Ինչպես Փափազյանը հայտնվեց հարեմում եւ այնտեղից ողջ դուրս եկավ - Mediamax.am

exclusive
34564 դիտում

Ինչպես Փափազյանը հայտնվեց հարեմում եւ այնտեղից ողջ դուրս եկավ


Պոլիսը
Պոլիսը
Պոլիսը
Պոլիսը
Վահրամ Փափազյանը՝ Օթելլոյի դերում
Վահրամ Փափազյանը՝ Օթելլոյի դերում
Վահրամ Փափազյանը՝ Օթելլոյի դերում, 1913 թ. Պոլիս
Վահրամ Փափազյանը՝ Օթելլոյի դերում, 1913 թ. Պոլիս

Լուսանկարը` Գրականության եւ արվեստի թանգարանի արխիվ (տպագրվում է առաջին անգամ)


Դերասան, գրող Վահրամ Փափազյանը (1888-1968) Վենետիկի հայկական քոլեջում (1905-1907), ապա Միլանի Գեղարվեստի ակադեմիայում ուսանելուց հետո (1908-1911), վերադառնում է ծննդավայր՝ Պոլիս: Երկրում սահմանադրություն էր հռչակվել, եւ շատ այլ արգելքների հետ՝ վերացել էր նաեւ ներկայացումներ խաղալու արգելքը: Եվ Փափազյանը հանդես է գալիս իր Օթելլոյով:

 

Այդ օրերին Փափազյանի կյանքում տեղի է ունենում մի իրադարձություն, որի մասին նա, մահվան սպառնալիքվ, շատ երկար լռել էր: 1962 թվականի մայիսի 2-ին, արդեն Երեւանում, գրականագետ, թատերագետ, գրող Գառնիկ Ստեփանյանի հետ մտերիմ  զրույցի ընթացքում, պատմում է 22 տարեկանում իր հետ կատարվածը («Վահրամ Փափազյանի հետ», Երեւան, 1979 թ., էջ 68-77):

 

Պատմությունը չափազանց անսպասելի ու հետաքրքիր էր. որոշեցինք այն ներկայացնել նաեւ Մեդիամաքսի ընթերցողներին:

 

Պատմում է Վահրամ Փափազյանը

 

- Քսաներկու տարեկան էի : «Օթելլոյի»՝ իրար հաջորդող ներկայացումներից հետո  մի անգամ էլ նույնը խաղացինք թուրքերեն: Ես կատարեցի Օթելլոյի դերը: Որպես Յագո՝ խաղընկերս էր մի թուրք դերասան, որը նոր էր բեմական ասպարեզ ոտք դնում: Անունն էր Քեմալ Էմին բեյ: Կասիոյի դերը կատարեց Ջեմալ բեյը: Սրանց երկուսին էլ ես էի վարժեցրել, եւ բեմական որոշ հույսեր ներշնչում էին: Ռոդրիգոյի դերն էլ վստահել էի ինձ տարեկից մի սիրուն ու անփորձ հույն երիտասարդի՝ Յանիին, որի միակ թերությունը թուրքերենի վատ առոգանությունն էր:

 

Խաղը լավ վերջացավ: Գիտեինք, որ վանդակների միջից, վարագույրների ետեւից ներկայացումը դիտում էին թուրք փաշաների հարեմի կանայք, որոնց դեմքը արգելված էր տեսնել: Ցերեկային ներկայացումները, սովորաբար, նրանց համար էին կազմակերպվում:

Վահրամ Փափազյանը՝ Օթելլոյի դերում, 1913 թ. Պոլիս Վահրամ Փափազյանը՝ Օթելլոյի դերում, 1913 թ. Պոլիս

Լուսանկարը` Գրականության եւ արվեստի թանգարանի արխիվ (տպագրվում է առաջին անգամ)

Ներկայացումից հետո ես եւ Յանին մտանք սրճարան՝ մեկ-մեկ բաժակ սուրճ խմելու եւ հանգստանալու համար: Մի կողմից էլ կարծիքներ էինք փոխանակում դերակատարումների մասին, նոր ծրագրեր կազմում: Գովեցի նրա խաղը, վառ ապագա գուշակեցի: Յանիի դեմքը ճառագայթում էր ուրախությունից:

 

Փոքրիկ սրճարան էր՝ հազիվ 8-10 մարդու սպասարկող: Դեռ չէինք ավարտել մեր սուրճը, որ սպիտակազգեստ մի փոքրիկ աղջնակ թիթեռնիկի պես սահեց սեղանների արանքով, թղթի մի կտոր նետեց մեզ ու անհայտացավ:

 

Վերցրինք թուղթը. թուրքերեն անվարժ ձեռագրով գրված էր. «Եթե ցանկանում եք այս գիշեր լինել ջեննաթի (դրախտի-Լ.Ա.) փերիների հետ, նստեցեք այն կառքը, որ սպասում է ձեզ սրճարանի մոտ, նեղ փողոցում: Միք վախենա. մենք ձեր բարեկամն ենք»:

 

Ուրեմն՝ նրանք մեզ ծանո՞թ էին, դերերու՞մ էին տեսել, թե՞ կյանքում: Ժամանակ չկար նման բաների վրա մտածելու:

 

Նայեցինք միմյանց: Շատ էինք լսել նման արկածների մասին: Երկուսս էլ անփորձ էինք, անհամարձակ: Ձեռքից ձեռք էր անցնում խորհրդավոր գրությունը:

 

-Ի՞նչ ես ասում,  Յանի, -հարցրի վերջապես:

-Կյանքի հարց է,-ասաց Յանին՝ այլայլված,-գնալ կա, գալ կարող է չլինել:

- Բայց հրավերը շատ է հրապուրիչ:

- Շատ էլ վտանգավոր:

-Ես իմ կողմից ամեն վտանգ աչք կառնեի՝ գեթ մեկ գիշեր հարեմում լինելու համար,-ասացի:

-Իսկ գիտես անշուշտ, որ հարեմից դուրս գալը հրաշքի պես բան է:

-Նույնքան հրաշք՝ այնտեղ ընկնելը:

-Ուրե՞մն:

-Ուրեմն գնում ենք:

-Խե՞նթ ես:

-Ո՝չ, պարզապես արկածախնդիր:

 

Նորից լռեցինք: Յանին հիմա խոժոռել էր դեմքը, մատների արանքում տրորում էր թղթի կտորը: Հետո ձեռքը տարավ ճակատին: Դժվար չէր կարդալ նրա մտքերը՝ գնա՞լ, թե՞ չգնալ: Ո՞րն էր ավելի լավ. գնալ ու վայելել չքնաղ մի թրքուհու հրապույրնե՞րը եւ ենթարկվել մահվան սարսափին, թե՞ լինել զգույշ, նստել այստեղ ու տառապել մերժված հրապույրի մտապատկերով ու դատապարտել վախկոտությունը:

 

-Յանի,-ասացի բարձրաձայն, -ես գնում եմ:

-Ու՞ր:

-Ուր հրավիրում են:

-Մոռացանք սուրճը,-ասաց Յանին եւ մի քանի կում խմեց, ապա կանչեց գարսոնին, հաշիվը փակեց: Երեւում էր, որ արդեն որոշել է հետեւել ինձ: Երանի՛ չհետեւեր: Իմ կյանքում ոչ մի արարք այնքան չի տառապեցրել ինձ, որքան այդ: Եթե ես չլինեի, իմ բարի Յանին…

Պոլիսը Պոլիսը

 

Լուռ դուրս եկանք: Նրբանցքի ծայրին կանգնած էր քառաձի կառքը: Փարթամ բեղերով, դաժան դեմքով ներքինի կառապանը, ճիպոտը ձեռքին, սպասում էր. կարծես ակնթարթի բան էր, որ սուրար կառքը: Մահվան կառքի տպավորություն թողեց ինձ վրա:

 

Կարող էինք չնստել, անցնել կողքով: Սկզբից թվաց, թե կառապանը մեզ վրա ուշադրություն չդարձրեց, բայց երբ ճիպոտի ծայրով նշան արեց նստելու, հասկացանք, որ մեզ էր սպասում՝ թեեւ այնպես էլ չնայեց մեզ:

 

Յանին, ետ անելով հաստ վարագույրի խոպոպները, մտավ ներս…Հետեւեցի նրան:  Զարմանալի բան՝ կառքը դատարկ էր: Ներքինին մեզ էր միայն տանում, իսկ թե ու՞ր, ինքը գիտեր: Չորս ձիեր սկսեցին քառատրոփ հարվածել Պերայի Շիտակի սալահատակը, հարվածել համաչափ ու ներդաշնակ չխկոցով:

 

Ես ու Յանին օրորվում էինք կառքի մեջ, բարձրանում, իջնում զսպանակավոր նստարանի վրա: Չէինք խոսում: Կարող եմ ասել՝ չէինք էլ մտածում: Կտրվել էինք աշխարհից:

Պոլիսը Պոլիսը

 

Մի պահ ձիերի սմբակների համաչափ չխկոցը թուլացավ. սալահատակի քարերի ձայնը չէր լսվում: Վարագույրի արանքից դուրս նայեցի. կառքը անցնում էր ծառերի միջով: Հսկա ծառերի ճյուղերը թմբկահարում էին կառքի տանիքը: Բավական տեւեց այդ վիճակը: Հետո նորից շեշտվեցին ձիերի սմբակների դոփյունները՝ չըխկ, չըխկ, չըխկ, այնքան ուժեղ, որ այլեւս չէինք լսում կառապանի մտրակի շաչյունը:

 

Ո՞ր փողոցներով էինք անցնում, ու՞ր էինք հասել, կախարդական Պոլսի ո՞ր խորհրդավոր անկյունում էինք, չէինք կարող գուշակել: Ես ավելի անհանգիստ վիճակի մեջ էի, քան Յանին: Նա, թիկն տված կառքի կողերին, լուռ դիտում էր ինձ՝ կարծեք ասելով . «Ինչու՞ համաձայնվեցինք»: Բայց արդյո՞ք մտածում էր:

Վերջապես կառքը կանգ առավ: Լսեցինք դարպասների բացվելը…

 

Ներքինին ետ տվեց վարագույրները եւ անձայն առաջարկեց իջնել:

 

Ոչինչ չէր երեւում: Համատարած մթության մեջ տեսնում էինք միայն հսկա ապարանքի ստվերը՝ մռայլ, դաժան, ինչպես մեզ այդտեղ բերող ներքինիի դեմքն էր:

 

Հետո մեզ մտցրին շենքից ներս: Ծառայողներից մեկը բռնեց ձեռքիցս, մութ-մութ անկյուններով առաջ տարավ: Թեքվեցինք աջ, իջանք մի քանի աստիճան: Բաղնիքի գաղջ օդը, կանացի օծանելիքի բույրը ազդարարեց, թե գտնվում ենք հարեմի բաղնիքային բաժնում:

 

Բնազդաբար ետ նայեցի: Յանին չկար: Նրան տարել էին այլ ուղղությամբ: Ինձ մտցրին մարմարակերտ ջրավազանով, ոսկեզօծ ծորակներով պատրաստված մի բաղնեխցիկ: Հանեցին շորերս: Երկու ներքինի տղամարդ լողացրին այնպիսի վարպետությամբ, ինչպես գիտեն լողացնել միայն արեւելյան բաղնիքներում:

 

Օգնեցին շորերս հագնելուն: Ապա առաջնորդեցին մի սենյակ:

 

Երբ ներս մտա, ինձ թվաց, թե դատարկ է սենյակը, բայց շուտով աչքերս վարժվեցին առատ լույսին. տեսա բազմոցի վրա, բեհեզե ծածկոցի մեջ փաթաթված կիսամերկ երիտասարդ մի կին…

 

Հետո ի՞նչ պատահեց. ո՜չ պատմել կլինի, ո՜չ նկարագրել:

 

Փափազյանն ընդհատեց պատմությունը: Մի պահ կարծեցինք, թե մեր հետաքրքրությունը սրելու համար ընդհատեց, բայց, չէ՛, տրամադիր չէր շարունակելու: Խնդրեցինք պատմել, թե ինչ վախճան ունեցավ այս վտանգավոր բարեկամությունը:

 

Փափազյանն՝ արդեն ոչ նախկին ոգեւորությամբ, ասաց , թե ավելի քան մեկ շաբաթ եղել է այդ չքնաղ աղջկա գերին: Ասաց, թե այդ մեկ շաբաթվա իր կյանքը երազ պիտի կարծեր, պիտի չհավատար, թե նման բան պատահել է, եթե Յանիի ուրվականը չհալածեր իրեն:

 

-Վերջին օրը հանըմը կանչեց ինձ իր սենյակը…Գլխիկոր նստեցի մի աթոռի: Հագել էր տնային երկար մի խալաթ, միայն կրծքի վերին մասը բաց էր, եւ ինձ թվաց, թե այն էլ ծածկելու հակամետ է: Հանըմը ժպտաց. չարաճճի մի ժպիտ, որ անթարգմանելի էր ինձ համար: Առաջարկեց նստել բազմոցին, իր մոտ: Լուռ հնազանդվեցի: Դիտեցի սենյակը, փոքրիկ սեղանը, որի վրա սովորականի պես մի շիշ օշարակ կար, երկու բաժակ եւ քամված մի լիմոն:

 

-Պիտի բաժանվենք,-ասաց թախծոտ ձայնով, կարծես հուզված, որ այդպես է լինելու:

-Ափսոս,-ասացի, պիտի զրկվեմ իմ կենսատու արեւից,-ասացի ես:

-Քո ընկերը արդեն զրկվեց իր կենսատու արեւից,-ասաց հանգիստ:

 

Սառը քրտինք պատեց ինձ…

 

-Ու՞ր է Յանին,-ասացի հուզված:

Նայեց քամված լիմոնին, հետո վերցրեց, հանգիստ լուսամուտից դուրս նետեց:

-Ու՞ր է Յանին,-կրկնեցի՝ գրեթե ճչալով:

-Կից սենյակի լուսամուտից նրան դուրս նետեցին դեպի Բոսֆոր…- Ասաց այնքան հանգիստ, ասես խոսքը վերաբերեր մի կտոր լիմոնի:

-Աստված իմ, սպանե՞լ են:

-Այսինքն՝ խեղդել..Այդպես է մեր կարգը: Տղամարդիկ մեզ են պատժում՝ բանտարկելով այս դղյակների մեջ, մենք էլ նրանից վրեժ ենք լուծում մեր ձեւով: Չկարծեք, թե անում ենք սոսկ արկածախնդրական նկատառումով կամ չարությունից: Ամենեւին: Մենք այս մի քանի օրվա ընթացքում այնքան ենք մտերմանում միմյանց, որ կցանկանայինք շարունակել, բայց…Մեր կյանքը թանկ է. բավական է խնայենք մեկին, կկործանվենք: Ազատվածը, այս որջից ողջ-առողջ դուրս եկողը կպատմի մի ուրիշի, նա էլ՝ երրորդին, եւ կիման փաշան…Իսկ փաշան, օ՛, աստված նրա կյանքը երկարի, արդեն 70-ը անց է եւ բավական վրեժխնդիր…Իսկ մենք ուզում ենք դեռ ապրել եւ ոչ միայն ապրել, այլեւ վայելել մեր երիտասարդական կյանքի հաճույքները: Չէ՞ որ ես ընդամենը 20 տարեկան եմ: Ահա թե ինչու՝ ամեն գաղտնիք հենց այս պատերի մեջ թաղելու համար մեր սիրարկածներին ծառայող տղամարդկանց դուրս ենք գցում լուսամուտներից: Յանին արժանացավ այդ ճակատագրին:

 

Լուռ լսում էի: Ի՛նչ կարող էի ասել: Առանց այն էլ նա բավականաչափ հուզված  ու կատաղած վիճակում էր, մռնչում էր էգ վագրի վայրագությամբ, սիրո հագուրդ չստացած կնոջ մոլեգնությամբ:

 

Շեշտակի նայեց դեմքիս եւ ասաց.

 

-Չես խոսում:

-Բայց մենք մինչեւ երեկ լավ բարեկամներ էինք,-ասացի անհամարձակ:

-Հիմա էլ բարեկամներ ենք: Ալլահի կամքն ի՞նչ է, այն էլ պիտի լինի: Անշուշտ պիտի ուզեիր ապրել, շատ ես երիտասարդ, բայց…

 

Մի քիչ շունչ առի: Այս նախադասությունը հուսո ճառագայթ էր իմ մթագնած հոգու համար: Կարո՞ղ էր խնայել…

 

-Բայց վախենում եմ, թեեւ ուզում եմ, որ դու լինես երջանիկ բացառություն այն երիտասարդների մեջ, որոնք ինձ հետ եղել են այս սենյակում…

 

Մի ժպիտ խաղաց նրա վարդագույն շրթների վրա՝ ներքին դաժանությունը ծածկելով բարության ու քնքշության նուրբ վարագույրով:

 

-Ուրեմն դուք ինձ սիրու՞մ եք:

-Սիրու՞մ: Ի՞նչ եք ասում: Այդ զգացումը մենք վաղուց ենք կորցրել:Իմ մեջ խոսում է միայն կինը: Եվ եթե, այնուամենայնիվ, ուզում եմ, որ դու ապրես, Վահրամ բեյ,-շարունակեց հանըմը՝ շեշտելով «բեյը»՝ միաժամանակ համբուրելով ինձ,-ապա այն պատճառով, որ ինձ պարգեւել ես մի ուրիշ հաճույք…Դու ինձ կախարդել ես քո Օթելլոյով, օ՛, գերազմիվ այդ մարդուն, որ այնքան կրքով ու խանդով գիտեր սիրել իր կնոջը: Օթելլոն հենց իր վայրագությամբ ցույց տվեց, թե կինը որքան բարձր էակ է, ինչպիսի սիրով պետք է սիրել նրան:

Վահրամ Փափազյանը՝ Օթելլոյի դերում Վահրամ Փափազյանը՝ Օթելլոյի դերում

 

Զարմանալի բան էր: Մինչ այդ նա ակնարկ անգամ չէր արել իմ դերակատարության մասին, երբեք չէր խոսել «Օթելլոյի» ներկայացման մասին:

 

-Ես տեսել եմ Պապա Սնակի ներկայացումներն էլ, որոնց մեջ կանայք սիրում են, սիրվում են, տառապում, տառապեցնում, վրեժխնդիր լինում, գիտեն պաշտպանել իրենց շահը, պատիվը…Մենք կահ-կարասի ենք, որ կարող են օգտագործել, վաճառել: Դու խեղդեցիր քո սիրած կնոջը՝ խանդից, ասել է թե՝ սիրուց, որքան կուզեի, որ տղամարդիկ ինձ էլ խեղդեին այդպիսի բուռն սիրուց, ինձ այնպես սիրելին, ինչպես դու էիր սիրում…

 

- Ձեր ամուսինն էլ ինձ կսպաներ, եթե այստեղ բռներ:

- Հա՛, հա՛, հա՛…Ամուսի՞ն: Բայց մենք ամուսին չունենք, մեզ այստեղ բանտարկող տիրակալներ ունենք, որոնք կարող են վրեժխնդիր լինել իրենց կալվածը պաշտպանող մարդու իրավունքով, հաջորդ օրն էլ նվիրել մեկ ուրիշի, բերել տալ նոր հարճեր, ինչպես պիտի վարվեին մի զույգ կոշիկ փոխելիս:

 

Խոսում էր զայրացած, գրեթե դողալով, բայց տրամաբանված, խելացի, ինձ թվում էր, թե հիմա իմ առաջ կանգնած է մի ուրիշ կին, մի ուրիշ էակ:

 

- Քեզ Բոսֆորի ալիքներին չեմ հանձնելու,-ասաց իշխանական տիրակալությամբ եւ իր իրավունքը քաջ գիտակցող կնոջ խրոխտությամբ,- բայց պիտի երդվես, որ ոչ ոքի, լսու՞մ ես, Վահրամ բեյ, ոչ ոքի պիտի չպատմես այստեղ գալդ: Դու այստեղ չես եկել: Դա եղել է երազ, բայց այս անգամ որպես երազ էլ մի պատմիր քո այս սիրարկածը, մեկ շաբաթվա այս անմոռանալի օրերը: Անմոռանալի, բայց մոռացման ենթակա օրերը: Իսկ եթե պատմես, չեմ խնայի նաեւ Օթելլոյին: Մոռացիր այս սենյակը, մոռացիր ինձ…

 

Հանըմը լռեց: Բացեց դուռը, ինչ-որ մեկին կարգադրություններ արեց, եկավ, նստեց տեղը: Մի քանի րոպեից երեւաց նույն դաժան ներքինին: Դուրս եկա խորհրդավոր այդ շենքից այն ճանապարհով, որով մտել էի…

 

Հ.Գ. Ի՞նչը կարող էր «հանըմին» ստիպել Բոսֆորը չնետել Վահրամ Փափազյանին, ինչպես վարվում էին հարեմի այցելուների հետ: Ի՞նչը կարող էր Փափազյանի Օթելլոյին անխոցելի դարձնել հարեմի այս կնոջ համար: Իհարկե, ենթադրության մակարդակով, սակայն չենք բացառում, որ խնդիրը Փափազյանի վերաբերմունքն էր Դեզդեմոնայի հանդեպ: Բանն այն է, որ Փափազյանը Դեզդեմոնային հավասարեցնում էր Պետրարկայի Լաուրային եւ Դանթեի Բեատրիչեին: Այսինքն՝ կնոջ մեջ գնահատում էր բացառապես մարդկայինը. «Նախքան ավելի կխորացնենք այս կերպարի հոգեկան վերլուծումը, անմիջապես ասեմ, թե պատրիկուհին ոչ միայն մտնում է Մավրի տունը, այլեւ կույս է մնում մինչեւ իր աղետալի վախճանը: Երկար տարիներ բեմական փորձառության հոգեբանական  մանրակրկիտ վերլուծումների, մանավանդ կանացի սրտի ճանաչումը ծնունդ են տվել իմ մեջ այս կոնցեպցիային, այսինքն՝ օրիորդ-կնոջ թեորիային, որը այս ողբերգության էջերում, լինի Մավրի թե Դեզդեմոնայի,  այն անլուծելի կենցաղային կնճիռն է, այն հիվանդագին հոգեվիճակը, որ երկուսի էլ ողբերգականության առանցքն է եւ երկուսի էլ կործանման տրամաբանական պատճառը» (Վահրամ Փափազյան, «Իմ Օթելլոն», Երեւան, 1964, էջ 72):

 

Լիլիթ Ավագյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին