Հրանտ Բագրատյան. «Շատ եմ ուզում ալբոմ թողարկել» - Mediamax.am

persona
12278 դիտում

Հրանտ Բագրատյան. «Շատ եմ ուզում ալբոմ թողարկել»

Հրանտ Բագրատյանը դստեր` Մարիայի հետ; Հունաստան, 2005թ.
Հրանտ Բագրատյանը դստեր` Մարիայի հետ; Հունաստան, 2005թ.

Լուսանկարը` Հրանտ Բագրատյանի ընտանեկան արխիվից

Լուսանկարը`


Տնտեսագետների եւ գործարարների շրջանում նրան անվանում են "ռոմանտիկ վարչապետ”: Քչերին է հայտնի, որ մինչեւ կառավարություն գալը Հրանտ Բագրատյանը եղել է երաժիշտ եւ նվագել է բլյուզ: Քչերը գիտեն նաեւ, որ նա հմուտ լողորդ է:

Վերջերս Հրանտ Բագրատյանը դարձել է տնտեսագիտության ոլորտում նոր տեսության՝ մեգաէկոնոմիկայի հիմնադիրը, որը, իր համոզմամբ, երրորդ տնտեսագիտությունն է` միկրո- եւ մակրոէկոնոմիկաներից հետո:

 

ՀՐԱՆՏ ԲԱԳՐԱՏՅԱՆ

 

Փաստեր

 

•    Ծնվել է 1958թ. հոկտեմբերի 18-ին Երեւանում, ամուսնացած է, ունի 2 երեխա:

•    1991-1993թթ. եղել է ՀՀ էկոնոմիկայի նախարար եւ փոխվարչապետ, 1993-1996թթ.` ՀՀ վարչապետ:

•    Տնտեսագիտության դոկտոր է, 60-ից ավելի գիտական աշխատությունների հեղինակ:

•    Ազատ տիրապետում է ռուսերեն, անգլերենի եւ գերմաներեն լեզուներին:

•    Ամերիկյան կենսագրության ինստիտուտի կողմից 1995-ին ճանաչվել է տարվա, իսկ 1996-ին` հազարամյակի մարդ:

•    Համաշխարհային բանկը ճանաչել է իր ձեռնարկած շուկայական տրանսֆորմացիոն բարեփոխումները լավագույնը հետխորհրդային տարածքում:

 

«Անսովոր» Բագրատյան

 

- YouTube-ում մի քանի ամիս առաջ տեղադրվել էր տեսահոլովակներ, որում Դուք կիթառ եք նվագում: Վաղո՞ւց եք զբաղվում երաժշտությամբ:

 

- Դա իմ երկրորդ մասնագիտությունն է: Ասպիրանտուրայում սովորելու տարիներին երկար ժամանակ վաստակում էի երաժշտությամբ` աշխատելով Պարոնյանի անվան թատրոնի նվագախմբում: Թեեւ երաժշտական կրթություն չունեմ, բայց վիրտուոզաբար նվագել եմ բլյուզ:

 

Կառավարություն գալուն պես թողեցի, բայց միշտ սիրել եմ եւ միշտ մտածել եմ, թե երբ պետք է վերադառնամ դեպի երաժշտություն: Վերջերս, երբ ազատ ժամանակ ունեցա, սկսեցի պարապել: Youtube-ում տեղադրված երեք հոլովակներից երկուսում նվագում եմ իմ սեփական ստեղծագործությունները, այդ թվում` Midnight Blues-ը: Ունեմ հեղինակած շուրջ 15 գործեր եւ շատ եմ ուզում ալբոմ թողարկել: Դա կլինի արդեն անսամբլի հետ, եւ ես արդեն կատարել եմ գործիքավորումը:

 

Իհարկե, ներկա պահին հիմնական մասնագիտությունս տնտեսագիտությունն է, բայց կարծում եմ, մարդկային կյանքը բավական է գոնե երկու գործում պրոֆեսիոնալ լինելու համար:

 

«Երեխաներս համարյա թե ամեն հարցում վիճում են հետս» 

 

- Ինչպիսի՞ն եք Դուք ընտանիքում: Ո՞րն է ամենակարեւորը, ինչ հաշվի եք առել Ձեր որդուն ու դստերը դաստիարակելիս:

 

- Ես աշխատել եմ, որ երեխաներս ինքնուրույն որոշումներ կայացնեն, ու, փառք Աստծո, իրենք երկուսն էլ շատ ինքնուրույն են: Գրեթե վստահ եմ, որ նրանք չեն «կորի» այս կյանքում: Նրանք ինձ ընդհանրապես չեն լսում, համարյա թե ամեն հարցում վիճում են եւ երբեմն ինձ սխալ հանում: Երեւի սա է ճիշտը: Ասեմ, վերջերս ինձ խնդրել էին մի բիզնես-ծրագիր կազմել: Կազմեցի, իսկ տղաս լրջորեն խմբագրեց այն եւ մի քանի լավ դիտողություններ արեց:

 

Որդիս 22 տարեկան է, սովորում է Լոնդոնում եւ Երեւանում, ապագա ֆինանսական վերլուծաբան է: Դուստրս 14 տարեկան է եւ սովորում է բժշկական քոլեջում:

 

Հրանտ Բագրատյանը կնոջ` Նանա Բագրատյանի, որդու եւ դստեր` Արարատի եւ Մարիայի հետ; Հունաստան, 2005թ. (ֆոտո. Հրանտ Բագրատյանի ընտանեկան արխիվից)

 

- Ինչո՞վ եք զբաղվում ազատ ժամանակ:

 

- Հոբբիներիցս է ալկոհոլային խմիչքներ հավաքելը: Ժամանակին հսկայական հավաքածու ունեի՝ շուրջ 5000 փոքր շիշ, որոնց մեծամասնությունը, սակայն, նվիրեցի եւ այսօր մնացել են ընդամենը 300-ը: Սիրում եմ նաեւ բիլիարդ եւ շախմատ: 4-րդ դասարանում առաջին կարգ էի ստացել շախմատում, բայց չցանկացա շարունակել:

 

Լողորդ եմ մեծ տարածությունների վրա՝ սթայեր: Լողում եմ կիլոմետրերով, դա շատ է կոփում:

 

«Ժամանակին հսկայական հավաքածու ունեի՝ շուրջ 5000 փոքր շիշ, որոնց մեծամասնությունը, սակայն, նվիրեցի եւ այսօր մնացել են ընդամենը 300-ը». Հրանտ Բագրատյան (Լուսանկարը` Աղվան Խաչատրյան/Mediamax)

 

Մեգաէկոնոմիկա

 

- Ձեզ Հայաստանում ճանաչում են հիմնականում որպես նախկին վարչապետ եւ ներկայիս կուրսի քննադատ: Մինչդեռ վերջերս հանդես եք եկել տնտեսագիտության ոլորտում նոր տեսության հիմնադրմամբ, որն անվանել եք մեգաէկոնոմիկա:

 

- Մեգաէկոնոմիկայի տեսության հիմնադրումը համարում եմ իմ ամենամեծ գիտական նվաճումը: 1934թ-ից մինչ օրս տնտեսագիտությունը Ջոն Մեյնարդ Քեյնսի շնորհիվ բաժանվում է երկու ճյուղի՝ միկրոէկոնոմիկայի եւ մակրոէկոնոմիկայի: Քեյնսն ապացուցել է, որ պետության եւ մասնավոր բիզնեսի շահերն, ըստ էության, հակասում են իրար: Եթե միկրոէկոնոմիկայում, որը վերաբերում է բիզնեսին, հիմնական նպատակը շահ ստանալն է, ապա մակրոէկոնոմիկայում, որը վերաբերվում է պետությանը, հիմնական նպատակ կարող են լինել, ասենք, գների կայունությունը, բյուջեի ոչ դեֆիցիտային բնույթը, արտաքին պարտքի կառավարելիությունը, վճարման հաշվեկշիռը եւ այլն: Եթե չլիներ այս տեսությունը եւ պետությունները շարունակեին հաշվի չառնել մակրոտնտեսական հիմնական պահանջները, Մեծ դեպրեսիան անհնար կլիներ հաղթահարել:

 

 

Առեւտրի համաշխարհային կազմակերպության հիմնադրման արդյունքում ստեղծվել է միասնական համաշխարհային շուկա, երբ 154 երկրներ ունեն նույն ցածր մաքսատուրքերը եւ հարկային դրույքները եւ տալիս են համաշխարհային ՀՆԱ-ի 97%-ը: Մինչդեռ քեյնսականության հիմքում ընկած էր ոչ թե համաշխարհային, այլ միասնական ազգային շուկան:

 

«Ես պնդում եմ, որ միկրոէկոնոմիկայից եւ մակրոէկոնոմիկայից բացի կա նաեւ մեգաէկոնոմիկա, որտեղ պետության նպատակները կրկին փոխվում են». Հրանտ Բագրատյան (Լուսանկարը` Աղվան Խաչատրյան/Mediamax)

 

Ըստ այդմ, ես պնդում եմ, որ միկրոէկոնոմիկայից եւ մակրոէկոնոմիկայից բացի կա նաեւ մեգաէկոնոմիկա, որտեղ պետության նպատակները կրկին փոխվում են:

 

Տեսությունը սկսեց մաս-մաս տպագրվել 3 տարի առաջ, երբ ես ավարտեցի նրա առաջին խմբագրությունը: Այժմ ինտերնետում կարելի է գտնել բազմաթիվ ոչ հայկական աղբյուրներ, որտեղ նշվում է մեգաէկոնոմիկա տեսության առկայությունը եւ նշվում է այդ տեսության հեղինակի անունը: Ես գտնում եմ, որ դա երրորդ տնտեսագիտությունն է: Դա իրոք ամբիցիոզ նախագիծ է:

 

- Հայաստանն արդեն 8 տարի է, ինչ ԱՀԿ անդամ է: Ինչպիսի՞ ճշգրտումներ, ըստ մեգաէկոնոմիկայի, պետք է մտցվեն իր տնտեսական քաղաքականության մեջ:

 

- Հայաստանն այս տարի ունի պետբյուջեի 3% դեֆիցիտ, ինչը բխում է մակրոտնտեսական կանոններից եւ ինչը պահանջում է նաեւ Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ), բայց, օրինակ, եվրոգոտում եւ ԱՄՆ-ում այս տարի սպասվում է բյուջեի մինչեւ 7%-ի հասնող դեֆիցիտ:

ԱՄՆ-ի ներքին պարտքն աճում է, իսկ որոշ ժամանակ անց այն դառնում է այլ երկրների համար արտաքին պարտք, քանի որ ԱՄՆ-ը սկսում են վաճառել իրենց արժեթղթերը դրսում: Այս հասարակ օրինակը ցույց է տալիս, որ ամենեւին միանշանակ չէ բյուջեի դեֆիցիտը 3%-ի սահմաններում պահելը:

 

Մեգաէկոնոմիկայում գների կայունությունը չի համարվում կարեւոր գործոն: Հակառակը՝ կարծում եմ, 7-8% գնաճը կխրախուսի զարգացումը: Մեգաէկոնոմիկային ավելի շատ հետաքրքրում է ՀՆԱ աճի տեմպը, ընդ որում, այնպիսի ՀՆԱ-ի, որը կապված է ավելացված արժեքի աճի հետ:

 

 

Հրանտ Բագրատյան (Լուսանկարը` Աղվան Խաչատրյան/Mediamax)

 

Մեգաէկոնոմիկայում սխալ է համարվում ազգային արժույթի արժեւորման քաղաքականությունը: Պետության արժույթի հիմքում ընկած է որոշակի ռեզերվային արժույթ, մեր պարագայում դա դոլարն է: Երբեք չի կարելի թույլ տալ դրամը դոլարի նկատմամբ արժեւորել, որովհետեւ մենք այդ դեպքում զիջում ենք ավելացված արժեքում: Մինչդեռ մակրոէկոնոմիկան որոշ դեպքերում կարող է գովելի համարել փողի արժեւորումը:

 

2002-2009 ժամանակահատվածում դրամը 595-ից աճել է մինչեւ 305 դրամ $‌1-ի դիմաց: Մեգաէկոնոմիկայի կանոնների կիրառման պարագայում դա տեղի չէր ունենա: Արդյունքում 2 անգամ արժեւորելով դրամը մենք 2 անգամ կրճատեցինք արտահանումը: 1996-ին Հայաստանի արտահանումը կազմել է $‌356 մլն, ինչը 2010-ի գներով կկազմեր 1.3 մլրդ, իսկ 2010-ին մեր արտահանումը կազմել է ընթացիկ գներով 1 մլրդ 11 մլն: Փաստորեն պատերազմից 2 տարի հետո երկիրն արտահանել է ավելի շատ ավելացված արժեք, քան շուրջ 15 տարի անց:

 

Եթե տնտեսության մեջ չի արտադրվում ավելացված արժեք, մարդիկ թողնելու են գնան եւ մենք դրա ականատեսն ենք: Իմ ասածները կտրականապես հակասում են մակրոէկոնոմիկայի տեսությանը եւ ես ուրախ եմ, որ այս տեսությունն իր ճանապարհն է բացում: Այս տարի մենք ունեցանք լավ հրապարակում Ֆրանսիայում՝ Գրենոբլի Պիեռ Մենդեսի անվան համալսարանում, որը Եվրոպայի տնտեսագիտական խոշորագույն կենտրոններից է: Իմ տեսության մասին դասախոսություններ Հայաստանից բացի կարդացել եմ եւս 5 երկրներում, որտեղ ինձ նույնիսկ առաջարկել են աշխատանքի անցնել, եթե իմ մենագրությունը առաջինը հրապարակվի այնտեղ: Մեգաէկոնոմիկայի վերաբերյալ իմ 700-էջանոց մենագրությունը, ամենայն հավանականությամբ, առաջին անգամ կհրապարակվի հենց Երեւանում մինչեւ հաջորդ տարվա կեսերը:

 

- Ի՞նչ կլինի, եթե տեսությունը ճանաչվի եւ ընդունվի միջազգային տնտեսագիտական հանրության եւ երկրների տնտեսական իշխանությունների կողմից:

 

- Կլինեն որոշակի ճշգրտումներ: Բնակչության աճի համաշխարհային միջինը տարեկան 1.5% է: Ընդ որում` Արևելքն աճում է տարեկան 1.7-1.8%-ով, իսկ Արեւմուտքը՝ 0.2-0.3%-ով: Որպեսզի տեղի ունենա համաշխարհային տնտեսության հավասարակշռություն (ինչը չկար Քեյնսյան մակրոէկոնոմիկայում, քանի որ այնտեղ շուկան միասնական չէր եւ երկրները պաշտպանվում էին մաքսատուրքերով) որտեղ կա մարդ, այնտեղ պետք է լինի կապիտալ: Իսկ կապիտալն այսօր Արեւմուտքում է: Կասեք, կան ուղղակի արտասահմանյան ներդրումներ: Բայց պարզվում է, որ վերջին 20 տարիների ընթացքում փողերն Արեւելքից են գնում Արեւմուտք:

 

«Կապիտալը գնում է զարգացած երկրներ, իսկ այնտեղ այն պակաս արդյունավետ է: Սա միայն խորացնում է դիսբալանսը համաշխարհային տնտեսության մեջ». Հրանտ Բագրատյան (Լուսանկարը` Աղվան Խաչատրյան/Mediamax)

 

Երբ կապիտալը չի գնում դեպի արեւելք, ստիպված պետք է գնան մարդիկ: Եվ մենք դա տեսնում ենք: Արդյունքում տեսնում ենք միգրանտոֆոբիա. կրակոցներ Նորվեգիայում, սպանություններ Ռուսաստանում եւ Գերմանիայում, նեոֆաշիզմի առաջխաղացում եւ այլն: Ծաղկող, այդ թվում աշխատող միգրանտների հաշվին բարեկեցություն ձեռքբերող երկրներում պայքար այն մարդկանց դեմ, որոնք այդ բարեկեցության ստեղծողներից են: Այս ամենը նշանակում է, որ մեգաէկոնոմիկայում այլ միտումներ են: Կապիտալը գնում է զարգացած երկրներ, իսկ այնտեղ այն պակաս արդյունավետ է, քանի որ սահմանային արտադրողականությունն ավելի ցածր է, քան ոչ զարգացած երկրներում: Սա միայն խորացնում է դիսբալանսը համաշխարհային տնտեսության մեջ: Սա է ընկած իմ տեսության հիմքում:

 

- Ի՞նչ պետք է անի Հայաստանը, եթե ոչ արտագաղթը կանգնացնելու, ապա մեծածավալ արեւմտյան կապիտալ ներգրավելու համար:

 

- Առաջին հերթին պետք է էժանացնել դեպի Հայաստան ավիափոխադրումները: Հայաստանի սահմաններից դուրս ապրում են 7 մլն հայեր, սակայն հայրենիքն այցելում է նրանց չնչին մասը: Պատկերացրեք, Փարիզ – Երեւան տոմսն արժի 2.5 անգամ ավելի թանկ, քան Փարիզ – Նյու Յորք տոմսը: Մոսկվայից Երեւան թռչում են $‌500-ով, իսկ Մադրիդ` $‌100-150-ով: Այս հարցը պետք է լուծել: Անգամ այլ ավիաընկերությունների` դեպի Հայաստան ուղեւորափոխադրումների պարագայում, գինը, փաստացի, թելադրում է Արմավիան:

 

Մեդիամաքս գործակալության լրագրող Ռուբեն Հարությունյանը (Լուսանկարը` Աղվան Խաչատրյան/Mediamax)

 

2 կարեւորագույն հարց լուծել է հարեւան Վրաստանը` ապահովելով թափանցիկ հարկային համակարգ եւ անկախ տնտեսական դատարան: Կա գործող օրենք եւ ձեզ ոչ ոք չի նյարդայնացնում: Պատկերացնո՞ւմ եք, Հայաստանում մի փոքր ձեռնարկատեր դատվի խոշոր օլիգարխի դեմ: Անիմաստ է:

 

- Հայաստանի շուկայական տրանսֆորմացիոն բարեփոխումները Համաշխարհային բանկի կողմից ճանաչվել են լավագույնը հետխորհրդային տարածքում: Ինչո՞վ եք դուք դա պայմանավորում: Ի՞նչ է արվել մեզ մոտ, ինչը չէր արվել այլ երկրներում:

 

- Խոսքն առաջին սերնդի բարեփոխումների մասին է: Ամենակարեւորն այն է, որ սեփականաշնորհումը իմ օրոք չի եղել կենտրոնացված: Նույն հողի պարագայում. մեզ այսօր մեղադրում են, որ հողը սեփականաշնորհման համար բաժանվեց շատ մանր մասերի, բայց իրականում դա մեծ առավելություն էր:

 

Մենք կատարյալ էինք տնտեսության ազատականացման գործում: Հիշում եմ, վարչապետ լինելով, ձեռնարկատիրական գործունեության տարատեսակ թույլտվությունները 950-ից նվազեցրեցի մինչեւ 30: Ցավոք մեր շատ բարեփոխումներ հաջորդող կառավարություններ չեղյալ են համարել, ինչը նվազեցրել է տնտեսության ազատականացվածությունը:Բարձր գնահատվեց նաեւ դրամի լողացող փոխարժեքը: Պատահական չէ, որ վարչապետ լինելուց հետո ինձ աշխատանքի հրավիրեցին ԱՄՀ-ում` Ռուսաստանում եւ Ուկրաինայում բարեփոխումների գծով խորհրդականի կարգավիճակով:

 

«Փորձեցի պայքարել եւ պարտվեցի այս դիմակայության մեջ» 

 

- Երբ վարչապետ էիք, Հայաստանը «համատեղում» էր բարեփոխումները պատերազմի հետ: Ինչպե՞ս էր դա հաջողվում: 

 

- Այստեղ մի պարադոքս կա. մի կողմից պատերազմը պահանջում է ռեսուրսների եւ կառավարման կենտրոնացում, մյուս կողմից դու իրականացում ես շուկայական բարեփոխումներ: Կան դեպքեր, երբ բարեփոխումներն օգնում են պատերազմում հաղթելու համար: Օրինակ` ես կարծում եմ, որ եթե մենք չիրականացնեինք հողային ռեֆորմ, չէինք հաղթի պատերազմում:

 

- Ինչո՞ւ:

 

- Որովհետեւ մեր զինվորը կռվում է իր հողի համար: Հասկանալի չէր, թե ինչու է կռվում ադրբեջանցին:

 

1993-ի դեկտեմբերին, երբ թշնամին արդեն գրեթե մտնում էր Վարդենիս, ես գնացի եւ գիշերը մնացի այնտեղ: Եթե այդ գիշեր չհասցնեինք կազմակերպվել եւ կասեցնել թշնամու գրոհը Մռավսարից, կորցնելու էինք եւ Հայաստանը, եւ Ղարաբաղը: Ես գոռում էի զինվորների վրա, ասելով նրանց, որ հետեւում իրենց հողն է, որը եւ հայրենիք է, եւ իրենց սեփականությունը:

 

Ես այս հարցում օրիգինալ չեմ. երբ Մակեդոնիայի թագավոր Պիրոսը 2 անգամ անընդմեջ պարտվել էր դեռ նոր կայացող Հռոմի դեմ ճակատամարտերում, նա զարմացել էր, թե ինչպես է Հռոմին դա հաջողվում: Պիրոսը հասկացավ, թե ինչու է դժվար հաղթել նման բանակին, երբ իմացավ, որ բոլոր հռոմեական լեգեոներները հողատերեր են, իսկ Մակեդոնիայում չկար մասնավոր հողատիրություն:

 

«Կարծում եմ, եթե մենք չիրականացնեինք հողային ռեֆորմ, չէինք հաղթի պատերազմում». Հրանտ Բագրատյան (Լուսանկարը` Աղվան Խաչատրյան/Mediamax)

 

Նույն բանակը, սակայն, հետո ստեղծեց մեզ համար լրջագույն խնդիրներ: Հաղթանակից հետո ռեֆորմներ իրականացնելիս հիմնական խանգարողը հենց զինված ուժերն էին: Ու մինչեւ հիմա էլ զինված ուժերը լրջորեն խանգարում են Հայաստանին: Կռվածների ձեռքում կենտրոնացել է մեծ կապիտալ եւ նրանք խանգարում են տնտեսության աճին: Հայտնի է, որ իմ գնալու պատճառներից մեկը հենց այն էր, որ մեզ չէր հաջողվում կայացնել մրցունակ շուկա: Սկսում էին տնտեսության կենտրոնացման միտումները: Չեր ստացվում բարեփոխել բանակը: Կենտրոնացված այս ուժը թույլ չէր տա, որպեսզի կայանար ապակենտրոնացված շուկայական համակարգ:

Այսպիսով՝ մեր իսկ ստեղծած ուժը` բանակը, ավելի ճիշտ, նրա ղեկավարությունը, դուրս եկավ մեր դեմ:

 

Հաջորդ իշխանությունները չփորձեցին պայքարել այս միտումների դեմ, բայց դրանից հետո վիճակն էլ ավելի խորացավ: Այն ժամանակ ունեինք 12 գեներալ, այսօր նրանք շուրջ 80-ն են եւ ամեն մեկը, որպես կանոն, միլիարդատեր է: Սա մեծ հարց էր, որը ոչ ես լուծեցի, ոչ էլ ինձնից հետո եկած կառավարությունները: Ես փորձեցի պայքարել եւ պարտվեցի այս դիմակայության մեջ:

 

Հրանտ Բագրատյանի հետ զրուցել է Ռուբեն Հարությունյանը:

 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին