Հայերի շքերթն ԱՄՆ-ում ու Մոսկվայի «պաշտպանիչ բարեկամությունը» - Mediamax.am

exclusive
11576 դիտում

Հայերի շքերթն ԱՄՆ-ում ու Մոսկվայի «պաշտպանիչ բարեկամությունը»


Լուսանկարը` ԱՄՆ Կոնգրեսի գրադարանի արխիվ

Լուսանկարը` ԱՄՆ Կոնգրեսի գրադարանի արխիվ


Այս լուսանկարը պահվում է ԱՄՆ Կոնգրեսի գրադարանի արխիվում: 1920 թվականի ապրիլի 14-ին Առաջին աշխարհամարտի 500 հայազգի վետերաններ շքերթ արեցին Վաշինգտոնում՝ ԱՄՆ ծովային դեսանտի նվագախմբի ուղեկցությամբ:

 

ԱՄՆ Պետական դեպարտամենտում նրանց ընդունեց պետական քարտուղար Բեյնբրիջ Քոլբին: Վետերանները նրան հանձնեցին Հայաստանի Հանրապետության անկախությունը ճանաչելու խնդրագիրը, ինչն արձանագրված է այս լուսանկարում:

Լուսանկարը` ԱՄՆ Կոնգրեսի գրադարանի արխիվ

«Ամերիկան եւ 1915 թվականի Հայոց Ցեղասպանությունը» գրքի «Վիլսոնյան դիվանագիտությունը եւ Հայաստանը. իշխանության եւ գաղափարախոսության սահմանները» գլխի հեղինակ Լոյդ Ամբրոսիուսը գրում է, որ 1920 թվականի ապրիլին դաշնակիցները պաշտոնապես խնդրեցին ԱՄՆ-ին ընդունել Հայաստանի մանդատը՝ ցանկանալով ազատել իրենց այդ «գլխացավանքից»: Քոլբին նախագահ Վիլսոնին առաջարկում էր ընդունել Հայաստանի մանդատը՝ նշելով, որ ռուս բոլշեւիկները եւ թուրք ազգայնականները համագործակցում են ընդդեմ հայերի:

 

Ամբրոսիուսը մեջբերում է Բեյնբրիջ Քոլբիի այս խոսքերը.

 

«Հիմա, երբ դաշնակից պետություններն ընդունում են, որ անկարող են որեւէ օգնություն տրամադրել եւ դիմում են մեզ, մեր բացասական պատասխանը կարող է նոր արյունահեղության պատճառ դառնալ, վերացնել ներկայիս Հայաստանի Հանրապետությունը եւ ճանապարհ բացել Թուրքիայում եւ Ասիայում բոլշեւիզմի, պանթուրքիզմի եւ պանիսլամիզմի տարածման համար»:

 

1920 թվականի ապրիլի 23-ին, հայ վետերանների հետ հանդիպումից 9 օր անց, ԱՄՆ պետքարտուղարն այս նամակն է ուղղում ԱՄՆ-ում Հայաստանի ներկայացուցչին:

Դրանում Քոլբին տեղեկացնում է, որ «ԱՄՆ կառավարությունը` նախագահի կարգադրությամբ, ճանաչում է Հայկական Հանրապետության դե ֆակտո կառավարությունը»: Այդուհանդերձ, նշում է Քոլբին, որ «այս ճանաչումը որեւէ կերպով չի կանխորոշում տարածքային սահմանները, որոնք ապագա դելիմիտացիայի առարկա են»:

 

Մի քանի ամիս անց Բեյնբրիջ Քոլբին ավելի զգուշավոր էր արտահայտվում Ռուսաստանի դերակատարության մասին: 1920 թվականի օգոստոսի 10-ին նա, մասնավորապես, ասել էր.

 

«Ճանաչելով Հայաստանի անկախությունը, ԱՄՆ կառավարությունը որդեգրեց այն մոտեցումը, որ Հայաստանի սահմանների վերջնական հաստատումը չպետք է կատարվի առանց Ռուսաստանի համագործակցության եւ համաձայնության: Պատճառը միայն այն չէ, որ նոր Հայաստանի պետության տարածքի զգալի մասը նախկինում Ռուսական կայսրության մաս է կազմել: Նույնքան կարեւոր է, որ Հայաստանը վայելի Ռուսաստանի պաշտպանիչ բարեկամությունը (protective friendship-խմբ.), եթե ցանկանում է մնալ ազատ եւ անկախ»:

 

Մոտ 3 ամիս անց Հայաստանն այլեւս ազատ ու անկախ չէր՝ 1920 թվականի նոյեմբերին 11-րդ Կարմիր բանակը մտավ Իջեւան:

 

Արա Թադեւոսյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին