր Ռուզվելտից, Վուդրո Ուիլսոնից եւ այլ անվանի մարդկանցից:

 

Հայգազուն եւ Ռոուզ Թոփակյանները մեկ որդի ունեին՝ Հարոլդը: Նա ծնվել էր 1911 թվականին եւ մահացել 1994-ին:

 

ԱՄՆ-ում նա ճանաչված էր որպես շռայլ անձնավորություն, որ հաճախակի իր Նյու Ջերսիի տանն էր հյուրընկալում տարբեր անվանի մարդկանց:

 

Եգիպտոսի արքայազնն ու ամերիկացի բռնցքամարտիկը

 

Եգիպտոսի արքայազն Մոհամեդ Ալի Իբրահիմի ու Blink մականունով բռնցքամարտիկ Էլվուդ ՄաքՔլոսկիի կապերի մասին բավականաչափ տեղեկություններ կան:

 

Եգիպտոսի արքայազն Մոհամեդ Ալի Իբրահիմը ուշագրավ կերպար է, համարվում է Մուհամադ Ալի փաշայի հետնորդը։ Նրա հետաքրքրությունները պտտվում էին շամպայնի, ռուլետկայի եւ գեղեցիկ կանանց, այդ թվում՝ ամերիկյան համր կինոյի աստղ Մեյբել Նորմանդի շուրջ։

Մեյբել Նորմանդը Մեյբել Նորմանդը

 

Եգիպտոսի արքայազնը Միացյալ Նահանգներ էր այցելել  22 տարեկանում՝ 1922 թ․-ի մարտին՝ Եվրոպայի խոշոր քաղաքներում շրջագայությունից հետո։

 

Նյու Յորքում Եգիպտոսի արքայազնը հանդիպում է Blink ՄաքՔլոսկիին։ Իր մականունը բռնցքամարտիկը ստացել էր ապակյա «աչքի» շնորհիվ, որը նա հանում էր ռինգ բարձրանալիս։ Blink-ը հետաքրքիր երիտասարդ էր, ով 1918 թ․-ին պարտվել էր Ջեք Ջոնսոնին։ Հետագայում նա դարձել էր արքայազնի ուղեկցորդն ու քարտուղարը:

 

Իր հարցազրույցների մեկում (The Danville Bee, Edward M. Thierry, մարտ 13, 1922թ․) Blink-ը պատմել է, որ իր գործն էր Ալի Իբրահիմին բռնցքամարտ սովորեցնել եւ օգնել նրան փողերը ծախսելու հարցում։

 

Ալի Իբրահիմը ծախսում էր արքայազնի նման: 90 օրվա ընթացքում նրա ծախսերը գերազանցել էին $ 60 հազ․-ը: Ամերիկյան թերթերը գրում էին նրա ռոմանտիկ արկածների մասին, իսկ մորեղբայրը՝ թագավորը, ստիպված էր եղել խնդրել տուն վերադառնալ։

 

1924թ․-ի մարտի 4-ին The New York Times-ը գրում է, որ Ալի Իբրահիմը մարտահրավեր է նետել Ջեք Դեմփսիին՝ նշելով, որ նա չի կարողանա իրեն նոկաուտի ենթարկել եւ առաջարկելով 10 ռաունդանոց մենամարտի համար $ 100 հազար դոլար խաղադրույք կատարել։ Թերթը նշում է, որ վերջին երկու ամիսներին արքայազնին Փարիզի իր շքեղ տանը գաղտնի մարզել է Blink ՄաքՔլոսկին։

 

Մարի Թարյան, Լուսինե Ղարիբյան, Գայանե Ենոքյան, Ամալի Խաչատրյան, Գոհար Նալբանդյան, Անի Խչոյան, Արփի Ջիլավյան, Հասմիկ Բաբայան, Նարինե Դանեղյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին