Վահրամ Փափազյան. «Ինձ մեղադրում են, որ քիչ եմ ծառայել հայ բեմին» - Mediamax.am

exclusive
20347 դիտում

Վահրամ Փափազյան. «Ինձ մեղադրում են, որ քիչ եմ ծառայել հայ բեմին»


Վահրամ Փափազյանը
Վահրամ Փափազյանը

Լուսանկարը` Անդրանիկ Քոչար

Վահրամ Փափազյանը
Վահրամ Փափազյանը

Լուսանկարը` Էդուարդ Տեր-Սահակյան/TheArmenians

Վահրամ Փափազյանը
Վահրամ Փափազյանը

Լուսանկարը` Էդուարդ Տեր-Սահակյան/TheArmenians

Վահրամ Փափազյանը
Վահրամ Փափազյանը

Լուսանկարը` Էդուարդ Տեր-Սահակյան/TheArmenians

Վահրամ Փափազյանը
Վահրամ Փափազյանը

Լուսանկարը` Էդուարդ Տեր-Սահակյան/TheArmenians


Իտալիայի, Բաքվի, Պոլսի, Թիֆլիսի բեմերում խաղալուց հետո, 1920 թվականին,  Վահրամ Փափազյանը հաստատվել է Խորհրդային Հայաստանում: Այդուհանդերձ, միայն մեկ տարի՝ 1922-ին, խաղացել է Երեւանի նորաստեղծ պետական թատրոնում, ապա սկսել է հանդես գալ Թիֆլիսի եւ Բաքվի հայկական թատրոններում: 1932-1954 թթ. Փափազյանը բնակության է մեկնում Լենինգրադ (այժմ՝ Սանկտ Պետերբուրգ):  Լենինգրադի շրջափակման ժամանակ էլ, ըստ Փափազյանի վկայության, գերմանացիների արկը պայթել է իրենց տան պարտեզում, որտեղ այդ ժամանակ ինքն ու երկրորդ կինն էին՝ Վալենտինան: Կինը տեղում զոհվել է, Փափազյանը՝ վիրավորվել:

 

1954 թվականին, 66 տարեկանում, Փափազյանը վերջնականապես տեղափոխվում է Երեւան: Երեւանում նա կնոջ՝ դերասանուհի Անահիտ Դատյանի  հետ, բնակվում էր «Ինտուրիստ» հյուրանոցում, մինչեւ որ, 1958-ին, բնակարան ստացան՝ Կիեւյան 5 հասցեում:

 

Թեեւ Երեւան տեղափոխվելուց հետո Փափազյանը որոշել էր մեկ անգամ էլ Օթելլո խաղալ ու հրաժեշտ տալ բեմին, սակայն դեռ 10 տարի էլ, մինչեւ ծանր հիվանդությունը, խաղում էր Սունդուկյանի անվան թատրոնում: Որքան էլ զարմանալի է, Հայաստանում ապրելու տարիներին, Փափազյանը չի դասավանդել բուհերից եւ ոչ մեկում: Ավելի ստույգ, դասավանդել է Թատերական ինստիտուտում՝ միայն մեկ ամիս:  Ի՞նչն էր պատճառը: Ինչու՞ նրան չի տրվել հնարավորություն՝  գիտելիքները, փորձը փոխանցել ուսանողներին: Եվ ինչու՞ էր Փափազյանը հաճախ մտածում Հայաստանից դարձյալ հեռանալու մասին:

 

Գրականագետ Գառնիկ Ստեփանյանի հուշերը իր հուշերում («Վահրամ Փափազյանի հետ», 1979 , էջ 77-82,  Երեւան)  պատմել է, թե հոգեկան ինչ ծանր վիճակներում էր հաճախ լինում Փափազյանը եւ ինչպես է մի օր վերջնականապես վճռել էր ընդմիշտ հեռանալ Սանկտ Պետերբուրգ:

 

«Վանիթա վանիթարիում»

 

«Վահրամ Փափազյանի հետ այս զրույցը տեղի է ունեցել 1962 թ.-ի սեպտեմբերի 15-ին, Ե. Չարենցի անվան գրականության եւ արվեստի թանգարանում (1954-1963 թթ. Գառնիկ Ստեփանյանը ԳԱԹ տնօրենն էր-հեղ.):

 

Փափազյանը եկավ վաղ առավոտյան: Հոգնած տեսք ուներ: Բարեւեց եւ նստեց: Ասաց, թե գիշերը գրեթե չի քնել, մի քանի անգամ փակվել են աչքերը, բայց մղձավանջային երազներից ցնցվել է ու արթնացել:

Վահրամ Փափազյանը Վահրամ Փափազյանը

Լուսանկարը` Էդուարդ Տեր-Սահակյան/TheArmenians

Երբեք այդքան երկար չէր նստել, երբեք այդքան հուզված չէի տեսել նրան, երբեք այդքան չէր բացվել ինձ մոտ, երբեք այդքան շատ չէր ծխել: Ամեն ինչից երեւում էր, որ հոգեկան ծանր ապրումների մեջ է: Ցանկացել էր գտնել մեկին, հաղորդակից դարձնել իր ապրումներին, գեթ մասամբ հանգստանալ: Պարզապես ինձ վիճակվեց ականատես լինել այդ պոռթկումներին:

 

Նախքան բուն զրույց սկսելն ասաց, թե վերջնականապես որոշել է մեկնել Լենինգրադ, այնտեղ անցկացնել իր վերջին տարիները: Ուրիշ անգամներ էլ խոսել էր այդ մասին, բայց խոսել էր հենց այնպես, կես կատակով, ասել էր ու մոռացել: Այս անգամ գաղափարը բեւեռվել էր ուղեղում, ծրագրեր էր կազմել, որոնց մասին բացատրություններ էր տալիս, տեղնուտեղը փոխում միտքը, ասում, որ եթե այդ մեկը չհաջողի, ուրիշ մտադրություն ունի: Փոխում էր ծրագրերը, բայց մեկնելու որոշումն անդառնալի էր պահում:

 

Հետո արդեն բաց արեց սիրտը:

 

- Ի՞նչ է իմ վիճակը այժմ,-ասաց՝ կնճռոտելով խորշոմած ճակատը: -Ռուսաստանում այդպես չէր: Այնտեղ ինձ ավելի լավ էին հասկանում ու գնահատում: Բոլորն անկեղծ էին, առանց դիմակի: Այստեղ ժողովուրդը սիրում ու գնահատում է թե՜ ինձ եւ թե՜ իմ արվեստը, սիրում է հայկական ջերմությամբ. շնորհակալ եմ: Բայց չեմ տեսնում թատրոնի որոշ մարդկանց գնահատումը: Բոլորն էլ ժպտում են ինձ հետ խոսելիս, լավ-լավ խոսքեր շռայլում, բայց զգում եմ, որ անկեղծ չեն: Մի մասը չի թաքցնում վերաբերմունքը. ես նրանցից ավելի գոհ եմ: Գիտես, որ մարդը քեզ չի սիրում, գուցեեւ հիացած չէ քո արվեստով, գուցե նա է իրավացի. կան արվեստի տարբեր ընկալումներ: Ավելի սարսափելի են մյուսները, այն մարդիկ, որոնք երեկ քեզ հետ սեղան նստած ժպտացել են, այսօր բամբասում են: Գուցե ես էլ մեղավոր եմ, կարծիքներս մատուցարանի վրա ցուցադրող մարդ եմ, որից ոմանք խայթվում են, վիրավորվում: Թող հետեւեն իմ օրինակին, հրապարակավ քննադատեն, վիճեն:

Վահրամ Փափազյանը Վահրամ Փափազյանը

Լուսանկարը` Էդուարդ Տեր-Սահակյան/TheArmenians

-Բայց հենց թատրոնում դերասանների մեծ մասը ոչ միայն գնահատում են Ձեզ, այլ Ձեր իրական երկրպագուներն են:

 

-Կան, հարկավ կան,-ասաց մի քիչ մեղմացած, բայց…

 

Մի պահ լռեց, խոժոռեց դեմքը, վառեց սիգարետը, աչքերը հառեց կողքին դրված Ավ. Իսահակյանի խճանկարին, ապա շարունակեց.

 

- Կա՛ն, բայց դժվար է ճանաչելը. չգիտես՝ դրանցից ո՞րն է քո իսկական բարեկամը: Այդ բարեկամը թող լինի թեկուզ մեկը, բայց լավ ճանաչես ու վստահես, խոսես նրա հետ քո հոգեկան անհանգիստ պահերին, նրան հենվես՝ չընկնելու համար: Նայում եմ շրջապատս, չեմ գտնում այդ մեկին եւ մենակ եմ զգում ինձ: Ինձ մեղադրում են, որ քիչ եմ ծառայել մայրենի բեմին, ստեղծագործական կյանքիս մեծ մասը անց եմ կացրել Ռուսաստանում. ո՞վ է մեղավոր. հրավիրել են, բնակարանի ու աշխատավարձի հարցը լուծել են, չե՞մ եկել: Միայն 1946 թվականին, այն էլ՝ ի՞նչ դժվարությամբ, հրավիրեցին, հետն էլ հազար ու մի պայման:

 

 

Փափազյանն ընդհատեց զրույցը. հնչել էր հեռախոսի ձայնը: Սպասում էր, որ վերջացնեմ:

 

Խոսում էի ուրիշի հետ, բայց ուշադրությունս նրա վրա էր: Ջղաձգական շարժումով ծխախոտի գլանակը ճմլեց մարմարյա մոխրամանի մեջ ու նորը վառեց, սեղմեց ծխախոտից դեղնած մատների մեջ:

 

Հեռախոսային զրույցս վերջացել էր, բայց չէր շարունակում:

 

Մնում էր սպասել նրա մտքերի ներքին հարց-պատասխանի ավարտին, որպեսզի նորից սկսի կամ համարի ավարտված ու հրաժեշտ տա:

 

Անշուշտ նախընտրելի էր վերջինը, քանի որ այդքան գրգռված վիճակի մեջ էր:

 

- Միայն թատրոնը չէ,-ասաց,- վերցնենք թատերական ինստիտուտը: Մի՞թե ես ոչինչ չէի կարող տալ մեր ուսանողությանը: Հրավիրել են դասախոսելու գեթ մեկ կիսամյակ, մեկ ամիս: Չէ՛, սիրելի՛ս, ինձ չեն գնահատում: Հոգով ու ամբողջ էությամբ միայն մի էակ կա՝ Անահիտը, դժբախտ, մանկությունից որբացած, անուժ մի կին, որը ոչինչ չի կարող անել՝ բացի ինձ հուսադրելուց, համբերություն քարոզելուց: Հոգնել եմ, հոգնել ոչ թե բեմից, դերասանը բեմից երբեք չի հոգնի, այլ կյանքից, կեղծ ժպիտներից:

 

Այս անգամ վերջնականապես ընդհատեց զրույցը, պատրաստվեց մեկնելու: Երբ եկավ թանգարան, «Աստրայի» տուփը նոր էր բաց արել, իսկ երբ գնաց, մի քանի սիգարետ էր մնացել:

 

Մեր ամբողջ զրույցի ընթացքում ձեռքին կար ինչ-որ գրիչ, որով թղթի վրա բաներ էր խզբզում: Նրա մեկնելուց հետո ուզեցի այդ թուղթը գցել զամբյուղը, բայց նկատեցի, որ վրան գրություններ կան, այն էլ՝ մի քանի լեզվով՝ հայերեն, լատիներեն, թուրքերեն, ֆրանսերեն:

Վահրամ Փափազյանը Վահրամ Փափազյանը

Լուսանկարը` Էդուարդ Տեր-Սահակյան/TheArmenians

Հետաքրքրությունս շարժեց: Փորձեցի կարդալ: Թղթի հենց վերեւի մասում մի քանի տող թուրքերեն էր, այն էլ՝ արաբատառ թուրքերեն (օսմաներեն-հեղ.), որով քիչ հայեր կարող էին գրել:

 

Չարչարվեցի ու դուրս բերեցի թուրքերեն քառյակի բովանդակությունը: Անծանոթ մնաց շրջանակի մեջ առնված մի բառ միայն, որը մինչեւ այժմ էլ մնացել է առեղծված ինձ համար:

 

Ահա թուրքերեն այդ քառյակի բովանդակությունը:

 

Այս աշխարհը հենց իր հիմքից խախուտ է,

Ափսոս, ափսոս, որ այդպես խախուտ է:

Կամ պետք է թողնել աշխարհն ընդմիշտ,

Կամ էլ տանել ամեն ցավ ու վիշտ:

 

Տակին գրված էին երկու տող լատիներեն՝ «Վանիթա վանիթարում թութա է վանիթա», որ Սողոմոն Իմաստունի հայտնի խոսքերն են՝ «Ունայնություն ունայնությանց, ամեն ինչ ընդ-ունայն է» (Vanitas vanitatum et omnia vanitas–հեղ.): Դրան հաջորդում էր ֆրանսերեն մի աղավաղված բառ:

 

Այս բոլորից հետո, արդեն հայերեն, գրված էր. «Իմ կյանքի գնահատականը աշխարհի վրա», որ, անշուշտ, վերաբերում էր վերոհիշյալ մտքերին: Թղթի ամբողջ երկարությամբ էլ , հենց մակագրությունների վրա, ստորագրել էր՝ Վահրամ Փափազյան, 15 սեպտեմբերի, 1962»:

 

Այնպիսի ջղաձգական վիճակում էր գրել, որ հայերեն «գնահատական» բառն էլ գրել էր արեւմտահայ արտասանությամբ՝ «քնահատական», մի բան, որ խոսակցության ընթացքում ավելի հաճախ էր անում:

Վահրամ Փափազյանը Վահրամ Փափազյանը

Լուսանկարը` Էդուարդ Տեր-Սահակյան/TheArmenians

Թուղթը ինձ հուշեց նույն օրը երեկոյան գրի առնել մեր զրույցի հիմնական մասը, թեեւ վստահ էի, որ այդ բոլորը արդյունք էր նախորդ օրվա ինչ-որ տհաճ վեճի այն անձնավորություններից մեկի հետ, որոնց անունը տվել էր: Հաջորդ օրը նա իսկապես այլ տրամադրությունների մեջ էր եւ շատ ավելի մեղմ էր արտահայտվում նույն մարդկանց մասին»:

 

Փորձեցի գտնել թուղթը՝ Փափազյանի ձեռագրով: Պարզվեց՝ Գառնիկ Ստեփանյանի արխիվը դեռեւս հանձնված չէ ԳԱԹ-ին: Դիմեցի նրա որդուն՝ պատմաբան Արմեն Տեր-Ստեփանյանին, իմանալու՝ հիշատակված թուղթը՝ Փափազյանի ձեռագրով, պահպանվե՞լ է եւ եթե այո, որտե՞ղ է: Նա ասաց, որ հոր արխիվային որոշ նյութեր, լուսանկարներ հանձնել է Մատենադարանի արխիվ,  Փափազյանի ձեռագրով հիշատակված թուղթը տանն է, սակայն այն գտնելը խնդիր է:

 

Լիլիթ Ավագյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին