Վազգեն Առաջինի եւ ապագա Պապի հանդիպումը հեռավոր 1981-ին - Mediamax.am

exclusive
14897 դիտում

Վազգեն Առաջինի եւ ապագա Պապի հանդիպումը հեռավոր 1981-ին


Վազգեն Առաջինը
Վազգեն Առաջինը

Լուսանկարը` AP


Ամերիկյան AP (Associated Press) գործակալության արխիվում գտանք մի տեսանյութ, որը պատմում է 1981 թվականին Ամենայն Հայոց Վազգեն Ա Կաթողիկոսի Արեւմտյան Գերմանիա կատարած այցի մասին:

 

Հիշեցնենք, որ 1981 թվականին Խորհրդային Միությունն ու Արեւմուտքը դեռ «սառը պատերազմ» էին վարում. Գորբաչովի հռչակած «պերեստրոյկան» մեկնարկելու էր 4 տարի անց միայն:

 

Այցելության մասին տեղեկություններ գտանք «Էջմիածին» պաշտոնական ամսագրի 1981 թվականի ԼԸ (Ե-Զ) հատորում զետեղված «Վեհափառ Հայրապետը Մյունխենում» հոդվածում: Վազգեն Առաջինը Մյունխեն էր մեկնել հովվապետական ուղեւորության շրջանակում, որը մեկնարկել էր Վիեննաից եւ ներառել էր նաեւ Ֆրանկֆուրտն ու Փարիզը:

 

 

Վազգեն Առաջինը Մյունխեն է ժամանում 1981 թվականի մայիսի 1-ին: Հորդառատ անձրեւի ներքո նրան օդանավակայանում դիմավորում է Մյունխենի եւ Ֆրայզինգի արքեպիսկոպոս, կարդինալ Յոզեֆ Ալոիս Ռատցինգերը: Մի քանի ամիս անց, 1981 թվականի աշնանը, նա կգլխավորի Հավատի դոկտրինի միաբանությունը (նախկինում՝ Սուրբ ինկվիզիցիան): 

 

2005 թվականի ապրիլին կարդինալ Ռատցինգերը ընտրվեց Հռոմի Պապ՝ դառնալով Կաթոլիկ եկեղեցու առաջին գերմանացի առաջնորդը 1000 տարվա ընթացքում: 2013 թվականի փետրվարին Բենեդիկտոս XVI-ը պաշտոնաթող եղավ՝ առողջական վիճակի վատթարացման պատճառով:

 

Մայիսի 2-ի առավոտյան Մյունխենի եւ Ֆրայզինգի Արքեպիսկոպոսարանի ընդունելությունների սրահում կայանում է պաշտոնական արարողությունը, որի ժամանակ կարդինալ Յոզեֆ Ռատցինգերը, մասնավորապես, ասում է.

 

«Հայ ժողովուրդը քրիստոնյա է, որքան մենք նրան ճանաչում ենք պատմությունից։ Նրա մշակույթը կրում է քրիստոնեական ժառանգության դրոշմը։ Քրիստոնյա հայ ժողովուրդը ապրել է հզորության եւ քաղաքական անկախության ժամանակներ, սակայն նա ապրել է նաեւ ճնշումի եւ ավերածության ժամանակներ։ Անցյալի բազմատեսակ այդ փորձությունները ազդեցին, որ այս ժողովուրդը իր մեջ զարգացնի գոյատեւության ուժը, որը մեզ հիացմունք է պատճառում։ Հայերը իրենց ջանասիրությամբ, խելամտությամբ եւ աշխատասիրությամբ ամբողջ աշխարհում անուն շահեցին: Գաղթից եւ հալածանքից հետո կյանքի նոր ուղիներ հարթեցին եւ կրկին բարեկեցության ե հռչակի հասան մարդկային մշակույթի բոլոր ասպարեզներում։ Նրանք շոշափելի նպաստ են բերում իրենց հյուրընկալ երկրների զարգացման ու բարեկեցիկ կյանքի ստեղծման գործում։ Հայերը հավատարիմ քաղաքացիներն են դարձել վաղուց իրենց հյուրընկալող երկրների՝ առանց հրաժարվելու, սակայն, իրենց ազգային եւ կրոնական ժառանգությունից»։

Վազգեն Առաջինը Վազգեն Առաջինը

Լուսանկարը` AP

Իր ելույթը սկսելուց առաջ Վազգեն Առաջինը գերմաներեն դիմում է կարդինալ Ռատցինգերին եւ ասում է, որ կխոսի հայերեն:

 

73-ամյա Վեհափառն ասում է, որ կյանքում առաջին անգամ է այցելում Գերմանիա:

 

«Ինձ բացառիկ հուզում է պատճառում այս պահը», - ասում է Վազգեն Առաջինը՝ նշելով, որ Բուխարեստում ապրելու տարիներին միշտ ցանկացել է լինել Գերմանիայում: Նշենք, որ 1942-1944 թվականներին ապագա Կաթողիկոս Լեւոն-Կարապետ Պալճյանը եղել է հայ ռազմագերիներին օգնող կոմիտեի կազմում (Երկրորդ աշխարհամարտի տարիներին Ռումինիան Գերմանիայի դաշնակիցն էր):

 

Ցավոք, AP-ի տեսանյութում Վեհափառի խոսքը ձայնագրված է ընդհատումներով, ելույթը ներկայացված չէ նաեւ «Էջմիածին» ամսագրում:

 

Նշենք, որ այցելության պահին Գերմանիայում Հայ Առաքելական Եկեղեցին թեմ չի ունեցել: Վազգեն Վեհափառի կոնդակով այն ստեղծվել է 10 տարի անց՝ 1991 թվականին:

 

Արա Թադեւոսյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին