Մորգենթաուն, Դոդջը եւ Դաթոնը. նկարի եւ նախաձեռնության պատմությունը - Mediamax.am

exclusive
9422 դիտում

Մորգենթաուն, Դոդջը եւ Դաթոնը. նկարի եւ նախաձեռնության պատմությունը


Հենրի Մորգենթաուն, Քլիվլենդ Դոդջը եւ Սեմյուել Դաթոնը
Հենրի Մորգենթաուն, Քլիվլենդ Դոդջը եւ Սեմյուել Դաթոնը

Լուսանկարը` ԱՄՆ Կոնգրեսի գրադարան

Լուսանկարը` ԱՄՆ Կոնգրեսի գրադարան

Լուսանկարը` ԱՄՆ Կոնգրեսի գրադարան


Այս լուսանկարն արվել է 1916 թվականի փետրվարին եւ պահվում է ԱՄՆ Կոնգրեսի գրադարանի արխիվում:

 

Ձախից աջ պատկերված են ամերիկացի դիվանագետ, Օսմանյան կայսրությունում ԱՄՆ դեսպան (1913-1916 թթ.) Հենրի Մորգենթաուն, բարերար Քլիվլենդ Դոդջը եւ Պոլսի Կանանց քոլեջի գանձապահ, Աշխարհի խաղաղության հիմնադրամի քարտուղար Սեմյուել Դաթոնը:  Օսմանյան կայսրությունում ԱՄՆ դեսպանի առաքելությունն ինքնակամ ավարտած եւ հայրենիք վերադարձած Մորգենթաուին դիմավորողները ցեղասպանությունից մազապուրծ եղած հայերին օգնելու գործում ոչ պակաս կարեւոր ավանդ են ներդրել:

 

«Պահոց» խորագրի հերթական թողարկումը նվիրված է լուսանկարի հերոսների կյանքի կոչած նախաձեռնությանը: 

 

Մորգենթաուի հեռագիրը

 

Մորգենթաուն, Դոջը եւ Դաթոնը կանգնած են եղել 1915 թվականին հիմնադրված հայ-սիրիական ամերիկյան նպաստամատույց հանձնախմբի ստեղծման ակունքներում: 

 

1915 թվականի սեպտեմբերին դեսպան Մորգենթաուն հեռագիր հղեց ԱՄՆ Պետդեպարտամենտ, որում գրում էր Օսմանյան կայսրությունում հայ եւ ասորի ժողովուրդների զանգվածային, պետական մակարդակով իրականացվող ջարդերի մասին եւ կոչ էր անում ստեղծել հատուկ հանձնախումբ՝ դրահամահավաք կազմակերպելու եւ ցեղասպանությունից տուժածների համար գումար հանգանակելու նպատակով: 

Լուսանկարը` ԱՄՆ Կոնգրեսի գրադարան

Մի խումբ նշանավոր նյույորքցիներ՝ Արտաքին առաքելությունների համամիսիոներական ամերիկյան խորհրդի արտաքին գործերի քարտուղար Ջեյմս Բարտոնի եւ բարերար, ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնի մերձավոր Քլիվլենդ Դոդջի գլխավորությամբ, հիմնադրեցին Հանձնախումբը եւ սեպտեմբերի 16-ին կայացած առաջին նիստի ընթացքում նրանց հաջողվեց հանգանակել 60 000 դոլար անհապաղ օգնության համար: Կոմիտեի գործառնական ծախսերը հոգում էր անձամբ Քլիվլենդ Դոջը, իսկ հանգանակված գումարը տեղում բաշխում էր Մոգենթաուն: 

 

Խթանելով բարեգործությունը 

 

Հանձնախումբը չսահմանափակվեց գումար հանգանակելով եւ շուտով Միացյալ Նահանգների ողջ տարածքով մեկնարկեց իրազեկման բարձրացման աննախադեպ արշավ: Խոսուն պաստառների, բոցաշունչ ելույթների միջոցով արշավի մասնակիցները փորձում էին ներգրավել ամերիկացիներին այդ նոր մարդասիրական նախաձեռնության մեջ:

 

1919 օգոստոսին Կոմիտեն ստացավ ԱՄՆ Կոնգրեսի ճանաչումը եւ վերանվանվեց Մերձավոր Արեւելքի Նպաստամատույցի (Near East Relief): Մի քանի ամիս անց կազմակերպությունն արդեն ուներ շուրջ 50 կենտրոն հետեւյալ քաղաքներում. Կ.Պոլիս, Իզմիր, Մարզվան, Այնթափ, Դիարբեքիր, Ուրֆա, Խարբերդ, Էրզրում, Տրապիզոն, Բիթլիս, Վանո, Թավրիզ, Ուրմիա, Հալեպ, Բեյրութ, Դամասկոս:

 

Զուտ մարդասիրական կառույցը

 

1915-1930 թվականներին Նպաստամատույցը փրկեց ավելի քան մեկ միլիոն փախստականների, այդ թվում `132 000 որբերի, որոնց խնամք ու կրթությունն ապահովում էին կառույցի մանկատները: Մարդիկ ներգրավվում էին Նպաստամատույցի աշխատանքներին կամավորական հիմունքներով, կառուցում էին մանկատներ, արհեստագործական դպրոցներ եւ սննդի բաշխման կենտրոններ: 

 

Հատկանշական է, որ նույնիսկ 1917 թվականին, երբ Միացյալ Նահանգները մտնում են Առաջին համաշխարհային պատերազմի մեջ եւ խզում դիվանագիտական հարաբերությունները Օսմանյան կայսրության հետ, թուրքական կառավարությունն, այնուամենայնիվ, չի կասեցնում Նպաստամատույցի մարդասիրական գործունեությունը: Կազմակերպության գործունեությունը չի արգելվում նաեւ 1920 թվականի նոյեմբերից հետո, եբբ Հայաստանում հաստատվում են խորհրդային կարգեր: Պատճառաբանությունը միանգամայն պարզ եւ տրամաբանական էր. Նպաստամատույցը զուտ մարդասիրական բնույթ էր կրում եւ որեւէ քաղաքական նպատակ չէր հետապնդում: 

Լուսանկարը` ԱՄՆ Կոնգրեսի գրադարան

1930 թվականին Մերձավոր Արեւելքի Նպաստամատույցը կրկին վերանվանվեց, դառնալով Մերձավոր Արեւելքի հիմնադրամ (Near East Foundation/NEF): Կազմակերպությունը ընդլայնեց իր աշխարհագրությունը, ներառելով Հյուսիսային Աֆրիկան, Ենթասահարական Աֆրիկան եւ Միջին Արեւելքը:

 

Բարեգործության նոր մշակույթը

 

1915 թվականին հիմնադրված Հանձնախումբն իր տեսակի մեջ եզակի լայնածավալ բարեգործական նախաձեռնությունն էր, որի հաջողվեց մարդասիրական գաղափարի շուրջ համախմբել ոչ միայն անվանի քաղաքական գործիչներին եւ բարերարներին, այլ նաեւ ամերիկյան հասարակության լայն շերտերին: Կազմակերպության ընդլայնման հետագա տարիներին ԱՄՆ-ում սկիզբ դրվեց  քաղաքացիական բարեգործության մշակույթին՝ երբ մարդասիրական աշխատանքներ իրականացնելու նպատակով պետությունը ապավինում է հանրային աջակցությանը: 

 

Մարդասիրական այս մոդելը մեր օրերում օգտագործվում է ամբողջ աշխարհում՝ շահույթ չհետապնդող կազմակերպությունների մեծամասնության կողմից: Գործունեության հարյուրամյա պատմության ընթացքում, Մերձավոր Արեւելքի հիմնադրամը մարդկանց կյանքը բարելավելու նպատակով համագործակցել է մոտ 50 երկրների համայնքների հետ, առանցքային դեր ստանձնելով ամերիկյան բարեգործական ավանդույթների հաստատման գործում:

 

Սոնա Միրզոյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին